‘Խմբագրական. Իսկ Մարիշենք ժպտում են’

6750

Ցանկացած երկրի քաղաքական անցուդարձը նմանվում է դրամատիկ իրադարձություններով լի վեպի, եւ անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը բացառություն չէ: Բայց եթե հասարակության անդամները մոտենան քաղաքական անցուդարձին միայն այդ՝ վիպական տեսակետից, ապա նրանք երբեք զուտ դիտողից, թամաշա անողից չեն վերածվի իրական մասնակցի կամ ազդեցություն ունեցողի:  

Հասարակության յուրաքանչյուր անդամ, ով լուրջ է ընդունում սահմանադրությամբ իրեն վերապահված՝ քաղաքական ընտրություն կատարելու, կարծիք հայտնելու իր իրավունքը, պետք է սովորի կողմնորշվել ոչ միայն անձնական համակրանքներով եւ հակակրանքներով, ոչ միայն ուղիղ խոսքով, այլեւ իրական վերլուծական չափանիշներով, սթափ հաշվարկով:

Առաջին բանը, որ պետք է հասկանանք՝ ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ ոչ թե սուրբ է կամ դեւ, կինոյի լավ կամ վատ հերոս, Սասունցի Դավիթ կամ Մսրա Մելիք, այլ հասարակական գործիք՝ միջոց, որը հասարակական տարբեր շերտերը պետք է փորձեն օգտագործել իրենց նպատակների իրականացման համար: Բայց գործիքից ճիշտ օգտվելու համար պետք է նախապես ճշտել ամեն տվյալ գործիքի բնույթը, պիտանելիությունը, օգտագործելիության ժամկետը եւ այլն: Եթե, օրինակ, իքս գործիչը կամ ուժն իր բնույթով «պլասկագուբցի է», ապա անիմաստ է փորձել նրանով մեխ խփել:

Հայաստանյան քաղաքական «վեպի» երկրորդական հերոսների մեջ իր տեղն ունի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որի հետ «հեռուստադիտողների» մի մասը կապում է լուրջ հույսեր: Վաղուց եկել է ժամանակը հասկանալու համար, թե որքանո՛վ իրական են այդ հույսերը, եւ ո՛վ է իրականում Նիկոլը՝ որպես քաղաքական դերակատար: Ինքը Նիկոլը շատ է սիրում գնահատել դաշտի մյուս դերակատարներին, իսկ նրա հետեւորդները (բայց միանգամից ասենք՝ ո՛չ ինքը) ապագայի հետ կապված մեծ երազանքներ ունեն, ընդհուպ մինչեւ ամենաբարձր պաշտոններում պատկերացնելով Փաշինինյան: Ուրեմն, առավել եւս եկել է ժամանակը սթափ եւ անաչառ ախտորոշում տալու տվյալ քաղաքական գործիքին:

Չկան «հերոսներ» եւ «դավաճաններ»

Նման գնահատական տալու համար պետք է նախապես մի քանի հանգամանք հաշվի առնել:

ա. Պետք է մի կողմ թողնել այն հուզական-գեղարվեստական գնահատականները, որոնք սովորաբար օգտագործվում են մեր քաղաքական դաշտում, այդ թվում՝ Փաշինյանի համակիրների եւ հակակիրների կողմից՝ «հերոս», «տղա» եւ այլն՝ մի կողմից, եւ «ծախված», «դավաճան» եւ այլն՝ մյուս կողմից: Դրանք քաղաքական շատ փոքր իմաստ ունեցող բնորոշումներ են: Այդ ամենի փոխարեն զուտ գործնական խոսակցություն է պետք ծավալել:

բ. Պետք է մի պահ վերացարկվել քաղաքական դաշտի իրական կամ թվացյալ հակադրություններից, «լավ» ու «վատից»: Այսպես, Փաշինյանի «լավ» կամ «վատ» լինելուց ամենեւին էլ ինքնին չի բխում մյուս դերակատարների «լավ» կամ «վատ» լինելը: Նիկոլն այսօր փորձում է ինքնահաստատվել, առաջին հերթին, ի հաշիվ իր նախկին թիմակիցների՝ ՀԱԿ-ի: Որոշ դեպքերում ստանում է նաեւ պատասխան այդ կողմից: Բայց մեր այսօրվա խոսակցությունն այդ տիրույթից չէ: Եթե պարզենք Նիկոլի «վատ» տղա լինելը, դրանով ինքնին դեռ ոչինչ ապացուցած չենք լինի Կոնգրեսի հաշվով, եւ հակառակը: Մեկը մյուսից տարբեր, անկախ հարցեր են:

գ. Պետք է միշտ հաշվի առնենք, որ քաղաքական դաշտը ստատիկ չէ, այլ դինամիկ է՝ փոփոխական: Այսօրվա ընկերները վաղվա հակառակորդներն են, եւ այսպես շարունակ: «Այսինչն այնինչի մարդն» է եւ նման պնդումները հաշվի չեն առնում այդ դինամիկան: Քաղաքական դաշտում մանավանդ փոքր կենտրոններն անընդատ շարժման մեջ են եւ մեծ բեւեռների ձգողականության ազդեցության տակ են: Նիկոլի նման «արբանյակները» անխուսափելիորեն հայտնվում են այս կամ այն «մոլորակի» ազդեցության ոլորոտւմ եւ չեն կարող լիովին անկախ գործել: Բնական է, որ նրանք դրա մասին երբեք չեն խոստովանի, բայց դա արդեն հարցի քնարական կողմն է, իսկ մեզ հետաքրքրում է միայն չոր փաստականը: Սա ոչ մի կապ չունի վերոնշյալ՝ «ծախու» եւ նման հուզական բնորոշումների հետ:

Նա եւ իշխանական «քարոզչաավտոն»՝ զինադադարի պայմանագիր

Ինչպե՞ս, ուրեմն, պարզել Փաշինյանի իրական, այլ ոչ թե ինքնահռչակ տեղն այսօրվա դաշտում: Խոսենք միայն մի քանի տարրական կետերից:

1. Սկսած այն պահից, ինչ Փաշինյանը խզեց իր կապերը ՀԱԿ-ի հետ (եւ դեռ դրանից էլ մի քիչ առաջ)՝ իշխանության վերահսկողության տակ գտնվող որեւէ տպագիր կամ համացանցային լրատվամիջոց (հեռուստատեսության մասին թող ասեն դրան հետեւողները), իսկ այդպիսին է այս կամ այն ձեւաչափով այսօրվա Հայաստանի ԶԼՄ-ների մեծամասնությունը, որեւէ քննադատական, «կպնողական» կամ պարզապես կծու խոսք ասած չկա Նիկոլի մասին, այն դեպքում, երբ մինչ այդ նա բոլորի թիրախն էր, հատկապես՝ «անկախ» կոչված դաշտի: Միգուցե ինչ-որ մեկը մի փոշոտ անկյունից, մեծ ջանքեր թափելուց հետո, պեղի մեկ-երկու բացասական հրապարակում կամ անդրադարձ Նիկոլի մասին, բայց փաստը մնում է փաստ՝ Փաշինյանը վաղուց թիրախ չէ իշխանական եւ «անկախ» քարոզչամեքենայի: Կարելի է, իհարկե, չհետեւել լրատվական դաշտին, կարելի է ասել, թե քաղաքականությունից շատ բան չես հասկանում, բայց պետք է հիրավի «բոժի ադուվանչիկ» լինել՝ չհասկանալու համար, թե սա առնվազն նշանակում է, որ իշխանության տեսակետից Նիկոլը հակառակորդ չէ եւ վտանգավոր չէ: Կրկնեմ՝ առնվա՛զն:

2. Թվում է, սակայն, որ իշխանական քարոզչական «ավտոյի» եւ Փաշինյանի սերը փոխադարձ չէ, որովհետեւ եթե իշխանությունը չի թիրախավորում Նիկոլին, ապա Նիկոլը իշխանությանը շատ սուր է թիրախավորում: Անշուշտ, Փաշինյանը ժամանակ առ ժամանակ բոցաշունչ ելույթներ է ունենում՝ հայհոյանքներ տեղալով իշխանության հասցեին, չի խնայում նաեւ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետականին: Բայց հայհոյանքը զուտ ոճի, բանասիրության հարց է՝ քաղաքականից տարբերվող: Քաղաքականապես սուրն ու ոճապես սուրը միշտ չեն նույնանում: Իսկ տվյալ դեպքում ի՞նչ ունենք քաղաքական առումով: Թող տարօրինակ չթվա, բայց գրեթե զրո իրական  քննադատություն: Առանցքային ցուցիչ է այստեղ սահմանադրական փոփոխությունների խնդիրը: Դա ոչ թե սովորական խնդիր է, մեկը՝ բազումներից, այլ վերջին տարվա քաղաքական թիվ մեկ խնդիրը, եւ որեւէ միավորի իրական տեղը քաղաքական դաշտում պետք է ճշտել, նախ, ըստ այդ խնդրի: Ինչո՞ւ:

Նախ՝ սահմանադրական փոփոխությունների հարցը կարեւորագույնն է Սերժի տեսակետից, քանի որ նույնանում է նրա իշխանության հարցի հետ: Կմնա՞ ՀՀԿ առաջնորդը դրության տեր երկրում 2018-ից հետո, թե՞ ոչ, որոշվում է այդ հարցով: Իսկ մնալը նրա այսօրվա թիվ մեկ քաղաքական նպատակն է: Քաղաքականության մեջ ներգրավվածների համար սա գաղտնիք չէ, ով էլ ինչ ասի պաշտոնապես: Թեման առանցքային է նաեւ ցանկացած ընդդիմադիր գործչի կամ խմբի համար, որն իրապես կամ անվանապես մեծ հավակնություններ ունի, քանի որ սահմանադրական փոփոխությունների անցկացման դեպքում 2018-ի նախագահական ընտրությունների գործոնը, որի վրա հույս էին դրել շատերը, այդ թվում՝ Փաշինյանի կողմնակիցները, դադարում է քաղաքական վճռական գործոն լինելուց: Իսկ դրանով տապալվում է հենց Փաշինյանի կողմնակիցների լռելյայն ընդունված միակ քաղաքական պլանը՝ «18-ին Նիկոլը նախագահի ընդդիմադիր թեկնածու է»:

Ամեն դեպքում սահմանադրական փոփոխություններին ամբողջ ուժով չհակադրվելը՝ խոսքով թե գործով, նշանակում է, որ Սարգսյանի իշխանության հասցեին արված մնացած բոլոր քննադատության արժեքը հավասարվում է զրոյի, որովհետեւ դա նշանակում է չկպնել Սարգսյանի ամենաթույլ կետին: Փաշինյանն, ինչպես եւ անվանապես ընդդիմադիր համարվող շատ գործիչներ եւ խմբեր, սահմանադրականի հարցում գրավել էին եւ այսօր էլ գրավում են «զարմանալիորեն» պասիվ դիրք՝ բացարձակ անհամաչափ այն «քֆուր-քյաֆարին», որը նրանք պատրաստ են թափել «ռռռռեժժժիմի» հասցեին: Իհարկե, ձեռի հետ մի երկու խոսք ասվեց, թե բա մենք էլ դեմ ենք, բայց այնպես, որ առանձնապես ոչ ոք դրա մասին չիմանա: Գործնական պայքարի մասին խոսելն իսկ ավելորդ է: «Զատո» Փաշինյանի հետ որեւէ կապ չունեցող թերթերից մեկում անանուն եւ անունավոր վերլուծականներ էին տպվում սահմանադրականի մասին այնպիսի ոճով, կարծես դա մի անտարբեր, չեզոք խնդիր է, այլ ոչ թե քաղաքական օրակարգի առանցքը:

Այսքանից հետո քաղաքական գործընթացները ոչ թե թամաշա անող, այլ հասկանալ փորձող ցանկացած մեկի համար պարզ է, որ գոնե այս պահին ընդդիմադիր իրական պայքար Սարգսյանի իշխանության դեմ չի տանում ո՛չ Փաշինյանը, ո՛չ բոլոր նրանք, ովքեր նույն դիրքում են հայտնվել սահմանադրականի հանդեպ: Եվ եթե նույնիսկ վաղը եւս մի երկու «դեմ» խոսք ասվի, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանզի պահանջվածն իրական քաղաքական քայլերն են: Փաշինյանի կողմնակիցները սա կարող են չհասկանալ, բայց ինքը Փաշինյանը հասկանում է բոլորից լավ, որովհետեւ նա քաղաքականության մեջ սկսնակ չէ, ոչ էլ հիմար:

Ի դեպ, ասվածը նշանակում է նաեւ, որ Նիկոլն իրեն այլեւս չի տեսնում որպես նախագահի թեկնածու, որովհետեւ հենց պոտենցիալ նախագահացուի տեսակետից են սահմանադրական փոփոխություններն առավել կարեւոր կենսական-անձնական սպառնալիք, որի դեմ ոչ թե մի երկու ամոթխած խոսք է ասվում, այլ պայքար հայտարարվում բոլոր հնարավոր միջոցներով: Իսկ թե ի՛նչն է այսօր Փաշինյանի քաղաքական հավակնությունների իրական նպատակը՝ կարող ենք միայն կռահել:

«Նայած ինչի՛ շուրջ»՝ նա եւ ԲՀԿ-ն

3. Դառնանք Նիկոլի հարաբերություններին ՀԱԿ-ի հետ: Նախ՝ մեծագույն կեղծիքներից է այն, որ Նիկոլը ՀԱԿ-ից դուրս է եկել ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության պատճառով: Եթե չալարեք եւ ընթերցեք նրա այն ժամանակվա հոդվածներն այդ թեզի հիմնավորմամբ, ապա կարող եք զարմանալ, թե որքան ջուր կա այնտեղ, եւ որքան քիչ իրական ասելիք: 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն արդեն իրական գործնական դաշտ տեղափոխվեց, Նիկոլը, որը մինչ այդ արդեն հայտնել էր այդ համագործակցությանն իր դեմ լինելու մասին, ընտրարշավի ընթացքում այդ թեմայից այլեւս չխոսեց եւ ընտրվեց պատգամավոր՝ ԲՀԿ-ի հետ համագործակցող ՀԱԿ-ից: Ընտրվելուց անմիջապես հետո, նորից «պատահականորեն» վերհիշեց իր տարաձայնության մասին: Բայց սրանք կարող ենք դեռ մանրուքներ համարել:

Ավելի լավ է՝ խոսքը տանք Փաշինյանին: 2013-ի իր հայտնի հոդվածաշարում նա բառացիորեն գրել է. «Ասել եմ բազմիցս, էլի եմ կրկնում, որ որեւէ համագործակցության չեմ կարող ինքնին կողմ կամ դեմ լինել, քանի դեռ հստակ բացատրված չի, թե կոնկրետ ինչ նկատի ունենք համագործակցություն ասելով: 2012թ. ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում անհամաձայնություն եմ արտահայտել Քաղաքագիտական վերլուծության հետ, որովհետեւ տեսել եմ, որ դա Կոնգրեսի ընտրողներին կողմնորոշում է դեպի ԲՀԿ:….Հիմա նորից հարց՝ դե՞մ եմ արդյոք ԲՀԿ-ի` որեւէ մեկի հետ համագործակցությանը: Չեմ պատասխանի հարցին, մինչեւ կոնկրետ չասվի, թե ինչ համագործակցության մասին է խոսքը:…ԲՀԿ-ի հետ կապված մի միֆ էլ կա, թե իբր թշնամական վերաբերմունք ունեմ կուսակցության ղեկավարի նկատմամբ, այդ վերաբերմունքով կուրացած եմ, կամ չգիտեմ ինչ: Քավ լիցի, ասել եմ ու ասում եմ, որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, չեմ ունեցել ու չեմ ունենալու»:

Այս հատվածից աներկբա կերպով բխում է, որ Նիկոլի կողմնակիցների շրջանակում տարածված այն պատկերացումը, թե Փաշինյանը դեմ էր ԲՀԿ-ի հետ համագործակցությանը մարտի մեկի խնդրի պատճառով, բացարաձակ միֆ է: Որովհետեւ եթե դա այպես լիներ, ապա դա պետք է սկզբունքորեն բացառեր որեւէ համագործակցության հնարավորություն, իսկ այստեղ հարցը դրված է տեխնիկապես՝ ինչի՛ շուրջ համագործակցություն, այսինքն՝ ինքը համագործակցությունը չի բացառվում: Եղել են նաեւ դեպքեր, երբ իր իսկ պատգամավորական նախաձեռության համար, նա ցանկացել է ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը, եւ առաջարկել է Կոնգրեսի պատգամավորներին բանակցել ԲՀԿ-ի հետ՝ կոնկրետ հարցում համաձայնեցված դիրքորոշում ունենալու համար: 

2014-ի աշնանը Նիկոլի ՔՊ-ն նույնպես չէր բացառում Եռյակի հետ համագործակցություն, եթե Եռյակի բոլոր ուժերը պահանջեն Սերժի հրաժարականը: Դա իրականում գովելի պայման կարող ենք համարել, բայց դա նույնպես ժխտում է վերոհիշյալ միֆը: Ավելին, եթե ուշադիր եք հետեւել, ապա քաղաքական իրավիճակի վերջին սրացան կարճատեւ փուլում, երբ դեռ պարզ չէր, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, Փաշինյանի հետ որեւէ կապ չունեցող թերթում, նրա հետ որեւէ կապ չունեցող խմբագրականներում շատ զգույշ դիրք էր բռնված՝ ո՛չ այս, ո՛չ այն կողմ: Սա՝ չնայած նրան, որ մինչ այդ Նիկոլը հասցրել էր մի քանի անգամ պաշտոնապես «թաղել» «քաղաքագիտական վերլուծությունը»: Բայց այն պահից, երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանը նահանջեց, Նիկոլը եւ նրա հետ որեւէ կապ չունեցող թերթը հանկարծ նորից դարձան գերմարտական, գերագրեսիվ: Հարց է ծագում, եթե դուք նախապես այդքան վստահ էիք, որ Եռյակի նախագիծը սխալ է եւ ենթակա է տապալման, եւ այդքան ագրեսիվորեն դեմ էիք, այդ ինչո՞ւ էիք հանկարծ այդքան զգույշ դիրք բռնել, ինչո՞ւ «ճակտից» չէիք խփում:

Հետաքրքիր նրբերանգ: Պաշտոնապես Փաշինյանը խզեց կապերը ՀԱԿ-ի հետ, որովհետեւ դեմ էր ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Եվ ահա, հիմա, երբ Եռյակը լուրջ անհաջողություն կրեց, թվում էր, թե Նիկոլը պետք է որ այլեւս լուրջ խնդիր չունենա ՀԱԿ-ի հետ: Բայց արի ու տես, որ Փաշինյանը զարմանալիորեն ընկել է ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց ՀԱԿ-ի ջանին: Նիկոլի թիրախն այսօր ոչ թե «փիս» ԲՀԿ-ն է, այլ, նախ՝ ՀԱԿ-ը: Նրա այսօրվա կողմնակիցները կարող են շատ բան մտածել այս ամենի մասին, բայց Նիկոլը հաստատ գիտակցում է, թե ինչին է մասնակցում՝ իշխանության հետ միասին նա լծվել է իրենց պատկերացմամբ ՀԱԿ-ի «դաբիվատ»-ի գործին ամենաանբարոյական ոճով:

Իհարկե, այս ամենը զարմանալի կարող է լինել միայն հեռվից-հեռու հետեւողների համար: Իրականում՝ նոր չի պարզ երեւում, որ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը եղել է եւ մնում է ՀԱԿ-ը, այլ ոչ թե ԲՀԿ-ն: «Խեղճ» տղեն մեռավ իշմար տալով ԲՀԿ-ին, որ ինքը «խնդիր չունի», որ «նայած ինչի շուրջ»: Ի պատիվ ԲՀԿ-ի, ի դեպ, պետք է ասել, որ այդ իշմարներն անտեսվեցին:

Նա եւ ՀԱԿ-ը. խորտակվող նավից փախչողները

4. Եթե, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի խզումը ՀԱԿ-ից կապ չուներ ԲՀԿ-ի հետ, ապա պետք է հասկանալ, թե ինչի՛ հետ դա կապ ուներ: Իմիջիայլոց՝ նշենք, որ որեւէ մեկի, այդ թվում՝ Նիկոլի խզումը ՀԱԿ-ի հետ, բնականաբար, հանցանք չէ: Այլ բան է, որ կան խզման տարբեր ձեւեր, եւ դրանցից ոչ բոլորն են մարդկայնորեն հաճելի, բարոյապես ճիշտ եւ քաղաքականապես անկեղծ:

Նիկոլի խզումը ՀԱԿ-ի հետ բացատրել դավադրական ինչ-որ վարկածներով իրավունք չունենք՝ նման վարկածները պետք է շատ համոզիչ հիմնավորվեն: Ամեն բան շատ ավելի պարզ է՝ Փաշինյանն արել է սխալ հաշվարկ: 2012-ի կողմերը նրան թվաց, որ նավն արդեն խորտակվում է, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակն անցնում է, ինքն էլ, հակառակ իր պատկերացումների, «ժառանգորդ» չի դառնում, եւ նա որոշեց սեփական խաղը սկսել, մանավանդ որ հրապարակայնորեն չի ժխտել, թե ունի ամենաբարձր հավակնություններ (այսօր այլեւս չունի): Նման հաշվարկի իրավունք նա, թերեւս, ուներ՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ ժամանակին զանգվածների մեջ Նիկոլն ընկալվում էր որպես ՀԱԿ-ի երկրորդ դեմք: Նա կարող էր հաշվարկել, թե դուրս գալով՝ իր հետ զգալի քանակով մարդ կտանի, մանավանդ երիտասարդներից:  

Բայց հաշվարկը սխալ դուրս եկավ: Նախ՝ ՀԱԿ-ի նավը կարողացավ դուրս գալ ծանր վիճակից եւ վերադիրքավորվել, Տեր-Պետրոսյանը մնաց դաշտում, իսկ Նիկոլի հետեւից, համեմատած Կոնգերսում նրա նախկին կշռի հետ, չափազանց քիչ մարդ դուրս եկավ: Իսկ դա լուրջ հարված էր նրա քաղաքական հավակնություններին եւ ծրագրերին: Պետք է հասկանալ, որ նման իրավիճակներում գործում են ոչ թե անձնական ցանկությունները, այլ առարկայական օրինաչափությունները: Քանի որ Նիկոլը չկարողացավ դառնալ երկրորդ՝ իշխանությանը հակադիր քաղաքական բեւեռի առաջնորդը, նա կամա թե ակամա հայտնվեց «երրորդի» դերում: Բայց այստեղ էլ խնդիրն այն էր, որ նույնիսկ լիարժեք երրորդ բեւեռ նա ձեւավորել չէր կարող՝ ռեսուրսային անհավասարության պատճառով: Նման իրավիճակներում փոքր երրորդն անխուսափելիորեն հայտնվում է երկու հզոր բեւեռներից մեկի ձգողականության կենտրոնում: Արդեն բացարձակ կարեւոր չէ, թե երկուսից մեկի եւ երրորդի համագործակցությունն ինչ բնույթ է կրում՝ լռելյա՞յն, թե՞ փոխհամաձայնեցված: Իհարկե, կարելի է օգտագործել փակ աղբյուրները եւ որոշակի պնդումներ անել այս հարցում, բայց դա ազնիվ չէ հասարակության այն հատվածի նկատմամբ, որը ստիպված է դիմել միայն բաց աղբյուրներին: Իսկ բաց, հրապարակային աղբյուրներով պարզ է առնվազն այն, որ Փաշինյանի եւ իշխանության հարաբերություններում իրական զինադարար կնքվեց՝ անկախ ճարտասանական բոլոր վարժություններից եւ «սենսացիոն» ելույթներից: Դա արդեն հիմնավորել ենք վերը:

Նա եւ կոնցեպտուալ խոսքը. «կառուցողական կառույցները»

5. Մեծ հաշվով, ահա եւ ամենը՝ զուտ քաղաքական իմաստով: Միայն մի քանի բան է անհրաժեշտ ավելացնել: Ակնհայտ է, որ Փաշինյանն ունի բացասական ասելիք ՀԱԿ-ի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի հասցեին (ՀԱԿ-ի որեւէ անդամ երբեւէ այդքան դիֆերամբ, ի դեպ, չի երգել առաջին Նախագահի հասցեին, որքան ժամանակին Նիկոլը, էլ չասած զուտ մարդկային հարաբերությունների մասին), բայց դրանով կարելի է ձգել որոշ ժամանակ միայն: Բավականին շուտ գալու է ժամանակը, երբ մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, սպասելու են ոչ միայն բացասական, այլեւ դրական ասելիքին: Բոլորը վատն են եւ սխալ են, իսկ ի՞նչ ես կոնկրետ առաջարկում դու: Ո՞րն է կոնկրետ քաղաքական ծրագիրը՝ իշխանափոխության կամ որեւէ այլ ընդդիմադիր քաղաքական գործունեության: Այստեղ վերացական խոսքերով տակից դուրս չես գա: Բավականին վստահ կարելի է պնդել, որ Փաշինյանն այս պահին չունի որեւէ դրական ասելիք եւ ծրագիր, եւ պետք է աղոթի Օլյումպոսի եւ մնացած բոլոր աստվածներին, որպեսզի ՀԱԿ-ը շարունակի մնալ որպես կարեւոր դերակատար դաշտում, այլապես՝ առաջին դերի սպասումներն ընկնելու են այդ թվում Փաշինյանի ուսերին, եւ արագ պարզվելու է, որ նա երկար դիմանալու ներուժ չունի: Ինչո՞ւ:

Չնայած Փաշինյանը, որպես քաղաքական մարդ, իրոք կայացած է եւ ընթացիկ գործընթացներից հասկանում է շատերիցս լավ, բայց գաղափարներ, կոնցեպցիաներ ձեւակերպելու հարցում նա չափազանց թույլ է: Դա բազմիցս ապացուցվել է նրա տեքստերով: Երբ պետք է մեկի դեմ կռվել, ավերել, քննադատել՝ նա անզուգական է, թեեւ շատ անգամ՝ ոճով գռեհիկ: Բայց բոլոր այն դեպքերում, երբ փորձել է կոնցեպտուալ խոսք ձեւակերպել, նա պարզապես ծիծաղելի վիճակում է հայտնվել, եւ միայն մեր հասարակության ցածր կրթական մակարդակն է պատճառը, որ դա ցայսօր չի նկատվել շատերի կողմից: Ի՞նչ արժե միայն Նիկոլի՝ «եթե չենք կարողանում իշխանափոխություն երաշխավորել, ապա չպետք է դրա կոչն անենք» կոնցեպցիան («եթե երաշխավորված հաղթանակ չունենամ՝ ֆուտբոլ չեմ խաղա կամ պատերազմ չեմ վարի»), եւ միայն Նիկոլին կուրորեն սիրողները չեն կասկածում, որ այդ զարմանահրաշ ձեւակերպումն ընդամենը նշանակում է, որ Փաշինյանն ընդմիշտ հրաժարվում է իշխանափոխության գաղափարից: Իսկ եթե այդ ձեւակերպումը բառացիորեն ընդունենք, ապա, դա կարող է արժանանալ Շնոբելյան մրցանակի՝ որպես համաշխարհային պատմության մեջ չտեսնված մի անհեթեթություն: Դա նույնն է, թե զորավարն ասի, որ երբեք չի մտնի պատերազմ, եթե չունենա հաղթանակի երաշխիք, ֆուտբոլիստը դուրս չգա դաշտ, եթե իրեն չերաշխավորեն հաղթական ելք եւ այլն: Հնարավոր չէ պատկերացնել նույնիսկ մի գործ կամ մի ոլորտ, որտեղ կարելի է խոսել երաշխավորված հաջող ավարտի մասին: Եթե որեւէ մեկը կարողանար նման երաշխիքներ ունենալ, ապա, առանց չափազանցության, մարդկության պատմությունն արմատապես շրջել կկարողանար:

Զավեշտալի նաեւ, երբ Նիկոլը, օգտագործելով ինստիտուցիոնալ ընդդիմություն հասկացությունը, փորձում է այն ներկայացնել որպես իր ծրագիր: Օրինակ, ասում է՝ դա այն է, որ մենք պետք է ֆինանսների նախարար առաջարկենք այնպիսի մարդու, որը երբեւէ չի զբաղցրել որեւէ պաշտոն (իրականում՝ դա ծայրահեղ հակաինստիտուցիոնալ մոտեցում է, որովհետեւ, փաստորեն, հույսդ ոչ թե ինստիտուտներն են, որոնք պետք է զսպեն մարդկանց, այլ բարի մարդիկ են, որոնք, ֆինանսների նախարար դառնալով, պիտի չգողանան, որովհետեւ լավն են, բարի են եւ մեր ընկերներն են): Կամ էլ ասում է, որ պետք է լինեն ինստիտուցիոնալ կառույցներ, ինչից հետեւում է, որ նա կա՛մ ինստիտուցիա բառի իմաստը չի հասկանում, կա՛մ կառույց, քանզի ինստիտուցիան, մեծ հաշվով, նույն կառույցն է, եւ ինստիտուցիոնալ կառույց նշանակում է մոտավորապես կառույցային կառույց:

Երեւի թե այսքանից հետո պարզ է, թե ինչի ենք թերահավատ Փաշինյանի դրական խոսքի, դրական ծրագրի մասով: Համենայն դեպս մարդը, որ իրապես ունի քաղաքական ծրագիր, կոնցեպտուալ ասելիք, այսօր կկենտրոնանար նախ այդ ասելիքի, այլ ոչ թե ընդդիմադիր այլ ուժերին մեծամասամբ հանրապետականներից բաղկացած լսարանի առջեւ «մերկացնելու» գործի վրա:  Ոչ թե մեծ-մեծ խոսքեր ճառի, այլ այնպիսի խոսք ասի, որ կհամոզի շատերին՝ որպես իրապաշտական ելք իրավիճակից: Մենք համբերատար կսպասենք այդ պահին:

Նա եւ Պապան. հավերժ երկրորդը

Իսկ այստեղ մեզ մնում է միայն պարզել նաեւ մի քանի հոգեբանական կետեր, քանի որ հոգեբանությունը նույնպես կարեւոր է քաղաքական առաջնորդի հավակնություններ ունեցողի համար:

1. Նիկոլն իր հոգեբանությամբ փախչող է: Նա փախավ ՀԱԿ-ի նավից, երբ նրան թվաց, թե նավը խորտակվում է: Մի անգամ այդպես վարվողը, ինքներդ եք հասկանում, թե ինչպիսի վստահություն է ներշնչում:

2. Նա նեղացկոտ է, քննադատությանը չդիմացող, ճիշտ դադարներ պահել չգիտի, շատախոս է, սիրում է զոհի դեր խաղալ: Միաժամանակ՝ զգուշավոր է եւ հարվածում է այն պահերին, երբ կարծում է, թե հակահարված չի ստանա: Այսպես, չնայած՝ նա վաղուց է խզել ՀԱԿ-ի հետ, բայց մինչեւ վերջերս, չհաշված մի քանի էքսցես, փորձում էր իրեն զգույշ պահել: Այսօր նա «դուխով» գնում է առաջ, փրթում է աջ ու ձախ՝ Շարմազանովի (իր ասած՝ Մարիշ Բոզիկյանի) գոհ ժպիտն առաջացնելով, որովհետեւ, իր կարծիքով՝ «խաղն ավարտված է», եւ որովհետեւ իրեն հրապարակային հակահարված իբր չէր տրվելու: Փաշինյանի կողմնակիցները սիրում են գրել իր մասին՝  «դուխով» եւ «տղա», բայց «իրա դուխն ու տղությունը» հենց այսքան են եւ այսքանի են, էլ չասած, որ «տղա» խաղալը միշտ էլ «տղա» լինելու հետ խնդիր ունենալու հետեւանք է:

3. Նա տառապում է նեղացած երեխու բարդույթով: Նրա կյանքի նպատակն է դարձել «Պապային» ապացուցելը, որ նա լավ տղա էր ու ճիշտ էր, իսկ Պապան սխալ էր, որ կանֆետն իրեն չտվեց: Նման հոգեբանությամբ քաղաքականության մեջ իրական հեռանկար չկա: Քաղաքականության մեջ կայանում են «պապայի», այլ ոչ թե «տղայի» հոգեբանությամբ մարդիկ: Իսկ այդպիսին դառնալու համար պետք է մի կողմ թողնել «Պապային» որեւէ բան լացակումած տոնով ապացուցելու մանկական մոլուցքը (Նիկոլի թատերական լաչառությունը ոչ այլ ինչ է, քան մանկական լացի ձեւ) եւ սեփական գործը դնելով զբաղվել:

4. Նիկոլը կարող է լինել լավ երկրորդ դեմք, եւ եղավ, բայց առավել քան կասկածելի են նրա՝ առաջին համարով խաղալու ունակությունները, ինչի համար իրեն պակասում են այն որակները, որոնց մասին վերը խոսվեց:

