‘Խմբագրական. Կանխել պետության վախճանը ‘

1964

Այն, ինչ Սերժ Սարգսյանն անում է արտաքին քաղաքականության ոլորտում, թերևս, տարիներ անց խորը և համապարփակ ուսումնասիրության առարկա կդառնա՝ որպես մի ուրույն օրինակ այն բանի, ինչ չի կարելի անել արտաքին քաղաքականության հարցում: «Ինչպես չի կարելի վարել արտաքին քաղաքականություն» վերտառությամբ այդ ուսումնասիրությունը, հաստա՛տ, տարիներ անց բեսթսելլեր կլինի, միայն թե` ուսումնասիրության ամենավերջում ի՞նչ գրված կլինի՝ արդեն ՀՀ քաղաքացիներից է կախված:

Եթե քաղաքացիներն ու քաղաքական ուժերը իշխանությունից չհեռացնեն Սարգսյանին, ապա ուսումնասիրության վերջին գլուխը հաստատ կկոչվի «Պետության վախճանը», իսկ հակառակ պարագայում` «Պետության շրջադարձը` դեպի փրկություն»:

Սարգսյանի իշխանության տարիների առաջին շրջանի նկարագրությունը հաստատ կսկսվի այսպես. սկզբում Սարգսյանը, որ ռուսական հատուկ ծառայությունների շքանշանակիր էր, խորը և համապարփակ եվրոպամետ էր ներկայանում, բայց հետո, մի քանի տարի անց, ընդամենը մեկ օրում Սարգսյանը նորից դարձավ ուղղափառ ռուսամետ: Սկզբում Սարգսյանը պատրաստ էր անվերապահորեն ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, հետո գնաց Մինսկ և խնդրեց Մաքսային միության ղեկավարներին` անվերապահորեն և հնարավորինս արագ ընդգրկել Հայաստանը Մաքսային միության մեջ: Հետո, այդ ամենի թոհուբոհում, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դառնալ Արաբական պետությունների լիգայի դիտորդ անդամ: Հետո ՀՀ քաղաքացիները հիշեցին Սարգսյանի իշխանության լակմուսի թուղթ ոմն Գալուստ Սահակյանի, ով թեև մտքերը դժվարությամբ էր արտաբերում, այդուհանդերձ, իշխանությունները նրա միջոցով որոշակի տեղեկատվական արտահոսքեր էին կազմակերպում` երբեմն-երբեմն: Եւ ահա, հիշեցին ՀՀ քաղաքացիները, որ դեռևս Սարգսյանի եվրոպամետության օրերին Գալուստ Սահակյանն ասում էր, թե եթե Եվրոպան չուզի մեզ, ապա Հայաստանը կգնա դեպի իսլամական աշխարհ: Ո՞ւր էր գնում Հայաստանը, կամ` ո՞ւր էր գնալու՝ ոչ ոք չգիտեր, նույնիսկ ինքը` Սերժ Սարգսյանը չէր կարող կանխատեսել, թե ո՛ր միություն մտնելու կամ ո՛ր միության հետ համագործակցության մասին ինքը կխոսի օրեր կամ ամիսներ անց: Արտաքին քաղաքական ծայրահեղ անկախատեսելիությունը, որը Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները  անվանակոչել էին «և-և»-ի քաղաքականություն, ի վերջո Հայաստանը կանգնեցրեց «կամ-կամ»-ի առաջ: Ու թեև իրականում Հայաստանին որևէ տեղ չէին հրավիրում, Հայաստանը խնդրում էր բոլորին համագործակցել իր հետ` մտցնել իրեն բոլոր հնարավոր միություններ, ու կամ չէր կարող կանխատեսել պարզագույն քաղաքական իրողությունները, կամ էլ ձևացնում էր, թե չգիտեր, որ քաղաքական տարբեր միավորումներն ունեն իրենց` իրարից տարբերվող, երբեմն իրար հակասող շահերը, ինչի արդյունքում էլ երկիրը կանգնեցրեց կոտրած տաշտակի առաջ: Ադրբեջանական կուսդպրոցի նախկին սանը թերևս առաջին դե ֆակտո ղեկավարն էր աշխարհում, որ սեփական հայրենիքը շալակել ու դուրս էր եկել աշխարհաքաղաքական մեյդան, ու բոլորին առաջարկում էր այն` էստի համեցե՜ք, լավ հայրենիք, էժա՜ն հայրենիք:

Տարիներ անց Սարգսյանի մասին հաստատ գրվելու է հատուկ ուսումնասիրության մեջ: Բայց նույն ուսումնասիրության մեջ, բացի Սերժ Սարգսյանի ապաշնորհ քաղաքական կառավարումից, հիշատակվելու են նաև ՀՀ քաղաքացիները:
Եւ այն, թե ինչպես ենք մենք հիշատակվելու, կախված է հենց մեզանից` ՀՀ քաղաքացիներիցս: Կա՛մ մենք ներկայացված կլինենք որպես «Պետության վախճանը» կանխողներ, կա՛մ…:

 

Նախորդ հոդվածը‘Երևանում բացվել է Անտոն Քոչինյանի կիսանդրին’
Հաջորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնում` բազմամյա ընդմիջումից հետո’