‘Խմբագրական. Կարևորը` «արևմտամետ» ես, ջհանդամ թե` թախտի տակից դուրս չեկար’

2529

Ֆեյսբուքում հարց էի տվել, թե այն օրերին, երբ Ազգային ժողովի դարպասի մոտ ԵՏՄ-ին անդամակցության դեմ բողոքում էին մի քանի տասնյակ մարդիկ, որտե՞ղ էին այդ նույն օրերին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «երդվյալ արևմտամետ» Արամ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցության, Քաղաքացիական պայմանագրի, Նախախորհրդարանի առաջնորդներն ու, ըստ իրենց հավաստիացումների` բազմաթիվ անդամները, «վճռականության» պակասի համար Հայ ազգային կոնգրեսին մեղադրող և հենց այդ պատճառաբանությամբ Կոնգրեսը լքած Միքայելյան Սասունը, Ռուբինյան Կարապետը, Զուրաբյան Արարատը, Մակեյան Պետրոսը, Գիմիշյան Սոսը (Շահնազարյան Դավիթին մոռացել էի հիշատակել, ընկերներիցս մեկը սիրով հիշեցրեց), նաև վերջին շրջանում լրատվամիջոցների թանկագին հյուր դարձած նախկին այլախոհ Ազատ Արշակյանը:

Հարցիս պատասխանն ակնկալում էի հատկապես նրանցից, ովքեր յուրաքանչյուր հակաԿոնգրեսական խոսք ընդունում էին օվացիաներով և Կոնգրեսը լքող «վճռականներին» հերոսի լուսապսակով էին օծում:

Հիշեցնեմ, որ Կոնգրեսը իշխանություն չէ` ընդդիմադիր քաղաքական ուժ է, ասպարեզում եղած բոլոր ընդդիմադիր ուժերից անհամեմատ ավելի շատ հարվածներ է ստացել Սերժիկ Սարգսյանի ավազակախմբից և մինչև հիմա էլ այդ ավազակախմբի աչքի ամենամեծ փուշն է, չունի զինված ոստիկաններ ու զորք, չունի բանտ, չունի լծակներ` այս «հերոսներին» ազատազրկելու, ճնշելու, աշխատանքից ազատելու, բիզնեսից զրկելու և այլ պատժամիջոցներ կիրառելու համար. այնպես որ` ինձ համար մինչ օրս անհայտ է ու այդպես էլ անհայտ կմնա, թե Կոնգրեսը լքելով` այս մարդկանց հերոսությունը որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում:

«Ախպեր, հայ ե՜՞ս… Բա ընչի՞ չես մազերդ փետում»

«Այս օրերին» ու՞մ մահն էին գուժում «արևմտամետները»:

Հայաստանի:

Եվ դեռ կշարունակեն գուժել: Ու «թղթե շերեփի» անպտղության մասին հիշեցնողները կշարունակեն «մեռնող» Հայաստանի բնակիչների քթի տակ թափահարել այդ նույն «թղթե շերեփը»` հոխորտալով «երկաթե շերեփի» արդյունավետության մասին: Ու կշարունակեն մինչև հոգու խորքը ցնցահարվել, թե ինչու չենք ազգովի միանում ողբասացներին, և ով չի միանում` դավաճան է:

Ես էլ եմ այդ դավաճաններից: Որովհետև որքան էլ աղեկտուր ողբան եղերամայրերն ու եղերահայրերը, ես չեմ մտածում, որ Հայաստանը մեռնում է: Երբեք նման բան չեմ մտածել: Չեմ մտածել նույնիսկ այն ժամանակ, երբ երկրաշարժը հիմնահատակ ավերել էր մեր երկրի կեսը, տասը հազարավոր դագաղներ էին շարված գետի պես հոսող արցունքներից գրեթե կուրացած մեր աչքերի առաջ, Շարժման առաջնորդները բանտում էին, սովետական «ազատարար» բանակն էլ տանկերով «վարում էր» մայրաքաղաքի փողոցները… Երբեք նման բան չեմ մտածել այն տարիներին, երբ մոմի լույսի տակ նստած՝ դողում էինք ցրտից ու սովից, երբ մեր տղամարդիկ կյանքի ու մահու կռիվ էին տալիս, և օր չկար, որ զոհեր չունենայինք մեզ պարտադրված պատերազմում:

Ինչպես այն դաժանագույն տարիներին, հիմա էլ եմ մտածում, որ ապրում ենք ոչ պակաս ծանր շրջան, և այդ ծանր շրջանը պետք է հաղթահարենք, նախ, լուծելով գլխավոր և այլընտրանք չունեցող հարցը` ԱԶԱՏԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻՆ ՀԱՍՑՐԱԾ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԾԻՑ, և դրանից հետո մտածել, թե ինչպես հաղթահարենք այն դժվարին խնդիրները, որ Սերժիկ Սարգսյանի ավազակախումբն է բարդել Հայաստանի քաղաքացիների ուսերին: Եվ այս խնդիրները լուծել` գերնպատակ ունենալով առանց ցնցումների ու մարդկային զոհերի մեր պետությունն այս վիճակից դուրսբերումը, առանց «երկաթե շերեփի» «բարեմասնությունների» մասին սին և թղթե բարբաջանքների:

Չէ՛, ով չի գիտակցում, որ Հայաստանը կորցնում է անկախությունը, ինչը, բնականաբար` մահ է նշանակում, դավաճան է` պնդում են ողբասացները:

Դե՛, պնդում են` պնդում են: Համարենք, որ ես անհիմն լավատես մարդ եմ, իրենք էլ` հիմնավորված վատատես: Դե, ես էլ` Հայաստանի դավաճան քաղաքացիս, որը, մեղմ ասած, երջանկությունից չի թռչկոտում, որ Կոնգրեսի պատգամավորները «կողմ» են քվեարկել ԵՏՄ-ին անդամակցությանը, բայցև` շարունակում է Հայաստանի փրկությունը կապել այս քաղաքական ուժի հետ, պարզագույն հարց եմ տալիս Կոնգրեսին «դավաճան» հայտարարողներին, թե վերևում հիշատակված «հերոսները», որոնք նույնպես լրատվամիջոցներով հայտարարում էին, որ ԵՏՄ-ին անդամակցությունն անկախության անվերադարձ կորուստ է նշանակում, որտե՞ղ էին այն օրերին, երբ Հայաստանի կենաց-մահու հարցն էր վճռվում: Ինչու՞ էին միայնակ թողել իրենց հետ հույս կապող այդ մի քանի տասնյակին: Չէ՞ որ հենց այս մարդիկ էին սրանց հերոսացնողները, օվացիաներով ընդունողները սրանց «վճռական» ու «հերոսական» հրաժարումը Կոնգրեսից, հենց սրանց «զուռնայի» հնչյունների տակ այս մարդկանցից շատերը երես դարձրին Կոնգրեսից, ինչը նշանակում է` հենց այդ քայլն անելիս ու դրանից հետո դադարել էին հույս կապել Կոնգրեսի հետ, և տարրական տրամաբանությունը հուշում է, որ երես թեքելով Կոնգրեսից ու շրջվելով դեպի «վճռականները»` այդուհետ նրանց սպասելիքները պետք է լինեին վերը թվարկվածներից և չթվարկվածներից (հուսով եմ, պատմությունը կների ինձ, որ բոլոր «հերոսներին» չեմ հիշում անուն առ անուն):

Միանանք ձեզ, որ ի՞նչ անենք

Ցանկացածի իրավունքն է մտածել, որ Կոնգրեսը սխալ է արել` «կողմ» քվեարկելով ԵՏՄ-ին անդամակցությանը: Կոնգրեսականների շարքերում էլ կան մարդիկ, որոնք կգերադասեին, որ Կոնգրեսն առհասարակ չքվեարկեր: Եվ ենթադրենք` այդպես մտածողներն ուզում են լքել «դավաճան» Կոնգրեսը ու միանալ «վճռական արևմտամետներին»:

Ներեցեք արտահայտությանս` ու՞մ միանան: Միանան, որ ի՞նչ անեն: Որ իշխանական հեռուստաէկրանների ու միշիկական կայքերի «ա՞ստղ» դառնան: Որ հոմերական ծիծաղի՞ արժանանան «Ազատության հրապարակը գրավել են` չեն թողնում գնանք քարվան կտրենք» քաջնազարական հոխորտանքներին ձայնակցելով: Թե՞ առավոտյան արշալույսին պացիֆիստական ճառեր ասեն, կեսօրին ահաբեկչի փափախ դնեն գլխներին` «սրանց կախել է պետք» ճամարտակելով, երեկոյան` ազգին տարիների ընթացքում դանդաղ ու համբերատար «դաստիարակելու» մասին բառակույտեր օդ արտանետեն, կեսգիշերին` արևմտյան արժեքների մասին երգեն, առավոտյան Շանթի ու իր ընկերների հուսահատ և ծայրահեղ քայլը գովերգեն, կեսօրին կրկին Մայր Թերեզայի գլխաշորը կապեն գլխներին, երեկոյան երազեն այն օրվա մասին, թե ոնց են իրենց ատելի մարդկանց պատի տակ շարում ու «սատկացնում», կեսգիշերին կոկորդ պատռեն, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը դավաճանություն է, իսկ արևածագին համագործակցության «դավթարը» ձեռքներին ներկայանան այդ նույն ԲՀԿ-ին…

«Արևմտամետների» հույսն է՞լ է Կոնգրեսը

Որ ընդդիմադիր դաշտում Կոնգրեսին այլընտրանք չկա` իմ և շատերի համար նորություն չէ, ես և այդ շատերը երբևէ հույս չենք կապել վերոգրյալ «արևմտամետ հերոսների» հետ: Բայց որ` այս օրերին պարզվեց` Կոնգրեսին օրուգիշեր քննադատողների ու հայհոյողների համար նույնպե՛ս Կոնգրեսին այլընտրանք չկա, սա արդեն նորություն էր: Հակառակ դեպքում` ոչ թե Կոնգրեսին «դավաճան» կհռչակեին, այլ հենց վերևում նշվածներին, որոնք ո՛չ միայն մեկ տարի շարունակ մատը մատին չտվեցին` ԵՏՄ-ի ահասարսուռ վտանգները բացատրելու և հասարակությանը ոտքի հանելու համար, այլև իրենց «հերոս» հռչակողներին մենակ թողեցին «դավաճանությանը» դեմ հանդիման: Հակառակ դեպքում` կպահանջեին իրենց «հերոսներից», որ զանազան անցքերից ու թախտերի տակից դուրս գան և իրենց հետ միասին պայքարեն հանուն «մեռնող» Հայաստանի փրկության:

Չէ, մինչև հիմա էլ լռում են: Կես թթու խոսք անգամ չեն ասում իրենց «հերոսների» հասցեին: Վաղը, երբ այս մարդիկ ծակուռներից դուրս գան, «դիրքավորվեն» լրագրողների առաջ ու  Կոնգրեսին քննադատելու «սուրբ» գործին լծվեն, ահա այս նույն «հպարտ մենակները», կասկած չունեմ, շարունակելու են ֆեյսբուքներում հիացմունքով տարածել նրանց «հայրենանվեր» հարցազրույցները: Այդպես է եղել միշտ, չնայած իրենց «հերոսների» փուչ լինելը, օդ արտանետած անհեթեթ մտքերը, խոսքի և գործի անհամապատասխանությունը, մի օր` Մահաթմա Գանդի, հաջորդը օրը` Չե Գևարա փոխակերպումները, ժողովրդական լեզվով ասած` մի փութ մեղրով չէին ուտվի: Այդպես է լինելու նաև այսուհետ: Այնինչ` այն հարցը, որ ես եմ տվել վերևում` հենց իրե՛նք պետք է տային: Որովհետև փրկության հույսը կապել էին այս մարդկանց հետ, ոչ թե` Կոնգրեսի: Ուրեմն և` այսօր նրանցի՛ց պետք է հիասթափված լինեին ու իրենց մազերին մոխիր ցանելով` նրանց գլխին լուտանքներ թափեին իրենց հույսուհավատի վրա այդպես նենգաբար ջուր լցնելու համար:

Եթե, իհարկե, այս մարդկանց նպատակն, իրո՛ք, Հայաստանի փրկությունն է:

Թե չէ` «վաղուց սպառված» Կոնգրեսը ջհանդա՛մ թե դավաճան չէ, չորս-հինգ ձայն ունի խորհրդարանում, թող այդ չորս-հինգ ձայնով էնքաաաաաան դավաճանի, ջանն էլ դուրս գա:

Անպատասխան մնացած հարցիս` մի հավելում

ԱԺ ամբիոնից իրենց «դեմ»-ի մասին հայտարարողներն այդ մի քանի տասնյակի ծափողջույնները «համեստորեն» վայելելուց հետո` ինչու՞չմիացան այս մարդկանց, չառաջնորդեցին նրանց` նաև կոչ անելով Ֆեյսբուքում հանուն անկախության անձնազոհ պայքար մղող իրենց համախոհներին, որ դուրս գան փողոց, միանան այդ մի քանի տասնյակին, և տասնյակները հարյուրներ դառնան, հարյուրները` հազարներ, այլ` շատ ճարպկորեն ցրվեցին «տներով»… Պատասխանը ես գիտեմ և պատասխան չեմ ակնկալում: Ընդամենն առաջարկում եմ` «դավաճան» փնտրելիս ձեր «արևմտամետ» մատույցներում դեգերեք: Անպայման կգտնեք:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը և Արմեն Ռուստամյանը մեկնել են Փարիզ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’