‘Խմբագրական. Իշխանության էյֆորիան եւ անխուսափելի խումհարը’

2644

Իշխանամետ ճամբարում հայտնի քաղաքական իրադարձություններից հետո մի տեսակ էյֆորիա է: «Տղերքը», թերեւս, համարում են, որ դրա իրավունքն ունեն: Չէ՞ որ, առաջին հայացքից՝ շատ իրատեսական է թվում «մեր դեմ այլեւս խաղ չկա» եւ «բոլոր հարցերը լուծված են» հեռանկարը: Չուզենալով որեւէ կերպ խանգարել մարդկանց տոն-ուրախությունը, այնուամենայնիվ՝ ստիպված եմ փաստել, որ էյֆորիան ընդհանրապես անցողիկ է եւ, որպես կանոն՝ փոխհատուցման օրենքով փոխարինվում է ծանր խումհարով: Արդեն այսօր կարելի է նշել մի քանի կարեւոր կետ, որոնցից բաղկացած է լինելու «խումհարային օրակարագը»: Այսպես.

ա. Ոչ մի տեղ չեն կորել եւ, առավել եւս՝ չեն լուծվել այն հիմնարար խնդիրները, որոնք պարբերաբար ապակայունացնում եւ հեղափոխականացնում են ներքաղաքական իրավիճակը մեր երկրում: Խոսքը «սոցիալ-տնտեսական խնդիրների» ծիսական հիշատակման մասին չէ (թեեւ անվիճելի է, որ դրանք էլ իրոք առկա են եւ խորանում են): Խոսքը հիմնարար համակարգային խնդրի մասին է. մի երկրում, ուր տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում իշխանությունը միեւնույն խմբի ձեռքում է, մի երկրում, ուր բացակայում են տարբեր հասարակական շերտերի շահերն արտահայտող քաղաքական խմբերի քիչ թե շատ ազատ եւ հավասար մրցակցության պայմանները, մի երկրում, ուր հնարավոր չէ իշխանության խաղաղ եւ օրինական փոխանցումը մի խմբից մյուսին, անխուսափելի են քաղաքականության արմատականացումը, հեղափոխականացումը եւ ներքաղաքական ճգնաժամերը:

Միով բանիվ՝ բռնապետությունն ու հեղափոխությունը երկվորյակ եղբայրներ են, եւ մեկը մյուսի արտացոլումն է հայելու մեջ: Դրանք ապրում են միասին եւ մահանում են միասին, այնպես որ՝ քաղաքական կյանքի պարբերական հեղափոխականացման խնդիրը հնարավոր չէ լուծել բարի ցանկություններով եւ խոսքերով:

բ. Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ բռնապետություն ասելով՝ նկատի չունեմ, թե «ռռռեժժժիմն» ամեն օր «մարդու միս է ուտում»: Դա ամենեւին էլ պարտադիր չէ: Ավելին՝ «խաղաղ պայմաններում», այսինքն՝ այն պահերին, երբ իշխանությանը որեւէ իրական վտանգ չի սպառնում, բռնապետությունը կարող է լինել եւ սովորաբար էլ լինում է բավականին «բարի եւ կամեցող», համենայն դեպս՝ եթե խոսքը «գժական» եւ էկզոտիկ անձի եւ խմբի մասին չէ: Ոչ մեկին պետք չեն ավելորդ զոհեր եւ խնդիրներ: Բռնապետությունն այդպիսին է ոչ թե ամեն օր մարդու միս ուտելու մոլուցքով, այլ հենց իշխանական մենաշնորհով եւ դրանից գրեթե ինքնին բխող անօրինակարգությամբ: Այսինքն՝ բռանպետությունը ոչ թե գեղարվեստական-հեքիաթային վիշապ է կամ մոնստր, այլ սովորական եւ բացատրելի քաղաքական երեւույթ:

գ. Ելնելով երկրի քաղաքական համակարգի նշյալ առանձնահատկություններից՝ Հայաստանում միշտ արդիական է մնալու, այսպես կոչված՝ «արմատական», հեղափոխական ընդդիմության պահանջարկը, եւ միշտ էլ նման ընդդիմության առաջարկն է ստանալու համապատասխան հասարակական արձագանք՝ անկախ երանգավորումներից եւ անկախ նրանից՝ խոսքն իրական, թե կեղծ առաջարկի մասին է: «Կառուցողական», «գաղափարական», «սկզբունքային» եւ այլ «պուպուշ» եւ վերահսկելի ընդդիմության ստեղծման բոլոր նախագծերը դատապարտված են տապալման, ոչ թե՝ որովհետեւ հայ հասարակությունը իբր անկիրթ է եւ հետամնաց, կամ էլ՝ հայ ազգը չուզող է, իսկ ընդդիմադիրները՝ ատելությամբ լցված,- այդ բոլոր մորքուրական եւ բաբոյական բնութագրումները պարզապես ամոթ է լրջությամբ ընդունել չափահաս մարդկանց խոսակցություններում,- այլ՝ որովհետեւ հասարակական օրինաչափություններն ավելի ուժեղ են, քան ցանկացած՝ դասագրքերից կուրորեն փոխառած տեխնոլոգիական լուծումներ:

դ. Քանի որ «արմատական» կամ հեղափոխական (կամ ինչ եզրով ուզում եք՝ ասեք) ընդդիմության պահանջարկը՝ պայմանավորված  առարկայական օրենքներով, այլ ոչ թե անձնական կամ խմբային ցանկություններով, որեւէ տեղ չի կորչելու, ապա այդ պահանջարկը նաեւ ամեն հարմար առիթի ստանալու է համապատասխան առաջարկ: Բացարձակ կարեւոր չէ, թե ե՛րբ դա կլինի, եւ ո՛ւմ կողմից կձեւակերպվի առաջարկը: Եթե նույնիսկ ինչ-որ իքս պահի ներկայիս ընդդիմությունը չկարողանա այդ առաջարկը ձեւակերպել, ապա դա կարող է արվել եւ արվելու է առնվազն հետեւյալ երկու խմբերի կողմից. 1. «Վերահսկելի» ընդդիմության ցանկացած լիդերներից մեկը, եթե իրեն ժողովրդական ալիքի վրա զգա, կարող է դառնալ այլեւս անվերահսկելի եւ փորձել իրական պայքար մղել (նման օրինակներ, ի դեպ, կարծես ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ): 2. Ներիշխանական պայքարի սրացումների դեպքում այդ պայքարի մեջ ընդգրկված խմբերից մեկի կողմից: Իհարկե, հայաստանյան հասարակությանը կերակրում են «համակարգից ծնվածը չի կարող պայքարել համակարգի դեմ»՝ մսուր-մանկապարտեզի երեխաների համար նախատեսված անհամ շիլայով, բայց եթե ոչ պատմություն, ապա գոնե միջազգային մի երկու լուր իր կյանքում կարդացած յուրաքանչյուր ոք կարող է հիշել հակառակը ապացուցող՝ բոլորին հայտնի օրինակներ (2003-ի վարդերի հեղափոխությունը Վրաստանում՝ մեզ ամենամոտերից մեկը, երբ հեղափոխությունն իրականացրած երեք առաջնորդներից յուրաքանչյուրը հանցավոր վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա էր, նույնը 2004-ին Ուկրաինայում էր եւ այլն):

ե. Եվս մեկ անգամ պետք է շեշտեմ՝ քանի որ հեղափոխական ընդդիմության պահանջարկն անմիջականորեն բխում է մեր քաղաքական համակարգի, ավելի կոնկրետ՝ հենց իշխանության բնույթից, ապա մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ դա հնարավոր չի լինելու չեզոքացնել որեւէ միջոցով՝ լինի դա քաղաքական տեխնոլոգիա, թե քարոզչություն, «կրեածիվ», բռնություն, փող եւ այլն: Կարելի է տոտալ վերահսկողություն սահմանել լրատվական դաշտի վրա (ինչին այսօր իշխանությունը շատ մոտ է), կարելի է միլիոններով փող ծախսել, կարելի է վարձել աշխարհի լավագույն տեխնոլոգներին, կարելի է «համախմբել» ողջ ընդդիմադիր դաշտը իշխանական նախագծի շրջանակներում, կարելի է ստանալ բոլոր արտաքին «դաբրոներն» ու «զլոները», բայց այն, ինչ բխում է բռնապետության հիմնարար օրինաչափություններից, արմատախիլ անել հնարվոր չէ: Եթե հեղափոխական իրավիճակը չկարողանա դռնից մտնել, ապա այն կմտնի պատուհանից: Վա՞տ է սա երկրի համար: Մեծ հաշվով, իհարկե՝ լավ չէ: Բայց պետք է վերջապես հասկանալ, որ ապակայանուցումը բռնապետական համակարգի անքակտելի միտումն է, նույնիսկ՝ եթե այս պահին բռնապետությունն արտաքուստ ամուր եւ կայուն է թվում: Որեւէ մեկի ցանկությունը չի կարող փոխել այդ օրինաչափությունը:  

