‘Խմբագրական. Ծնվել ես, որ ի՞նչ անես’

3343

Վստահ եմ` ոչ ոք չի մոռացել, բայց ամեն դեպքում հիշեցնեմ. 2012-ի հունիսի 17-ին, Ռուբեն Հայրապետյանին (հանրությանը հայտնի է Նեմեց մականվամբ) պատկանող «Հարսնաքար» (հանրության շրջանում առավել հայտնի է «Հանցաքար» անվամբ) ռեստորանում` Ավետյանի եւ մատուցողի միջեւ վիճաբանությանը խառնվում են ռեստորանի աշխատակիցները, իսկ հանրության պնդմամբ` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները, դաժանորեն ծեծում են Վահե Ավետյանին ու իր ընկերներին, եւ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ռազմական բժշկի կյանքը փրկել չի հաջողվում. այդպես էլ գիտակցության չգալով` օրեր անց նա մահանում է:

Վահե Ավետյանը ընդամենը 33 տարեկան էր: Երեկ` հունիսի 29-ին, նրա սպանության երկրորդ տարելիցն էր:

Իսկ այսօր Սերժիկ Սարգսյանի ծննդյան օրն է: Ոչ անհայտ «թռչուն» Խաչիկ Ասրյանը, ինչպես ինքն ասաց` «հայրենասեր լինելով»` այսօր առավոտյան Հ1-ի եթերում քծնանքի իր չափաբաժինը հղեց շեֆին` «աչքալուսանք անելով» իր նման «հայրենասերներին», որ Հայաստանի նախագահի աթոռը զավթողը 60 տարեկան է:

Եթե դատենք «հոբելյարին» ուղղված այն «բարեմաղթանքներով», որ կարդում ենք սոցիալական ցանցերում եւ լսում ամեն քայլափոխի, ապա Հայաստանում ասրյանական չափանիշով «հայրենասերների» թիվը ողբալիորեն քիչ է: Բարեբախտաբար: Եղած-չեղածը մի փոքրիկ հանցախումբ է, որի կերակրատաշտի լիությունը եւ մինչ այժմ բանտախցում չհայտնվելը պայմանավորված են այս նույն Սերժիկ Սարգսյանի իշխանության գոյատեւմամբ: Իսկ ահա Հայաստանի մնացած քաղաքացիները, այսինքն` գրեթե ողջ բնակչությունը, հայրենասեր չեն, որովհետեւ ոչ միայն ցանկություն չունեն շնորհավորելու Բաղրամյան 26-ում ցողունավորված պարոնին, այլեւ անափ ատելությամբ են լցվում նրանց նկատմամբ, ովքեր արդեն շնորհավորել են եւ պատրաստվում են շնորհավորել նրան:

Փաստորեն, բավական չէ` հայրենասեր չենք, նաեւ` քրիստոնեական ճանապարհի՞ց ենք անհուսալիորեն շեղվել:

Բայց ո՞վ է մեղավոր, եթե ապրում ենք մի իրականության պայմաններում, որտեղ, Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ` ոչընտիր այս պարոնի յուրաքանչյուր ապրած օրը հավասարազոր է իրենց իսկ կյանքի կրճատման:

Սերժիկ Սարգսյանը հիմա նախագահի աթոռին բազմա՞ծ կլիներ, եթե 2008-ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում չգնդակահարվեին Հայաստանի տասը քաղաքացիներ, որոնք Վահե Ավետյանի նման երիտասարդ էին: Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները կհամարձակվեի՞ն գազանաբար սպանել Վահե Ավետյանին, եթե տասը քաղաքացիների կյանքը խլած մարդասպանները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, իսկ Սերժիկ Սարգսյանը հրաժարվեր մտնել Բաղրամյան 26` գիտակցելով, որ իր ճակատից երբեք չի մաքրվելու այն խարանը, որ դեպի ՀՀ նախագահի աթոռն իր ճանապարհը տասը սպանվածների արյամբ եւ նրանց հարազատների արցունքներով է ծածկված:

Ծնկները չդողացին «հոբելյարի». ոչ միայն անցավ այդ ճանապարհը, այլեւ այնպիսի պնդերեսությամբ սոսնձնվեց նախագահի աթոռին, որ հանրությունը հասկացավ` դեռ շատ արյուն է թափվելու, եւ մարդասպաններն ու մարդասպան բուծողներն անպատիժ են մնալու, որովհետեւ հենց նրա՛նք են Սերժիկ Սարգսյանի իշխանության երաշխավորները:

Հասկացավ ու համոզվեց: Եվ շարունակում է համոզվել գրեթե ամեն օր:

Բավարարվենք հիշատակված ու չհիշատակված անմեղ զոհերին հիշելով ու չթվարկենք նաեւ այն չարագործությունները, որոնց հետեւանքով արնաքամվում է նաեւ ինքը` Հայաստանը: Եվ արձանագրենք` Սերժիկ Սարգսյանին այսօր բարեմաղթանքի խոսք կարող են հղել միայն նրանք, ովքեր նրա հետ միասին` լկտի հետեւողականությամբ սպանում են Հայաստանի քաղաքացիներին ու Հայաստանը:

Եվ այսպես, «հայրենասեր չլինելով»` «հոբելյարի» տարեդարձի կապակցությամբ Հայաստանի քաղաքացիներին բարեմաղթում եմ շուտափույթ ազատագրում Սերժիկ Սարգսյանից եւ իր հանցախմբից:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 1-ին՝ ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ‘
Հաջորդ հոդվածը‘Օհանյան. Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնանք կռվելու’