‘Խմբագրական. Կա՛մ Սերժի հետ, կա՛մ Հայաստանի’

2645

Լևոն Տեր- Պետրոսյանի՝ օրեր առաջ հրապարակած հոդվածը շարունակում է քաղաքական առումով պարալիզացված պահել իշխանական համակարգը՝ իր բոլոր «ընդդիմադիր» արբանյակներով հանդերձ: Մի քանի կցկտուր ու քաղաքականապես փուչ պատասխանները միայն գալիս են արձանագրելու այդ փաստը:

Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, իհարկե, չես նախանձի: Հերիք չէր, որ նրանց համար քաղաքական տեքստն արդե՛ն  իսկ սպանիչ է, Տեր-Պետրոսյանն իր հոդվածով ուրվագծեց յուրօրինակ վերքաղաքական մի օրակարգ, մի խնդիր, որում չկա դասական քաղաքական պայքար իշխանության համար: Օրակարգի (որը պարունակում է խնդրի լուծման ճանապարհային քարտեզ) մեխը Հայաստանի ու Ղարաբաղի լինելության հարցն է, նրանց գոյությունը՝ որպես անկախ պետական միավորներ, որոնք ի վիճակի են ինքնուրույն զարգանալու և բարեկեցություն ապահովելու իրենց հասարակությունների համար: Մի տագնապ, որ այսօր մտմտում կամ բարձրաձայնում է Հայաստանի ամեն մի քաղաքացի: Իշխանական համարժեք պատասխանի բացակայությունը նաև հոգեբանական պատճառ ունի: Սերժ Սարգսյանն իր քայլերի հետևանքով ստացած հարվածներից ընկել է դեպրեսիայի մեջ և չունի նույնիսկ բռնապետներին հարիր վստահությունը՝ կոշտ արձագանքելու «ինչ անում եմ՝ ճիշտ եմ անում և լավ եմ անում» ոճով: Նա այսօր երկիրը կառավարում է օրը մի կերպ ավարտելու, խնդիրները մոռացության տալու միջոցով «լուծելու» հոգեբանությամբ:

Լևոն Տեր-Պետրոսյանի օրակարգն այլևս ելակետային է լինելու հայաստանյան քաղաքական գործընթացներում: Քաղաքական-հասարակական դաշտի բոլոր խաղացողները, ուզեն թե չուզեն՝ իրենց դիրքավորելու են այս օրակարգի համատեքստում: Քանի դեռ չկա այս քաղաքական օրակարգին ու խնդրի լուծման ճանապարհային քարտեզին համարժեք այլընտրանք, քաղաքական դաշտի ուղեցույցը շարունակելու է մնալ Տեր-Պետրոսյանի այս ճանապարհային ուղեցույցը: Հիմա ուրիշը չկա, և եթե չափանիշ ընդունենք համարժեքությունը՝ դժվար էլ ձևավորվի: Ու ո՛չ այն պատճառով, որ քաղաքական դաշտի մնացած խաղացողներն ի զորու չեն գեներացնելու նման օրակարգ, այլ որ Հայաստանում և նրա շուրջ ձևավորված իրողություններն ուղղակի այլ եզրակացությունների տեղ չեն թողնում:

Հաշվի առնելով հոդվածի՝ նախադեպը չունեցող հասարակական հնչեղությունը տարբեր միջավայրերում, ինչպես նաև այն, որ հոդվածում արտահայտված դրույթները դրական են ընկալվում քաղաքացիների գերակշիռ մասի կողմից (անկախ նրանից՝ կբարձրաձայնե՞ն նրանք դրա մասին, թե՞ ոչ. ի վերջո՝ Հայաստանում ենք ապրում, և ամեն բիզնեսմեն, պետական ծառայող, զինվորական ու ոստիկան դեռ պատրաստ չէ բարձրաձայն ասել այն, ինչ մտածում է իշխանության մասին), կարելի է արձանագրել, որ հասարակությունն այս պահին մի քայլ առաջ է քաղաքական դաշտից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանի համար կործանարար, իսկ հեռացումը՝ առաջնահերթ համարելու տեսանկյունից:

Բայց, այնուամենայնիվ, քանի որ Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհային քարտեզի իրականացումը քաղաքական գործընթաց է, սա հատկապես կարևոր թեստ է լինելու քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի համար: Կներգրավվե՞ն արդյոք նրանք օրակարգի է՛լ ավելի տարածմանը, իշխանական համակարգ ներթափանցմանը, նորանոր հասարակական զանգվածների ներգրավմանն ու, ի վերջո, դրա իրականացմանը, թե՞ կրկին կսկսվեն «բա էն ժամանակ հիշում ե՞ք» ոճի մեկնաբանություններ՝ ցույց կտա ժամանակը:  Սակայն հաշվի առնելով Հայաստանի և՛ ներսում, և՛ շուրջը ձևավորված ծայրաստիճան վտանգավոր իրավիճակը, Հայաստանի և Ղարաբաղի՝ որպես անկախ և ինքնուրույն պետական միավորների ապագայի գլխին նորանոր վտանգների ու փորձանքների գոյացումը՝ քաղաքական ուժերի այս դիրքորոշումը կանխորոշելու է նաև նրանց ապագան:  Հստակ բաժանարար գիծը քաշվել է. կա՛մ Հայաստանի հետ, կա՛մ Սերժի: Եվ ցավալի կլինի, եթե նրանք հայտնվեն այն մարդու դերում, ում իր ֆեյսբուքյան գրառման մեջ նկարագրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը.

Շատ տարիներ անց, թոռն էր թե ծոռն էր՝ հարցրեց.

Պապի, դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց:
-Գիտե՞ս, բալա ջան, խառը ժամանակներ էին, շատ բան էն ժամանակ չէր հասկացվում, նաեւ ապրելու խնդիր կար, հեշտ չէր կողմնորոշվել….
Էդ պարզ ա, պապի ջան, բայց դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց:
— Գիտե՞ս, բալա ջան, իրա շուրջ մեկ-մեկ էնքան էլ հաջող մարդիկ չէին հայտնվում, նենց դեմքեր կային, որ….
Դե դա էլ ա բնական, պապի ջան, բայց դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց:
— Գիտե՞ս, բալա ջան, ինքն էլ միշտ չէր, որ ճիշտ էր խոսում, մի տեսակ բաներ կային, հետո նաեւ չմոռանանք սկզբունքային տարաձայնությունները որոշ հարցերի շուրջ, որոնք էն ժամանակ կարեւոր էին:
Չեմ վիճում, պապ ջան, երեւի կարեւոր էին իրոք, բայց դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց:
— Շատերն այնքան էլ իրատեսական չէին համարում իր պայքարը, դե, ռեսուրսները հակառակորդի կողմն էին, ինքն էլ, ի վերջո, ստիպված եղավ նահանջել, վերջնական հաջողությունն իրա կողմը չէր: 
Պապ ջան, տենց էլ չհասկացա, վերջը դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ յուղ էիր վառում….

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանո Ռոնալդուն չի պատրաստվում մասնակցել ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր վթար Հալաբյան փողոցում. Իրար են բախվել 7 մեքենա, կան ծանր վիրավորներ’