զ. Կներեք արտահայտությանս՝ «տուֆտա» խոսակցություններն այն մասին, թե բա, տեսեք, այսքան տարի ընդդիմությունը փորձում է իշխանափոխություն անել, բայց բան չի ստացվում, հետեւաբար՝ դա փակուղային ճանապարհ է, ինչն այդքան համոզիչ է թվում զուտ էմպիրիկ, քաղքենի մտածողության համար, իրականում զրոյական արժեք ունի: Տասնյակ բռնապետական վարչակարգեր գոյատեւել են երկար տարիներ եւ տասնամյակներ, բայց գրեթե բոլորն ի վերջո տապալվել են ապստամբությունների, հեղափոխությունների, հեղաշրջումների եւ նման այլ ճանապարհներով: Բավական է հիշել այդքան ամուր թվացող Սովետական Միությունը, որը «վարի գնաց» մի քանի տարվա ընթացքում, հենց որ ստիպված եղավ մի փոքր թուլացնել հասարակության նկատմամբ ամբողջական վերահսկողությունը: Արդյո՞ք հակաբռնապետական հեղափոխություններից հետո բոլոր ժողովուրդներն անմիջապես երջանկանում են: Իհարկե՝ ոչ: Դեպքերի մի զգալի մասում հետհեղափոխական իրավիճակները ուղեկցվում են քաոսով, տնտեսական անկմամբ, զինված բախումներով, հաճախ էլ՝ նոր, ավելի դաժան բռնապետությունների հաստատմամբ: Բայց այս ամենն էլ ընդամենը հետեւանք է նույն բռնապետության, դրա հայելային հակադրությունն է, քանի որ երբ այն կենտրոնացնում է ուժն ու ռեսուրսը մեկ բեւեռում, այդ բեւեռի փլուզումից հետո բնականից առաջանում է վակուում, որը հեշտ չէ լցնել: Քաոսային տարբերակից խուսափելու լավագույն երաշխիքը քիչ թե շատ կազմակերպված ընդդիմադիր եւ այլախոհական թիմերի գոյությունն է տապալվող բռնապետության երկրում:

է. Կլինի դա 10 ամիս, թե 10 տարի անց, միեւնույն է, այս կամ այն ճանապարհով ներկա համակարագը փլուզվելու է: Մարդիկ, որոնք մտածում եւ գործում են առօրյայով, կարող են սա համարել անարժեք պնդում: Բայց մի քիչ ավելի լայն հայացքի համար սա անխուսափելի եւ նույնիսկ՝ առանց մեծ ջանքերի կանխատեսելի հեռանկար է: Բռնապետության ցանկացած հաղթանակ պյուռոսյան է եւ ժամանակավոր՝ ըստ սահմանման: Ոչ թե առօրյայով, այլ հեռանկարով մտահոգ հասարակական փոքրամասնության խնդիրը պետք է լինի այսօրվանից մտածել այն մասին, որ այդ փլուզումը հնարավորինս առանց ծանր հետեւանքների անցնի:

Այսօր նման խնդիր դնելը թվում է ոչ արդիական, բայց, մեր մեջ ասած, դա ավելի ակտուալ է, քան հազար ու մի մանր խնդիրներ, որոնք այսօր մեզ կարեւոր են թվում: Գոնե իմ սերնդակիցների կյանքը ոչ թե չի ավարտվել, այլ դեռ նոր է մտնում հասուն եւ ծաղկուն փուլ: Մեզ ամենից քիչ պետք է հուզի, թե ո՛վ ինչ էյֆորիկ զգացումներ է ապրում եւ ի՛նչ «պատմական» հաղթանակներ է տոնում: Վերաձեւակերպելով հայտնի խոսքը՝ կարելի է ասել, որ հաղթում է նա, ով վերջինն է հաղթում: Իսկ հաղթել նրան, ով հոգեբանորեն հաղթված չէ, եւ ով դեռ իր կռիվը նորմալ սկսած էլ չի համարում, դժվար է, եթե չասենք՝ անհնար:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն’
Հաջորդ հոդվածը‘Ի լրումն «Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ» հոդվածի’