‘Խմբագրական. …Իսկ երեկ Հայոց բանակի 22-ամյակն էր’

2432

Այս օրերին ռուսական հեռուստաալիքները լի են Լենինգրադյան բլոկադային նվիրված հաղորդումներով` 70-ամյակն է: Հիշենք. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ներկայիս Սանկտ Պետերբուրգի շրջափակումն սկսվեց 1941 թվականի սեպտեմբերի 8-ին եւ վերջնականապես ավարտվեց 1944-ի հունվարի 27-ին: Ով քիչ թե շատ ծանոթ է այդ տարիների պատմությանը, գիտի, որ աշխարհը ճարակած պատերազմական դժոխքի կենտրոնը Լենինգրադում էր, եւ միայն չոր թվերը բավական են` հասկանալու համար, թե ինչ ահավոր փորձությունների միջով է անցել այդ քաղաքը. ըստ ինչ-ինչ հաշվարկների` շրջափակման երեք տարիների ընթացքում Լենինգրադում մահացել է 1,5 միլիոն մարդ, իսկ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ հնչել է 632 հազար թիվը: Որ թիվն է ավելի մոտ ճշգրիտին` դժվար է ասել, բայց հայտնի փաստ է նաեւ, որ լենինգրադցիների միայն 3 տոկոսն է զոհվել ռմբակոծություններից կամ գնդակահարվել ֆաշիստների ձեռքով, իսկ 97 տոկոսը մահացել է սովից:

Եվ ահա ռուսական հեռուստաալիքները հիշում եւ հիշեցնում են Հերոս քաղաքի կրած տառապանքների մասին: «Հերոս քաղաք» արտահայտությունը պատահաբար չշեշտվեց: Հեռուստաէկրանից միայն հպարտություն է հորդում: Նախօրեին էլ շրջափակման ողջ ծանրությունն զգացած լենինգրադցիների հուշերն էին կարդում «Կուլտուրա»-ով, առանց փշաքաղվելու հնարավոր չէր լսել: …Եվ ոչ մի տրտունջ, ոչ մի մեղադրանք այդ տարիների իշխանությունների հասցեին:

Ինչո՞ւ: Մութ ու ցուրտ չէի՞ն տեսել լենինգրադցիները: Այն էլ ինչպիսի՜ մութուցրտի միջով էին անցել: Չգիտեի՞ն` քաղցն ինչ է: Այն էլ ինչպե՜ս գիտեին. գաղտնիք չէ, որ սովահար  լենինգրադցիները ոչ միայն շունուկատու էին ուտում եւ մարդկությանը հայտնի ու անհայտ հազարումի աղբ, այլեւ նույնիսկ` հանգուցյալների միս ուտելու դեպքեր են եղել: Դերասան Վլադիմիր Գալիբինն էլ պատմում էր, որ պապը կոշկակար է եղել, եւ իր որբացած ինը տարեկան հայրն ու հորեղբայրն իրենց հորից մնացած կոշիկի սոսինձն են կերել, որ քաղցից չմեռնեն…

Ինչո՞ւ չէին լենինգրադցիները հայհոյում այդ տարիների իշխանություններին եւ այն էլ` ինչպիսի՜ մարդակեր իշխանությունների: Հիմա էլ հո Ստալինը չկա՞, որ վախենան: Եվ ոչ էլ այնքան միամիտ ենք, որ մտածենք` Երկրորդ համաշխարհայինի տարիներին դժոխքի  կրակների վրա իրենց ձեռքերը տաքացնող սրիկաներ չեն եղել:

Պատասխանը բոլորիս հայտնի է. Ռուսաստանը պետական մակարդակով պատերազմի տարիները ներկայացնում է միայն ու միայն որպես հանուն հայրենիքի խիզախության ու անձնազոհության տարիներ ու հպարտանում իր հաղթանակով:

Համեմատության գայթակղությանը չտրվենք: Յուրաքանչյուրի ցավն իր ցավն է, եւ մե՛նք էլ Արցախյան պատերազմի տարիներին արժանապատվորեն ու հպարտությամբ էինք կրում մեզ բաժին հասած հարվածներն ու դժվարությունները: Եվ թե ե՛րբ «ցուրտումութ տարիներ» դավաճանական (չափազանցություն չփնտրեք) արտահայտությունը ներմուծվեց Հայաստան` բոլորս գիտենք: Ավելին, ներմուծողներն այդ նույն պատերազմի կիզակետում գտնվողներն էին, հե՛նց նրանք էին, ովքեր բոլորից լավ գիտեին, թե ինչ զոհողությունների գնով է ահավոր երկրաշարժի եւ սովետմիության ավերակների տակից մի կերպ գլուխը հանած եւ ընդհատ-ընդհատ շնչող Հայաստանն ապահովում իրար հաջորդող հաղթանակները:

Երեւի շատերն են հաճախ իրենք իրենց հարց տալիս` ո՞ր պահից սկիզբ առավ այն ամենակեր բարոյալքումը Հայաստանում, որի ականատեսն ու ժամանակակիցն ենք բոլորս:

Գուցե հենց այն պահից, երբ ոչ անհայտ ղարաբաղյան զույգի « դիրիժորությամբ»` կամակատար «նվագախումբը» մի «գեղեցիկ օր» մեր «աչքերը բացեց», եւ մեկ էլ Հայաստանի քաղաքացիներս լսեցինք, որ մենք ոչ թե պատերազմի ծանր տարիներ ենք հպարտորեն հաղթահարել՝ հաղթանակի ելքով, այլ ընդամենը ստրկամտորեն քարշ ենք տվել մեր գոյությունը` «մազութ ուտող» իշխանությունների մատուցած «մութուցուրտ տարիների» ներքո:

Եվ այդ նենգ կուտը շատերը հեշտությամբ կուլ տվեցին: Ու մինչեւ հիմա ատամների մեջ խցկված մնացորդները  լմլմացնում են բերաններում: Հետեւանքը. հաղթանակն անամոթ լկտիությամբ սեփականաշնորհեցին մի խումբ հանցագործներ, իսկ այդ տարիները տառապալի արժանապատվությամբ կրող հասարակությանը բաժին հասան միայն «անիմաստ» զրկանքների մասին ճնշող հուշերը:

Չե՞ք կարծում, որ քանի դեռ Հայաստանի քաղաքացին չի վիրավորվում ու չի ընդվզում մեր հերոսական տարիները ստորաքարշ «մութուցրտի» մակարդակի իջեցնողների դեմ, բարոյալքման անիվը շարունակելու է անարգել առաջ սլանալ:

Նախորդ հոդվածը‘Օբաման պաշտպանել է ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ բողոք արտահայտելու իրավունքը’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին առկա է սաստիկ բուք, մերկասառույց. որոշ ճանապարհներ փակ են ‘