‘Խմբագրական. «Էսքան ուրախ կյանքը մեր» սերիալն ավարտվեց ‘

2256

Շեն ու հարուստ, անհոգ ու երջանիկ Հայաստանի քաղաքացիները կես ամիս ձեռքները դրեցին գլխների տակ ու մի կուշտ, շախով-շուխով հանգստացան:

Եվ իրոք, էն հայտնի անեկդոտի պես` «մեզ ինճ է էղե՞ օր», որ չհանգստանանք: Պետական բյուջեն` ծով, պետական սահմանը` անառիկ, խանութները` լեփ-լեցուն, արդարությունը` լափին տվող, աշխարհով մեկ սփռված մեր առատաձեռն գաղթականները` միլիոնավոր: «Օրենքով» գողերն էին քչություն անում, նրանք էլ, փառք Երկնավորին, եկան, մեր տոնական օրերին մի այլ ձեւի շուք տվեցին, Հայաստանի իշխանության «բարձր հովանու ներքո» իրենց խառը գործերը կարգավորեցին ու պատվով-նամուսով հեռացան, որ բազմահազարամյա Երկիր Նաիրիի հարուստ մշակույթի եւ հայ ժողովրդի մեծ սրտի մասին դասախոսություններ կարդան աշխարհի չորս ծագերում:

Հանգիստ խղճով կարող էինք նաեւ մեկ ամիս վայելել, երկու ամիս վայելել, երե՛ք ամիս վայելել «Ոսկե քաղաքին» համարժեք «էսքան ուրախ կյանքը մեր», բայց Հայաստանի լայնասիրտ իշխանությունը հո միամիտ չի` հասկանում է, որ այս հողագնդի վրա լիքը չար մարդիկ կան, մեկ էլ տեսար` նախանձից աչքով տվեցին: Իսկ թե չար աչքն ու չար լեզուն ինչ ավերածությունների են ընդունակ, քանի-քանի շեն ու հարուստ, անհոգ ու երջանիկ պետությունների գլուխ են կերել, մեր մեծ բանաստեղծ Վահան Տերյանը վկա. «Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս -/ Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:/ Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա՛/ Դաշտ է տեղը, եւ չկա քար քարի վրա»:

Ահա՛ այս չար լեզուներն են համառորեն լուրեր տարածում, որ վարկ ու պարտք վերցնելով` համով-հոտով սեղանների շուրջն օրեր շարունակ Ամանոր ու Սուրբ Ծնունդ նշող հայաստանցիներին դառնաղի օրեր են սպասվում` «Սեղանն է առատ, դիմացն Արարատ» հեքիաթն ավարտվել է, եւ երկնքից երեք խնձոր չի ընկնելու:

Ըստ չար լեզուների` Հայաստանի քաղաքացիները դեռ պետք է գազի, էլեկտրական հոսանքի, ջրի ու եսիմէլիինչերի համար վճարեն, պետք է խանութներից կրկնակի թանկացած սնունդ գնեն, որովհետեւ այս տարօրինակ հասարակ ժողովուրդը ո՛չ միայն տոն օրերին է ուտելու ցանկություն ունենում: Հետո այս տարօրինակ ժողովուրդը պետք է հիշի, որ ինքը ծակ գրպանով մոլոր նստած է մաքրազարդած սեղանների առջեւ, իսկ հղփացած իշխանություն կոչվածն այնքան հարստություն է կուտակել իր դատարկ գրպանի հաշվին, որ գլխացավը բռնում է` մտածելիս, թե այդքանը որտեղ վատնի: Հետո այս տարօրինակ ժողովուրդը պետք է միտք անի ու հետեւություն անի, որ «օրենքով գողերն» անմեղ հրեշտակներ են Հայաստանի իշխանություն կոչեցյալ ավազակախմբի համեմատ, որովհետեւ սրանք որեւէ երկրի ճակատագրի պատասխանատվություն չեն վերցրել իրենց ուսերին, Սահմանադրության ու Ավետարանի վրա ձեռքները չեն դրել ու չեն երդվել, որ չեն գողանալու, չեն սպանելու, հանցագործներին չեն հովանավորելու, այլ օրուգիշեր մտածելու են, թե ինչ անեն ու ինչպես անեն, որ հասարակությունն ապրի ազատության, անկախության եւ արդարության ապահով ծոցում: Հետո այս տարօրինակ ժողովուրդը պետք է հիշի, որ հենց Սերժիկ Սարգսյանը ոտքը հանրապետությունից դուրս է դնում, ինքն ամոթից ու նվաստացումից կուչուձիգ է գալիս` տեսնելով, թե ոնց է իր երկրի փաստացի ղեկավարը կոմսոմոլի հրահանգչի նման չորստակվում աշխարհի մեծամեծերի առջեւ, ու սրանք ինչ «պատվի ու հարգանքի» են արժանացնում սրան` մտքներում ցավակցելով այն հասարակությանը, որին ներկայացնում է սույն վասալը:

Շատ-շատ բան ունի հիշելու այս ժողովուրդը Ամանորի խումհարից հետո: Այնքա՛ն շատ բան, որ եթե խումհարից դուրս գալուց հետո փողոց դուրս չգա եւ Հայաստանի իշխանությունը զավթած ավազակախմբին չուղարկի պատմության աղբանոցը, ապա չար լեզուների պնդմամբ` գալիք Ամանորին ոչ պարտք տվող է լինելու, ոչ էլ` վարկ` համապատասխան թշվառագույն հետեւանքներով:

Շնորհավոր բոլորիս անցյալ դարձած Նոր տարին ու Սուրբ Ծնունդը:

 Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Կենտրոնական բանկը Հայաստանի վայրի ծառերին նվիրված մետաղադրամներ է թողարկել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Սգո մատյանը բաց կլինի մինչև հունվարի 16-ը’