‘Խմբագրական. Իշխելու կամք’

1890

Մեր հասարակությանն անհրաժեշտ է տիրելու, չվախենամ նույնիսկ ասել՝ իշխելու կամքով օժտված խումբ: Պետք է համարձակորեն ձևակերպել խնդիրը՝ այո՛, տիրելու, տիրանալու ձգտում, ցանկություն, և եթե կուզեք՝ իշխելու պարտականություն:

Ինչպես և ինչու:

Իհարկե, խոսքը, տվյալ դեպքում՝ միայն ձևական իշխանության, կառավարական լծակներին տիրապետելու մասին չէ, թեև պարզ է, որ տիրելու կամքը պետք է ձգտի նաև լծակների տիրապետման:

Խոսքը, նախևառաջ, հոգեբանական դիրքորոշման մասին է: Իշխել՝ նախնական իմաստով նշանակում է՝ համարձակվել, կարողություն ունենալ, հանդգնել: Հին հայերենում ասում էին՝ «նա իշխում է ասել կամ անել այսինչ բանը», այսինքն՝ համարձակություն ունի այսինչ բանն ասելու կամ անելու: Սա է ակնարկածս հոգեբանական դիրքի սկզբնակետը: Համարձակություն ունենալ նույնիսկ անբարենպաստ պայմաններում: Շրջադարձի կամք ունենալ:

Նախ՝ անհրաժեշտ է իրավիճակին տիրելու կամքը: Իրավիճակը վատն է թե լավ, մտահոգիչ թե բարենպաստ, այն երբեք չպետք է դառնա հոգեբանորեն անվերահսկելի, օրինակ՝ վերածվելով ողբասացության, անոյժ բողոքի առիթի: Հակառակը՝ ավելի բարդ իրավիճակն ավելի մեծ մարտահրավեր է և պատասխանատվության ու ազարտի ավելացում:

Եվ ո՞վ է, ի վերջո, տեսել ոչ բարդ իրավիճակներ: Ամեն տվյալ պատմական փուլում, ամեն տվյալ երկրում իրավիճակը միշտ էլ յուրովի բարդ է: Այլ բան է, որ ամեն տվյալ պատմական իրավիճակում և ամեն տվյալ երկրում միշտ չէ, որ գտնվում է իրավիճակի պատասխանատվությունը և իրավիճակին տիրելու կամքն ունեցող խումբ: Իհարկե, խոսքը կամիկաձե լինելու մասին չէ, այլ սառնասիրտ և հաշվարկելի դիրքի:

Երկրորդ՝ իրավիճակ ձևավորելու և ձևակերպելու կամքը: Ձևակերպումն ու ձևավորումը նույնպես ենթադրում են իշխելու, հպատակեցնելու, հնազանդեցնելու կամք: Իրավիճակը նյութ է, որը պետք է ենթարկվի ստեղծագործողի կամքին: Բայց նյութը միշտ էլ դիմադրում է, միշտ էլ ուժի այս կամ այն չափի կիրառում է ենթադրում ստեղծագործություն դառնալու համար:

Իրավիճակը չպետք է հոսի մեր ձեռքերից հոսուն նյութի պես, այլ պետք է դրվի հստակ սահմանների և սահմանումների մեջ, այսինքն՝ պետք է հասկացվի: Հասկանալը սովորական, ինքն իրեն տեղի ունեցող, բնականոն գործընթաց չէ: Դա նույնպես պահանջում է տիրապետման կամք և համապատասխան գործիքներ: Հասկանալն իշխելու ձև է: Չեն հասկանում նրանք, ում տիրելու կամքը լղոզված է:

Հասկանալու կամքը ենթադրում է նաև որոշ կարծրատիպերի ընդդեմ գնալու կարողություն: Անմեղությունն ու մանավանդ անմեղսունակությունը պետք է բացառվեն: Պետք են «չար» մարդիկ: Չար ու անկաշառ ազնիվները՝ ինչպիսի՞ն են լինում դրանք: Բարյացակամ անմեղսունակությունը թոթափած, վերլուծող:

Վերլուծել՝ նշանակում է կազմաքանդել, երկատել, բաժանել, մասնատել, տարրալուծել: Դա արդեն յուրահատուկ չարություն է, քանի որ խախտում է սկզբնական տրված միասնությունները, իրողությունները: Վերլուծողը, հետաքրքրասեր և չարից ու բարուց անդին գտնվող խաղացող երեխայի նման՝ քանդում է առարկաները, որպեսզի տեսնի, թե ինչ կա դրանց մեջ ու նորից հավաքելու փորձ անի:

Բանականությունն ինքնին չար է առասպելական մտածողության տեսակետից: Պատճառահետևանքային կապ գտնել մոգության կամ անշառ ճարտասանության աշխարհում՝ չարագործություն է: Պետք է այդ չարիքը գործել՝ մասնատել, գլխատել, ջրի երես հանել, մերկացնել, քողազերծել: Ի վերջո՝ բանականությունը ոչ այլ ինչ է, քան թվացյալի, առաջին հայացքից թվացողի մերկացումը, քողազերծումը՝ հանուն բուն էությանը հասնելու: Եվ քանի որ իրականությունը չի սիրում քողազերծվել, ուրեմն՝ որոշակի բռնության չափաբաժին այստեղ էլ ենթադրվում է, տիրանալու որոշակի կամք:

Չար և իշխելու կամքով օժտված սառնասիրտներ են պետք՝ զգո՞ւմ եք հակադրության և լարման աստիճանը ընդունված բառապաշարին: Բայց իրավիճակն է այդպիսին, որ միայն բարի կամքով լուծում չունի:

Այստեղ նույնպես, իհարկե, ծուղակներ կան: Հայաստանում ո՞վ չունի սեփական անձի գերագնահատում, ո՞վ չի պատկերացնում իրեն ազգի առաջնորդ, փրկիչ, հզորագույն տղա և այլն: Բայց խոսքը, բնականաբար, նման մանկամիտ հոգեբանության մասին չէ, ավելին՝ ճիշտ հակառակ որակներ են ենթադրվում իշխելու կամք ունենալու համար:

Իշխող հոգեբանական դիրքը ենթադրում է ոչ թե ինքնակենտրոնացում, ինքնասիրահարվածություն, անհամարժեք ամբիցիա, պուճուրիկ նեղվածությունների փայփայում (իսկ գործի տեսակետից՝ ցանկացած նեղվածություն պուճուրիկ է), այլ դիստանցիայի զգացություն, որն անկարևոր է դարձնում ցանկացած նեղ անձնականը, ես-ի անհամարժեք խոշորացումը, իրավիճակայինը, նյարդային-անհանգիստը:

Տիրելու կամքը ենթադրում է հեռվից ու բարձրից նայելն ու դիտելը, մեծ մասշտաբների մեջ տեսնելն ամեն ինչ, այս թվում՝ սեփական ես-ը կամ նույնիսկ սեփական մենք-ը (չէ՞ որ կա նաև խմբային ինքնակենտրոնացում) ու դրա տեղը մեծ գործընթացներում:

Դիստանցիան նաև չափի զգացողություն է մտքում, խոսքում, գործում, հոգեբանական դիրքում՝ զսպվածություն, չներգրավվածության որոշակի աստիճան, անձնականի և գործնականի տարանջատում: Տարանջատում՝ այդ թվում նաև սեփական գործից. գործն արվում է հանուն պարտքի զգացողության, հանուն ճիշտ հասկացված առաքելության, գործն ու անձը նույնը չեն, և ինչ-որ տեղ զարմանալիորեն նույնիսկ գործն ու գործը նույնը չեն՝ դիստանցիան տարանջատում է նաև գործ անելն ու գործի առարկան ու արդյունքը: Կա պայմանականության որոշակի չափաբաժին ցանկացած գործունեության մեջ, և բացարձակումից խուսափելն էլ հենց պետք է բերի ճիշտ և ամուր հոգեբանական դիրքի: Գործողության որոշակի ծիսականացումը, այսինքն՝ գործելն այնպես, կարծես կարևոր են գործելու վերացական, ոչ այս պահի շարժառիթները, կարծես դրանք արվում են հանուն արտաքին և անտեսանելի մի դիտորդի՝ հանուն հավերժության, թեև բուն գործն արվում է առօրյայի մեջ: Սա գործունեությունը մոտեցնում է խաղի, բայց յուրահատուկ իմաստով՝ «լուրջ խաղի», որը տիրելու կամք ունեցողներին բնորոշ մոտեցում է: «Խաղային» հոգեբանական դիրքն է, որ թույլ է տալիս չհոգնել, չջարդվել երկար դիստանցիաների վրա, չնեղվել, ունենալ երկար տարիների, նույնիսկ տասնամյակների կամք, հաշվարկված, չափավորված կշռույթ պահել խոսքի և գործի, լռության և անգործության, չհուսահատվել, այլ պահել գիծը:

Տիրելու կամքն անհրաժեշտ է, որպեսզի մեր երկիրն անտեր չմնա: Ուր կան միայն սեփական կրքերով, համակրանքներով ու հակակրանքներով, իրավիճակային վայրիվերումներով, գործունեությունը անզուսպ տենդից չտարբերող, հոգեբանորեն անհանգիստ տագնապավորները, այնտեղ երբեք չի լինի սահմանելի և վերահսկելի իրավիճակ, հետևաբար՝ չի լինի անկախ երկիր և անկախ քաղաքական համակարգ: 

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Գյումրիի կրակոցներից’
Հաջորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերը’