‘Խմբագրական. Իսկ Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է’

2499

Շատ լավ է, որ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր երբեք քաղաքացիական ակտիվություն չեն ցուցաբերել, երթ ու ցույցի չեն մասնակցել, պիկետ ու ակցիա չեն կազմակերպել, հաղթահարել են առաջին անգամվա վախն ու դուրս եկել փողոց: Անկախ նրանից, որ հետագայում տրանսպորտը, հնարավոր է` նորից թանկանա: Հուզիչ է հատկապես փոխօգնության այն մթնոլորտը, որ մի քանի օր տիրում էր Երեւանի փողոցներում: Ու հենց այդ փոխօգնության հուզիչ հուշերի պատճառով էլ ակցիաներին մասնակցող երիտասարդներին արժե մեկ անգամ եւս հիշեցնել, որ Հայաստանում դեռ քաղբանտարկյալ կա:

Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը բանտում է հայտնվել քաղաքական դրդապատճառներով եւ շինծու քրեական գործով:  

Խոսքը մի ակտիվիստի մասին է, ով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների համար իր պայքարը սկսել է դեռ տարիներ առաջ, եւ հենց այդ պայքարի համար էլ հայտնվել է ճաղերից այն կողմ:

Ամեն ուրբաթ տասնյակ քաղաքացիներ հավաքվում են Գլխավոր դատախազության մոտ եւ պահաջում են ազատ արձակել Տիգրանին, ինչպես նաեւ դադարեցնել քաղաքական հետապնդումը ընդդիմադիր երեք այլ ակտիվիստների` Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի նկատմամբ:

«Չենք վճարելու 150 դրամ» ակցիաներին մասնակցող սիրելի երիտասարդներ, այդպես երբեմն պատահում է մեզ նման բռնապետական երկրներում, երբ իշխանությունները փորձում են այսպիսի մեթոդներով վախի մթնոլորտ սերմանել հատկապես երիտասարդների շրջանում: Հատկապես՝ երբ երիտասարդն ընդդիմադիր է, եւ պայքարում է իր եւ այլոց իրավունքների համար:

Դավիթը, Սարգիսը, Արտակը եւ բանտում գտնվող Տիգրանը երկար տարիներ կռիվ են տվել Հայաստանի քաղաքացու իրավունքների համար, ու գիտե՞ք` նրաք չեն ընկճվել, չեն վախեցել: Դուք նոր եք սկսել պայքարել, ձեզանից շատերը առաջին անգամ են մասնակցում նման ակցիաների, ոմանք դեռ նոր են հաղթահարում ոստիկանի հետ կոնտակտի մեջ մտնելու վախը: Բայց ձեր ոգեւորությունն արդեն երեւում է: Այն, ինչ դուք անում եք այժմ, հրաշալի է: Ձեզ կփորձեն վախեցնել, կփորձեն սադրել, կփորձեն հասկացնել, թե պայքարելն անիմաստ է, ձեզ կասեն, թե թագավորը բարի է, իսկ բոյարները չար, ձեզ կփորձեն ամեն գնով հեռու պահել, ամեն ինչ անել, որ այս խախուտ դաշտում թացը չորից չկարողանաք տարբերել: Բայց ոչինչ: Կարեւորն այն է, որ դուք սկսել եք: Որ դուք մտել եք ձեզ համար անծանոթ մի աշխարհ: Կարեւորն այն է, որ ձեզ դուր է եկել քաղաքացի լինել, ձեզ դուր է եկել ձեր իրավունքների համար պայքարելն ու իրավունքները նվաճելը:

Ու քանի որ այդպես է, հիշեցնենք, որ այսօր, ինչպես ամեն ուրբաթ, մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ հերթական բողոքի ակցիան կանցկացնեն գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Սա կոչ չէ, հորդոր չէ, պահանջ չէ: Ուղղակի, հիշեցում էր. եւ վատ չէր լինի, եթե այսօրվա ակցիային դուք էլ մասնակցեիք ու պահաջեիք ազատ արձակել մեկին, ով  (որին թեեւ շատերդ անձամբ չեք ճանաչում) բանտում է հայտնվել միայն այն պատճառով, որ պայքարել է իր եւ այլոց իրավունքների համար: Տիգրան Առաքելյանը քաղաքական բանտարկյալ է: Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Հայաստանի օրենքները արգելում են մարդկանց ազատազրկել նրանց քաղաքական հայացքների համար: Տիգրանը պետք է ազատ արձակվի: Դուք էլ կարող եք ձեր նպաստն ու լուման ներդնել այս հարցում: Ազատություն Տիգրանին: 

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 25-ը ֆոտոշարքով’
Հաջորդ հոդվածը‘Դանակահարված վարորդը պատմել է, որ ուղևորը եղել է ալկոհոլի ազդեցության տակ’