‘Խմբագրական. Երկիր դրախտավայր և երկիր աշխատավայր’

2132

Հիասթափությունն առաջանում է երկրի՝ հայրենիքի նկատմամբ մանկական-անմեղ վերաբերմունքից: Հայրենիքը դրախտ է, բարի մայրիկ է, «ծիծիկ» տվող է, մենք՝ նրա կապուտաչյա մանչերը: Դրախտում չի կարող լինել անկատար բան, իսկ փոքրիկի սերը մայրիկի նկատմամբ պատճառաբանություն չունի՝ սիրում է, որովհետև ծնողն է և կաթիկ տվողը: Որքան էլ բնական և մանկության ընթացքում անհրաժեշտ այդպիսի սերը գիտակից չէ և բավականին պահանջկոտ ու էգոիստական է, հասունացմանը զուգընթաց՝ պահանջվում է սիրո այլ փուլերի զարգացում, որը ենթադրում է հարգանք, ըմբռնողություն և այլն:

Մանուկը նաև սովորություն ունի նեղանալու իր սիրելի ծնողներից՝ առանց պատճառահետևանքային կապի մեջ խորանալու, առանց հասկանալու ծնողների վիճակը և այլն: Նույն տիպի նեղվելը բնորոշ է նաև երկիրը «մամայի» նախատիպով ընկալելու դեպքում: Երկրից հիասթափվում են ճիշտ այնպես, ինչպես փոքրիկը նեղանում է, պռոշ է անում մամայիցուպապայից: Դրախտը մեկ վայրկյանում վերածվում է դժոխքի՝ այդպիսին են հեքիաթային, առասպելաբանական, մանկական ժանրերի կանոնները:

Պարզ է, որ ավելի գիտակից, հասուն մոտեցումն այլ ընկալումներ, մտածողության և վարքի ծրագիր է ենթադրում: Այո՛, ծնողներին չեն ընտրում նույնիսկ հասուն տարիքում, բայց ծնողների նկատմամբ վերաբերմունքն անհրաժեշտորեն ավելի գիտակից պետք է դառնա հասունացմանը զուգահեռ: Նման ընթացք կարող է և պետք է ունենա նաև երկրի և ազգի հանդեպ վերաբերմունքը: Հեքիաթային դրախտ հայրենիքը, ուր ապրում են բացառապես բարի և ազնիվ տատիկ-պապիկներ, քեռիներ-մորքուրներ, քուրախպերներ՝ հօդս է ցնդում իրականության հետ առնչվելիս: Եթե մարդու գիտակցությունը պատրաստ չէ իրականության ընկալման առավել հասուն տարբերակի, ապա նրա համար երկիրը «կործանվում է» (իրականում՝ կործանվում է դրախտավայրի մասին ենթագիտակցական կաղապարը): Հատկանշական է, որ երկիր-դրախտավայրի մասին պատկերացումը կարող է հաջողությամբ սպասարկել հասարակության շահերը, լինել ընկալման գերակայող կաղապար մի ամբողջ հասարակության համար՝ այն պայմաններում, երբ տվյալ երկիրը կախյալ կամ գաղութային վիճակում է: Այդ ժամանակ հասարակությունն ինքը նման է խնամքի տակ գտնվող մանուկի՝ համապատասխան հոգեբանությամբ: Հասարակության սեփական պատասխանատվության չափը փոքր է հատկապես քաղաքական ոլորտում, հետևաբար և պայմանները՝ դրախտային, անմեղ: Նույն հոգեբանությունը հեշտությամբ ծաղկում է սփյուռքում, ուր նույնպես չկա քաղաքական պատասխանատվության հարց, և հայրենիքը՝ պապերի երկիրն է, ամառանոց, ուր ապրում են բարի տատիկ-պապիկները, և չկան խնդիրներ: Բայց երբ հասարակությունն անկախություն է ստանում և ստիպված է քայլեր անել սեփական պատասխանատվությամբ, մեծերի աշխարհ է մտնում, ապա հովվերգությունն անհրաժեշտաբար քանդվում է: Հանկարծակի պարզվում է, որ մենք այնքան էլ լավը չենք, որ մեր մեջ կան գողուավազակներ, «թուրքեր», և որ հայրենիքն ամենևին էլ դրախտավայր չէ: Մոտավորապես նույնն է տեղի ունենում երեխայի հետ, որն աստիճանաբար ծանոթանում է մեծական կյանքի ստվերոտ կողմերին:

Այստեղ կա երկու հնարավոր ելք: Կա՛մ դրախտի զգացողությունը կորցնողի համար աշխարհը կործանվում է, և նա հիասթափված արտագաղթում է՝ անիծելով իրականությունը, որը չի համապատասխանում հովվերգության կանոններին: Կա՛մ նա ընդունում է մեծական կյանքի կանոնները և կործանումը ողբալու կերպից անցնում է հակասություններից հյուսված աշխարհում (ուր նույնիսկ միշտ չէ հնարավոր արագ տարբերել չարն ու բարին, ճիշտն ու սխալը) իր կամքը պարտադրելու, իր բաժինը ստեղծելու, դիմադրելու և արարելու կերպին: Խոսքը ոչ թե արևի տակ սեփական տեղը պոկելու մասին է՝ ջունգլիների օրենքների համապատասխան, այլ սեփական տարածքի ստեղծման, սեփական դրոշի հաստատման և այդ դրոշի համար կռիվ տալու կամքի մասին է, ընդ որում՝ ըմբռնելով նաև կռիվ տալու արդյունքների պայմանականությունը: Մարդը չի կարող իր գլխից վերև թռչել՝ ամեն մեկը կարող է իր շուրջ ստեղծել իր արժեքներին համապատասխանող տարածք, բայց չի կարող արմատապես հեղաշրջել միջավայրի կանոնները՝ դրախտ հաստատել երկրի վրա: Կգան մյուսները և կանեն գործի իրենց փայը:

Երկիրն այդ դեպքում ոչ թե դրախտավայր է, այլ աշխատանքի և պայքարի դաշտ, և ամենակարևորը՝ ստեղծագործ կյանքի վայր: Չգիտես ինչու՝ շատերին թվում է, թե ստեղծագործ կյանքը հնարավոր է միայն կայուն, ապահով պայմաններում: Սա «դրախտավայրային» աշխարհընկալման ամենատարօրինակ համոզմունքներից է: Իրականում ստեղծագործությունը հնարավոր է այնտեղ, ուր կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, ուր երկիրը ոչ թե ի սկզբանե շնորհված է որպես բացարձակ բարիք, այլ պետք է ստեղծվի և կայանա որպես հարաբերական բարիք: Հարաբերական՝ այն իմաստով, որ ամեն սերունդ իր անելիքն ու ներդրումն ունի, բայց ոչ մեկն էլ ի զորու չէ հասնել կատարելության:

Կարելի է հիասթափվել կյանքից ընդհանրապես, որովհետև դրա օրենքները չեն համապատասխանում ինչ-ինչ իդեալիստական պատկերացումների: Բայց այդ դեպքում երկիր լինի, թե երկրագունդ՝ արդեն կապ չունի: Արտագաղթելու տեղ չկա:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Երևանում հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով ‘