‘Խմբագրական. Եւ սա չափազանցություն չէ ամենևին’

2618

Վերջերս ձեռքս ընկավ նոր լույս տեսած մի գիրք (Անահիտ Աստոյան. Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923թթ. , Երևան 2013)։ Թերթեցի և, ուշագրավ համարելով՝ 144-րդ էջից դուրս գրեցի հետևյալ հատվածը.

 «Օսմանյան կայսրությունում 1915 -1923թթ. թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց մեծ եղեռնի հետևանքով հայերի կրած նյութական կորուստը կազմում է այնպիսի աստղաբաշխական թիվ, որ մարդկային ուղեղը, թերևս, ի վիճակի չէ հաշվարկել։ Հաշվարկը դժվարանում է նաև այն պատճառով, որ ճշգրիտ հայտնի չէ արևմտահայության ունեցվածքի չափը։ Ահա Կարնո հայության ունեցվածքի կողոպուտի մասին մի վկայություն. «Գաղթականության շրջանին միայն յայտնեցավ Կարնո հայութեան նիւթական հարստության չափը, զարմանք պատճառելով բոլորին։ Հարստություն մը, որուն մեկ փոքր մասը եթէ գործածուէր ինքնապաշտպանության գործին, կրնար հրաշքներ գործիլ և փոխել Բարձր Հայքի և շրջակա գավառների հայության ճակատագիրը։ Բռնագաղթը միայն դուրս թափեց պահված և հաճախ ուրացված այդ հարստությունները» (ընդգծումն իմն է)։

Մեջբերված հատվածում խոսքը չի վերաբերում բռնագաղթի ենթարկվածների թողած ամբողջ ունեցվածքին, այլ՝ ինչը որ հնարավոր էր վերցնել գաղթի ճանապարհին՝ հիմնականում կանխիկ դրամի, ոսկու տեսքով։ Իրենց հետ վերցրած այդ հարստությամբ տարագրման ճանապարհին, ըստ նկարագրության, ամեն մեկը կաշառում էր ուղեկցող «ասկյարներն»՝ մի բաժակ ջրի, մի կտոր հացի, ինչ-որ բան անելու կամ չանելու, բռնաբարվածների ու սպանվածների ճակատագիրը չկիսելու համար և այլն։ Մինչև վերջանում էր ամեն ինչ, և բոլորն արժանանում էին նույն բախտին։

Թե որքան հետաքրքիր է Թուրքիայում հայության՝ հսկայական հարստության տեր լինելու մասին այս արձանագրումը՝ որպես պատմական փաստ՝ թողնենք պատմաբաններին։ Մեզ համար գրքում զետեղած սույն վկայությունը կարևոր է  բոլորովին այլ տեսանկյունից։

Ըստ այդմ՝ երկու հարցադրում.

Ա) Բազմաթիվ այլ աղբյուրներ նույնպես արձանագրում են, որ հայությունը Թուրքիայում հսկայական հարստության տեր է եղել։ Ինչո՞ւ դրա փոքր մի մասը չի ներդրվել ինքնապաշտպանական խնդիրներ լուծելու համար։ Մեջբերված խոսքի հեղինակի դիտարկումը Կարինի մասին, թե՝ դա «կրնար հրաշքներ գործիլ և փոխել Բարձր Հայքի և շրջակա գավառների հայության ճակատագիրը», անվիճելի է և նույն կերպ վերաբերում է Արևմտյան Հայաստանի բոլոր շրջաններին։ Այն տեղերում, որտեղ նյութական և այլ ներդրումներ արվեցին ինքնապաշտպանության նպատակով, իրոք, բնակչությունը բոլորովին այլ ճակատագիր ունեցավ։ Եթե պատկերացնենք, թե ինքնապաշտպանության գործին նվազագույն ներդրումն արված լիներ ամբողջ Արևմտյան Հայաստանի մասշտաբով, ապա՝ ոչ մի կասկած, որ ոչ միայն բոլորովին այլ կլիներ ամբողջ երկրի ճակատագիրը, այլև ընդհուպ՝ այսօրվա Հայաստանի սահմանները։ Ինչո՞ւ չարվեց այդ ներդրումը։

Բ) Ցեղասպանության  մասին վավերագրական ու վավերագրական հիմքով՝ գեղարվեստական գրականությունից բոլորին են ծանոթ բռնագաղթի սահմռկեցուցիչ տեսարանները. մի քանի հարյուր կամ մի քանի հազար տեղահանվածների քարավանը հարյուրավոր կիլոմետրեր քշում տանում են… մեկ- մեկուկես տասնյակ «ասկյարներ»՝ նրանց ենթարկելով ստորացումների, բռնաբարությունների, թալանի, սպանությունների։ Հասկանալի զգացումներն ունենալուց հետո, այնուամենայնիվ, մի հարց է առաջանում. ի տես այս ամենի՝ բռնագաղթվողները օրեր ու շաբաթներ շարունակ հլու-հնազանդ ենթարկվում են ընդամենը մեկ-մեկուկես տասնյակ «ասկյարների»։  Ինչո՞ւ այս մի քանի հազար մարդը, թեկուզ անզեն, չի հարձակվում և վնասազերծում իրենց ստույգ մահվան քշողներին։

Երկու դեպքում էլ պատասխանը նույնն է. ամեն մեկը մտածել է, թե իր բախտը կբերի, ինքը չի արժանանա հարևանի ճակատագրին, որ արհավիրքն իրեն կշրջանցի, որ կարող է փրկվել թուրք պաշտոնյային կամ զինվորին կաշառելով և այլն, ուստիև չի գնացել նվազագույն նյութական զոհողության և նվազագույն անձնական ռիսկի։ Իսկ արդյունքը եղավ այն, որ ամբողջ մի ժողովուրդ ցեղասպանության ենթարկվեց՝ ունենալով դրանից խուսափելու համար անհրաժեշտ տասնապատիկ, գուցեև հարյուրապատիկ ավելի միջոցներ և ռեսուրսներ։ 

***

Ոմանց չափազանցություն է թվում, երբ այսօրվա իրավիճակը համեմատվում է հենց Ցեղասպանության շրջանի հետ։ Բայց առաջին նման համեմատություն անողները վարչախմբի քաղաքական ընդդիմախոսները չեն եղել, այլ, ասենք՝ Շարլ Ազնավուրը։ Երկրորդ՝ հետևանքների առումով դրանք նույնական են։ Աբդուլ Համիդի կազմակերպած առաջին զանգվածային ջարդերից սկսած՝ 30 տարի տևեց, մինչև Արևմտյան Հայաստանը դադարեց հայության համար ազգային գոյատևման ու ազգային զարգացման տարածք ու միջավայր լինելուց, իսկ նրա անչափելի հարստությունն անցավ թուրքերն։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունն իր հայտնի հետևանքներով 100 տարի առաջ իրականություն դարձավ երկու գործոնների շնորհիվ. առաջին՝ թուրքական իշխանության ծրագրած քաղաքականությունը, երկրորդ՝ հայության կողմից վտանգի ոչ համարժեք ընկալումը, ոչ համարժեք հակազդեցությունը։

Միայն Ս. Սարգսյանի իշխանության օրոք արտագաղթի պաշտոնական թիվը անցնում է 300.000-ը։ Ռեժիմի 15 տարիների ընթացքում, խաղաղ պայմաններում, արտագաղթողների ընդհանուր թիվը կես միլիոնի չափ է։ Մեկուկես միլիոն զոհեր, բնականաբար, չկան։ Բայց կան մեկուկես միլիոն մարդիկ, ում բնականոն կյանքն ու ճակատագիրը խաթարվել, առողջությունը խեղվել է ռեժիմի պատճառով։ Եւ այս դեպքում էլ, ըստ էության, գործ ունենք նույն երկու գործոնի հետ. առաջին՝ վարչախմբի ծրագրված քաղաքականությունը (ինչի մասին բացառիկ ցինիզմով հայտարարեց վարչապետ Տ. Սարգսյանը), երկրորդ՝ ժողովրդի զգալի մի մասի կողմից վտանգի ոչ համարժեք ընկալումը և ոչ համարժեք հակազդեցությունը։ Արտագաղթի այսօրվա աճող տեմպերով՝ ևս մի քանի տարի, և այս Հայաստանն էլ, Արևմտյան Հայաստանի նման, կդադարի հայության համար ազգային գոյատևման ու ազգային զարգացման տարածք ու միջավայր լինելուց։ Նյութական միջոցների կողոպուտի իմաստով էլ հայտնի է, որ (ըստ միջազգային փորձագիտական գնահատականների) ամեն տարի ռեժիմը կողոպտում է երկու բյուջեի չափ հարստություն։ Դա նշանակում է, որ առ այսօր այդ թիվը կազմում է նվազագույնը 25-30 միլիարդ դոլար։ Կողոպուտն ամբողջ թափով դեռ շարունակվում է։

Եթե, ի տարբերություն 100 տարի առաջվա, չփոխվի ժողովրդի մտածողությունը, եթե հաշվի չառնվի 100 տարի առաջվա դասը, ապա տասնամյակներ անց մի այլ պատմաբան ցավով, ափսոսանքով, նաև՝ մեղադրական տոնով, որպես ամոթանք՝ կարձանագրի, որ մարդկային և նյութական այդ ռեսուրսների «մի փոքր մասը եթէ գործածուէր ինքնապաշտպանության, ազատության գործին, կրնար հրաշքներ գործիլ, փոխել Հայաստանի Հանրապետութեան և ողջ հայութեան ճակատագիրը»։ Մանավանդ, որ 100 տարի առաջ արևմտահայության հակառակորդը օտար հսկայական մի կայսրություն էր, այսօրվա հակառակորդը՝ ընդամենը սեփական թափթփուկների փոքր մի հավաքածու։

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն հերքում է. Մգեցված ապակիներով երթևեկող վարորդները չեն տուգանվելու’