‘Խմբագրական. Խրախուսելով ստոր հատկությունները և քամահրելով ամենայն առաքինություն’

2459

Սերժ Սարգսյանը գտնվեց: Իհարկե, Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան այդպես էլ ռիսկ չարեց հայտնել, թե որտեղ էր իր հանգիստը վայելում ռեժիմի պարագլուխը՝ հավանաբար՝ կանխելու համար այդ բացատրությանը հաջորդելիք «տժժոցին» իրենց շեֆի վրա: Ինչևէ: Սերժը վերադարձել է և հրավիրել Հանրապետականի գործադիր մարմնի նիստ, որտեղ, ըստ չհերքված տեղեկությունների, անդրադարձել է արտագաղթի խնդրին և կասկած հայտնել, թե քաղաքացիները լքում են երկիրը արդարության պակասից: «Բայց եթե, անարդարությունից դժգոհելով, գնում են Ռուսաստան, արդարն էլ Ռուսաստա՞նն է, այնտեղ արդարություն կա՞», — ամենայն հավանականությամբ՝ դեմքի խելացի ու մտահոգ արտահայտությամբ հայտարարել է Սերժ Սարգսյանը (եղել է այս պնդումը՝ մեջբերում տատիկի խոսքերից, թե ոչ՝ պատմությունը լռում է): Առաջին հայացքից՝ սխալ հայտարարություն չի արել: Պնդել, թե Ռուսաստանում արդարության դեֆիցիտ չկա, պարզ ինքնախաբեություն կլինի: Բայց այսօրվա Հայաստանում նման հայտարարություն անելը կնշանակի պատկերացում չունենալ մեր երկրի առաջնային խնդիրներից մեկի՝ արտագաղթի բնույթի, խորքային պատճառների մասին: Սա նաև ցույց է տալիս, որ նման պարզունակ բացատրությունը միայն փրկօղակ է՝ խնդրի պատասխանատվության տակից պլստալու համար:

Հայաստանի քաղաքացիները լքում են երկիրը, որովհետև այլևս անիմաստ են համարում պատասխանատվություն ստանձնել մի բանի համար, ինչն արդեն քանի տարի խլված է իրենցից: Իշխող ռեժիմն ամեն օր Հայաստանի քաղաքացուն հիշեցնում է, որ ինքն այս երկրում ճորտ է, որ նրա դերակատարությունը միայն հնազանդ սպառողի, ռեժիմի պարագլուխների նյութական ցանկությունները բավարարողի գործառույթներով է սահմանափակված: Նրանք լքում են երկիրը և ուր էլ որ գնան, նույնիսկ՝ Հյուսիսային Կորեա, լինելու են եկվոր, պատասխանատու չեն լինելու տեղում առկա համակարգի համար, հոգեկան ապրումներ չեն ունենալու փողոցում, աշխատավայրում և այլուր տեղի ունեցող անարդարությունների, կոռուպցիայի, քաղաքացու իրավունքների ոտնահարումների պատճառով: Որովհետև գիտեն, որ իրենք այդ երկրի տերը չեն, իրենց ընտրությամբ են եկել և պիտի սպառեն, վայելեն այն, ինչ կա: Նրանք ո՛չ հարևանի հույզերով կապրեն, ո՛չ այդ երկրի տեղական կամ ազգային պրոբլեմներով: Կզգան՝ չե՞ն կարողանում լուծել իրենց բարեկեցության հարցը, ոչ մի խնդիր՝ կգնան մեկ ուրիշ երկիր: Իրերի դրության ու ընկալման այս բնականությունը խաղաղեցնում է մարդուն, ազատում ներքին հակասություններից, հանում այն ֆրուստրացիայից, որում հայտնվել է այսօրվա հայաստանյան հասարակության գերակշիռ մասը: Եվ ազատում է այն պատասխանատվության զգացումից, որ նորմալ երկրներում մարդուն միայն դրական զգացողություններ պիտի հաղորդեր: Հանուն դրա՝ մարդիկ կամովին գնում են այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են նոր հասարակությունում հաստատվելը, աշխատանք գտնելը, լեզու սովորելը, տեղի մշակույթին ադապտացվելը: Հանուն այն բանի, որ ազատվեն:

Սերժ Սարգսյանը չի գիտենա սա: Համենայնդեպս՝ պարտիական շկոլան, այլ «արժեքավոր» գիտելիքների շարքում, դժվար թե սա էլ տված լիներ: Բայցև Սերժ Սարգսյանը, ինչպես ցանկացած բռնատիրության պարագլուխ, ողնուղեղով զգում է, որ իր հիմնական թշնամին երկրի հանդեպ իր պատասխանատվությունը գիտակցող քաղաքացին է: Նրա համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ քաղաքացին (ո՛վ՝ երեխաներին պահելու կենսական անհրաժեշտությունից, ո՛վ՝ լավ կրթություն ստանալու երազանքով, ո՛վ՝մսաղաց դարձած բանակում իր որդու ծառայության մղձավանջից) հուսահատվի, հեռանա երկրից ու ազատի վարչախմբին ավելորդ գլխացավանքից՝ Սերժ, Սաշիկ, Տիգրան Սարգսյանների, վովագասպարյանների, տարոնմարգարյանների, թոխմախների, չոռնիների ու նեմեցների առաջ բացելով երկրի անարգել թալանի ու հարստահարման ճանապարհը: Որպեսզի չհանդիպեն դիմադրության: Լավագույնս այս միտքը, իհարկե, տարիներ առաջ արտահայտեց Տիգրան դ՛Օֆֆշոր Սարգսյանը՝ հայտարարելով, թե «մնան, որ էստեղ հեղափոխություն անե՞ն»:

Այն, ինչ ձևակերպել էր օֆշորում փողերի լվացմամբ զբաղվող վարչապետը, և իրականացնում է իր ազգանվանակիցը, ռեժիմի չբարձրաձայնված, բայց ինքնապահպանման նպատակով գործի դրված առաջնահերթ գաղափարախոսությունն է: Դրա համար են Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը սպանում Հայաստանի քաղաքացուն, վերածում նրան բնակչի, մղում տարագրության, սպանում ֆիզիկապես՝ ինչպես մարտի 1-ին, սպանում՝ նետելով բանտերը, սպանում ամենօրյա անարդարությամբ, ապօրինությամբ, նվաստացմամբ ու ծաղրով, գնելով օգտագործելով դեն շպրտելով: Խրախուսելով ամենայն ստոր հատկությունները և քամահրելով առաքինությունն ու բարոյականությունը:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ են հայազգի գերված զինվորի հարցով լռում միջազգային կառույցները’
Հաջորդ հոդվածը‘Թուրք պաշտոնյա. մինչեւ տարեվերջ կվերանորոգվի մինչեւ Հայաստանի սահման ձգվող երկաթուղին’