‘Խմբագրական.Կարսի անկումն ու այսօրը’

3099

Հոկտեմբերի 31-ին լրացավ Կարսի անկման հերթական տարին: Թեեւ այս իրադարձություններից մեզ բաժանում է 100 տարուց մի քիչ պակաս, բայց, կարծում եմ, կհամաձայնեք, որ 1920-ի աշնան հայ-թուրքական պատերազմը, սովորական իմաստով, պատմական անցյալ չէ, եւ դրա վելուծությունն արդիական է նաեւ այսօր, եւ ոչ միայն այն պատճառով, որ այսօր էլ ապրում ենք այդ պատերազմի հետեւանքներով ստեղծված սահմաններում, այլեւ որովհետեւ չիմաստավորված, չմարսված պարտությունը, ասես անմարմին մի ուրվական, հետապնդում է մեր հասարակական գիտակցությունն ու ենթագիտակցականը եւ կշարունակի հետապնդել այնքան ժամանակ, մինչեւ անթաղ մեռելներին հողին չհանձնենք: Այդ հին օրերի դեպքերը հազար ու մի թելով կապված են մեր այսօրվա հետ, եւ դրանց շարունակական վերլուծությունը պետք է օգնի այսօրվա մեջ ճիշտ կողմնորոշվելուն:

Կարսի անկման մասին շատ է գրվել, բազմաթիվ պատճառներ են բերվել հայերի պարտության, բայց այսօր էր հարցը մնում է բաց: Փորձեմ ներկայացնել տեսակետս, որն, իհարկե, մեծ հավակնություններ չունի, եւ որի նպատակը ոչ այնքան պատմական վերլուծությունն է, որքան ենթատեքստով անդրադարձն այսօրվա խնդիրներին: Միանգամից նշեմ նաեւ, որ ես պատմական դատ ու դատաստանի կողմնակից չեմ. անցյալն արդեն անդառնալի է, եւ մեռելներին ուսուցանելն՝ անիմաստ: Խնդիրը ոչ թե դա է, այլ հասկանա՛լը, եւ եզրակացություններ անելը ոչ թե անցյալի, այլ այսօրվա՛ համար:

Պարտության կեղծ պատճառները

Կարսի անկման մասին գրականությունում բերվող պարտության բազմաթիվ պատճառներից նախ հիշատակեմ մի քանի առավել կարեւորը՝ միանգամից նշելով, որ դրանք, ըստ իս, որպես պատճառ՝ կեղծ են, թեեւ որպես գործոն՝ կարող են կարեւոր լինել: Եվ այսպես, Կարսի անկման կեղծ պատճառներն են.

ա. Ժողովրդի անմարտունակությունը, դասալքությունը եւ այլն: Պետք է մի օր անպայման ազատվել այն սին պատկերացումից, թե ժողովուրդներն իրենք իրենցով հաղթում կամ պարտվում են, անում են կամ չեն անում հեղափոխություններ, ընդհանրապես՝ լինում են լավը կամ վատը: Հաղթում կամ պարտվում է տվյալ ժողովրդի կազմակերպվածությունը (լայն իմաստով, որը ներառում է գաղափարականությունը, քաղաքական միտքը, կառույցները եւ այլն): Ի վերջո, նույն այդ ժողովուրդը 1918-ին հաղթել էր Սարդարապատում եւ Ապարանում (բայց մինչ այդ էլ՝ նույն 1918-ին, թշնամուն հանձնել Երզնկան, Կարինը եւ այլն): Ո՛չ Սարդարապատի հաղթանակի, ո՛չ էլ Կարսի պարտության պատճառը ժողովրդի ոգին, տրամադրությունը, էությունը եւ այլ՝ վատ իմաստով միսթիկան չէր, այլ քաղաքական կամքն ու կազմակերպումը:

բ. Ռազմական անկարողությունը, բանակի՝ սպաների եւ զինվորների անորակությունը եւ այլ՝ զուտ ռազմական պատճառներ: Ճիշտ է, որ մեր սպաների մեծ մասը, բացի հեղափոխական, ֆիդայական, այսինքն՝ քաղաքական պայքարի դպրոցն անցածներից, անկախ պետության գաղափարի կրողը չէին, ժողովրդից կտրված, ռուսախոս եւ մեծ հաշվով՝ միջակ ունակությունների տեր մարդիկ էին, հաճախ էլ՝ կաշառակեր կամ նույնիսկ ձրիակեր՝ ցարական բանակի տիպիկ արդյունք: Բայց ճիշտ է նաեւ այն, որ եթե կրկին հիշենք 1918-ը, ապա նույն այդ սպաներով հնարավոր եղավ խնդիր լուծել: Նույն Բեկ-Փիրումյանը, Սիլիկյանը, որոնք 1920-ին դրսեւորվեցին որպես անճար «ծերունիներ», Սարդարապատում լուրջ ներդրում ունեցան (թեեւ չափազանցել նրանց դերը, ինչպես հասկանալի պատճառներով անում էր սովետական պատմագրությունը՝ լռության մատնելու համար քաղաքական կազմակերպման դերը, անշուշտ, դեմ է պատմական ճշմարտությանը):  

Ընդհանրապես՝ պետք է նկատի ունենալ, որ որեւէ երկրի բանակում (նույնիսկ լավագույնում) որեւէ ժամանակ նապոլեոնները, շլիֆենները, գուդերիանները եւ այլ ռազմական հանճարները կամ տաղանդները, բնականաբար, մեծամասնություն չեն, եւ չեն էլ կարող լինել, ինչպես որ գիտնականների մեծ մասը Էյնշթեյն եւ Կոպեռնիկոս չեն: Ավելին. նորմալ դեպքում բանակներում ընդհանրապես չեն լինում նապոլեոններ: Դրանք չկային 1920 թվին հայկական բանակում, ինչպես եւ չկային թուրքականում: Երկու նորմալ, միջակ սպայական կազմերի կռիվ էր (միջակ՝ տվյալ դեպքում չի նշանակում վատ, հակառակը, նշանակում է նորմալ, լավ, բայց ոչ հանճար կամ գերտաղանդ):

Ավելի ընդհանրացնելով՝ պետք է ասենք, որ ռազմական հաղթանակների եւ պարտությունների պատճառն առհասարակ չի կարելի փնտրել զուտ ռազմական ոլորտում: Բնականաբար, պատերազմում ռազմական գործոնները չեն կարող կարեւոր չլինել, բայց երբեք չպետք է մոռանալ, որ ըստ Կլաուզեւիցի դասական եւ առ այսօր չվիճարկված սահմանման՝ պատերազմը ոչ թե ինքնաբավ ոլորտ է, այլ քաղաքականության մաս, քաղաքականության շարունակություն եւ քաղաքականության միջոց: Ռազմական հաջողությունների եւ ձախողումների վերջին, էական պատճառը միշտ էլ եղել է եւ կմնա քաղաքական ոլորտում, նույնիսկ ա՛յն դեպքերում, երբ բանակները ղեկավարվում են նապոլեոնների կողմից (Նապոլեոնն այնպիսին, ինչպիսին գիտենք, երբեք չէր դրսեւորվի, եթե չլիներ Ֆրանսիական հեղափոխությունը, դրա բախումը եվրոպական միապետությունների հետ, եւ այդ բախման մեջ ծնված լրիվ նոր, նախորդ շրջանին հակադիր ռազմական ստրատեգիան՝ զանգվածային, ժողովրդական բանակները՝ հիմնված համընդհանուր զորակոչի վրա, ինչը հնարավորություն ստեղծեց արագ ռազմերթերի եւ վճռական նպատակներով ճակատամարտերի):

Հայաստանի անձեւ քաոսը

Հետեւաբար, մենք էլ Կարսի անկման եւ 1920 թվի պարտության պատճառները պետք է նախ փնտրենք քաղաքական, այլ ոչ թե զուտ ռազմական ոլորտում: Ի՞նչ կարելի էր անել 1920-ի ամռանն ու աշանը՝ պատերազմի նախաշեմին, որը չարվեց:

Ամենակարեւոր քաղաքական նպատակը, որին պետք էր ձգտել՝ թուրքերի հետ պատերազմից խուսափելն էր: Ոչ թե որովհետեւ պատերազմն ինքին վատ է կամ լավ է, այլ ելնելով այն կոնկրետ պայմաններից, որոնք առկա էին այդ շրջանի Հայաստանում: Պետք է ասել, որ պատերազմից խուսափելու հստակ քաղաքականություն այդ ժամանակվա հայաստանյան վերնախավը չտարավ: Հակառակը՝ իշխող վերնախավի մեջ բավականին էյֆորիկ տրամադրություններ կային. շատերը համարում էին, որ ժամանակն է զինված ուժով վերագրավելու 1918-ին կորցրած Արեւմտյան Հայաստանը: Լրջորեն քննարկվում էր դեպի Կարին հաղթական ռազմարշավը: Որո՞նք էին այդ քաղաքականության անիրատեսության հիմքերը:

1920 թվի Հայաստանում հասարակական միասնությունը ոչ թե նվազագույն աստիճանի էր, այլ, կարելի է ասել՝ բացակայում էր: Իհարկե, ցանկացած հասարակություն բաժանված է տարասեռ եւ հակասող շահերով խմբերի, որոնք մրցակցում են միմյանց հետ եւ հակադրվում իրար: Միաժամանակ, սակայն, ցանկացած հասարակություն  (կամ դրա ճնշող մեծամասնությունը) միավորված է մի քանի՝ բոլորի համար ընդունելի եւ անվիճելի գաղափարների, սկզբունքների, շահերի շուրջ: Հայաստանում, փաստորեն, չկար նաեւ այդ՝ ամենաբարձր մակարդակի միասնությունը: Հայաստանը ոչ թե հասարակություն էր՝ բաղկացած տարասեռ խմբերից, այլ պարզապես մի քանի՝ լիովին տարբեր ձգտումներով խմբերի՝ բեկորների քաոս: Չեմ խոսում Հայաստանի մահմեդական փոքրամասնության մասին, որը բնակչության մեծ տոկոսն էր, եւ որը միայն զենքի ուժով էր պատրաստ ենթարկվել Հայաստանի պետությանը: Հենց հայերի մասին է խոսքս, որոնց մեջ սկզբունքային համաձայնությունը առաջնային հարցերի շուրջ բացակայում էր:

Այդ խմբերն էին՝ արեւելահայ «շարքային» մեծամասնությունը, որի համար Հայաստանի անկախությունը չլսված, չմարսված գաղափար էր՝ ժամանակ եւ աշխատանք էր պետք, որ այն իրոք անվիճելի արժեք դառնար: Առավել շեշտված էր արեւելահայ սպաների դիրքը, որոնց համար անկախ Հայաստանը մի ժամանակավոր երեւույթ էր, եւ որոնք սպասում էին Ռուսաստանի վերադարձին՝ միակ իրական պետությունը, որը նրանք ճանաչում էին: Մյուս հատվածն արեւմտահայերն էին, որոնց համար էլ Հայաստանն ընդամենը Արարատյան Հանրապետություն էր, մեծ հաշվով՝ օտար եւ ժամանակավոր կացարան, իսկ իսկական Հայաստանը, Երկիրը՝ Արեւմտյան Հայաստանն էր: Հետեւաբար՝ սրանց համար էլ եղած անկախությունը, եղած պետությունը մեծ արժեք չուներ: Սրանց մեջ էլ առանձնանում էր ռազմական խավը՝ խմբապետները, որոնց մի մասը թեեւ ավելի հակված էր ըմբռնելու Հայաստանի Հանրապետության արժեքը, բայց, միեւնույն է, հիմնական ձգտումը դեպի Արեւմուտք էր: Կար քաղաքական փոքրամասնություն՝ Դաշնակցության ղեկավարությունը, որը փորձում էր այս ծայրահեղությունների արանքում խուսանավել, բայց այդպես էլ վճռական դիրքորոշում չընդունեց:

Մնացած հանգամանքների մասին կարելի է չմանրամասնել՝ դրանք հայտնի եւ պարզ են՝ բոլշեւիկների եւ քեմալականների միասնությունը, դաշնակիցների՝ Անտանտի պետությունների հեռավորությունը, ներսում մահմեդական բնակչության անհավատարմությունը եւ այլն:

Իրատեսական մարտավարության փորձ

Այս պայմաններում կարելի էր քիչ թե շատ իրատեսական համարել հետեւյալ ծրագիրը:

ա. Արեւելյան Հայաստանի կազմավորումը՝ թշնամի բնակչությունից զտումը, սահմանների ապահովումը, միասնական հասարակության ձեւավորումը: Պետք է հաշվի առնել, որ Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը դեռ մնում էր մեր վերահսկողությունից դուրս կամ էլ վիճելի տարածք էր՝ Ղարաբաղը, Զանգեզուրը, Լոռին, Ջավախքը եւ այլն: Եթե ռեսուրսը կենտրոնացվեր այդ ուղղություններով, գուցե հնարավոր լիներ դրանց մեծ մասը միացնել ՀՀ-ին: Այդ տարածքներն էլ դեռ պետք էր «մարսել» եւ հայացնել:

բ. Հարեւան բոլոր ուժերի, հատկապես՝ առավել հզորների՝ ռուսների եւ թուրքերի հետ հարաբերությունների կարգավորումը, իհարկե, հնարավորության սահմաններում:

Այս նպատակներին հասնելու միջոցներ կարելի էր համարել՝

ա. Եթե մի քիչ կոպիտ ձեւակերպենք՝ Սեւրի պայմանագրի թանկ «վաճառելը» թուրքերին: Սեւրը թղթի կտոր դարձավ հայերիս համար, սակայն այն այդպիսին չէր ի սկզբանե: Քեմալականները, որոնք նույնպես իրենց երկրի ներսում ընդամենը ապստամբ էին համարվում, իրական անհանգստություն ունեին թե՛ Սեւրից, թե՛ Հայաստանից՝ չարհամարհելով դրա ուժը: Եթե հայերս չփորձեինք Սեւրը բառացի իրագործած տեսնել, որն այդ պայմաններում հնարավոր չէր՝ արդեն նշած պատճառներով, ապա Սեւրը կարող էր իրական օգուտ բերել մեզ: Դա եզակի խաղաթուղթ կարող էր դառնալ բանակցությունների համար: Կարելի էր, թերեւս, հասնել քեմալականների կողմից Արեւելյան Հայաստանի ճանաչմանն ընդարձակ սահմաններով՝ Կարսով, Նախիջեւանով, Ղարաբաղով, գուցե նաեւ Արեւմտյան Հայաստանի ինչ-որ հատվածներով: Իհարկե, ոչինչ երաշխավորված չէր նաեւ այս բանակցությունների դեպքում, բայց սա ավելի իրատեսական փորձ կարող էր լինել, քան պատերազմով միանգամից երկուսին՝ քեմալականներին եւ բոլշեւիկներին դիմադրելը 1920-ի պայմաններում, որի արդյունքը եղավ նույնիսկ այն տարածքների կորուստը, որոնք արդեն վերահսկում էինք:

բ. Երկրի ներսում քաղաքական փոքրամասնությունը պետք է հաստատեր ժամանակավոր «դիկտատուրա»: Դիկտատուրան, սկզբնական իմաստով, Հին Հռոմում ժամանակավոր արտակարգ լիազորություններն էին, որոնք տրվում էին այս կամ այն անձին՝ հանրապետությունը ծանր, հիմնականում՝ ռազմական ծանր կացությունից դուրս բերելու համար: Քանի որ երկրի ներսում չկար հասարակական բազային կոնսենսուս, եւ տարբեր խմբերը ձգտում էին լրիվ տարբեր ուղղություններով՝ բոլորն էլ փաստացի նսեմացնելով կամ ժխտելով անկախ պետության արժեքը, փոքրամասնությունը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցներ՝ առաջ տանելու ոչ պոպուլյար, բայց իրատեսական որոշումները: Իհարկե, դրա համար քաղաքական փոքրամասնությունն ինքը պետք է հանգեր ավելի իրատեսական դիրքերի, որի ներուժը, կարծում եմ, այդ ժամանակվա Դաշնակցության ղեկավարությունում կարող էր գտնվել, եթե չլիներ բոլորի համար լավը լինելու, բոլոր խմբերին կիսատ-պռատ զիջելու, խուսանավական մարտավարությունը:

Իհարկե, նույնիսկ այս բոլոր պայմանների կատարման դեպքում որեւէ երաշխիք չկար, որ պատերազմը չէր սկսվի, հայերն էլ չէին պարտվի: Բայց նույնիսկ պատերազմի անխուսափելիության դեպքում, եթե ելակետում լիներ մի կողմից՝ իրատեսական, մյուս կողմից՝ կոշտ եւ կենտրոնացած քաղաքականություն, կարելի էր խուսափել աղետալի հետեւանքներից՝ գրեթե նույն սկզբունքներով եւ միջոցներով, ինչ նկարագրեցինք՝ փոփոխված ըստ նոր հանգամանքների:

Ես հատուկ չեմ անցկացնում զուգահեռներ այսօրվա հետ: Նախ՝ զուգահեռները շատ են եւ բազմաշերտ, ընդ որում՝ ոչ միշտ բառացի: Երկրորդ՝ ընթերցողն ինքը, կարծում եմ, ի զորու է անել այդ եզրակացությունները, գուցե նույնիսկ ավելի լավ, քան հեղինակը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Արարատ Կոստանյան. Ալ-Քաիդայի գաղափարաբանությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ «մշտական բնակչության» զգալի մասը մշտապես բնակվում է Հայաստանից դուրս. «ՉԻ»’