‘Խմբագրական. «Ընդդիմությունը»՝ երանության մեջ ‘

3378

Վերջին շրջանում հայրենի «ընդդիմության» խանդավառությունը նկատելի է: Երբ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության համար այդքան վտանգավոր գործընթացը հասել էր եռման կետի, մեր սիրելի «ընդդիմադիրները» կատարյալ խուճապի մեջ էին: Բոլոր հնարավոր՝ երևացող ու չերևացող հարթակներում իրենց պատեպատ  էին տալիս՝ ձեռքից եկած ամեն ինչով վնասելով հասարակական կոնսոլիդացիային, հետն էլ աղոթում այդ գործընթացի տապալման, հետևաբար նաև՝ Սերժ Սարգսյանի հաղթանակի համար: Որովհետև իրենք էլ շատ լավ հասկանում էին, որ հնարավոր իշխանափոխությունից հետո իրենք այլևս չեն լինելու: Ոչ թե՝ որ իրենց գնդակահարելու էին, այլ՝ որ նոր ստեղծված իրավիճակում իրենց գոյատևման միակ շանսը լինելու էր մտածելը, դիրքորոշում հայտնելը, գործ անելն ու դրանով հասարակության համակրանքն իրենց կողմը թեքելը. մի բան, որ իրենք ուղղակի ունակ չեն անելու (սա մեղադրանք չէ, այլ փաստի արձանագրում):

Հիմա այդ գործընթացն այլևս չկա: Կա կատարյալ մի հրճվանք, որ հորդում է ամեն օր Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով: «Ընդդիմությունը» երանության մեջ է. բացվել է հսկայական դաշտ, մի կողմից՝ Կոնգրեսի վրա հարձակվելու, հազարերորդ անգամ նրան «թաղել» փորձելու, մյուս կողմից՝ ոչինչ չանելու, Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ ոչինչ չձեռնարկելու, որևէ կարևոր հարցում դիրքորոշում չհայտնելու և, ընդհանրապես՝ որևէ կարգի պատասխանատվություն չվերցնելու առումով:  Իսկական դրախտ: Лепотааа…

Այսօր հայաստանյան քաղաքական օրակարգում հետևյալ խնդիրներն են.

— Սերժ Սարգսյանի իշխանությունը, որ ավերում է Հայաստանը

— Սահմանադրական փոփոխությունները, որով Սերժ Սարգսյանը ձգտում է ցմահ իշխանության

— Ղարաբաղյան հարցի վտանգավոր զարգացումները (հիմա դրանք ավելի ստորջրյա են, հետևանքներն ավելի ուշ կերևան)

— Ցեղասպանության հարցում պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելը:

Հիմա ուշադիր ուսումնասիրեք մեր «ընդդիմադիրների» վարքը և փորձեք գտնել այս հարցերի վերաբերյալ որևէ կոնկրետիկա, գործողություն: Չեք գտնի: Որովհետև մեր պանծալի «ընդդիմությանը» նման «մանրուքներ» չեն հետաքրքրում: Իրենք այլ՝ ավելի «ազգային ու պատմական» առաքելություն ունեն: Իրենց հիմնական նպատակը հաջորդ պառլամենտում տեղ գրավելն է, և քանի որ դրա համար իրենք ունեն ոչ թե հասարակության, այլ Սերժ Սարգսյանի աջակցության կարիքը, պիտի ամեն կերպ ծառայեն նրան ու չեզոքացնեն բոլոր հնարավոր մարտահրավերները, որ կան ու կարող են լինել Սերժ Սարգսյանի իշխանության ճանապարհին: Դրա համար էլ հարվածել ու հարվածում էին Սերժ Սարգսյանի հակառակորդ ուժերին և հատկապես՝ Կոնգրեսին ու նրա նախաձեռնած գործընթացներին: Չկարծեք, թե  իրենք դա անում են, որովհետև չեն սիրում Կոնգրեսին: Դա պատճառ չէ, քաղաքականության մեջ էմոցիաները տեղ չունեն: Կամ որ այս կամ այն հարցում չեն կիսում Կոնգրեսի դիրքորոշումը: Նրանց մեծ մասը ժամանակին Կոնգրեսից ու Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ ընկած են պաշտպանել նույն դիրքորոշումները (սեփականը չունեն): Այնպես որ՝ նրանք Կոնգրեսին թիրախավորել են մեկ հիմնական նպատակով՝ ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին՝ հետագայում նրանից պառլամենտական տեղեր կամ այլ կարգի շնորհներ մուրալու մեն-միակ նպատակով:

Եթե այդպես չլիներ, այսօր մենք ականատեսը կլինեինք նրան, որ «ընդդիմադիրներն», իրար հերթ չտալով, կխոսեին սահմանադրական փոփոխություններից, Ցեղասպանության վտանգավոր հռչակագրից, Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ առաջնորդի նկատմամբ սանձազերծած ահաբեկչական արշավից, Ղարաբաղից: Ու պատին դեմ կտային Սերժին: Կհայտարարեին, որ պետք է միավորվել ու ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանը չկարողանա դակել նոր սահմանադրությունը և ցմահ իշխելու հնարավորություն ստանալ:

Այս ամենն ի ցույց է դնում նրանց արհեստական բնույթը: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Եթե արհեստական են Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը, ինչպե՞ս կարող են բնական լինել դրա պրոդուկտները կամ արբանյակները՝ անվանեք՝ ինչպես կուզեք:

 

Նախորդ հոդվածը‘Սփյուռքի ակնառու ներկայացուցիչները նախաձեռնել են երախտագիտության «Ավրորա» մրցանակաբաշխությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Կոստանյանը խոսել է երկրում ստեղծված քրեածին իրավիճակի մասին ‘