‘Խմբագրական. Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չտվեց Աբդուլ Համիդի անունը ‘

3669

Այն, որ Հայաստանում քաղաքական եւ, առհասարակ՝ բանավեճի մշակույթը բավականին ցածր մակարդակի է՝ երեւի թե կարիք չկա հիմնավորելու։ Մարտի մեկի հանրահավաքին Տեր-Պետրոսյանի ելույթին հետեւած արձագանքների մի զգալի մասը, ցավոք, նորից հաստատում են այդ իրողությունը։ Եվ քանի որ, անկախ որեւէ մեկիս ցանկությունից, բանավեճին եւ իրական քննադատությանը փոխարինող բացականչությունների, հայհոյանքների, նեղվածությունների, անհիմն պնդումների յուրահատուկ հիթ-շքերթները փաստ են, ապա ստիպված ենք անդրադառնալ դրանց մի մասին։ Ընդհանրապես՝ միշտ ավելի ճիշտ ենք համարել դրանց մեծ մասն անտեսել, բայց պետք է հաշվի առնենք նաեւ, որ տեղեկատվական դաշտի 90 տոկոսը վերահսկվում է իշխանության կողմից, իսկ դա էլ նշանակում է, որ մենք գտնվում ենք որեւէ զսպիչ կանոնների չենթարկվող տեղեկատվական պատերազմի պայմաններում, հետեւաբար՝ նույնիսկ ամենաանհավանական եւ չհիմնավորված պնդումները մեկ միլիոն անգամ կրկնվելու դեպքում, ըստ հայտնի գեբելսյան սկզբունքի՝ «ճշմարտության» կարող են վերածվել։

Անունդ սիրո գարուն է

Խոստովանեմ՝ չնայած իշխանական քարոզչության հնարները վաղուց կանխատեսելի են եւ պարզունակ, բայց այս մեկը՝ «ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չտվեց Քոչարյանի անունը», անսպասելի էր՝ որպես հակաքարոզչական դատարկաբանության յուրահատուկ ռեկորդ։ Խնդիրն այն է, որ որքան էլ հակաքարոզչական հնարները դատարկ լինեն, շրջարկից կտրված, տրամաբանությունից զուրկ, սակայն նրանք սովորաբար գոնե ինչ-որ ձեւական կապ են ունենում խնդրո առարկա ելույթի, տեքստի, գործողության հետ։ Այս մեկն առանձնահատուկ է հենց նրանով, որ այդ ձեւական կապն էլ չկա՝ պարզապես օդից վերցված, կամայական հարց է։ Սա ստուգելու նպատակով հատուկ միայն այս դիտակետից վերընթերցել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք դրանում այդ չարաբաստիկ անունը տալու որեւէ առիթ։ Կարող եք, իհարկե, ինքներդ էլ ստուգել, բայց իմ համեստ կարծիքով՝ նման առիթն իսպառ բացակայում է։ Այսինքն՝ նույն հաջողությամբ կարող ենք հարցնել, թե ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չի տվել, ասենք, Աբդուլ Համիդի կամ Լենք Թեմուրի անունը։ Այնպես որ՝ տվյալ դեպքում կարող ենք պնդել, որ նման հարց տալը ոչ այլ ինչ է, քան պարզապես փրփուրներից կախվել, այսինքն՝ բառացիորեն ոչինչ չգտնել՝ հակափաստարկելու առաջին նախագահի ելույթի ներքին տրամաբանությանն այն աստիճան, որ ստիպված լինես դիմելու բացահայտ գալուստսահակյանության։  Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ մարդկանց մի մասն այս «գալուստությանը» մասնակցել է պահի ազդեցության տակ, եւ հետագայում շատ ավելի լուրջ եւ սոլիդ ձեւակերպումներ կգտնի՝ վիճարկելու համար Տեր-Պետրոսյանի թեզերը։

Քաղաքական ծրագիր եւ դպրոցական շարադրություն

Ավելի կանխատեսելի էր, անշուշտ, Կոնգրես-ԲՀԿ համագործակցության շուրջ եղած արձագանքների հերթական փունջը։ Չխորանալով խնդրի բովանդակային կողմի մեջ, քանի որ դրա մասին բազմիցս խոսվել է, հիմնականում կենտրոնանանք հարցի ձեւական առումների վրա։

Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն իր ծրագրային հիմնավորմամբ նորություն չէ, արդեն երկու տարուց ավելի պատմություն ունի։ Շատ նորմալ եւ բնական է, որ կան մարդիկ, որոնք համաձայն չեն այս ծրագրի հետ, բայց անհասկանալի է, որ ամեն անգամ, երբ Տեր-Պետրոսյանը հիշատակում է դրա մասին, մարդկանց մի խումբ կարծես ամեն անգամ նորովի զարմանում է, հայտնագործում է իր համար այս թեման, եւ սկսվում է հաճախ անորակ դպրոցական շարադրանքների մակարդակի հուզումնառատ հոսքը։ Հարգելիներս, ոչ ոք չի կարող վիճարկել ձեր չհամաձայնելու իրավունքը, բայց քանի որ այս թեմայի շուրջ բոլոր հիմնական փաստարկներն ու հակափաստարկներն արդեն ասված են, վաղուց ժամանակն է առաջարկել մի որեւէ այլընտրանքային ծրագիր, վաղուց ժամանակն է քննադատել ոչ թե բուն փաստը, այլ դրա հիմնավորումը։

Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։ Քաղաքական ծրագիր ասվածն, ի տարբերություն քաղաքական իդեալի կամ էլ քաղաքական ցանկությունների, պետք է բխի ոչ միայն ընդհանուր տեսական-տրամաբանական դրույթներից, այլեւ կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ երկրում քաղաքական իրավիճակի, այսինքն, օրինակ՝ ա. ուժերի բաշխվածության, բ. շահերի հակասությունների եւ համընկնումների, գ. ռեսուրսային հնարավորությունների եւ այլ գործոնների կոնկրետ վերլուծությունից եւ պարունակի այդ վերլուծման արդյունքներից ձեւավորված լուծման առաջարկներ։ Ոչ միայն քաղաքական գործիչը, այլև երեւի թե յուրաքանչյուր լավ մասնագետ իր ոլորտում գործում է մոտավորապես հենց այդպես։

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը հենց այս տիպի ծրագրի մաս է։ Այսինքն՝ դա ձեւավորվել է ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, կամ պատահականորեն իջել է մեր գլխներին երկնքից, այլ որոշակի օրինաչափությունների եւ գործընթացների հետեւանք է։ Այսպես ասած՝ պատմականորեն՝ այդ համագործակցությունն օրինաչափորեն դարձավ քաղաքական օրակարգի մաս, երբ ձախողվեց իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը։ Իսկ հայեցակարգային տեսակետից՝ դա ելնում է իրավիճակի այնպիսի վերլուծությունից, որը պնդում է, թե ի տարբերություն նախկինի, երբ խոշոր գործարարների եւ իշխող վերնախավի միասնությունն անքակտելի էր՝ ի վնաս հասարակության մնացյալ մասի, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ խոշոր գործարարների եւ իշխանության շահերը մտել են հակասության փուլ, եւ հասարակությունը կարող է իր օգուտը քաղել նախկին դաշնակիցների այդ պառակտումից։ Հետեւաբար, եթե մեկն ուզում է վիճարկել ՀԱԿ եւ ԲՀԿ համագործակցությունը, նա պարտավոր է ոչ թե դպրոցական շարադրանքներ գրել «ինչպես եմ ես մանուկ ժամանակվանից ատում օլիգարխներին» ոճի մեջ, այլ հերքել, նախեւառաջ, քաղաքական իրավիճակի վերլուծությունը, երկրորդ՝ առաջարկել սեփական վերլուծությունը, երրորդ՝ այդ վերլուծությունից բխող քաղաքական լուծում առաջարկել։

Ունե՞ք արդյոք պլան, միսթր Ֆիքս

Այդ իմաստով՝ մենք այս պահին խնդրո առարկա հարցի նկատմամբ ունենք երկու  մոտեցում։ Առաջինն այն մարդիկ են, որոնք համարում են, թե ցանկացած համագործակցություն ԲՀԿ-ի հետ բացառվում է, քանի որ նրանք այդ ուժին կապում են մարտի մեկի պատասխանատուների հետ։ Երկրորդն այն մարդիկ են, որոնք, օրինակ, Նիկոլ Փաշինյանի նման, պնդում են, որ իրենք խնդիր չունեն ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցում՝ ընդհանրապես, նաեւ խնդիր չունեն ԲՀԿ առաջնորդի հետ, միայն թե հարց ունեն՝ «նայած ինչի՞ շուրջ համագործակցեն»։ Երկու մոտեցումներն էլ իրավունք ունեն գոյության, ունեն նաեւ համեմատաբար ուժեղ եւ համեմատաբար թույլ կողմեր, բայց երկուսն էլ, փաստացի, չեն առաջարկում կոնկրետ իրավիճակից, կոնկրետ ուժերի դասավորությունից բխող լիարժեք այլընտրանքային քաղաքական ծրագիր։ Ընդհանուր հայտարարությունները, թե մենք ուզում ենք թավշյա հեղափոխություն, կամ էլ հակառակը՝ բարիկադներ, կամ էլ երկուսի զուգադրումը՝ տվյալ դեպքում հաշիվ չեն, քանի որ դրանք ոչ թե ծրագրեր են, այլ մեթոդներ, տեխնիկական խնդիրներ, որոնք, միեւնույն է, պահանջում են ուժերի դասավորության նախնական վերլուծություն ամեն տվյալ իրավիճակում։

Խոդորկովսկու սեւ սիրտ, Իվանիշվիլու կարմիր վարտիք

Եթե նախորդ կետի դեպքում խոսում էինք դպրոցական շարադրանքի մասին, ապա այստեղ ստիպված ենք խոսել արդեն մանկապարտեզային տարիքի երեխեքի «վարքն ու բարքը» հիշեցնող որոշ արձագանքների մասին։ Մարդիկ ամենայն լրջությամբ խորացել են կենսագրական համեմատությունների մեջ եւ ամենայն լրջությամբ քննարկում են, պայմանական ասած, թե Ծառուկյանի քիթն ինչով է տարբերվում Իվանիշվիլու ականջից, կարծես հարցը հենց երկուսի կենսագրությունների, արտաքինի, իմիջի եւ այլ անձնական մանրամասներն են։

Իրական քաղաքական խնդիրն, իհարկե, անձերի համեմատությունը չէ, այլ գործոնների եւ գործընթացների։ Ի՞նչ նկատի ունենք։ Առիթներ ունեցել ենք ավելի մանրամասն հիմնավորելու, որ, պայմանական ասած՝ «օլիգարխիայից» այլ քաղաքական համակարգի անցման երկու հնարավորություն կա. կա՛մ դեպի ավելի ապակենտրոնացված՝ դեմոկրատական համակարգ, կա՛մ դեպի ավելի կենտրոնացված՝ բռնապետական համակարգ։ Եթե «օլիգարխիան» վերացվում է վերեւից՝ իշխող վերնախավի կողմից, ապա ստանում ենք առավել կենտրոնացված վարչակարգ։ Դրա օրինակներն էլ ունենք հետսովետական տարածքում։ Այսպես «օլիգարխիան» վերացվեց 2000-ականների սկզբին Ռուսաստանում՝ օլիգարխների մի մասը հայտնվեց բանտում, մի մասն էլ՝ աքսորում։ Ըստ էության՝ նույն ծրագիրն են մեզանում քարոզում տարիներ շարունակ «առաջադեմ Սերժ» քաղաքական հղացքի կրողները, հատկապես, այսպես կոչված՝ «ողջախոհ երտիթեւի» ԶԼՄ-ները, որոնց հիմնական թիրախը եղել եւ մնում են «օլիգարխները»։ Ինչպես մի անգամ գրել ենք, կենգուրուին էլ պարզ է, որ արտաքուստ առաջադիմական այս ծրագիրն օրինաչափորեն կարող է բերել միայն ավելի բռնապետական համակարգի գոյացմանը։ Հիշեցնենք, որ օլիգարխիա չկա ոչ միայն այսօրվա Ռուսասատնում, այլեւ, օրինակ՝ Ադրբեջանում կամ, ասենք՝ Թուրքմենստանում։ Եթե մեզանում կան մարդիկ, որոնք ուզում են Ծառուկյանից եւ մյուսներից սարքել Խոդորկովսկի, իսկ հետո ավելի անբարենպաստ պայմաններում պայքարել դեմոկրատիայի համար, ապա դա, իհարկե, իրենց իրավունքն է, բայց արդյունավետության տեսակետից, մեղմ ասած, կասկածելի ծրագիր։

Հակառակ ծրագիրը կարող է իրականություն դառնալ այն ժամանակ, երբ օգտվելով «օլիգարխների» եւ քաղաքական իշխանության օրինաչափորեն ծագող հակասություններից՝ հասարակության լայն շերտերը համախբվեն իշխանության դեմ, որով իրավիճակն օրինաչափորեն օլիգարխիայից կթեքվի դեպի դեմոկրատիա։ Սա ավելի նման է վրացական՝ Իվանիշվիլու տարբերակին, այսինքն՝ այն դեպքին, երբ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը, համագործակցելով «օլիգարխիայի» հետ, հասան քաղաքական նպատակների իրականացմանը։ Հենց սա է խնդիրը, եւ քննարկումը կարելի է եւ պետք է տանել հենց այս մակարդակում, այլ ոչ թե պուճուր բալիկների պես խորանալ, թե ով ինչ կենսագրություն է ունեցել, բիզնեսը որտեղ եւ ոնց է սկսել, գանգի ինչ ձեւ ունի, որքանով լավ կամ վատ է խոսում եւ ինչ երաժշտական ճաշակ ունի։

Հ.Գ. Կան եւ այլ հարակից թեմաներ, որոնք կարելի էր քննարկել, սակայն, քանի որ առանց այդ էլ բավականին ծավալվեցինք, ապա դրանց քննարկումը կհետաձգենք։ Հատկապես՝ կան հարցեր, որոնք վերաբերում են Մաքսային միությանը, իշխանափոխության խաղաղ կամ զինված տարբերակին եւ այլն։

Հրանտ Տեր-Աբրահամյան

             

Նախորդ հոդվածը‘Պուտին. Պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ պայմանագրի նախապատրաստմանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’