‘Խմբագրական. Եւ մի տանիր զմեզ յԵւրասիա, այլ փրկեա զմեզ յԵւրոպայէ’

2175

Մոտավորապես 100 տարի անց հայկական ազատագրական շարժման փաստացի տապալումից հետո հայ գաղութային մտավորականության մի մասը ոչինչ ի զորու չեղավ առաջարկել սեփական ժողովրդին, բացի …. «Մեծ Հայաստանի» հղացքի կամ, ավելի ճիշտ՝ ցնորքի նորացված տարբերակից: Ինչո՞ւ ենք մտավորականությունը կոչում գաղութային, եւ ի՞նչ հղացքի մասին է խոսքը: Բանն այն է, որ վերջին շրջանում «արեւմտամետության» (իրականում՝ սերժամետության) ակտիվ քարոզով զբաղվող լրատվամիջոցներում առաջին անգամ չէ, որ հայտնվում են «Մեծ Հայաստան»՝ իբր մոտալուտ ստեղծման «տեսությունները»: Այս հղացքն ինքնատիպությամբ աչքի չի ընկնում՝ միեւնույն հին երգն է այն մասին, որ կգան բարի դրսեցիները եւ կնվիրեն մեզ լայնացված սահմաններով Հայաստան. որքան կարելի է կռահել այս հղացքի քարոզիչների անորոշ եւ որեւէ ոճական կանոն բռնաբարող ձեւակերպումներից, դրա սահմանների մեջ պետք է մտնի Արցախը, որի անկախությունը կճանաչի «աշխարհը», կամ էլ դա անմիջապես Հայաստանի մասը կկազմի: Իհարկե, այս ցնորապաշտությունը լայն տարածում չի ստանում մեր հասարակության մեջ եւ իր էությամբ մնում է մարգինալ, ինչպես անուղղելիորեն մարգինալ են դրա քարոզիչները: Իսկ ինչո՞ւ ենք այդ դեպքում ուշադրություն հրավիրում այս երեւույթին: Երկու պատճառ կա: Նախ՝ դա բացահայտում է կարեւոր հասարակական խնդիր. մեր վերնախավերի մտածողությունը միայն մակերեսորեն է փոխվել, եւ վերջին շրջանում այն, ինչ վաղուց պետք է մարգինալացված համարվեր, նորից ջրի երես է դուրս գալիս, եւ երկրորդ՝  այս քարոզը խրախուսվում է իշխանության կամ գոնե նրա մի մասի կողմից, ընդ որում՝ բարձր մակարդակով, հետեւաբար, որքան էլ մեր հասարակության լայն շերտերը չնկատեն դա, այն գործոն է դառնում մեր հասարակական կյանքում:

 

Նպատակի եւ արդյունքի հակասման «հայկական» օրենքը

 

            Ինչո՞ւ ենք ասում «գաղութային» մտավորականություն: Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է, թե երբ Առաջին աշխարհամարտի նախօրեին ՀՅԴ-ում քննարկվում էր պատերազմին հայերի մասնակցության ձեւաչափը, կուսակցության այն մասը, որն անմիջապես Երկրում էր գործում, հանդես էր գալիս որպես ավելի զգույշ եւ սառը հաշվարկի վրա հիմնված քաղաքականության կողմնակից՝ լավ իմանալով մեր իրական ռեսուրսները եւ հնարավորությունները, իսկ կուսակցության այն մասը, որն ապրում էր Հայաստանից դուրս՝ հայաշատ գաղութներում, ակտիվորեն կողմ էր, որպեսզի հայերը ներգրավվեն պատերազմի մեջ Անտանտի, հատկապես՝ նրա մաս Ռուսաստանի կողմից՝ Արեւմտյան Հայաստանը Ռուսաստանի եւ Անտանտի այլ երկրների միջոցով ազատագրելու նպատակով: ՀՅԴ ներսում հաղթեց երկրորդ՝ գաղութային տեսակետը, եւ հետեւանքները գիտենք:

