‘Խմբագրական. Իշխանության թիվ մեկ վախը՝ Ազատության Հրապարակ’

2387

Մոտ երկու շաբաթ առաջ, երբ գրվեց մեր կայքի «Ուղղությունը՝ Ազատության Հրապարակ» խմբագրականը, իշխանական քարոզչությունը միջնորդավորված պատասխանեց՝ «Ազատության Հրապարակի ժամանակն անցել է»: «Այսինչ բանի ժամանակն անցել է» ձեւակերպումն առհասարակ յուրահատուկ կոդ է, որն իշխանական քարոզչությունը դաշտ է նետում իր վերահսկման տակ գտնվող փորձագետ-վերլուծաբանների միջոցով՝ ի հայտ բերելով այն կետերը, որոնցից հենց ինքը իշխանությունը առավել մեծ վտանգ է տեսնում իր համար, այսինքն՝ «այսինչ բանի ժամանակն անցել է» թեզը պետք է ընկալել ոչ թե բովանդակային բառացի իմաստով, այլ այլաբանորեն՝ թարգմանելով մտովի՝ «Սերժ Սարգսյանը» վախենում է այսինչ բանից, հետեւաբար՝ պետք է հռչակել, որ դրա ժամանակն անցել է:

Սերժ Սարգսյանի տեսակետից՝ երկրի ներսում ինքն ունի մի քանի իրական ազդու մարտահրավեր՝ զանգվածային հրապարակային պայքարը, կայացած քաղաքական թիմերը (իրական կամ հնարավոր), կայացած քաղաքական ֆիգուրները (նույնպես իրական կամ հնարավոր), քաղաքական եւ քաղաքացիական դաշտերի հատվածների համախմբումը, հասարակական տարբեր շերտերի միավորումը ընդդեմ իշխանության: Այս գործոնները իրական մարտահրավեր են այնքանով, որքանով ոչ թե տեղական խնդիրներ կարող են առաջացնել Սերժի համար, այլ նրա իշխանության իսկ հարցը դնելու ներուժ են պարունակում: Պետք է շեշտել, որ սա ոչ թե ինչ-որ մեկի, այլ հենց իր՝ Սերժ Սարգսյանի տեսակետն է, ինչը հստակ երեւում է նրա օգտին աշխատող քարոզչամեքենայի թիրախավորումներից (անկախ նրանից, թե ինչ դիմակով է հանդես գալիս ամեն տվյալ քարոզչամիջոց կամ նույնիսկ «քարոզչամարդ»՝ բաց իշխանամե՞տ, թե՞, ասենք, թունդ ընդդիմադիր): Այնպես որ՝ եթե ինչ-որ մեկն անկեղծորեն կասկածում է, որ հենց այս գործոններ են իրական վտանգ իշխանության համար, ապա այդ հարցով թող դիմի անձամբ Սերժ Սարգսյանին: Մենք մեր կողմից վստահ ենք, որ Սերժի այս մտահոգություններն ունեն հիմնականում առարկայական հիմքեր (որոնց մասին համառոտ՝ ստորեւ), իսկ դրանց ենթակայական (սուբյեկտիվ) մասը նույնպես արհամարհելի չէ, քանի որ եթե խոսքը վարչակարգի առաջին դեմքի ենթակայական, հոգեբանական բարդույթների մասին է, ապա դժվար չէ կռահել, որ դրանք վերածվում են նաեւ առարկայական քաղաքական գործոնների:

Համառոտ «պատմական» ակնարկ

 Ի դեպ, եթե հիշենք այս տարվա սկզբի իրադարձությունները, իշխանական քարոզչությունը միայն մի կարճ պահ աշխատեց Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ՝ այն պահին, երբ ընտրություններից անմիջապես հետո եւ Րաֆֆի-Սերժ հանդիպումից առաջ թվաց, թե Րաֆֆին պատրաստվում է շուրջօրյա հանրահավաք անել Ազատության Հրապարակում: Այդ կարճ հատվածում նույնիսկ «առաջադեմ» ԶԼՄ-ները լավաշներ թխեցին Րաֆֆիի դեմ, իսկ ֆեյսբուքում արագ պատրաստվեցին հակարաֆֆիական «դեմոտիվատորներ»: Բայց դա շատ կարճ տեւեց, եւ այն պահից, երբ Րաֆֆին, թողնելով Հրապարակը, ընկավ մարզեր՝ մարզպետների հրաժարականները պահանջելու, նույն քարոզչամիջոցները ոչ միայն չեզոք դիրք գրավեցին, այլեւ բավականին տեւական ժամանակով դարձան Րաֆֆու քաղաքական մարտավարության հիմնավորման եւ դրական լույսի ներքո ներկայացման առաջամարտիկները՝ «ապակենտրոնացված», «ցանցային», «կրեածիվ», «քաղաքացիական» «պայքարի» կեղծ-տեսություններ զարգացնելով: Ճիշտ է, դրանից հետո Րաֆֆին նորից վերադարձավ Հրապարակ, սակայն ոչ թե զանգվածային մոբիլիզացիա, այլ ոչ այն է՝ հացադուլ, ոչ այն է՝ ծոմ, ոչ այն է՝ կեղծիքադուլ հայտարարելու նպատակով, որը, մեծ հաշվով, ներգծվում էր նույն «կրեածիվի» մեջ: Ինչեւէ, այս պահին էական չեն այդ անցած-գնացած քաղաքական տրագիկոմեդիայի մանրամասները, կարեւորը մեզ համար այս օրինակով եւս մեկ անգամ հիշեցնելն է, թե ինչից է իրականում մտահոգվում իշխանությունը, եւ «պայքարի» ինչ մեթոդներ է պատրաստ ոչ միայն հանդուրժել, այլեւ, անհրաժեշտության դեպքում, «գաղափարապես» հիմնավորել իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով եւ «փորձագետ-վերլուծաբաններով»:

            Մագնիսականության ուժը

Դառնանք Հրապարակի խնդրին: Հրապարակը Սերժ Սարգսյանին իրապես մտահոգող եւ մեր կողմից վերը թվարկած իրական մարտահրավերների յուրահատուկ խորհրդանիշն է եւ ամբողջացումը: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս: Հրապարակն ունի միավորիչ եւ տարանջատիչ դեր՝ միաժամանակ: Նախ՝ այն խորհրդանշում է բոլոր այն գործոնները, որոնք առավել վտանգավոր են իշխանության համար՝ փողոց դուրս եկած զանգվածներ, կազմակերպված քաղաքական թիմեր, հասարակության տարբեր շերտերի միավորում, ազդեցություն ներիշխանական դասավորության վրա: Երկրորդ՝ հենց Հրապարակը կատարում է այդ բոլոր գործոնների ուժեղացման եւ համախմբման, հետեւաբար՝ նրանց ուժը կրկնապատկող գործոնի դերը: Այսինքն՝ հրապարակային զանգվածային ճիշտ կազմակերպված գործընթացի պարագայում բնական օրինաչափությամբ այսօրվա հատվածական հասարակական եւ քաղաքական դաշտը միավորվում է (ամենեւին էլ պարտադիր չէ՝ միաձուլման տարբերակով, հակառակը՝ հրապարակային միավորման դեպքում գործում է ավելի համադաշնությանը, քան միաձուլմանը մոտ միավորման միտումը): Անջատ-անջատ գործող կամ կրավորական դիրքում գտնվող հասարակական շերտերը, քաղաքացիական խմբերը, քաղաքական ուժերը, ինչ-որ տեղ՝ անկախ իրենց կամքից կամ այսօրվա պատկերացումներից անգամ՝ յուրահատուկ մագնիսական ուժով ձգտելու են դեպի հրապարակային զանգվածային գործընթաց, որով ձեւավորվում է ազդու ուժի բեւեռ, որի ազդեցությունը տարածվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններով: Այսօրվա անկանխատեսելի ներիշխանական խմբավորման պարագայում դա կարող է վճռորոշ դեր ունենալ: Բնական է, որ իշխանությունը, որին ձեռ է տալիս հասարակության մաս կազմող առանձին շերտերի, խմբերի եւ ուժերի անջատ վիճակը, չի կարող չանհանգստանալ լայն միավորման հեռանկարից, եւ Ազատության Հրապարակի անունը լսելուց իսկ՝ դաշտ է նետում մոգական-հիստերիկ եւ բովանդակազուրկ «ժամանակն անցել է» ձեւակերպումը, որովհետեւ հասկանում է նաեւ, որ հենց իր ժամանակը կարող է անցնել նման գործընթացի պարագայում, ինչպես որ անցել է շատ եւ շատ նմանատիպ վարչակարգերի ժամանակը՝ հենց նույն կերպ:

            Դաշտի զտումը

Հրապարակի մյուս կարեւոր դերը տարանջատիչ է: Որքան որ հրապարակային-զանգվածային գործընթացն անխուսափելիորեն համախմբելու է բոլոր այն շերտերն ու ուժերը, որոնք իրապես շահագրգռված են վարչակարգի դեմ պայքարով, նույն կերպ էլ այն հստակեցնելու է բոլոր այն անհատների, խմբերի, շերտերի, ուժերի դիրքերը, որոնք այսօրվա դաշտում հաջողացնում են երկերեսանի դեր կատարել: Այդ վերջինը հեշտանում է հասարակության հատվածականության եւ զանգվածային գործընթացի բացակայության պայմաններում: Զանգվածային գործընթացի որոշակի աստիճանից եւ ծավալումից այն կողմ երկերեսանի հասարակական դերն աստիճանաբար դժվարանալով՝ ի վերջո դառնում է գրեթե անհնար (ինչպես դա եղավ, օրինակ, 2008-ին): Բոլորը ստիպված բացելու են քարտերը, եւ այն, ինչ այսօր տեսանելի է փոքրամասնությանը՝ քաղաքական եւ լրատվական դաշտի մի շարք միավորների երկակի խաղը՝ արտաքուստ ընդդիմադիր, իսկ կուլիսներում կա՛մ իշխանության, կա՛մ էլ որեւէ արտաքին ուժի հովանու ներքո գործելը՝ դառնալու է ակնհայտ: Ստիպված՝ բաց են խաղալու եւ՛ բոլոր նրանք, որոնք արտաքին ուժերի հետ համագործակցելով՝ համարում են Սերժին «չարյաց փոքրագույն», բայց չեն բարձրաձայնում դրա մասին, ե՛ւ նրանք, ովքեր ընդդիմադիր դիրքերից մտահոգվում են, որ Տիգրան Սարգսյանը խնդիրներ ունի խորհդարանական մեծամասնության հետ (ինչպիսի՜ նրբանկատություն իշխանական տարբեր թեւերի բազառների նկատմամբ), ե՛ւ նրանք, ովքեր նույն խիստ ընդդիմադիր դիրքերից «զգուշորեն» ենթադրում են, որ ուժեղ ընդդիմությունը կարող է «ձեռնտու լինել» Սերժի նախորդ բռնակալին (ա՛յ-ա՛յ-ա՛յ, ինչպիսի՛ նրբանկատություն Սերժի եւ նրա նախորդի նկատմամբ), ե՛ւ նրանք, ովքեր հակադրում են քաղաքականն ու քաղաքացիականը՝ փորձելով շագանակներ քաշել կրակից այլոց ձեռքերով, ե՛ւ իշխանական այս կամ այն թեւի քողարկված քարոզն անող իմաստուն փորձագետները, ե՛ւ այլ մանր ու խոշոր ձկներ: Ստիպված՝ այս կամ այն կողմ պետք է կողմնորոշվեն նաեւ քաղաքական մակաբույծները՝ անթիմ եւ անծրագիր «ուժեղ» ֆիգուրները, քաղաքական անտունիներն ու բոմժերը. նրանց ճակատագիրը կարող է հնարավորություն տալ վերջնականապես ընտրելու եւ վերջապես դուրս գալու երկու աթոռի արանքի անհարմար եւ առողջությանը վնասակար դիրքից: Մի խոսքով, բացի միավորիչ դերից, Հրապարակը կատարելու է նաեւ կարեւորագույն զտիչ-հստակեցնող դեր:

               Իշխանական «գոսպլանի» ձախողումը

Իհարկե, կարող է լինել տարբերակ, երբ իշխանությունը, զգալով հրապարակային գործընթացի հասունացումը, ինքը փորձի նախաձեռնել այդ գործընթացի նմանակում իր ազդեցության տակ գտնվող կամ իր կողմից խաղացվող ֆիգուրների եւ ֆիգուրիկների կողմից: Անտարակույս է, որ նման սցենարներ կան իշխանական «գոսպլանի» սեղանին: Դրանք կարող են որոշ ժամանակավոր հաջողություն ունենալ, բայց հրապարակային զանգվածային գործընթացը պատերազմի պես է՝ այն իմաստով, որ դա հնարավոր չէ կանխատեսել եւ լիովին վերահսկել: Ինչպես նշեցինք, իշխանությունը մի կարճ պահ անհանգստացավ նույնիսկ Րաֆֆիի կողմից հնարավոր մոբիլիզացիոն քայլերից, որոնք, ցավոք, չարվեցին: Այնպես որ՝ բոլոր արհեստական նախագծերն ի վերջո դատապարտված են ձախողման, մանավանդ՝ իրական գործընթացի թափ հավաքելու ֆոնին: Ուրեմն՝ սերտենք տեսությունը եւ պատրաստ լինենք գործնական քայլերի հնարավոր ծավալմանը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Աստվածամոր Վերափոխման տոնի մեռելոցն է’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի երեք թեկնածուներ կան’