Նա եւ ՀՀԿ ցուցակը. անխուսափելի ապագան

Ի՞նչ ապագա ունի Փաշինյան քաղաքական գործիչը: Ցավալիորեն՝ գրեթե ոչ մի: Ցավալիորեն, որովհետեւ նա հիրավի ինչ-որ պահի կարող էր լինել քաղաքական նոր սերնդի առաջին դեմքը, բայց չդիմացավ զուտ անձնական գայթակղությանը, որին չդիմացան շատերը, եւ որի մասին հենց ինքն էլ ժամանակին զգուշացնում էր:

Մի բան թվում է պարզ: Նիկոլ Փաշինյանն այլեւս չի երազում դառնալ ՀՀ նախագահ: Եթե համարեր դա իրականանալի ծրագիր, նա պետք է, ամեն բան մի կողմ թողած, լծվեր սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին: Սա արմատապես տարբերում է Նիկոլին իր կողմնակիցներից, որոնց ճնշող մեծամասնությունը նոր է քաղաքականության մեջ եւ չի կարողանում այդ նրբությունները տեսնել: Իհարկե, գուցե Փաշինյանը հույս ունի, որ սահմանադրական փոփոխություններն իրենք իրենցով կտապալվեն, բայց մարդը, ով լուրջ ծրագրեր ունի, չի նստում թախտին, սպասւոմ բախտին, որ իր նպատակի նախադրյալն իրականություն դառնա առանց իր ջանքերի:

Իրապես ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորել նա նույնպես չի կարող, քանի որ չունի դրա անհրաժեշտ ռեսուրսը՝ մտավոր (ինչպես տեսանք, նա թռցնելով բառը, նույնիսկ չի հասկանում, թե դա ի՛նչ է նշանակում), մարդկային (ցայսօր քանի՞ հոգի կա իր ՔՊ-ում), նյութական (երկրում քանի՞ խոշոր փողի աղբյուր գիտեք) եւ այլն:

Նա ուզում էր լիներ ՀԱԿ-ի կամ թեկուզ ՀԱԿ-ից պոկված զանգվածի առաջին դեմքը, բայց չհասնելով այդ նպատակին՝ ի դեմս ՔՊ-ի՝ իր համար «խաղալիք» ՀԱԿ սարքեց: Դատելով ամենից՝ այնտեղ տիրում են ճիշտ այնպիսի բարքեր, որոնք նրանք վերագրում են Կոնգրեսին՝ անձի բացարձակ պաշտամունք, փոքրիկ մահմեդական սուլթանատի կամ երեւի, ավելի ճիշտ է ասել՝ փաշալիկի մթնոլորտ: Այդ խաղալիքով, որի ազդեցությունը, Երեւանի կենտրոնից եւ ֆեյսբուքից դուրս՝ զրոյական է, լուրջ քաղաքական նախագծեր իրականցնել անհնար է:

Նրա քաղաքական կարիերայի բարձրակետը կարող է լինել պատգամավոր մնալը 2017-ից հետո: Ոչ մեկս էլ երեխա չենք եւ հասկանում ենք, թե որքան բարդ է նույնիսկ այդ նշաձողը պահել: Նա պատգամավոր է դարձել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով: Այսօր այդ հնարավորությունը չկա: Սեփական կառույց՝ համազոր թեկուզ 2012-ի թուլացած ՀԱԿ-ին, նա չունի, եւ պարզ չէ, թե ինչի հաշվին պետք է ունենա 2017-ին: Մեծամասնականով նա չկարողացավ անցնել նույնիսկ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ում էր եւ վերելքի վրա էր, եւ երբ նրա շուրջը մարդիկ կային, որոնք պատրաստ էին նրան աջակցել ոչ միայն ֆեսյբուքյան լայքերվ, այլեւ իրական գործով: Պարզ է, որ չի կարողանա դառնալ նաեւ այսօր, եթե բացառենք «ա լա Դալաքյան» «անկախ» վանաձորցի պատամավոր տարբերակը: Գրեթե չեմ կասկածում, որ Սերժն առաջարկելու է նրան ՀՀԿ ցուցակ մտնելու տարբերակը, ինչպես առաջարկել է շատ-շատերին, ում հետ լռելյայն կամ պայմանավորված համագործակցել է, բայց Նիկոլն էլ մարդ է, նրա կյանքի կեսը դեռ առջեւում է, եւ նա չի համաձայնի այդ տարբերակին: Իսկ այլ տարբերակ նրան չի տրվելու: Այսպիսով՝ նա կհեռանա մեծ քաղաքական բեմից 2017-ին, եւ զուր են այն բոլոր հույսերը, որոնք կապում են նրա հետ այսօր շատերը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն չընդունեց «Կառավարման ճգնաժամի մասին» նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին’