‘Խմբագրական. Ի՞նչ ընդդիմություն է պետք իշխող խմբին’

2633

Մարտի 4-ի խմբագրականում փորձեցինք ուրվագծել վերահսկելի ընդդիմության ստեղծման իշխանական նախագիծը: Այսօր շարունակենք այդ խոսակցությունը՝ ավելի մանրամասնելով եւ հասկանալով, թե ինչո՛ւ է իշխանությանը պետք ընդդիմություն, որը կլինի՝ ա. «գաղափարական», բ. «սկզբունքային», գ. «արժեքային», դ. «ինստիտուցիոնալ», ե. «առանց սուպերլիդերների», եւ զ. ինչո՞ւ է «անցել միտինգների ժամանակը»: Ուշադրություն դարձրիք, որ բոլոր թվարկած որակները վերցված են չակերտների մեջ, այսինքն՝ խոսքը ոչ թե դրանց բառացի, այլ իշխանական կեղծ լեզվից թարգմանելի իմաստների մասին է: Այդ թարգմանությունն էլ այժմ անենք:

 «Գաղափարական ընդդիմություն» = «անշառ ընդդիմություն»

ա. «Գաղափարական ընդդիմություն»: Վերոնշյալ խմբագրականում արդեն փաստարկել եմ, թե ինչու է անհամատեղելի զուտ գաղափարական ընդդիմությունը բռնակալության հետ, դրա համար հիմա միայն համառոտ անդրադառնամ այս կետին: Ոչ գաղափարական իշխանության դեմ հնարավոր չէ պայքարել զուտ գաղափարական մեթոդներով: Բռնապետության մեջ անխուսափելի է տարբեր, նույնիսկ հակադիր գաղափարախոսական ուղղություններ ներկայացնող ուժերի համագործակցությունն ընդդեմ իշխանության (նման համագործակցություն կարող է լինել եւ ոչ բռնապետական համակարգերում, բայց բռնապետությունում դա գրեթե անխուսափելի է): Հակառակը՝ զուտ գաղափարական քաղաքական նախագծերը բռնապետության պայմաններում անխուսափելիորեն բռնում են քաղաքական նմանակման (իմիտացիայի) ուղին: Հենց այդքանով էլ բռնապետությանը ձեռնտու է զուտ «գաղափարական ընդդիմությունը»: Այն, մի կողմից՝ անվտանգ է բռնապետության առաջնային՝ իշխանության պահպանման նպատակի տեսակետից, իսկ մյուս կողմից էլ՝ օրինականացնում է բռնապետական համակարգը՝ թե, բա՝ մենք էլ ունենք մեր, շատ գաղափարական ընդդիմությունը: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ, պարզապես ուսումնասիրեք հետսովետական երկրներից շատերի քաղաքական համակարգերը, ուր միեւնույն ուժը տարիներով անփոփոխ իշխանություն է, իսկ մյուս՝ «խիստ գաղափարական» ուժերն էլ մշտական ընդդիմության դեր են կատարում, եւ բոլորը գոհ են: Սրա տրամաբանությունն այնքան պարզ է, որ չարժի մանրամասնե՛լ իսկ. մեկ բառով միայն կարող ենք ամփոփել՝ «գաղափարական» ընդդիմություն բռնապետության լեզվից թարգմանած՝ նշանակում է «անշառ» ընդդիմություն:

«Պրոֆեսիոնալ ազնիվը» «պրոֆեսիոնալ հայրենասերից» լա՞վ է

բ. «Սկզբունքային»: Սա մոտիկ է առաջին կետին եւ բխում է դրանից: «Սզբունքայնությունը» «գաղափարական ընդդիմության» քաղաքական գործողության կերպն է (իհարկե՝ միայն արտաքուստ, այլ ոչ թե իրականում): Մնալով «սկզբունքային» դիրքերում՝ «գաղափարական» ընդդիմությունը պետք է միշտ դեմ լինի այլ գաղափարներ կրող ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանը, առավել եւս՝ պետք է բացառի իշխանության մեջ եղած ներքին հակասություններից օգտվելու հնարավորությունը, իսկ դեմագոգիայի բացարձակ սրացման պահերին նույնիսկ պետք է հայտարարի, որ երբեք գործ չի ունենա որեւէ մեկի հետ, ով երբեւէ եղել է իշխանության մեջ վերջին 10, 20, թեկուզ՝ 50 տարվա ընթացքում: «Արմատական» այս մոտեցումը գործնականում մեկընդմիշտ բացառում է բռնապետական համակարգի տապալման որեւէ հնարավորություն, քանի որ բռնապետությունները հնարավոր չէ տապալել առանց լայն համագործակցության եւ առանց ներիշխանական հակասությունների առկայության եւ խորացման: Բայց սա դեռ տեսական մասն է, իսկ իրականությունն է՛լ ավելի դաժան է եւ ծանոթ է բոլորին, ովքեր քիչ թե շատ առնչություն են ունեցել հայաստանյան քաղաքականության ներքին խոհանոցի հետ:

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի բոլոր «սկզբունքայինները» միայն արտաքուստ պատրաստ չեն համագործակցել ցանկացածի, այդ թվում՝ իշխանական այս կամ այն թեւի հետ, ավելին՝ հենց նաեւ ա՛յն ուժերի հետ, որոնց հետ այլոց հրապարակային (այլ ոչ թե գաղտնի) համագործակցությունը  կամ երկխոսությունը արտաքուստ անխնա քննադատում են: Հայաստանում խնդիր է միայն հրապարակային համագործակցությունը: «Իսկական սկզբունքային» տղերքն ու աղջկերքը միշտ էլ դա անում են հրապարակային դաշտից հեռու: Կարող ենք նույնիսկ որպես օրինաչափություն ձեւակերպել հետեւյալը՝ որքան ավելի «սկզբունքային» է որեւէ անհատի կամ խմբի «պաշտոնական» դիրքը, այնքան ավելի կասկածելի է նրա իրական դեմքը: Քաղաքականության մեջ պետք է նախեւեռաջ զգուշանալ «պրոֆեսիոնալ հայրենասերներից», «պրոֆեսիոնալ ազնիվներից» եւ «պրոֆեսիոնալ առաջադիմականներից»:

Այժմ պարզ է, թե ինչու է բռնապետությանն անհրաժեշտ հենց «սկզբունքային» ընդդիմություն: Հրապարակային դաշտում «սկզբունքայինը» միշտ «սկզբունքորեն» դեմ կլինի իրեն ոչ գաղափարակից եւ «բոբո» ուժերի հետ համագործակցությանը՝ բացառելով բռնապետության դեմ լայն որեւէ կոալիցիա, իսկ տակից էլ, հակառակը, պատրաստ են ցանկացած «բիզնեսի», որով եւ դառնում են վաստակավոր «կոմպրոմատակիր», ինչը նույնպես ձեռնտու է բռնապետությանը, որի հիմնական վախը հրապարակային, այլ ոչ թե կուլիսային գործընթացներն են:

«Համաշխարհային հեղափոխության» կողմնակիցները

գ. «Արժեքային»: Սա մի քիչ ավելի բազմաշերտ թեմա է, որն այստեղ չենք կարող ամբողջովին բացել: Առանց երկար-բարակ խորանալու՝ ասեմ, որ կոնկրետ այսօրվա Հայաստանի պայմաններում «արժեքային» ընդդիմությունն իշխանական կեղծ լեզվից թարգմանվում է որպես «արեւմտամետ» (չակերտների վրա անպայման ուշադրություն ենք դարձնում): Այստեղ երկակի, նույնիսկ եռակի կեղծիք կա:

Նախ՝ քաղաքական դաշտի բաժանումն ըստ արտաքին կողմնորոշման պետության տեսակետից՝ վտանգավոր, իսկ բռնապետության տեսակետից, հակառակը՝ ձեռնտու տարբերակ է: Բռնապետությանը սա ձեռնտու է, որովհետեւ հայաստանյան «մետ»-ներին, նախեւառաջ, հետաքրքրում են «գլոբալ» թեմաները, իսկ Հայաստանը նրանց համար գոյություն ունի այնքանով, որքանով այդ «գլոբալ» «տրենդերի» հետ առնչվում է մեր ներքին քաղաքականությունը (խոսքն, անշուշտ, քաղաքականացված «մետ»-ների մասին է): Նրանց ուշադրության կենտրոնում պայքարն է համաշխարհային մի որեւէ «չարիքի» կամ «ֆաշզիմի» դեմ, եւ կարեւոր չէ, թե մեկի համար «չարիքը» Պուտինն է, իսկ մյուսի համար՝ Օբաման: Տեղական «մանր» հարցերը նրանց հետաքրքիր են հենց այդ տեսակետից, եւ իշխանության նկատմամբ վերաբերմունք էլ թելադրված է արտաքին կենտրոնների փոփոխական շահերից:  

Պետության տեսակետից՝ սա վատնգավոր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, կառուցվել եւ կայացել է «երրորդ ուժի բացառման» սկզբունքի շուրջ (որը ձեւակերպել է Ռաֆայել Իշխանյանը, եւ որի կրողն է եղել «Ղարաբաղ» կոմիտեի գոնե մեծ մասը): Իսկ պատմականորեն էլ արտաքին կողմնորոշման առաջնայնությամբ ներհայկական բաժանումները եղել են մեր հին պետությունների կործանման եւ մեր ժողովրդի ողբերգությունների հիմնական պատճառը: Ժամանակ չկա այստեղ դա մանրամասն հիմնավորելու, միայն թե նշեմ, որ ասածը, բնականաբար, չի նշանակում մեկուսացում կամ էլ արտաքին որեւէ կողմնորոշման իսպառ բացակայություն, այլ միայն այդպիսի կողմնորոշման՝ որպես ներքին բաժանման առաջնային չափանիշի ընդունում:

Երկրորդ՝ քաղաքական դաշտի բաժանումն ըստ արտաքին կողմնորոշման՝ ենթադրում է հիմքում մի, մեղմ ասած՝ «մազալու» աշխարհայացք, համաձայն որի՝ համաշխարհային քաղաքականությունը հնդկական կինո է, ուր բախվում են բացարձակ Չարն ու Բարին, Սեւն ու Սպիտակը: Իհարկե, հակառակ ծայրահեղությունը, որն իսպառ բացառում է արժեքային գործոնը քաղաքականությունից, նույնպես անհամարժեք կարելի է համարել, բայց ինչ-որ տեղ ավելի լավ է նույնիսկ այդպիսի անհամարժեքությունը, քան չարի ու բարու մասին հեքիաթը մեծերի համար: Նման աշխարհայացք կրողի համար սեփական երկիրը համաշխարհային ուժերի մարտադաշտ սարքելը ընդունելի, եթե ոչ՝ երազելի նպատակ է, իսկ «համաշխարհային հեղափոխությունն»՝ ավելի կարեւոր, քան «մի բուռ» Հայաստանը, որի ժողովրդի գոյության իմաստը «համաշխարհային հրդեհի» մեջ ցախի մի կտոր դառնալն է: Կրկնեմ, բացարձակ կարեւոր չէ, թե ամեն տվյալ խումբը ո՛ր կողմին է բարի համարում, իսկ որի՛ն՝ չար, կարեւորը հենց այս մտածողությունն է, որը մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը:

Սա փաստացի ոչ այլ ինչ է, քան վերադարձ դեպի միջնադարյան քաղաքական պատկերացումներ, համաձայն որոնց՝ ամեն քրիստոնյա ինքնին դաշնակից էր հայերի համար, իսկ ամեն մահմեդական՝ ինքնին՝ թշնամի: Իհարկե, այսօրվա մեր հասարակությունում նման մոտեցումները շատ փոքր հասարակական հենք ունեն, եւ «արժեքային ընդդիմությունը» մնալու է մշտական փոքրամասնություն, բայց հենց դա էլ հրաշալի է բռնապետության տեսակետից, քանի որ ագրեսիվ այդ փոքրամասնությունը, հասարակական լայն հենք չունենալով, ստիպված է ապավինել արտաքին եւ ներքին հովանավորության: Քանի որ «արժեքային» քաղաքականության կենտրոնում ոչ թե Հայաստանի ժողովրդի շահերն ու ձգտումներն են, այլ՝ համաշխարհային կենտրոնների, ապա բռնապետությունը կարող է հանգիստ հանդուրժել կամ նույնիսկ բուծել նման խմբեր, առանց իր իշխանությանը սպառնացող իրական վտանգի (մանավանդ՝ քանի դեռ կա արտաքին ուժերի հետ պայմանավորվածություն):  

Երրորդ եւ ոչ պակաս կարեւորը: Պոտենցիալ «արժեքային ընդդիմությունը», տվյալ դեպքում՝ «արեւմտամետները» (քանի որ «ռուսամենտներն» ինքնին համարվում են իշխանամետ) նույնքան կոնֆորմիստական է, որքան «սկզբունքայինները»: Նույնիսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց արտաքին քաղաքականության մեջ 2013-ի սեպտեմբերին, արեւմտամետ քաղաքական եւ լրատվական խմբակները մնացին փաստացի իշխանական դաշտում, իրապես ընդդիմադիր որեւէ ձեւաչափ ստեղծելու փորձեր չարեցին եւ շարունակեցին Սերժի անուղղակի պաշտպանությունը՝ գործելով նրա հովանու ներքո:

«Արքունական» ընդդիմություն

դ. «Ինստիտուցիոնալ»: Այն, որ ընդդիմության թիվ մեկ խնդիրներից է կենսունակ եւ աշխատող կառույցներ ստեղծելը, եւ այն, որ ընդդիմությունը պետք է վերածվի կարեւորագույն հասարակական ինստիտուտի՝ անվիճելի է: Բայց իշխանական քարոզչամեքանայի նախագծում «ինստիտուցիոնալը», բնականաբար, լրիվ այլ իմաստ ունի: Իշխանական նախագծի նպատակն է, պատկերավոր ասած՝ փակել էլիտար շղթան, այսինքն՝ քաղաքականությունը վերածել բացարձակապես էլիտար զբաղմունքի՝ «քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների համար է» թեզի շրջանակում: Այլ կերպ ասած՝ մեկ համակարգի մեջ ամփոփել իշխանությունը եւ ընդդիմությունը: Ըստ այդմ՝ «ինստիտուցիոնալ» նշանակում է «պետական», «արքունական», «պաշտոնական» ընդդիմություն: Դրա միջոցով իշխանությունը կվերահսկի եւ կուղղորդի բողոքական տրամադրությունները, իսկ «ինստիտուտը» կստանա համապատասխան արտոնություններ: Իհարկե, ցանկացած «հովանավորյալ էլ» կարող է փորձել պահը բռնացնել եւ իշխանության հետ երկակի խաղ խաղալ՝ իքս պահին բարձր հովանու տակից դուրս պրծնելու եւ անկախ խաղ վարելու նպատակով եւ հույսով: Բայց դրա համար էլ պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ եւ խմբեր, որոնց «թռնելու» հնարավորությունները նվազագույնն են: Իսկ այդպիսիք են «գաղափարականները», «սկզբունքայինները» եւ «արժեքայինները»՝ վերոշարադրյալից հետո արդեն հասկանալի պատճառներով, եւ ընդհանրապես՝ համեմատաբար թույլ կամ թուլացված խմբերը:

«Ինստիտուտի» նախագիծը կարեւոր է հասկանալ նաեւ սպասվելիք սահմանադրական փոփոխությունների շրջարկում: Մինչեւ այսօր լայն զանգվածային համախմբման առավելագույն հնարավորությունը կապված էր նախագահական ընտրությունների հետ, եւ դրանք էլ լավագույն հնարավորությունն էին տալիս իշխանության «վրայից» թռնելու նույնիսկ իշխանության հետ երկար տարիներ համագործակցած «կոլոբոկներին»: Նախագահական ընտրությունների վերացմամբ կամ արժեզրկմամբ «կոլոբոկներն» ավելի վերահսկելի են դառնում, իսկ թռնելու պլաններն՝ ավելի մշուշոտ:

Ըննդեմ անհատների

ե. «Ինստիտուտիլիզացիայի» նախագծի շրջանակներում շատ կարեւոր է նաեւ «սուպերլիդերների» դեմ պայքարի հայտարարությունը: Իշխանական քարոզչության մեջ սա նոր միտում չէ: Դեռեւս 2012-13 թթ., երբ փորձ արվեց առաջին անգամ լրջորեն հիմնավորել վերահսկելի ընդդիմության ծրագիրը, զարկ տրվեց «լիդերների ժամանակն անցել է» հրապարակումների տարափին՝ համապատասխան «ինստիտուցիոնալ» մամուլի կողմից: Ինչո՞վ են իշխանական նախագծին այդքան խանգարում լիդերներն ու սուպերլիդերները: Պատճառներն ավելի քան պարզ են:

Նախ՝ հակաբռնապետական ցանկացած պայքարում հեղինակավոր անհատականությունների դերը կարեւոր է, որովհետեւ բռնապետական երկրներում բնականից թույլ կամ էլ պարզապես վերահսկելի են լինում հասարակական կառույցները՝ կուսակցությունները, արհմիությունները, ՀԿ-ները եւ այլն: Հասկանալի է, որ նման պայմաններում անհատների դերը կտրուկ բարձրանում է: Հազվադեպ են հակաբռնապետական այն պայքարները, որոնցում լիդերի դերը մեծ չէ: Բայց այն դեպքերում էլ, երբ դա փոքր է, հետհեղափոխական իրավիճակներում իշխանությունն արագ անցնում է ա՛յն խմբերի ձեռքը, որոնց մասնակցությունը պայքարում թեեւ ոչ պարտադիր վճռական է եղել, սակայն նրանք ունեցել են ուժեղ լիդերներ եւ կառույցներ: Այսպես, մեր աչքի առաջ տեղի ունեցավ Եգիպտոսում, մեծ հաշվով՝ նույնը տեղի ունեցավ Ռուսաստանում 1917-ի փետրվար-հոկտեմբեր ամիսներին եւ այլն:

Երկրորդ՝ մասամբ՝ հենց այս օրինաչափության, մասամբ էլ՝ ավանդական գիտակցության պատճառով, մեր ժողովուրդը հակված է հետեւել լիդերներին, անհատներին, այլ ոչ թե կազմակերպություններին: Կարելի է փորձել փոխել այս գիտակցությունը, բայց բացի այն, որ դա հաստատ մեկ օրվա, ոչ էլ նույնիսկ մեկ տասնամյակի գործ չէ, պետք է հաշվի առնել, որ գիտակցությունը գոնե մասամբ արտացոլում է առկա իրավիճակը, իսկ առկա իրավիճակում հնարավոր չէ ստեղծել գերուժեղ հասարակական կառույցներ, որոնք անկախ կլինեն բռնապետությունից:

Տեղական մասշտաբի «ինստիտուցիոնալ» լիդերներ բռանպետությանը ոչ միայն չեն խանագրի, այլեւ ցանկալի են անհրաժեշտ ֆասադն ապահովելու՝ համ կույս մնալու, համ հաճույք ստանալու համար, իսկ ահա իրապես ուժեղ՝ հեղինակություն, ռեսուրսներ, կապեր, կորով ունեցող անհատները վտանգ են նույնիսկ, եթե հայտնվում են համեմատաբար թույլ դիրքերում, որովհետեւ իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է նորից դարձնել նրանց իշխանության հավակնորդ:

Եվ ընդդեմ զանգվածների

զ. Թող զարմանալի չհնչի, բայց բռնապետության թիվ մեկ սպառնալիքը կազմակերպված զանգվածներն են եւ հրապարակային քաղաքականությունը: Դա է հուշում նոր եւ նորագույն պատմության ողջ փորձը: Մյուս կողմից էլ՝ հրապարակային զանգվածային քաղաքականությունը միշտ էլ կապի մեջ է եղել եւ է՛ «սուպերլիդերների» հետ: Դրա համար էլ «լիդերների ժամանակն անցել է» թեզի հետ մեկտեղ՝ իշխանական քարոզչությունը շրջանառության մեջ էր դրել «միտինգների ժամանակն անցել է» թեզը: Եթե այդ թեզը բառացի ընկալենք, ապա դա սովորական «գալուստական» անհեթեթություն է (ճիշտ է՝ արտասանված «ընդդիմադիր» «գալուստիկների» կողմից), քանի որ միտինգն ընդամենը քաղաքական գործիք է, եւ նրա ժամանակը չի կարող ո՛չ գալ, ո՛չ անցնել՝ այն կարող է միայն ամեն տվյալ քաղաքական պահի իմաստ ունենալ կամ ոչ, ինչպես ցանկացած գործիքի օգտագործում իմաստ ունի միայն համապատասխան պայմաններում: Էլ չասած, որ որեւէ բանի ժամանակը չի կարող գալ կամ անցնել մեկ առանձին վերցված Հայաստանում, որը Մարսի վրա չի գտնվում:

Բայց եթե այս արտահայտությունը թարգմանում ենք իշխանական կեղծ լեզվից «մարդկերենի», ապա այն լավ էլ իմաստ է ստանում՝ բազմաթիվ թելերով կապված լինելով վերոնշյալ բոլոր կետերի հետ: Արդեն ասացինք «լիդերների ժամանակն անցել է» կետի հետ դրա կապի մասին: «Ինստիտուցիոնալ» ծրագիրը նույնպես կապի մեջ է այստեղ, քանի որ դրա ենթատեքստն է՝ քաղաքականությունը հրապարակներից տանել «ինստիտուտներ»՝ կաբինետներ, կուլիսներ, «օթյակներ», էլիտար խմբեր՝ իրենց «գաղջ» մթնոլորտով հակադրված միաժամանակ ե՛ւ զանգվածներին, ե՛ւ վառ անհատականություններին:

«Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները», «գաղափարականը», «սկզբունքայինը», «արժեքայինը»՝ բոլորը միասին եւ առանձին-առանձին վերցված՝ նույնպես ունեն միեւնույն ենթատեքստը՝ բացառել զանգվածային հապարակային քաղաքական դրսեւորումները, քանի որ «անգրագետ» զանգվածները հակացուցված են այս բոլոր «վեհ» դրսեւորումներին:

Սա՛ է վերահսկելի ընդդիմության նախագծի ողջ էությունը՝ վերջնակապես բացառելով քաղաքականությունից ուժեղ անհատներին եւ զանգվածներին՝ հավերժացնել իշխող խմբի դիրքերը՝ ներառելով դրա մեջ նաեւ «արքունական» ընդդիմությունը:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները փակ են’
Հաջորդ հոդվածը‘Արցախի ՊՆ-ը հայտնում է Ադրբեջանի առնվազն 7 զինծառայողի ոչնչացման մասին’