‘Խմբագրական. Երրորդ համաներումը՝ նույն շարժառիթով’

1743

Հայտարարված համաներումը Ս. Սարգսյանի իշխանավարման հինգուկես տարվա ընթացքում 3-րդն է։ Այսինքն՝ ոչ լրիվ 2 տարին մեկ՝ մի համաներում։

Համաներումն առհասարակ բնութագրվում է երեք տեսանկյունով։ Որպես գործնական խնդիրներ լուծող միջոցառում՝ այն նախ նպատակ ունի լուծել պատիժ իրականացնող պետական հիմնարկների բեռնաթափում։  Երկրորդ՝ այն մարդասիրական քայլ է, եւ անկախ շարժառիթից, որպես այդպիսին՝ սովորաբար կատարվում է նշանավոր իրադարձությունների, կարեւոր հոբելյանների առիթով՝ մի տեսակ որպես յուրահատուկ նվեր հասարակությանը, ավելի ճիշտ՝ մեծահոգության դրսեւորում հասարակության այն մասի նկատմամբ, որը պատիժ ենթադրող խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Եւ երրորդ՝ համաներումը կարող է ունենալ զուտ քաղաքական շարժառիթ՝ կատարվել ներքաղաքական ինչ-որ ճգնաժամ մեղմելու, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի վտանգը կանխելու կամ սկսված պատերազմը կասեցնելու-ավարտելու համար։ Բոլոր դեպքերում՝ համաներումը իրադարձություն է հասարակության կյանքում, անմիջականորեն առնչվում է բազմաթիվ մարդկանց ճակատագրերի, բխում է հասարակության շահերից։

Սերժ Սարգսյանի կատարած համաներումներն այս շարժառիթներից ոչ մեկով չեն հիմնավորվում։ Դրանցից առաջինը՝ պատիժ իրականացնող հիմնարկների բեռնաթափման խնդիրը, հասունանում է հաստա՛տ ոչ երկու տարին մեկ, այլ առնվազն դրա եռապատիկի- քառապատիկի ընթացքում։ Ներկա ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կարծես թե հումանիզմով հիվանդ ու սեփական քաղաքացիների նկատմամբ «սրտից թույլ» այն իշխանությունը չէ, որ երկու տարուց ավելի չկարողանա գիշերները քնել ազատազրկված քաղաքացիների դարդից։ Երրորդ շարժառիթը եւս դժվար է համարել այս երեք համաներումների հիմք։ Դրանց շարժառիթները բոլորովին այլ են։

Ս. Սարգսյանը առաջին համաներումը կատարեց 2009թ. հունիսի 19-ին։ Դա ռեժիմի դեմ ծավալված Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի տեւական ու ջանադիր պայքարի արդյունքներից մեկն էր։ Հիշենք, որ այդ պայքարի շնորհիվ արդեն լիակատար ջախջախվել էր Մարտի 1-ի մասին իշխանական վարկածը եւ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քաղաքացիություն էր ստացել Շարժման վարկածը։ Ըստ այդմ՝ ազատազրկվածները համարվում էին քաղբանտարկյալներ։ Շարժման պայքարի շնորհիվ, նաեւ՝ ճնշման տակ՝ ԵՄ նախագահության հայտարարություններում, ԵԽԽՎ բանաձեւերում եւ միջազգային այլ փաստաթղթերում, քաղբանտարկյալներին ազատ արձակելու՝ ռեժիմին ուղղված պահանջներ էին ձեւակերպվել՝ ընդհուպ պատժամիջոցների սպառնալիքով։ Իշխանության վրա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին այդ ճնշումը մեծացավ 2009թ. Կոնգրեսի մարտիմեկյան եւ դրան հաջորդած եւս չորս հզոր հանրահավաքների շնորհիվ։ Միջազգային պատժամիջոցներից խուսափելու, ինչպես նաեւ հասարակական ընդվզման հետագա էսկալացիան թույլ չտալու համար է, որ 2009թ. հունիսի 19-ին Ս. Սարգսյանը ստիպված մտավ ԱԺ՝ համաներման առաջարկով։

Սակայն այդ համաներմամբ նա ազատ արձակեց քաղբանտարկյալների միայն մի մասին, այնքան, որ կանխեր պատժամիջոցների կիրառումը եւ մի փոքր լիցքաթափեր ներքին լարումը։ Կոնգրեսը շարունակեց պայքարն ու ճնշումները՝ որպես իր քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն ունենալով բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը։ Պայքարի պիկը դարձան 2011թ. գարնանային հինգ հզորագույն հանրահավաքները, որոնցում հասարակական հնչեղություն ունեցող մեկուկես տասնյակ խնդիրներ դրվեցին իշխանության առջեւ՝ դրանցից որպես հրատապ հայտարարելով քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակի ապաշրջափակումը,  Մարտի 1-ի գործի հետաքննությունը շարունակելու մասին իշխանության հրապարակային հավաստիացումը։ Երեք խնդիրներն էլ լիակատար լուծում ստացան։ Մինչեւ վերջին հնարավորությունը դիմադրելով հանդերձ՝ Ս. Սարգսյանը, ճարահատյալ, մայիսի 26-ին համաներում հայտարարեց , եւ ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները։

Երկու դեպքում էլ համաներումները կատարվեցին միայն մի պատճառով. այլեւս անկարող լինելով դիմակայել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրով ներքին եւ արտաքին ճնշումներին, հայտնված լինելով քաղաքականապես անկայուն վիճակում՝ կիրառվեց նրանց ազատ արձակելու այդ տարբերակը, որպեսզի գեթ երեւութապես այնպես չստացվի, թե իշխանությունն ընկրկում է անմիջապես ընդդիմության ճնշումներից։ Մինչդեռ երկու դեպքում էլ իրականությունն ակնհայտ էր բոլորի համար։ Փակագծում ավելացնենք, որ մինչեւ վերջ կոռումպացված իշխանության համար համաներումը, որ վերաբերում է հազարավոր մարդկանց, նաեւ լրացուցիչ փող աշխատելու (բացառությամբ քաղբանտարկյալների) մեծ դաշտ է ստեղծում։

Հիմա Սերժ Սարգսյանը հայտարարում է երրորդ համաներումը։ Նա երրորդ անգամ է հայտնվել նույնպիսի դժվարին վիճակում, ինչ 2009-ի հունիսին եւ 2011-ի մայիսին։ 2011թ. օգոստոսի 9-ից ի վեր Կոնգրեսի չորս ակտիվիստներից մեկի ազատազրկման դեմ, մյուս երեքին այդ վտանգից զերծ պահելու համար Կոնգրեսի անընդմեջ պայքարի արտաքին դրսեւորումը ամեն ուրբաթ բողոքի ակցիաներն են եղել գլխավոր դատախազության առջեւ, որոնք, ըստ էության, վերածվել են փոքրիկ հանրահավաքների։ Հարցը հետապնդվել է նաեւ այլ ձեւերով։ Այդ պայքարի շնորհիվ, հատկապես վերջին ամիսներին, այդ խնդիրը, ակտիվացած քաղաքացիական պայքարի ֆոնին, շատ ավելի մեծ հասարակական հնչեղություն ստացավ։ Բանը հասավ այնտեղ, որ նրանց ազատման պահանջին միացան խորհրդարանական չորս խմբակցություններ, տարբեր բնագավառներից հայտնի մարդիկ, հազարավոր քաղաքացիներ, տասնյակ լրատվամիջոցներ այդ պահանջը առաջին էջում դնում են ամեն օր։ Կոնգրեսի ակտվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումներն արձանագրվեցին, եւ ազատ արձակելու պահանջներ ներկայացվեցին միջազգային կարեւորագույն կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների փաստաթղթերում։ Ինչպես նախորդ դեպքերում, քաղբանտարկյալների խնդիրը Կոնգրեսի համար «գլխացավանք» դարձնելու՝ Սերժ Սարգսյանի ջանքն ավարտվեց նրանով, որ նույն խնդիրը իր համար վերածվեց սուր գլխացավի։ Նրա վիճակն ավելի բարդացավ ու երերուն դարձավ արտաքին քաղաքական արկածախնդրության սեպտեմբերի 3-ի անփառունակ վերջաբանով։ Ահա եւ՝ հերթական անգամ, իր համար ստեղծված երերուն վիճակի հաղթահարմանն ուղղված քայլերից մեկն է Ս. Սարգսյանի երրորդ համաներումը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ ստել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Անհամբերությամբ սպասում եմ Դորտմունդում առաջին տնային հանդիպանը’