‘Խմբագրական. Իյա՜՜՜, իյա՜՜՜: Իրո՛ք’

2974

Չէ, սա արդեն զավեշտ էլ չի, է՜: Սերժ Սարգսյանի իշխանավարության ամեն օրն արդեն արջամկան օրվա պես՝ նույնությամբ կրկնվում է: Տարեթվերը, ամսաթվերն իսկապես (իյա, իրո՞ք) փոխվում են, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվում: Ամեն օր նույն գաղջն է, որ Բ26-ից տարածում է «գերագույն գլխավոր հրամանատարը» (իյա, իրո՞ք): Էլ արդեն ոչ խնդալու է, ոչ լալու: Նույն սցենարը՝ նույն գործողություններով, նույն զարգացումներով, նույն կուլմինացիայով, նույն հանգուցալուծմամբ. կրկնվում են անվերջանալի գաղջի մասին սերժական այս սերիալի բոլոր սերիաներում: Սա արդեն բժշկական դիագնոզի է նմանվում՝ հազիվ ընթեռնելի ձեռագրով գրված դատավճռի պես. քանի դեռ այս մարդն այս պաշտոնին է՝ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈւ:

Ու մի բան էլ՝ էնպես են զարմանում, որ սահմանային լարվածության մասին փակ տարածքում ճառ է ասում (մինչ Էդվարդ Նալբանդյանն, իր ասելով՝ զանգ է կախում), իսկ մարդկանց ներկայությունից խուսափում է, չի խոսում, բերանը ջուր է առնում, իսկ երբ հիշեցնում են, թե ինքը (շուն-գել) «գերագույն գլխավոր հրամանատարն» է համարվում՝ ադեկվատվության վերջին նշույլն անգամ կորցրածի պես արձագանքում է՝ «իյա, իրո՞ք»: Էնպես են զարմանում, ասես այլ ակնկալիքներ ունեին: Բա ի՞նչ արձագանք էիք սպասում: Ի՞նչ պիտի ասեր, որ չասաց: Եւ կամ՝ ինչի՞ պիտի ասի: Էդ դո՛ւք եք, որ նրանից (թեկուզ մի բուռ, կամ, լավ՝ մի կաթիլ) ադեկվատություն եք ակնկալում, էդ դո՛ւք եք, որ կարծում եք, թե կեղծիքներով նախագահի աթոռին բազմածը կարող է կոտլետներն առանձին դասավորել, ճանճերն՝ առանձին: Էդ դո՛ւք եք, որ հույս ունեք, թե ինքը կարմիր գծից անդին չի անցնի երբեք: Էդ դո՛ւք եք սահմանել էդ կարմիր գիծը, իսկ իրե՞ն, իրե՛ն հարցրե՞լ եք՝ ինքը ձեր եզրագիծն ընդունե՞լ է, ինքը երբեւէ ասե՞լ է, որ ձեր իսկ գծած ռուբիկոնը չի անցնելու: Ինքը ոչինչ չի՛ ասել, ինքը ոչինչ չի՛ առանձնացրել կամ տարբերակել, ինքը չի՛ ասել, թե՝ «հա, ոնց որ արել եմ՝ ներսում միայն իմ շահը կտեսնեմ, բայց դրսում՝ երկրի շահերով եմ առաջնորդվելու»: Ավելին, դա հնարավոր էլ չէ՛: Դուրս ու ներս չկա՝ մեծ հաշվով, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է: Դու չես կարող դրսում կանգնել, եթե ներսում հողը չես փխրեցրել ու պարարտացրել: Ամեն դեպքում՝ դու դրսում երերալու ես:

Ու մեծ հաշվով՝ ինչի՞ պիտի ինքը երկրի շահով առաջնորդվի դրսում, որ ի՞նչ անի, իր ինչի՞ն է դա պետք, դրանից ինքն ի՞նչ է շահելու: Ինքն, ի՞նչ է, չգիտի՞, որ կարող է երկրի համար  լավություն անել, բայց միայն մի (մի հատիկ) լավություն՝ թողնել ու հեռանալ: Գիտի, հասկանո՛ւմ է: Ու դրա համար էլ չի արել, չի անում ու չի՛ անի երբեք:

Էդ տեսակի հարց է: Նա էդ աթոռին հանուն երկրի չի հայտնվել, նա իր անձնական շահի համար է բազմել Բ26-ում, ու եթե իր շահն ու երկրի շահը անհամատեղելի են անգամ, դրանից իրեն ի՞նչ: Իր շահը պիտի ստորադասի երկրի շահերի՞ն: Հանուն ինչի՞: Իր տեսակն էդ չի հասկանա: Որովհետեւ էդ երկու հակադիր բաները տարբերակելու համար մի քիչ մեծ է պետք լինել, մի քիչ հասուն, մի քիչ կայացած, մի քիչ էլ՝ բարձր:

Չես կարող հա՛մ մանր լինել, հա՛մ էլ՝ տարբերակելու ունակություն ունենալ: Որովհետեւ դա ի վերուստ տրված մի չբացահայտված շնորհ չէ, որ անկախ ամեն ինչից ունենաս, հենց էնպես, առանց ջանքի: Դա երկար ու դժվար ճանապարհի արդյունքում ստացած հասունություն է ու կենսափորձ, դա մի հանգրվան է, որին պիտի հասնել:

Այնպես որ՝ զարմանալու բան չկա, երբ ինքը զարմանում է, թե բա՝ «իյա, իրո՞ք»: Ինչի՞ վրա եք զարմանում: Ի՞նչ է, առաջին անգա՞մն է, որ զարմանում եք: Էս կինոն մենք արդեն տեսել ենք: Տեսնում ենք՝ ամեն օր: Ու կտեսնենք, եթե թողնենք, որ էս կինոն շարունակվի՝ «կարո՞ղ է հանգուցալուծումը լավ է լինելու»-ի հույսով: Չի՛ լինելու: Որովհետեւ ամեն օր նույնն է լինելու, մինչեւ բոլորը չհասկանան, որ անվերջանալի գաղջի արկածների մասին տաղտկալի ֆիլմի հանդիսատեսը չեն ցանկանում լինել: Չհասկանան, որ էս ֆիլմը մեր մասին չի, իսկի մերն էլ չի:

Մինչեւ բոլորը չհասկանան, որ չի կարելի ժամանակը ճահճացնել, որովհետեւ արդյունքում երկիրն է ճահճուտի վերածվում:  

Մինչեւ բոլորը չհասկանան, որ ժամանակն է՝ էկրաններին հայտնվի «Գաղջի վերջը» գրությունը:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները կրկին կառավարության դիմաց են (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում հայ զինվոր է զոհվել’