‘Խմբագրական. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանում իր վարչապետին’

2917

Իշխող ռեժիմի ներսում, ինչպես ասում են, «կենացները քաղցրանում են»։

Հայկական կինոսերիալի վերածվող բանավեճն էլ (որ իրականում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի միջև է) սովորականներից չէ։ Դրանում «ճիշտ» ու «սխալ» որոշելու տեսանկյունից անցյալին կամ ներկային վերաբերող տնտեսական, առավել եւս՝ քաղաքական ինչ-որ հարցերի ռացիոնալ քննարկում փնտրելն իզուր է։ Բանավիճող կողմերից որեւէ մեկը կարիք չունի մյուսին քննադատել չարած սխալների ու հանցանքների համար։ Գործած սխալներն այնքան շատ են, որ երկու կողմերն էլ օբյեկտիվորեն կարող են ճիշտ լինել միմյանց հասցեին մեղադրանքներում։ Անհեթեթ է մտնել այդ բանավեճերի մեջ՝ ճիշտն ու սխալը, իրավացին ու անիրավացին պարզելու, առավել եւս՝ որեւէ մեկին պաշտպանելու համար։

Տվյալ դեպքում՝ կարեւորը սա չէ, այլ ծավալվող բանավեճի հետ կապված մի քանի հանգամանքներ եւ յուրահատկություններ։

Բանավիճող կողմերից յուրաքանչյուրը նույն ռեժիմի երկու հիմնական հենասյուներից մեկն է  ի սկզբանե եւ առ այսօր։ Ավազակապետական ռեժիմի ներքին տրամաբանությունից ելնելով՝ այդքան կարեւոր չէ, թե ֆորմալ առումով ով ինչ պաշտոն, դիրք է զբաղեցնում դրանում, այլ այն, թե ում բիզնեսի ու հարստությունը բազմապատկելու հնարավորություններն ու պայմաններն ինչպիսին են։ Այս առումով Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ամենաարտոնյալն են։

Թիրախ դարձնելով վարչապետին ու կառավարությանը՝ Ռ. Քոչարյանը, որպես ռեժիմի ճարտարապետ, անշուշտ, շատ լավ է հասկանում, որ իր ասածների իրական հասցեատերը Ս. Սարգսյանն է։ Սակայն նրա անունը չի տալիս։ Ոմանք դա բացատրում են վախով։ Կարեւորը բացատրելը չէ, այլ արձանագրումն այն բանի, որ այս դեպքում (երբ առաջին պատասխանատուի՝ Ս. Սարգսյանի անունը չես տալիս) որեւէ խոսք զրկվում է քաղաքական բովանդակությունից։ Ուստիեւ՝ անիմաստ է դառնում քաղաքական հարթության վրա դրա քննարկումը, քաղաքական հետեւանքներ ակնկալելը։

Յուրահատկություններն ավելի ցցուն են Ս. Սարգսյանի դեպքում։

Երբ որեւէ նախարար սուր քննադատության է ենթարկվում ու մեղադրվում, վարչապետը, որպես նրա գործունեության համար պատասխանատու անձ, պարտավոր է պաշտպանել նրան։ Վարչապետը հավասարապես պատասխանատու է իր նախարարների գործունեության համար։ Նույն կերպ եւ առավել եւս՝ երբ սուր քննադատության է ենթարկվում վարչապետը, երկրի նախագահը պետք է նրան պաշտպանի։ Սա ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, քաղաքական էթիկետի նորմ։ Այդպես վարվեց Օբաման՝ պաշտպանելով իր առողջապահության նախարարին, Շիրակը՝ պաշտպանելով իր վարչապետին՝ Քեմերոնը՝ պաշտպանելով իր նախարարին։ Եթե նախագահը այդ կերպ չի վարվում, հարձակումներից չի պաշտպանում իր վարչապետին, նա օբյեկտիվորեն բարոյազրկվում է, նրա լռությունը դառնում է սրիկայություն։ Եթե վարչապետն իրոք վատ է աշխատել, այդ մասին ուրիշներից շատ ավելի շուտ պետք է իմանար ինքը եւ մտածեր նրան փոխարինելու մասին։ Եթե դա չի արել, ուրեմն՝ գոհ է նրա աշխատանքից, եւ «կողքից» եկած քննադատության դեմ պետք է նրան պաշտպանի։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյականության հարց է։ Այլապես կստացվի, թե իր վարչապետը այդքան վատ է աշխատել, իսկ ինքը չի նկատել դա, եւ ահա, ուրիշներից է իմանում։ Սա խայտառակություն կլինի իր համար։

Շուտով կլրանա ներռեժիմային բանավեճի մեկ ամիսը, որի թիրախը Տ. Սարգսյանն է, իսկ Ս. Սարգսյանը համառորեն լռում է։ Տարօրինակ այս երեւույթը կարող է ունենալ երեք բացատրություն.

1. Ս. Սարգսյանը խնդիրներ ունի բարոյականության հետ։

2. Ս. Սարգսյանն ինքն էլ գիտի, որ Տ. Սարգսյանը հանցագործ է։

3. Ինքն էլ հավասարապես նույն հանցանքների մեղսակիցը եւ սխալների կրողն է։

Բոլոր դեպքերում՝ այն, ինչ տեղի է ունենում ռեժիմի ներսում, քաղաքական որակից ու բովանդակությունից զուրկ գզվռտոց է, նոր մի ճաքի առաջացում։ Քաղաքական իմաստով դա կարող է օգտակար լինել այնքանով, որքանով ավելի խորանա, եւ «կողմերը» տնտեսական հարցերից անցում կատարեն նաեւ այլ բնույթի՝ քրեական պատասխանատվություն ենթադրող հարցերի շրջանակ։ Քանզի ավազակապետական այս ռեժիմի տապալման համար որքան կարեւոր է նրա դեմ ծառացած հասարակական ու քաղաքական ուժերի համախմբումը, նույնքան կարեւոր է նաեւ ռեժիմի ներսում ճաքերի ու խլրտումների առաջացումը։

Նախորդ հոդվածը‘«Մասիս տոբակո»-ում լարված իրավիճակ է. «Հրապարակ» ‘
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևանում. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց’