‘Խմբագրական. Էսպես էլ ապրում ենք’

1667

Եթե թվերի սիրահար որևէ մեկը մտքին դնի հաշվել Հայաստանի հանցագործ իշխանությունների դեմ իրական պայքարողներին, այս թվաբանությունն իրենից մեծ ջանք և ժամանակ չի պահանջի (իրական պայքարողներին չշփոթել այս նույն իշխանություններից դժգոհողների հետ. այս դեպքում միակ ճանապարհը մարդահամարն է):

Իսկ իրական պայքարողներին քննադատողնե՞րը: Սրանք էլ են շատ-շատ, չփորձեք հաշվել. ամեն քայլափոխի «ոտքի տակ են ընկնում»:

Այս մարդկանց կարող եք հանդիպել սրճարաններում, երթուղայիններում, խնջույքի սեղանների շուրջը, շենքերի բակերում, Ֆեյսբուքում… Կարճ ասած՝ ուր ասես: Սրանց էլ չշփոթեք իշխանական պնակալեզների հետ: Այս մարդիկ, չէ´, պնակալեզ չեն, անկեղծորեն դժգոհ են հանրապետական ավազակախմբից, ավելին՝ ատում են սրանց ու ջերմեռանդորեն, երբեմն՝ մոլագարորեն, ուզում են օր առաջ ազատվել սրանցից և նույնքան անկեղծորեն ու ջերմեռանդորեն ո՜նց են նյարդայնանում, որ սրանց դեմ պայքարողներն, ըստ իրենց, է´ն չեն անում՝ ինչ պետք է: Իսկ ի՞նչ պետք է անել:

Խորհուրդները և ցանկությունները բազմաթիվ են, նույնիսկ ինքնահրկիզմանը դեմ չեն մեր դժգոհ հայրենակիցները: Ի՞նչ կա որ, ումի՞ց ենք պակաս. հանուն հայրենիքի թող մի քանիսն էլ ինքնահրկիզվեն, մեծ բան չէ, մեծ գործերը զոհեր են պահանջում, բա ո՜նց: Կարելի է նույնիսկ ավտոմատը վերցնել ու տեղում գնդակահարել մի քանի թալանչու, մի քանի յալանչու, մի քանի մարդասպանի, մի քանի մարդակերի: «Որը պատահի» սկզբունքով: Վերջում էլ՝ ինքնագնդակահարվել: Ինքնագնդակահարվելու դեպքում մեր դժգոհողների բեռն էլ կթեթևանա՝ ավելի հեշտությամբ կծեփեն հերոս անձնազոհի լուսապայծառ կերպարը:

Դե´, հեղափոխության մասին էլ չխոսենք. Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ամեն առավոտ արթնանում են մի քանի միլիոն «հեղափոխականներ»: Հետո՞ ինչ են անում: Դե, ինչպես միշտ՝ քննադատում են իրական պայքարողներին: Եթե շատ են նեղսրտած՝ նաև հայհոյում են, ծաղրում են, քմծիծաղում են: Իսկ ուշ հուսահատվող «աննկունները», չնայած շատ են նյարդայնացած էս դանդալոշ պայքարողների դեմ, բայց չեն զլանում՝ նորի´ց են խորհուրդներ տալիս, թե ինչպես հորով-մորով անել հեղափոխությունը ու… երեկոյան մուշ-մուշ քնում են (դե´, հասկանում եք, էլի´, շատ են չարչարվել հայրենիքի փրկության ուղիներ փնտրելով) կամ փոթոթվում են անքնության դաժան ճիրաններում (դե´, ո՞նց հանգիստ քնեն, եթե պաշտելի հայրենիքը կործանման եզրին է):

Իսկ Հայաստանում քաղբանտարկյալ կա, և նրա ազատության համար պայքարողներին Հայաստանի գլխավոր դատախազության մոտ ամեն ուրբաթ օր հասցնելու համար մեկ ավտոբուսն էլ է բավական: Մնացածները չե՞ն ուզում, որ Տիգրան Առաքելյանը բանտից դուրս գա: Չէ, ի՜նչ եք ասում՝ շա´տ են ուզում՝ երիտասարդ է, անմեղ է, իրական պայքարողներից է: Բայց Տիգրանի ազատությունն ուզում են նույն կերպ, ինչպես ուզում են, որ մի քանիսը ինքնահրկիզվեն, և այդ ինքնահրկիզվողներն իրենք չլինեն, ինչպես ուզում են, որ հեղափոխությունը սրբի-տանի ավազակախմբին, բայց այդ աղբը ավլողներն ուրիշները լինեն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»’