‘Խմբագրական. Լեյտենանտ Շմիդտի անփառունակ զավակների վերջը ‘

3434

Իլֆի և Պետրովի անմոռանալի հերոսը պնդում էր, որ բնակչությունից փող կորզելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ գիտի: Դե որովհետև գողությունը, սովորական գողությունը, Շո՛ւրա, մեղք է: Եւ մայրիկները պետք է որ դեռ մանկուց իրենց զավակներին այդ օրենսգրքի մասին տեղյակ պահած լինեին: Բայց նրան, ահա, այդ 400 համեմատաբար ազնիվ մեթոդներից մեկը կիրառելու համար նախ գաղափար էր պետք, որովհետև նրան գաղափարներն էին սնում, նա ի վերջո, էն կույր ձևացող Պանիկովսկու պես սովորական սագագող չէր: Նա մեծ կոմբինատոր էր, գրողը տանի:

Հայաստանի իշխանությունները Հայաստանի բնակչությանը թալանելու, նրանցից ամենօրյա ռեժիմով փող կորզելու 1000 ու 1 մեթոդ գիտեն, որոնք բոլորն էլ կիրառում են զուգահեռաբար: Ընդ որում, նրանք մեծն կոմբինատորի պես չեն կարող պնդել, որ այդ մեթոդներից գեթ մեկը համեմատաբար ազնիվ է: Դրանք բոլորն էլ անազնիվ են, և որ ամենակարևորն է՝ ցինիկ:

Չե՞ք ուզում, որ գազը թանկանա: Խնդիր չկա, մի երկու տարի կասեն, որ գազը չի թանկացել ու չի թանկանա: Դուք միառժամանակ կկարծեք, թե գինն իսկապես չի փոխվել: Հետո կանցնի մի որոշ ժամանակ, և ձեզ կապույտ եզրագծերով ափսեի վրա կմատուցեն ցինիկ ճշմարտությունը: Բա, չե՞ք ասի՝ մի երկու տարի առաջ գազը թանկացել էր, և հիմա երկիրը ահագին պարտքեր է կուտակել, պիտի մեր բաժնեմասը հանձնենք: Էլ արդեն, ո՞վ կուտակեց, ինչի՞ կուտակեց, ինչպե՞ս կուտակեց հարցերին պատասխան տվող չկա:

Ինչպես տեսնում ենք՝ բենզինը մեզանից, «շուստռի» գաղափարները՝ իրենցից:

Չե՞ք ուզում, որ տրանսպորտը թանկանա ու դառնա 150 դրամ: Պայքարո՞ւմ եք դրա դեմ: Վուալա: Լուծումը գտնվեց: Երթուղային գծերի քանակը քչացնում են, և հիմա քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար էլ չեք կարող մեկ երթուղայինից օգտվելու շռայլություն թույլ տալ ձեզ: Այժմ ստիպված եք լինելու երկու երթուղային փոխել և վճարել 200 դրամ:

Կարծո՞ւմ եք՝ շատ գռեհիկ է: Բայց ինչո՞ւ: Հիշեք հոսանքը: Էլեկտրաէներգիան թանկացնում էին, որովհետև մատակարարող ընկերության շահույթը քչացել էր, և այն իր վարկերը փակելու խնդիր ուներ, ասել է թե՝ դուք նրանց նախատեսածից քիչ էիք «լույս վառում», ամեն գնով խնայում էիք, բայց դե իրենք իրենց սահմանված շահույթն են ուզում. «տո՛ւր շահույթը, տո՛ւր շահույթը, տո՛ւր շահույթը»: Արդյունքում «ելքը» գտան. հոսանքը թանկացրեցին, ու հիմա որքան էլ խնայեք, մեկ է՝ շատ պիտի վճարեք:  

Կամ, երբ ասում եք՝ թողեք թող մանր ու միջին բիզնեսը շնչի, (չեք ասում է՝ զարկ տվեք մանր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդամենը ասում եք՝ մի՛ սպանեք, թողեք թող շնչի), ի՞նչ են անում ի պատասխան: Ճի՛շտ է, ավելի են խեղդում: Եւ դա անում են նույն ցինիկ հիմնավորումներով. խոշորին հնարավոր չէ ամբողջությամբ հետևել սահմանին, (էլ մաքսայինն ինչի՞ է պետք, չէ՞, եթե երեք հատ հեռախոսը կարող են բռնել, բայց 30 ֆուռը՝ չեն տեսնում), սկսում են ճնշել մանր ու միջինին, որ նրանց միջոցով էլ իբր տեսնեն, թե խոշորները ինչքան են իրականում թաքցնում: Բենդերը կասեր՝ «մեզ մոտ ամեն ինչ թաքնված է, ամեն ինչ ընդհատակում է, սովետական միլիոնատիրոջը չի կարող գտնել անգամ Ֆինժողկոմը՝ իր գերհզոր հարկային ապարատով»:

Դե պարզ է, չէ՞, որ արդյունքում մենակ մնացած մանր ու միջին ձեռնարկատերը ստիպված է լինում փակել իր առանց այդ էլ փոքրիկ «բուդկեն», ու թակել անհույս ապագայի դուռը:

Այսպիսի օրինակներ կարելի է հազարներով բերել, բայց խնդիրը թերևս քանակը չէ, այլ՝ ձևը:  

Առակս ինչ կցուցանե: Միշտ չէ, որ պայքարի լոկալն է լավը: Հայաստանի դեպքում արդեն իսկ հազարավոր դեպքերով ապացուցված է ու վերաապացուցված. որքան պայքարը լոկալ է, այնքան իշխանության պատասխանն ավելի ցինիկ է: Հայաստանի նման երկրում քաղաքացին չի կարող իրեն շռայլություն թույլ տալ պայքարել իշխանության մասերի դեմ: Դա արդյունավետ չէ: Այդպես պարզապես պարպվում է քաղաքացու ողջ էներգիան ու ոգևորությունը: Իսկ իշխանությունը սնվում է հենց այդ սպառված էներգիայով:

Հայաստանի նման երկրում քաղաքացին պետք է պայքարի միանգամից՝ ամբողջի դեմ: Իշխանությունը ամբողջականություն է, այս դեպքում չկան իշխանության լավ ու վատ թևեր, չկան չար ու բարի ոստիկաններ, էդ ամենը քողածածկույթ է: Կա մեկ իշխանություն, հրահանգավորման մեկ կենտրոն: Վերջ: Մեկ իշխանություն, մեկ՝ գլուխ:

Ու նրանց պետք է հեռացնել ամբողջությամբ ու միանգամից: Որովհետև նրանք բոլորն էլ, լեյտենանտ Շմիդտի որդիների պես, ինքնակոչ են ու անհամար: Եւ միշտ կգտնվի մեկը, որ կփոխարինի մյուսին:

Եւ ուրեմն, պետք է սկսել ոչ թե փոխարինվողներից, այլ՝ փոխարինողից:

«Այսպիսին են կյանքի դաժան օրենքները, կամ կարճ ասած՝ կյանքը մեզ թելադրում է իր դաժան օրենքները». Բենդեր:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ ընտրությունները՝ մայիսի 3-ին’