‘Խմբագրական. Կայացած փաստեր եւ նոր փուլի սկիզբ’

2316

Այսօր շատ բան չկա գրելու, քանի որ այսօրվա գրվելիքը լինելու է բուն գործը Ազատության հրապարակում, եւ առանց գրելու էլ բավականին հստակ է ամեն ինչ՝ բացահայտելու, վերլուծելու, բացատրելու քիչ բան կա:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական գործընթացները հասնում են հանգուցալուծային կետի, որը բխում էր նախորդ զարգացումների ներքին տրամաբանությունից, եւ մենք (նկատի ունեմ՝ մեր եւ մյուս ընդդիմադիր լրատվամիջոցները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, փորձագետները), որքան կարողացել ենք՝ փորձել ենք բացել այդ տրամաբանությունը, ցույց տալ դրա զարգացման ուղղությունը: Մեզ հետ շատ անգամ չեն համաձայնել, վիճել են, եւ փառք Աստծո, որ այդպես է եղել: Հակադարձումը երբեմն եղել է ընկերական եւ փաստարկված, ավելի հաճախ, ցավոք՝ հայհոյախառն ու անձնավորված. այժմ, սակայն, բանավեճի այս փուլը կարող ենք փակված համարել, որովհետեւ ունենք մի քանի կայացած փաստեր, եւ հասարակական բանավեճն արդեն նոր ելակետերից է սկսվելու:

Մեզ մնում է, ուրեմն, միայն ամփոփել կայացած փաստերը:

Կայացած փաստ մեկ. քաղաքական աշուն

Շատերն էին խոսում թեժ աշնանից՝ հաճախ իրենք էլ հենց ներմուծելով այդ բնորոշումը, եւ իրենք էլ հեգնելով: Քաղաքական աշունը, սակայն, «թեժ» չէ, գոնե՝ իմ ճաշակով, եւ թեժության սիրահարների մեծ մասը հիմա այլ ճամբարում է, քան հանրահավաքը կազմակերպող ուժերն ու հանրահավաքի պոտենցիալ մասնակիցները: Ես կասեի, որ քաղաքական աշունը ոչ թե թեժ է, այլ շատ հանգիստ ու վստահ է՝ իր ոճով, եւ շատ հստակ՝ իր բովանդակությամբ: Կայացած փաստ է այն, որ ԲՀԿ-ի, Ժառանգության եւ ՀԱԿ-ի (մինչեւ վերջերս՝ նաեւ ՀՅԴ-ի) կողմից առնվազն տարվա սկզբից առաջ տարվող գործընթացը մտնում է իր վճռական, հրապարակային փուլ:

Արձանագրելով այդ փաստը՝ պետք է այստեղ անպայման հիշեցենք, որ քաղաքական այս համագործակցությունն արդեն տարվա առաջին կեսին գրանցել էր կարեւոր, անկախ Հայաստանի պատմության մեջ ընդդիմության համար թերեւս աննախադեպ արդյունքներ:

Այն է՝

ա. Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը,

բ. Իշխող կոալիցիայի վերջնական քայքայումը եւ Հանրապետական կուսակցության քաղաքական մեկուսացումը՝ որպես իշխող ուժի (այս իրողությունը միայն մասամբ հնարավոր եղավ փոխհատուցել ընդդիմության համագործակցությունից ՀՅԴ-ն պոկելու՝ իշանության հաջող փորձով),

գ. Սահմանադրական փոփոխությունների մեկնարկի հետաձգումը Սերժ Սարգսյանի կողմից նախապես ծրագրավորված հուլիսից՝ հոկտեմբեր, որը զգալիորեն թուլացրեց թե՛ անձամբ Սերժ Սարգսյանի, թե՛ ընդհանրապես իշխող ուժի դիրքերը, քանի որ խոսքը Սերժի այս պահի թիվ մեկ ռազմավարական քաղաքական ծրագրի մասին է:

Այսինքն՝ ներկայիս նոր փուլը զրոյից չգոյացավ՝ նախապես ընդդիմադիր ուժերի համագործակցության արդյունքում արդեն հաջողվել է զգալիորեն թուլացնել իշխանության դիրքերը: Բնականաբար՝ այն փաստը, որ իշխանության դիրքերը թուլացել են, չի նշանակում, որ իշխանության ուժը վերջնականապես սպառվել է, կամ նույնիսկ այն, որ այս պահին իշխանությունն արդեն ավելի թույլ է, քան հասարակությունը, եւ առավել եւս՝ «ռեժիմը տապալվել է» կամ նման մի բան: Մենք սթափ պետք է դատենք՝ հետագայում եւս հաջողություններ արձանագրելու համար, եւ հենց դրա համար էլ ասում եմ՝ աշունը ոչ թե թեժ է, այլ հանգիստ ու հստակ:

Մի բան, սակայն, պետք է հասկանանք՝ ընդդիմության այս հաջողությունները պատահական չէին, այլ հետեւանք էին այն պարզ փաստի, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միասնական օրակարգ ձեւավորեցին քաղաքական ուժեր, որոնք պատկառելի ազդեցություն ունեն միաժամանակ ե՛ւ Հրապարակում, ե՛ւ Ազգային ժողովում, այլ կերպ ասած՝ երկրում ձեւավորվել է իրական ուժային այլընտրանքային բեւեռ, եւ որեւէ հրաշք չկա, եթե այդ իրական բեւեռը կարողնում է հարցեր դնել եւ հարցեր լուծել:

Մի թերություն կար, սակայն, ցայս պահը՝ զարգացող քաղաքական գործընթացին իրեն մասնակից չէր զգում լայն հասարակությունը, որի պատճառով էլ մարդիկ շատ անգամ չէին ըմբռնում տեղի ունեցողի կարեւորությունն ու շոշափելիությունը: Այսօր արդեն այդ բացը լրացվելու է, եւ զանգվածները նույնպես իրենց մասնակից են գիտակցելու պրոցեսի:

Կայացած փաստ երկու. քաղաքական ուղերձի հստակությունը

Հաջորդ կայացած փաստը երեք ուժերի քաղաքական օրակարգի, քաղաքական պահանջների, քաղաքական ուղերձների հստակությունն է: Մեր քննադատներից շատերն էին վերջին շրջանում մեզ մեղադրում անհստակության մեջ՝ իշխանափոխության պահանջ չի դրվում, ասում էին նրանք, առաջնորդները, կարծես, հանրահավաքի չեն մասնակցելու եւ այլն: Կարծում եմ՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ նման հարցադրումներ եւ պրետենզիաներ այլեւս չեն կարող առաջանալ: Բացի այն, որ երեք ուժերի ղեկավարների մասնակցությունը հաստատվել է, եւ դա ինքնին հստակ ուղերձ է հասարակությանը՝ գործընթացի ի՛նչ եւ ինչպիսի՛ն լինելու վերաբերյալ (եթե անկեղծ խոսենք, ապա առանց նման մասնակցության՝ շատ բան, իրոք, հարցի տակ էր մնում), շատ հստակ է այս պահին նաեւ այն, որ բոլոր երեք ուժերն էլ համաձայն են իշխանափոխությունը քաղաքական օրակարգի հարց դնելու շուրջ՝ դրա վերաբերյալ շատ որոշակի ուղերձներ լսեցինք պաշտոնական մակարդակով:

Եթե կրկին վերհիշենք նախորդող զարգացումները, այլ բան դժվար էլ էր պատկերացնել՝ հարցը միայն ժամկետներն էին: Ընդդիմությունն այլեւս չէր կարող պահանջել վարչապետի հրաժարական, որը կանլրջացներ գործընթացը, չէր կարող անտեսել իր ներկայացրած 12 կետերի չիրականացումը եւ այնպիսի պատասխան քայլեր չձեռնարկեր, որոնք համարժեք լինեին փաստացի վերջնագրի չկատարմանը, չէր կարող նահանջել իր արդեն զբաղեցրած դիրքերից՝ առանց ոչ միայն քաղաքական դեմքն ու պատիվը, այլեւ քաղաքական իրական կշիռը կորցնելու. հետեւաբար, հոկտեմբերին ընդառաջ՝ ընդդիմության ընտրությունն արդեն իսկ շատ սահմանափակ էր:

Մնում էր, ուրեմն, միայն ստուգել հանրային տրամադրությունները, եւ մարզային հանրահավաքների գործընթացը ցույց տվեց, որ դրանք համընկնում են այն ուղղությանը, որով շարժվում էր ընդդիմությունը: Ի դեպ, երբ ասում էինք, թե պետք չէ շտապել, որովհետեւ քաղաքական գործընթացների առարկայական ներքին տրամաբանությունն ինքն է բերելու քաղաքական ուղերձների հստակեցմանը եւ բյուրեղացմանը, շատերը կարծում էին, թե մենք հարցը դրանով «ցրում ենք»: Բայց պետք է հասկանալ, որ հասարակական գործընթացներում իրոք կարեւոր են ոչ միայն դրանում ներգրավված խմբերի ցանկությունները եւ պատկերացումները, այլեւ մարդկային կամքից անկախ զարգացող՝ գործընթացների տրամաբանությունը. նկատի ունեմ, իհարկե, ոչ թե ինչ-որ գերբնական ուժ, այլ մարդկային գործողություններից իսկ բխած առարկայական տրամաբանությունը: Պատկերավոր ասած՝ մեկը, «ա» ասելով՝ չի կարող որոշ ժամանակ անց նաեւ «բ» չասել, եթե իհարկե չի ուզում խաղից դուրս հայտնվել: Հիմա, կարծում եմ, ասված է արդեն ոչ միայն «ա»-ն, այլեւ՝ «բ»-ն:

Մնում է, ուրեմն «գ»-ն, «դ-ն» եւ մնացածը: Քաղաքական գործընթացները միակողմանի ճանապարհ չեն: Եթե, մի կողմից, քաղաքական ուժերը պարտավոր են հանրության առաջ հստակեցնել իրենց քաղաքական ուղերձները եւ ծրագրերը, ինչպես նաեւ ի ցույց դնել դրանց իրագործման ճանապարհները, ապա, մյուս կողմից՝ հանրությունն առնվազն իր մասնակցությամբ պետք է հաստատի, որ այդ պահանջները նաեւ իրենն են: Կարելի է հազար անգամ վճռական եւ արմատական լինել, բայց ոչ ոք չի կարող Հրապարակում 100 հոգի հավաքելով՝ որեւէ լուրջ պահանաջ ներկայացնել, եթե չի ուզում անլրջանալ: Պարզ է, որ քաղաքական օրակարգը ձեւավորվում է ոչ միայն համաձայն ցանկության եւ ձգտումների, այլեւ ուժի առարկայական դասավորության, որի հաշվարկի մեջ մտնում է նաեւ հանրության մասնակցության եւ ներգրավման չափը գործընթացին: Այսօր հանրությունը պետք է տեսնի ոչ միայն խոսքի եւ ծրագրերի հստակություն, այլեւ այն, որ այդ խոսքն ու ծրագիրը ներկայացվում են իրական ուժի բեւեռի կողմից: Կարծում եմ, հանրահավաքին քաղաքական առաջնորդների մասնակցության մասին լուրով հանրությունն արդեն այդ ուժային ուղերձը ստացավ, բայց վերջնական հաստատումը կլինի բուն հանրահավաքի ընթացքում:

Իշխող խմբի մտորելու ժամանակը

Վերջապես, գործընթացի մյուս կողմն իշխանությունն է: Կարծում եմ՝ իշխանությունն էլ վերջին օրերին հստակ ուղերձներ ստացավ, եթե, իհարկե, իշխող խմբի մեջ դեռ կասկածողներ կային գործընթացի լրջության առումով: Ճիշտ է, իշխող խմբի ներկայացուցիչներին Սերժ Սարգսյանն անձամբ դեռ սեպտեմբերին զգուշացրել էր «ռազմական վիճակի» մասին, երբ նա հանրապետականներին կոչ արեց այսուհետ զինվորի կարգապահությամբ մասնակցելու գործընթացներին, բայց դժվար է ասել, թե արդյո՞ք այդ կոչը բոլորին էր տեղ հասել, եւ եթե հասել էր, ապա ի՞նչ ձեւով: Եկել է նաեւ իշխող խմբի ներսում գտնվող խմբերի եւ անձանց կողմնորոշվելու պահը՝ Սերժ Սարգսյանից մինչեւ «շարքային»: Նրանք պետք է լավ հաշվարկեն, թե որտե՞ղ է գտնվում յուրաքանչյուրի իրական, ոչ թե անվանական շահը, ինչպես նաեւ այն, թե ո՞ւր է տանում ուժային կշռույթի տատանումը: Կարծում եմ, ամեն դեպքում՝ իշխող խմբի որոշ հատվածներ մի վերջին անգամ պետք է հասկանան, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հասնի վերջնական հաջողության, ապա դա լինելու է նաեւ իշխող խմբից շատերի տապալման սկիզբը: Ինչպես առիթ ունեցել եմ գրելու, խոսքս վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին՝ որպես կառույցի, որը իրերի տրամաբանության բերմամբ ուշ թե շուտ ենթարկվելու է արմատական զտման, եթե ոչ քաղաքական ոչնչացման՝ հաղթող Սերժի կողմից, եւ ոչ թե՝ որովհետեւ Սարգսյանը վատ մարդ է կամ վատություն է ուզում արած լինել, այլ ելնելով հենց զարգացումների ներքին տրամաբանությունից (քանի որ հարցին ժամանակին մանրամասն անդրադարձել եմ, այստեղ, բնականաբար, փաստարկումս չեմ երկրորդի): Այնպես որ՝ մտորելու տեղիք ունեն բոլորը:

Կայացած փաստ երեք. «մարտական» դասավորությունը

Կայացած փաստ կարող ենք համարել նաեւ քաղաքական ուժերի դասավորությունը վճռական իրադարձությունից առաջ: Ավելորդ է կրկնել, որ քաղաքական խաղի վճռական փուլերում քաղաքական որեւէ սուբյեկտի համար չեզոք դիրքը բացառվում է՝ խաղադաշտում երրորդ թիմ չկա ու չի կարող լինել: Ավելորդ է կրկնել նաեւ, բայց, կրկնեմ, քանի որ շահարկումներ այս թեմայով լինելու են, այն, որ չեզոքության բացառման մասին խոսքս վերաբերում է բացառապես քաղաքական ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերին եւ գործիչներին, այլ ոչ թե հասարակության յուրաքանչյուր անդամի: Ի դեպ, զարմանալի է, որ այս փաստից երկուստեք ողբերգություն են սարքում՝ քաղաքական դասավորությունները բնականորեն փոփոխական են, եւ ոչ միայն երեկվա՝ իրար քաղաքականապես «օրհնողներն» են այսօր իրար «հայհոյում», այլեւ այսօրվա իրար «օրհնողների» մի մասը վաղն իրար անխուսափելիորեն «հայհոյելու» է, եւ հակառակը, եւ այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա քաղաքականությունն ընդհանրապես:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 20 երկրների դեսպանների հետ. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորանք Ստեփան Դեմիրճյանին’