‘Խմբագրական. Էռնեստն ու Մերին, Հայ ազգային կոնգրեսը և մյուսները’

2613

Փոքր և ավելի փոքր ընդդիմադիր խմբակները (իրե´նք են պնդում, որ ընդդիմադիր են, հուսանք՝ հավատացողներ կան), զանազան ուռուցիկ գրպաններով հանրապետականների ներդրած գումարներով սնվող լրատվամիջոցները հոգնության նշաններ ցույց չեն տալիս: Ցուրտ լինի, թե տաք, անձրև լինի, թե կարկուտ՝  շարունակում են նույն եռանդով գուժել Հայ ազգային կոնգրեսի մոտալուտ վախճանը և Հայաստանում ծավալվող գրեթե բոլոր բացասական երևույթների մեղքը բարդել այս «մահամերձի» ուսերին: Եւ չնայած, ինչպես գրեթե միշտ, Կոնգրեսն «ալարում է» հակահարված տալ իրեն «հուղարկավորողներին»,  այս նույն խմբակները, քննադատությանը զուգահեռ, լալահառաչ բողոքում են, որ անհանդուրժող Կոնգրեսը հալածում է իրենց (ասա՝ մահամերձ ես, քեզ մահամերձի պես պահիր, էլի´): Սա ի՞նչ է՝ ախտանի՞շ, թե՞ սառնասիրտ ծրագիր, որն ամեն գնով իրականացվում է անկախ այն հանգամանքից՝ իրենց նախանշած արդյունքն ստացել են, թե՝ ոչ: Չբռնանանք այս փոքր և ավելի փոքր խմբակների ազատ կամքի վրա՝ թող իրենք ընտրեն, թե որ մեկն է:

Եթե իշխանությանը ծառայող լրագրողները պարզապես պատվեր են կատարում մի փոր հացի համար, ապա ինչի՞ են ուզում հասնել այս ուժերը՝ օրուգիշեր «մերկացնելով» Կոնգրեսին, եթե փորձենք հավատալ, որ սրանց շարժառիթը ճղճիմ չէ, այլ միմիայն ամայացող Հայաստանի փրկությունն է: Մի պահ ենթադրենք՝ հասնում են իրենց նպատակին, և այս խմբակների սլացքն արգելակող Կոնգրեսն անցնում է պատմության գիրկը: Ի՞նչ են անելու երեքից մինչև մի քանի տասնյակ անդամ ունեցող այս «ազատագրվածները»: Համատեղելու են իրենց ուժերը և մի զարկով Սերժիկին գահընկե՞ց են անելու: Գուցե անտեսեն «մահամերձ» Կոնգրեսին (թող իր բնական մահով շունչը փչի) և առանց հապաղելու հենց հիմա՞ ի կատար ածեն այդ բարի գործը: Չեն անտեսում և ի կատար չեն ածում:

Եթե հազարավոր անդամներ ունեցող Կոնգրեսը լքողներ կային, ինչը ցանկալի չէր, բայց օրինաչափ էր երկարատև և դժվարին պայքարի ճանապարհին, ապա առնվազն խղճահարության արժանի չէ՞, երբ յոթ օրական կամ յոթ ամսական եռյակներն ու տասնյակներն են պառակտվում: Վտանգավոր չէ՞, որ առաջնորդացավով տառապող մեկն ամենակուռ կառույցին անգամ հենց մատը կպցնում է՝ վերջինս փլվում է: Կոնգրեսն «ալարում է» դրա մասին խոսել, ինչ-ինչ պատճառներով պառակտվողները՝ նույնպես, բայց փաստը հո հօդս չի՞ ցնդում՝ երիտասարդ, առողջ, եռանդուն երիտասարդական կազմակերպությունն այլևս անցյալ է, չկա´, ուղեղային մորմոք է:

Ի վերջո, եթե Կոնգրեսն ունի թերություններ և սայթաքումներ, գուցե այս խմբակները՝ Կոնգրեսի սխալների վրա Դարչոյի անճոռնի «տրընգի» պարելու փոխարեն, գործեն անթերի և անսայթա՞ք: Ու՞մ են սպասում: Իսկ գուցե վերջապես խոստովանեն, որ դրան ընդունակ չեն, իրենց «պատմական առաքելությունը» հենց Կոնգրեսին հարվածելն է, և իրե՞նց է օդուջրի պես անհրաժեշտ, որ Հայ ազգային կոնգրեսը հարատևի… Հակառակ դեպքում՝ հենց իրե´նց գոյությունն է իմաստազուրկ դառնում:

Ի դեպ, հարցին՝ քանի՞ կին է եղել իր կյանքում, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը պատասխանել է. «Երկու՝ Մերին և մյուսները»:

Ահա այսպես. փոքր ու ավելի փոքր խմբակների և իշխանություններին ծառայող լրատվամիջոցների ջանքերով՝  Հայաստանում օրեցօր ավելի է ամրապնդվում այն մտայնությունը, որ մեր երկրի քաղաքական դաշտում գործում է երկու ընդդիմադիր ուժ՝ Հայ ազգային կոնգրեսը և մյուսները:

Ով համաձայն չէ՝ թող իր դիմում-բողոքները ներկայացնի փոքր և ավելի փոքր խմբակների «առաջամարտիկներին»:

Նախորդ հոդվածը‘Հուշ հուշարձանից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’