‘Խմբագրական. Խորը ճգնաժամ` իշխող կուսակցության ուղեղներում’

2404

Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Կապկազ թամաշայի» նորօրյա բեմադրությունն էր եռում: Մեջլիս էին դուրս եկել հանրապետականները:

Ընդդիմադիր պատգամավորների  հարցապնդումներին ու ելույթներին, որոնք հագեցած էին փաստարկված, անառարկելի ապացույցներով առ այն, որ իշխող կուսակցությունը` Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանը մաս-մաս` ստորացուցիչ պայմաններով վաճառում է օտարներին, խաբում ու թալանում է ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես` «Հայռուսգազարդի» վաճառքին առնչվող խայտառակ բացահայտումներին՝ նույնիսկ ամենապերճախոս եւ ամենաամբարտավան հանրապետականները պատասխան չունեին` դատարկ հոխորտանքներից զատ:

Փրկության փարոսը հայտարարությունների ժամն էր, եւ իրար հերթ չտալով` խեղդվողները սկսեցին միմյանցից խլխլել ամբիոնը: Այս ժամին, ավանդաբար, հանրապետականները` Կարեն Ավագյանի, Շարմազանով Էդիկի կամ Գալուստ Սահակյանի տեսքով ու բովանդակությամբ, փյունիկի պես հառնում են մոխիրներից ու ընդդիմությանը տեղները նստեցնում Պանիկովսկու հանգույն` բա դուք ո՞վ եք, է՛, էն էլ չըլնի հերվանը…

Այդպես էլ արեցին: Սակայն, այս երգն արդեն շատ հնամաշ է` սա նույնիսկ հանրապետականներն են գիտակցում: Ու ինչպես միշտ` օգնության հասավ տարոնանժդեհական հայրենասիրությունը, եւ այն էլ` ինչպիսի՜ պաճուճանքներով ու զանգուլակներով: Վեհապանծ քայլքով բեմահարթակ բարձրացավ Տաճատ Վարդապետյանը, հասավ ամբիոնին ու … ճարճատեց: Հայոց հարուստ բառապաշարում ինչքան ճռճռան բառ կար` բոցաշունչ ու խրոխտ Տաճատը հանեց ու փռեց հմայված հանրության առջեւ, ճիշտ է` տեղ-տեղ կակազեց` երեւի տեքստը լավ չէր սերտել, բայց որ պատերազմ հայտարարեց «բորենի» Ալիեւին ու մնացած բոլոր «օղլուներին», ավելին` հենց օրորոցում խեղդեց ադրբեջանական բանակին ու հարյուրավոր սպանված ոսոխների դիակների վրա ծածանեց հաղթանակի դրոշը` անհերքելի փաստ է: Կախարդված ունկդիրներն ու ակնդիրները դեռ ուշքի չէին եկել ու օրորվում էին ջախջախիչ հաղթանակի արբեցնող թեւերի վրա, մեկ էլ` հուզաթաթախ մի շարադրություն թեւի տակ` մի տիկին սուրաց ռազմի դաշտ, ներեցեք` մոտեցավ ամբիոնին ու վեցերորդ «բ» դասարանի աշակերտուհու պես շատ վարժ կարդաց հայրենիքի հանդեպ իր անսահման սիրո առհավատչյա շարադրությունը:

Որ իշխանական օթյակում ծանրագույն ճգնաժամ է բոլոր առումներով, սրանում նույնիսկ չեն կասկածում իրենք` իշխանավորները: Եվ որքան խրվում են, այնքան ավելի անհեթեթ են դառնում սրանց արտահայտած մտքերը: Պատասխան չունեն իրենց ուղղված մեղադրանքներին, եւ կամ պետք է «բարի քեռու» նման հորդորեն իրենց ընդդիմախոսներին, որ պետք չէ վարկաբեկել ու վիրավորել գործընկերներին ու մոլորեցնել հասարակությանը, ինչն անում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կամ պետք է հոխորտան «բա որ դուք…» մանկամիտ հակադարձումներով, կամ` Ազգային ժողովի ապահով պատերի ներսում նստած` պատերազմ հայտարարեն Հայաստանի լավը չուզողներին ու բոլորին տեղնուտեղը ոչնչացնեն ազգուտակով:

Ինչն էլ արեցին երեկ` մեկ անգամ եւս հասարակությանն «ազնվորեն» ահազանգելով, որ Հայաստանն իրենց նման հայրենասերներից ազատելն այլեւս ազգային եւ պետական անվտանգության հույժ հրատապ անհրաժեշտություն է:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին վերաբերող հարցը հունից հանել է ՀՀԿ–ական պատգամավորին’
Հաջորդ հոդվածը‘Գազային պայմանագրերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց’