‘Խմբագրական. Խուսափել անխուսափելիից’

2168

Օրն սկսում ես օրվա կամ նախօրեի իրադարձություններին ծանոթանալով: Ամե՛ն օր: Թերթեր, հետո ողջ օրը՝ ինտերնետային կայքեր: Հեռուստատեսությանը, որպես կանոն, ներվ չի մնում, դրա համար էլ հնարավորինս շրջանցում ես:

Ու կարդում ես: Սպանությամբ ավարտված ռազբորկա՝ Սյունիքի մարզպետի և նրա ընտանիքի մասնակցությամբ, օֆշորում փողեր լվացող վարչապետ, վերահսկիչ պալատի զեկույցներով հաստատված (ու ամեն հայաստանցու քաջածանոթ) պետական միջոցների՝ նախադեպը չունեցող թալան, 1 միլիարդ դոլարի հարձակողական զենք Ադրբեջանին, արցախյան ազատամարտի ու ընդհանրապես նորանկախ Հայաստանի պատմության կեղծում, 6 ամսում 123 հազար մարդու արտագաղթ, թանկացումներ, ապօրինություններ ու կոռուպցիա, ստի վրա բռնված գծատեր քաղաքապետ, ասոցացում ու մաքսային միություն, բանակում շարունակվող մահեր և այլն:

Այս մռայլ իրականությունն անմիջապես կապվում է Հայաստանի ու Ղարաբաղի ապագայի նկատմամբ աճող մտահոգության հետ: Ու փորձում ես հասկանալ՝ ինչպե՞ս է հնարավոր այս «բագաժով» ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման (դիվանագիտական, թե ռազմական) պահին հաղթական դիրքում հայտնվել ու  ստանալ շահեկան խաղաղության պայմանագիր: Ինչպե՞ս է հնարավոր, երբ վերջին 15 տարիներին երկիրը սեփական հավակնությունների դուքան դարձրած վարչախումբը որևէ մասշտաբային, երկարաժամկետ նշանակություն ու ազդեցություն ունեցող, ուժերի հավասարակշռությունը դեպի մեզ փոխող մի քայլ չարեց, մի ծրագիր կամ խնդիր չլուծեց: Նույնիսկ նման խնդիր չդրեց: Հայաստանը, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, քամվում է բոլորիս աչքի առաջ: Ու արագ տեմպերով զիջում է Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռության մրցավազքում: Բոլոր մակարդակներում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, դեմոգրաֆական, հոգեբանական:

Վարչախումբն, իհարկե, ամեն ինչ անում է ղարաբաղյան հիմնահարցը հասարակական-քաղաքական բանավեճի օրակարգից հանելու, էժանագին հայրենասիրության կլկլոցների մեջ լղոզելու, այդ հարցը հասարակության դեմ որպես շանտաժի գործիք կիրառելու համար: Արդեն 15 տարի վարչախմբի կողմից մի բանական նախադասություն չի արտաբերվել այս թեմայով: Հաշվարկված ռազմավարության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Բայց սրան զուգահեռ՝ պետք է նշել նաև, որ մեր հասարակության զգոնությունն այս հարցում ինչ-որ առումով բթացած է: Պատերազմում, իսկ ավելի ճիշտ՝ ճակատամարտում տարած հաղթանակը մեր հասարակությանը հասցրել է չհիմնավորված հանգստության: Սրան գումարենք նաև հայկական ավանդական «խասիաթը»՝ հրաժարվել գիտակցել մեր «գլխի գալիքը», մինչև, որպես կատարված փաստ, այդ «գալիքը» չչոքի մեր դռանն ու դառնա մեր իրականության անբաժանելի մասը:

Վերջին շրջանում, երկրի դիմադրողականության թուլացմանը զուգընթաց, արագացել են արտաքին քաղաքական գործընթացները, որոնք ընդգրկում են Հայաստանը և իրենց մեջ քողարկված վտանգներ են պարունակում Ղարաբաղի ապագայի տեսանկյունից ևս: Մասնավորապես՝ Եվրոպական ասոցացման կամ Եվրազեսի միջև ընտրությունը կարող է աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանում ռեալ ազդեցություն ունեցող երկրների կողմից կտրուկ շարժումների առիթ դառնալ՝ հղի լուրջ հետևանքներով: Այս վտանգավոր իրավիճակում, երբ երկրիդ իշխանությունը որևէ հույս չի ներշնչում, երբ չկա որևէ պետական ինստիտուտ, որ հեղինակություն վայելի հասարակության շրջանում, ավելին՝ երբ երկրիդ իշխող քաղաքական էլիտան (մեղա- մեղա) այս կործանարար ընթացքի փութաջան խրախուսողն է, Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավոր են մնում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ կանգնող քաղաքական ուժերը, Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացին: Մեծ հաշվով՝ Ազատության հրապարակն է այն միակ վայրը, որտեղ ծավալվելիք ժողովրդավարական գործընթացները պետք է իրավիճակ փոխեն Հայաստանում և Ղարաբաղում, դրանով իսկ՝ Հայաստանին ու Ղարաբաղին առնչվող բոլոր գործընթացներում: Չկա այլ ճանապարհ: Կա՛մ այս կործանարար ընթացքը գիտակցող քաղաքական ուժերը, ազգային բուրժուազիան, մտավորականությունն ու քաղաքացիները միավորվում են և հեռացնում այս՝ Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագիրը խաղասեղանին դրած իշխանությանը, կա՛մ ազգովի կրելու ենք սրանց իրագործածի դառը հետևանքները: Իսկ հետևանքները լինելու են դաժան, որովհետև եթե ներսից արնաքամ ես անում երկիրդ, դիվանագիտական առավելություններդ նվիրել ես հակառակորդին,  բանակդ դարձրել ես սպանդանոց, իսկ քաղաքացիներիդ՝ պանդուխտ, ապա պատմության, եթե կուզեք՝ բնության օրինաչափությունները քեզ չեն շրջանցելու: Որովհետև չի կարող տեղի չունենալ այն, ինչն անխուսափելի է: Պատմությունը մեզ բազմաթիվ օրինակներ է ցույց տվել, թե ինչպես պատերազմում հաղթած ազգերը հանցագործ ղեկավարների, վարվող ապաշնորհ քաղաքականության, իրականության հետ հաշվի չնստելու պատճառով տանուլ են տվել պատերազմի ձեռքբերումները: Միլոշևիչի Սերբիան՝ բոլորիս օրինակ:  

Նախորդ հոդվածը‘ՊԲ մարտական դիրքերից մեկում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է ԻԻՀ’