‘Խմբագրական. Խնդիրների լուծման հիմքը բացառապես քաղաքական է’

2113

Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության հետ տեղի ունեցած իրադարձությունները (դրամի կտրուկ անկում, գների շոշափելի աճ, կապիտալի արտահոսք) ժողովրդին մղել են է՛լ ավելի խորը դեպրեսիայի, իսկ հայաստանյան հասարակության տրամադրություններում առկա անորոշությունն աննախադեպ է:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին, մեզ, մեր գործերին: Քիչ եկամուտներ, բանկեր, վարկեր, ուսման վարձ, թանկացած ապրանքներ, դրսից ստացվող ավելի քիչ եկամուտներ: Այս մտքերն են, որ այսօր պտտվում են միջին վիճակագրական հայաստանցու ուղեղում: Բիզնես միջավայրի ներկայացուցիչները պակաս անմխիթար վիճակում չեն. բնակչության գնողունակության անկում, շուկայի փոքրացում, շրջանառու միջոցների նվազում, հարկային տեռոր, գործի եկամտաբերության փոքրացում կամ զրոյացում, նորմալ տոկոսադրույքներով վարկերի անհասանելիություն:

Ստեղծված անհուսության մթնոլորտը անհույս է ոչ այնքան խնդիրների բարդ ու անլուծելի լինելու, այլ միմիայն այն պատճառով, որ հայաստանյան ողջ հասարակությունը, անխտիր բոլորը ներքուստ գիտեն, որ Սերժ Սարգսյանի վարչախումբն անընդունակ է այս խնդիրները լուծելու հարցում: Բոլորը հասկանում են, որ իմաստ չկա իշխանության վրա հույս դնելու: Դեռ ավելին, ինչպես նախկինում, հիմա էլ Սերժ Սարգսյանն իր ընտանիքի, մերձավոր շրջապատի ու կառավարության իր ենթակաների մեծ մասի հետ ձեռքերն է տաքացնում ժողովրդին վրա հասած ծանրագույն ժամանակների հաշվին: Աշխատում է միլիոններ՝ դրամ/դոլար վայրիվերումների վրա՝ զուգահեռաբար անորոշ հաթաթաներ տեղալով ինչ-որ տարադրամային սպեկուլյանտների գլխին, մենաշնորհային ապրանքների բարձրացման շնորհիվ հավելյալ միջոցներ ստանում նույն մենաշնորհների տերերից, շարունակում քերթել գործարարությանը՝ ստիպելով նրանց հրաժարվել իրենց եկամուտներից կամ ընդհանրապես փակել իրենց բիզնեսները: Վերջիններս էլ այլ ելք չեն տեսնում, քան իրենց կապիտալը հանել Հայաստանից: Ավելին՝ կապիտալը երկրից հանում է նաև վարչախումբը, նույն այն կապիտալը, որ տարիներ շարունակ կորզում է ժողովրդից հանցավոր ճանապարհով: Միայն անցյալ տարի Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը (չհաշված գործարար խավը) Հայաստանից դուրս է բերել կես միլիարդ դոլարից ավելի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պաշտպանությանը և բանակին ուղղված ծախսերն ավելի քիչ են կազմում՝ շուրջ 415 միլիոն դոլար (այսօրվա փոխարժեքով):

Տնտեսության ոլորտում լուրջ ռեֆորմների կարիք կա: Այդ ռեֆորմների համար անհրաժեշտ տնտեսագիտական միտքն ու պոտենցիալը Հայաստանում կա: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում ուղղակի չկա իշխանություն (հետևաբար՝ նաև քաղաքական կամք ու տեսլական) այս կենսական խնդիրները լուծելու համար:  Հետևաբար՝ խնդրի լուծման հիմքը միմիայն ու բացառապես քաղաքական փոփոխությունների համատեքստում է պետք փնտրել: Եթե առաջիկա մի քանի ամիսներին Հայաստանում այդ քաղաքական փոփոխությունները տեղի չունեցան, և Սերժ Սարգսյանի ողջ հանցախումբը չհեռացվեց իշխանական համակարգից՝ տեղը զիջելով ազատ ընտրություններով ձևավորված լեգիտիմ իշխանություններին, ապա Հայաստանին շատ մռայլ հեռանկար է սպասվում: Ներքին իրավիճակին գումարեք նաև արտաքին անբարենպաստ ֆոնը. լարվածության մեծացումը հայ-ադրբեջանական սահմանին, Ռուսաստան-Արևմուտք քաղաքական հակամարտության ծավալումը, ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունների լուրջ սահմանափակվածությունը, և պատկերը ամբողջական կդառնա: Ու եթե այդ քաղաքական փոփոխությունները տեղի չունեցան, կորուստները կարող են անդառնալի լինել, բոլորի համար:

P.S. Որքան գնալով խորանա այս վիճակը, իշխանությունը, հավատարիմ իր մեթոդներին՝ փորձելու է շեղել թիրախները՝ հասարակությանը մոլորեցնելու համար: Մեղավորներ կհռչակվեն թուրքերը, ադրբեջանցիները, Արևմուտքն ու Ռուսաստանը, միջազգային դավադիրներն ու Կամբոջան: Ով ուզեք, միայն թե շեղեն սլաքներն իրենց վրայից:

 

Նախորդ հոդվածը‘Մոմավառություն՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի’
Հաջորդ հոդվածը‘Քրգործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ’