‘Խմբագրական. Էլ հաց չկա, միայն տեսարաններ’

1891

Արդեն քանի տարի շարունակ վարչախմբի ներսում բռնապետական կառավարման  փիլիսոփայությունը գրեթե հասցվել էր կատարելության: Ռեժիմի ներսում դերերը հստակ բաժանված էին: Նրանք, ովքեր պատասխանատու էին տեսարանների համար (Սերժ Սարգսյանի գլխավորությամբ), և նրանք, ովքեր՝ հացի (Տիգրան դ՛Օֆշոր Սարգսյանի գլխավորությամբ):

Վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացները, սակայն, անշեղորեն քանդում են այս փիլիսոփայությունը: Երկրում տնտեսական իրավիճակի հետևողական վատթարացումը, սոցիալական հողի վրա տեղի ունեցող ընդվզումները հուշում են, որ վարչախումբը լուրջ դժվարությունների առաջ է կանգնած «հաց և տեսարաններ»-ի հացն ապահովելու հարցում: Սրա վկայությունն են կարկտահարված գյուղերի բնակիչները, ովքեր այդպես էլ չտեսան սեփական պետության աջակցությունը, այլ մնացին Աստծո ողորմածության հույսին, վերջին մեկ տարում փակված 1143 փոքր խանութները (ըստ իշխանական վիճակագրության), տրանսպորտի թանկացման դեմ ծավալված բողոքը, այս ամսվա թոշակների վճարման ուշացումները և, որ ամենակարևորն է՝ վեց ամսում Հայաստանից հեռացած 123. 000 քաղաքացիները, ովքեր երկիրը լքում են իրենց ընտանիքի կենսական ապրուստի միջոցները հայթայթելու կարճաժամկետ կամ երկարաժամկետ նպատակով:

 

Այս բարդությունների համապատկերին, ահա, նույնիսկ «հացի» պատասխանատու Տիգրան դ՛Օֆշոր Սարգսյանը ճարահատյալ լծվել է տեսարանների ապահովման գործին՝ հընթացս լրացնելով Սերժ Սարգսյանի ամենամսյա բոցերի բացակայությունը: Սկսել է կիթառով մինի համերգներ տալ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, սակայն, պետք է նշել, որ վարչապետը նորելուկ չէ տեսարաններ ապահովելու քարքարոտ քառուղիներում: Նրա ռեզյումեում ոսկե տառերով գրված են կովերի կրծքերը գոլ ջրով լվալու, 170 հազար եվրոյով զուգարան առնելու, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից չխոսելով՝ հենց նույն ճգնաժամից խուսափելու, բերքատու դաշտերն ու ցանքատարածություններն աղոթելու և տարբեր այլ ոլոլոլորտներին առնչվող բոցերը: 

Բայց իրավիճակը ստիպում է վարչախմբին՝ բոլոր ուժերը նետել տեսարաններ ապահովող ճակատ: Ուրիշ հնար չկա, անհրաժեշտ են շոուներ, զուռնա-դհոլ, արհեստական հասարակական օրակարգեր: Թեկուզ՝ մի քանի օրվա կյանք ունեցող: Ինչ-որ մի կերպ պետք է շեղել հասարակությանը իրական խնդիրների վրա կենտրոնանալուց, որպեսզի հանրային բողոքի ակումուլյացիա տեղի չունենա: Որովհետև վարչախումբն ինքն էլ շան պես կանխազգում է, թե ինչպիսի պարարտ հող է ձևավորվում հասարակությունում՝ իրենց հեռացնող ալիքի ձևավորման համար: Ամեն մի հերթական հանցագործության բացահայտմանը (օֆշորի սկանդալ, Տարոն Մարգարյանի գծեր, փարքինգի բիզնես) զուգահեռ՝ հասարակության նոր անդամներ, իշխանության ստորին օղակներում գտնվողներ, մտովի կամ հրապարակավ՝ իրենց տարանջատում են վարչախմբից վերջնականապես: Ռեժիմի պարագլուխները շատ լավ հասկանում են սա և պատրաստ են օրը մի քանի ժամ էլ երգել, պարել ու գլուխկոնծի տալ, երևալ ծաղրածու: Հետո ամեն մեկը կգնա իր գործին: Մեկը կնստի բլոտ խաղալու ու արանքում տենդերներ կնվիրի մերձավորներին, մեկը կզանգի Կիպրոս՝ հետաքրքրվելու իր ֆինանսական գործերով, արանքում հանրագումարելով օրվա ատկատները, մյուսը կհաշվի գծերից ստացած եկամուտը, իսկ էն մյուսն էլ խաչակնքվելով կտեսանկարահանի մնացածներին: Նեղ օրվա համար:

Բայց սա դեռ վերջը չէ, այս ռեժիմի լիակատար քաղաքական անմեղսունակությունը կերևա աշնանը, երբ կգա պահը՝ իրենց իսկ ստեղծած փակուղում, իրենց իսկ ստեղծած արհեստական ընտրությունը կատարել ասոցացման ու մաքսային միության միջև: Վարչախմբի սոցիալական ողջ «հմայքը» կերևա ձմռանը, երբ մեր հայրենակիցները սկսեն վճարել գազի և էլեկտրաէներգիայի վարձերը, իսկ տնտեսական կրախը՝ երբ հաջորդ տարի կգա պետական պարտքերի ու դրանց տոկոսների անսովոր մեծ բաժինը վճարելու ժամանակը: Մի հեռանկար, որ պիտի առիթ հանդիսանա Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական, քաղաքացիական ուժերի համար՝ թևերը քշտելու ու լծվելու երկիրը հանցագործների ձեռքից խլելու հայրենանվեր գործին:

 

Նախորդ հոդվածը‘Խուզարկություն Բերձորի արվեստի դպրոցում’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային բանկը կհովացնի ԱԺ պատգամավորներին ‘