            Ընդհանրապես՝ պետք է ասել, որ երբ գավառական հայ վերնախավերը որեւէ քաղաքական նպատակ են դնում իրենց առջեւ, ապա շատ հաճախ այդ նպատակի իրագործման ճանապարհին նրանց կատարած քայլերը բերում են ճիշտ հակառակ արդյունքի: Այսպես՝ նպատակ էր դրված ազատագրել Արեւմտյան Հայաստանն օտար ուժերի միջամտությամբ՝ արդյունքը եղավ Արեւմտյան Հայաստանի կորուստը եւ մեր հայրենիքի մեծ մասի հայաթափումը: Դրանից մի քանի տարի անց նպատակ դրվեց Մեծ Հայաստանի ստեղծումը՝ այս անգամ արդեն Արեւմուտքի հովանու ներքո, իսկ արդյունքը եղավ Հայաստանից մնացած մասի եւս կես չափով տարածքային կրճատումը եւ անկախության կորուստը: Իհարկե, խնդիրը 1913-21 թթ. չէր առաջացել: Նոր չէ նկատված, որ 19-20 դարերի մեր ազատագրական շարժումը հիմնականում ձեւակերպվել է ոչ թե հայաստանաբնակ, այլ Հայաստանից դուրս՝ հայաշատ գաղութներում ապրող մտավորականության կողմից, որը չի տիրապետել Հայաստանի իրական կյանքին, չի կարողացել ճիշտ հաշվարկել ներքին ռեսուրսները, եւ արդյունքում՝ սխալ է հաշվարկել նաեւ արտաքին միջամտության գործոնի ուժը (արտաքին գործոնն ինքնին արհամարհելի չէ, եւ որևէ երկրի ազատագրում կարող է կայանալ նաեւ դրսի աջակցության միջոցով, սակայն միայն այն պարագայում, եթե ներքին հնարավորությունները ճիշտ են հաշվարկված): Հայկական վերնախավերը սկզբում հիմնական շեշտը դնում էին անգլիական, հետո՝ ռուսական, մի պահ նաեւ՝ ֆրանսիական, իսկ վերջում՝ նորից անգլիական եւ ամերիկյան օգնության վրա: Տարբեր արտաքին կողմնորոշումների կրողների միջեւ տեղի էին ունենում բուռն վեճեր, սակայն խորքում դրանք իրարից տարբեր չեն կարող համարվել, քանի որ բոլորի հիմքում ընկած է նույն կաղապարը՝ ներքին հարցերի լուծումը դրսի միջամտությամբ: Իսկ այդ կաղապարն էլ, իր հերթին, ոչ այլ ինչ էր, քան միջնադարից ժառանգած եւ մի փոքր ձեւափոխված պատկերացում:

 

            Հայկական զվիադիստները

 

            Կասկած չկա, որ եթե 1990-ին Հայաստանում որոշումներ ընդունող լինեին այսօրվա մեր «արեւմտամետները», որոնք նույն գաղութային մտածողության կրողներն են՝ յուրահատուկ հայկական «զվիադիստներ», ապա Հայաստանը կարժանանար նույն եւ ավելի դաժան ճակատագրի, քան Վրաստանը Զվիադ Գամսախուրդիայի օրոք: Պետք է ճիշտ հասկանալ՝ խնդիրը նույնիսկ ոչ թե «արեւմտամետությունն է» կամ որեւէ այլ մետություն, այլ ծայրահեղ մանկամիտ քաղաքական ռոմանտիզմը, որն իրականում իրավունք էլ չունենք կոչել այնպիսի քաղաքական անվանմամբ, ինչպիսին է նույն արեւմտամետությունը, որովհետեւ վերջինս շատ ավելի լուրջ երեւույթի բնորոշման համար կարելի է պահել, քան մարգինալների ցնորքը, որոնք գրում են հազարապատիկ ավելի շատ, քան, օրինակ, որեւէ լուրջ բան են կարդում, բայց չնայած դրան՝ նույնիսկ միտքը գրավոր շարադրելու տարրական մշակույթից զուրկ են (եթե դուք երբեւիցե փորձեք կարդալ մեր այսօրվա «արեւմտամետների» արտադրանքը, որն առատորեն հրապարակվում է համապատասխան կայքերում, ապա կհամոզվենք, որ մտքի շարադրանքը եւ ոճը երբեք չեն եղել այդքան վատ, թերեւս՝ ողջ հայոց պատմության ընթացքում՝ առանց չափազանցության, եւ դա, անշուշտ, հատկանշական է, որովհետեւ նախ պետք է իրական միտք լինի, որպեսզի հետո այն հնարավոր լինի մարդավարի շարադրել): Պետք է ասել, որ արեւմտամետության խնդիր, մեծ իմաստով, Հայաստանում պետք է չլինի էլ՝ այնքանով, որքանով Հայաստանը արեւմտյան քաղաքակրթության եւ մշակույթի մասն է հազարամյակներ շարունակ: Վեճ կարող է լինել միայն ամեն տվյալ պահի արտաքին քաղաքական հաշվեկշռի մասին, որն էլ պետք է հիմնված լինի նաեւ ներքին ռեսուրսի սթափ հաշվարկի վրա: Զավեշտալին այն է, որ եթե մարդն իրոք արեւմտյան մշակույթի կրող է, ապա նա պարզապես չի կարող քարոզել այն պարզունակ ռոմանտիկ ցնորքը, որն այսօր քարոզվում է մեզանում «արեւմտամետության» անվան տակ: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ գրեթե բոլոր ակտիվ քարոզիչները իրենց հոգեկերտվածքով եւ իրական ներքին մշակույթով խորը արեւելցու, ասիացու եւ գեղցի ռուսի խառնուրդն են: Նրանք ոչ մի կապ չունեն ոչ եվրոպական, ոչ էլ հայկական մշակույթի հետ: Նրանց մեջ կա ամեն տեսակի իսան՝ ռուսախոս, նախկին ռուսամոլ, սովորական գեղցի եւ այլն, բայց արեւմտյան արժեքներն իրապես սերտած որեւէ մեկն այդ խառնիճաղանջ կույտում պարզապես բացառվում է: Իրենց սեփական բարդույթները, օրինակ՝ «խրոնիկ» ռուսախոսությունը քողարկելու համար նրանք այսօր խաղում են երկրի ճակատագրի հետ:

 

            Օպա-օպա, Ամերիկա-Եվրոպա, Ասիա, Եվրասիա, շտո՞ զա բեզոբրազիե

 

Կրկնենք՝ վտանգն այն է, որ այս խումբն այսօր վայելում է իշխանության առնվազն մեկ կարեւոր հատվածի հովանավորությունն ու արտահայտում դրա տեսակետները: Իսկ դա նշանակում է, որ այս խաղերը կարող են իրական հետեւանքներ ունենալ: Արդեն տեսանք, որ սովորաբար երբ մեր գավառական վերնախավերը որեւէ նպատակ են դնում, ապա շատ հաճախ հասնում են իրենց նպատակի հակառակին, քանի որ ուժերը չհաշվարկած՝ գրոհի նետվելով՝ ստանում են գլխներին: Տվյալ դեպքում, չափից ավելի գազ տված շինծու «արեւմտամետության» հետեւանքը կարող է լինել Հայաստանի անկախության հերթական չափաբաժնի զիջումը….Ռուսաստանին: Այո՛, պետք չէ զարմանալ՝ «արեւմտամոլների» խմբակի գործունեության հետագա ծավալման դեպքում դրա ամենահավանական արդյունքը կարող է լինել, ասենք, Հայաստանի ընդգրկումը ….Եվրասիական միություն, որից նրանք իբր այդքան խորշում են, բայց որն իրենց համար կլիներ մշակութային  տեսակետից իդեալական տեղ: Ցավալի է, սակայն, այն, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ ի հաշիվ Հայաստանի անկախության: Իսկ Մեծ Հայաստանի ցնորքը, նույնիսկ չասենք, թե ինչի կարող է հանգեցնել՝ Աստված մի արասցե՝ Արցախի եւ Հայաստանի լուրջ տարածքային կորուստների:

 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ լվացող միջոցների վրա հայերեն մակնշում չկա’
Հաջորդ հոդվածը‘«Նոր Հալեպ» թաղամասը կկառուցվի նոր տեսակի շինաքարով ‘