‘Խմբագրական. Եւ այնուամենայնիվ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ՞ ‘

2025

Ընդամենը շաբաթներ առաջ Բրազիլիայի 11 քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվում՝ հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Տրանսպորտի գինը 2.7-ից պետք է դառնար 3 R$: Մոտավորապես 500-ից՝ 560 դրամ: Այսինքն, խոսքն ընդամենը 60 դրամի մասին էր: Իհարկե, շատերը գրում էին, որ տրանսպորտի թանկացումը ոչ թե բողոքի պատճառն էր, այլ՝ առիթը: Եւ որ մարդիկ ուղղակի սոցիալական ոլորտում պետության վարած քաղաքականության դեմ էին բողոքում: Այդուհանդերձ, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆֆը արտակարգ խորհրդակցություն հրավիրեց, իսկ Բրազիլիայի 7 քաղաքների, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները որոշել էին հրաժարվել տրանսպորտը թանկացնելու մտադրությունից: Որոշակի դադարից հետո ցույցերը նորից վերսկսվեցին, իսկ գործադուլավորները հեղեղեցին Բրազիլիայի տարբեր քաղաքներ:

Չնայած կաթվածահար եղած երկրին ու բախումներին, արհմիությունները հայտարարեցին, որ գոհ են ցույցերի արդյունքներից, և որ դրանք կշարունակվեն: Տարբեր լրատվամիջոցներ տարբեր տվյալներ են հաղորդում ցուցարարների թվի մասին, սակայն, հիմնականում խոշոր քաղաքներում դրանք անցնում էին 100 հազարը: Խոսում էին նաև 300 հազարի մասին:

Հիմա դառնանք մեր խնդիրներին: Կյանքն օրեցօր թանկանում է. գազը թանկացավ, էլեկտրաէներգիան թանկացավ, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացան, թանկացան նույնիսկ այն ապրանքները, որոնք կարծես որևէ կապ չպետք է ունենային գազի թանկացման հետ, հիմա էլ՝ թանկանում է տրանսպորտը:

Երեկվանից հատկապես սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացել այդ կապակցությամբ: Ոմանք առաջարկում են մասնակի բոյկոտել՝ նախկինի պես 100 դրամ վճարելով, ոմանք առաջարկում են ընդհանրապես բոյկոտել. կամ՝ չնստել հասարակական տրանսպորտ, կամ՝ իջնելուց ընդհանրապես չվճարել: Ոմանք էլ առաջարկում են անցնել հեծանիվների: Առաջարկները բազմաթիվ ու բազմապիսի են:

Հիմնական խնդիրը, սակայն, շարունակում է մնալ այն հարցը, թե արդյո՞ք այս թանկացման դեմ ընդվզման որևէ փորձ կլինի (ընդ որում՝ հնարավորինս զանգվածային ընդվզման մասին է խոսքը), թե՞ ամեն ինչ սովորականի պես կանցնի-կգնա: Այսինքն, կասենք-կխոսենք, կբողոքենք, գուցե նաև՝ մտքներումս կհայհոյենք և սուսուփուս կվճարենք մեր 150 դրամն ու կիջնե՞նք: Թե՞, այդուամենայնիվ, ֆեյսբուքյան մեր ցասումը կվերածենք կոնկրետ գործողությունների: Պարզ է, չէ՞, որ եթե բողոքը կամ բոյկոտը զանգվածային կամ գոնե մասամբ զանգվածային չեղավ, խնդիրը կջրվի-կգնա:

Հարցն այն է նաև, որ եթե մինչև հիմա եղած բոլոր թանկացումները իշխանությունները մարսել են, ապա ի՞նչ երաշխիք, որ այս մեկն էլ չեն մարսի:

Մեծ հաշվով, ըստ իշխանությունների, եղածն ի՞նչ է որ, մի 50 դրամ է, դրա համար իրենք արդեն վճարել են ընտրությունների ժամանակ՝ 5000 դրամի չափով: Իսկ ըստ հասարակությա՞ն: Ի վերջո, մենք քաղաքացի՞ ենք, թե ոչ, ի վերջո, մենք ինչքա՞ն կարող ենք ռեկորդներ սահմանել՝ համբերության բաժակի մեծության չափով: Եւ ի վերջո, Բրազիլիայում հասարակական տրանսպորտի թանկացումն ընդամենն առիթ էր ցույցերի համար, ոչ թե՝ պատճառ: Հիմա ի՞նչ: Էլի պիտի ասենք՝ այո, սա Ռիո դե Ժանեյրոն չէ՞: 

Նախորդ հոդվածը‘Տեսակի խնդիր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Այսօր «Նախազգուշացման ակցիա» է անցկացվելու’