‘Խմբագրական. Ինչպես ողջ Հայաստանում՝ մեր ֆուտբոլի դաշտում նույնպես ազատությունը ճմռթված է’

3027

Ֆուտբոլի երկրպագու չեմ: Շատ տարիներ առաջ մոլի երկրպագու էի: Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ «Լինչի դատաստանից» հետո խռովեցի ֆուտբոլից ու մինչեւ հիմա խռոված եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ էր արել Խորիկը, կամ՝ իրո՞ք ինչ-որ դատապարտելի քայլ էր արել: Ես գիտեմ եւ հիշում եմ միայն, որ Խորիկի նման ֆուտբոլիստ ունեցող ցանկացած երկիր բամբակների մեջ կպահեր այդ գանձին, որ վրան նույնիսկ փոշեհատիկ չնստեր, իսկ Հայաստանի անկախությունից հետո բոլոր ֆուտբոլային ակումբները նրան կխլխլեին իրար ձեռքից՝ չխնայելով իրենց տասնյակ միլիոնները: Իսկ եթե նույնիսկ պատժելը պարտադիր էր «մեծամտացած» Խորիկին (իսկ շա՞տ տարօրինակ, չլսված-չտեսնված բան է, որ պատանիների գլուխները հաջողությունից շատ հաճախ նաեւ պտտվում են, թե՞ Խորիկը միակն էր), ապա կարելի էր պատժել, ինչպես մեր ֆուտբոլիստներից ոմանց էին պատժում՝ կարճաժամկետ զրկելով խաղալու հաճույքից: Չէ, Խորիկին «թաղեցինք» հավիտյանս հավիտենից, եւ հետին թվով զղջումը ետ չի բերի անվերադարձ կորցրած էն ուրախության ու հպարտության պահերը, որ այդ ֆուտբոլիստը կարող էր նվիրել Հայաստանի տխրել սիրող ժողովրդին:

Ինչի՞ համար էր այս նախաբանը: Նախ՝ եթե ֆուտբոլի մասին տարեկան մեկ անգամ խոսում եմ, ապա Խորեն Հովհաննիսյանին անպայման հիշում եմ, երկրորդ՝ «Հայաստան-Պորտուգալիա» հանդիպումը նայել եմ: Երեւի սիրտս ինչ-որ բան էր վկայում:

Ինչ տեսա: Տեսա, որ պորտուգալացիները հպարտությամբ երգում էին իրենց պետական օրհներգը, մերոնցից շատերը՝ ոչ: Երգողներն էլ, մեր տատերի ասած՝ վայ էն հալին: Տեսա, որ Հենրիխ Մխիթարյանն անտրամադիր էր ու նյարդային: Տեսա ու լսեցի, որ Լեւոն Դանիելյանի նման անզուգական ֆուտբոլային մեկնաբան ունեցել ենք մեկ անգամ, եւ որ՝ ներկայիս հայ ֆուտբոլային մեկնաբանները ոչ մի ջանք չեն խնայում, որ ինձ նման ֆուտբոլից խռովածները երբեք չզղջան, որ հաշտ չեն ֆուտբոլի հետ:

Տեսա, որ մեր տղերքը լավ էին խաղում, բայց Տոն չկար նրանց հոգիներում: Եվ վստահ եմ՝ քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Նեմեց Ռուբոն է, որի մեծագույն տաղանդն իր շուրջը վախ սերմանելն է, չի՛ կարող մեր ֆուտբոլիստը տոնական տրամադրությամբ խաղադաշտ մտնել: Իսկ լավ խաղալու ցանկության շարժիչ ուժը եթե Նեմեցի «դըռբի տակ» չընկնելու վախն է, ուրեմն՝ հաղթանակի հույս մի փայփայեք, ֆուտբոլի հավատարիմ երկրպագուներ, բավարարվեք մանր-մունր, կարճատեւ ուրախություններով եւ «բարոյական հաղթանակներով»:

Հասանք Շանթի որդի Շահենին: Ճախրեց տղան: Ազատությամբ օծեց խաղադաշտը: Իր քաղբանտարկյալ հոր եւ բոլոր հայաստանյան քաղբանտարկյալների մասին պատմող նրա պաստառը ուշադիր կարդաց Պորտուգալիայի ֆուտբոլիստ Ռոնալդուն, զգուշությամբ փոխանցեց մեր ֆուտբոլիստներից մեկին (չգիտեմ՝ ում), որը «ակնածանքով» ճմռթելով պաստառը՝ փոխանցեց մեր դարպասապահին, որը ջանասիրությամբ ավարտեց ճմռթելու նվիրական գործընթացը եւ պաստառը շպրտեց գետնին…

Կարո՞ղ էր չճմռթել ու չշպրտել, այլ փոխանցել ֆուտբոլասերներից մեկին, եւ պաստառը ձեռքից ձեռք անցներ՝ տարածելով ազատության բույրը: Չէ՛ր կարող: Որովհետեւ ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է, որի սիրած հասարակարգը ճորտատիրականն է:

Հաղթում են ազատները, իսկ մեր ֆուտբոլիստների ազատությունը Նեմեցը գրպանել է:

Ցավակցում եմ մեր լավատես ֆուտբոլասերներին, որ համառորեն հաղթանակի հույս են փայփայում:

Լիզա Ճաղարյան    

Նախորդ հոդվածը‘5 հղում, որոնք ցույց կտան, թե ինչ գիտի Google-ը ձեր մասին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը հունիսի 16-ին կհրապարակի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը’