‘Խմբագրական. Ժամանա՛կն է ‘

2736

Ու դեռ ինչքան պիտի ինքը փորձի մեր բոլորիս համբերության բաժակի խորությունը: Մտածի՝ մի՞թե իսկապես անհուն է այն, կամ գուցե՝ անհատա՞կ է, կամ՝ գուցե մի տեղ մի փոքր ա՞նցք կա, ու համբերության բաժակն այդ ինչքան լցվում է, այդպես էլ՝ չի լցվում:

Ինքը երևի արդեն մտածում է՝ էլ ինչքա՞ն պիտի ասեմ՝ «յա, իրո՞ք», որ հասնի բոլորին-բոլորին, որ ով քնած է՝ արթուն կենա, ով արթուն է՝ ձիեր թամբի, ով թամբել է՝ ելնի, հեծնի…: Էլ ի՞նչ անի, էլ ո՞նց անի, էլ ի՞նչ ասի, էլ ո՞նց ասի, ինքն էլ է երևի զարմանում՝ մի՞թե էլ մի անարատ տեղ մնացել է, որտեղ իր ոտքը չի դիպել, մի՞թե մի կուսական անկյուն է թողել էս երկրի վրա, մի՞թե ամեն ինչ բավարար չափով տրորված ու ոտնատակ արված չէ, մի՞թե էլի տրորելու տեղ կա:  

Ախր ինքն էլ պիտի որ իմանա, որ ով աչք ունի՝ տեսնում է, ով ականջ ունի՝ լսում է, ով մտածելու մի փոքր ունակություն ունի՝ հասկանում է ամեն ինչ, բա այդ դեպքում, էլի մտածում է ինքը, «ես դեռ ինչո՞ւ եմ այստեղ»: Ինքն էլ մեզանից լավ գիտի, որ ինքն այս պահին այլ վայրում պիտի լիներ՝ այլ նպատակներով, այլ «աշխատանքներ» անելիս: Ինքն էլ մեզանից էլ լավ դեռ էն ժամանակ՝ գալուց, հասկանում էր, որ ժամանակավոր է գալիս, որ էսօր-էգուց է, որ ինչ տանելու է, պիտի արագ տանի, ինչ անելու է՝ պիտի արագ հասցնի անել, որովհետև վաղը կարող էր և ուշ լինել, իսկ իր պարագայում այդ վաղը կարող էր և չգալ, երբե՛ք:

Հասկանում էր, ու արագ տանում էր՝ ինչ կարող էր, ինչ հնարավոր էր՝ վերցնում էր, իսկ ինչ հնարավոր չէր վերցնել, կամ վաճառում էր, կամ էլ ավերում: Որովհետև որոշել էր՝ ոչ մի կենդանի բան իր հետևից պիտի չթողի: Ոչ մի մաքուր բան իր հետևից պիտի չթողի: Ամեն ինչ պիտի փչացնի, պիտի մխտռի մինչև յոթերորդ պորտն ու համոզված լինի, որ կենդանի բան չի թողել:

Բայց այդ ընթացքում պիտի անընդհատ զարմանար, թե էդ ոնց եղավ, որ դեռ իր աթոռին է, պիտի զարմանար, և դեռ ավելին, հասկանալով հանդերձ՝ պիտի ցինիկանար, որովհետև այլ բան չուներ անելու, հենց այդ պատճառով էլ պիտի ասեր՝ «Յա, իրո՞ք», և այդպիսով պիտի ուղերձ հղեր բոլորին, բոլորին, բոլորին, թե ի՞նչ եղավ ախր ձեր համբերության բաժակը, էդ ո՞նց է լինում, որ չի լցվում, էդ ո՞նց եք հանդուրժում իմ նմանին, չէ՞ որ բոլորս էլ՝ ե՛ւ ես, ե՛ւ դուք, գիտենք, որ իմ հաշիվները վաղուց պիտի մաքրած լինեիք, որովհետև էս ամենն արդեն ոչ թե միայն պետության պատվախնդրության հարցն է, կամ էլ թե՝ պետության փրկության, այլև՝ ձեր, անհատապես բոլորիդ, յուրաքանչյուրիդ անձնական պատվախնդրության հարցն է: Որովհետև մտել եմ ձեր տները և դուրս չեմ գալիս, մտել եմ ձեր գրպանները և դուրս չեմ գալիս, մտել եմ ձեր կյանքը և դուրս չեմ գալիս: Ու ավելին. մտել եմ ձեր ապագան ու դուրս չեմ գալիս: Ես եմ ձեր գաղջը, ձեր մոխրագույնը, մոխրագույնի բոլոր երանգները, ձեր կորսված տարիները, ձեր դառնությունը, ձեր անհուսությունը: Ժամանակը չէ՞ արդեն, որ բացեք ձեր լայն փակված աչքերն ու մաքրեք հաշիվներս:

Ու դեռ ինչքա՞ն պիտի ինքը փորձի մեր բոլորիս համբերության բաժակի խորությունը, որ բոլորը հասկանան, տեսնեն ու ասեն՝ ժամանակն է:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն ՄԱԿ-ի միջոցով Հայաստանին $5 մլն կհատկացնի’