‘Խմբագրական. Կա պայքարելու եւ կա հաղթելու ժամանակը’

3122

Պարտություն չկա, քանի դեռ մարդն ինքն

իրեն պարտված չի ճանաչել

Մի իմաստուն մարդ

Ոչ մի պայքար չի կարող ավարտվել հենց այնպես: Անգամ հաղթանակի դեպքում: Եւ առավելեւս չի կարող ավարտվել, քանի դեռ այն չի ավարտվել: Պայքարն ընթացք է, անդադար գործողությունների մի շղթա, եւ այն չի կարող կտրվել, քանի դեռ պայքարը կիսատ է մնացել: Քանի դեռ խնդիրները լուծված չեն, քանի դեռ մարտահրավերները վերացված չեն, եւ քանի դեռ մարդիկ մարտահրավերը շարունակում են մարտահրավեր համարել, իսկ խնդիրը՝ խնդիր է դեռ, ուրեմն, պայքարը շարունակվում է: Քանի դեռ մարդը չի համակերպվել իրերի այն դասավորության հետ, որն իրեն անհանգստություն, ցավ, դժվարություն, անհարմարություն է պատճառում, նշանակում է, որ իրերի այդպիսի դրությունը փոխելու ցանկությունը չի վերացել: Ու քանի դեռ այդ ցանկությունը չի վերացել, նշանակում է՝ պայքարը շարունակվում է, ու քանի դեռ պայքարը շարունակվում է, ուրեմն՝ ոչինչ էլ դեռ չի ավարտվել, ամեն ինչ դեռ առջեւում է:

Կյանքն ինքը մի ամբողջ պայքար է, պայքարը մեր ոգին է, իսկ մեր ոգին թղթի կտոր չէ, որ հեշտությամբ պատռեն, եւ ոչ էլ այն անտեր-անտիրական, որբ ցելոֆանն է, որ Սերժ Սարգսյանի տխրահռչակ երդմնակալության օրը երամից կտրված թռչնակի պես քամուց այս ու այն կողմ էր թռչում՝ չիմանալով ուր գնալ, եւ առավելեւս ՝ ինչի համար: Մեր ոգին ամուր է, առավել ամուր, քան պողպատը, որովհետեւ այն կռել ու կռել ենք տարիներ շարունակ, ու մենք սովորել ենք չկտորվել, չհանձնվել, սովորել ենք հարվածներից դառնալ ավելի ամուր, եւ դժվարության պահին՝ առավել հաստատակամ, քան երբեւէ, չխոնարհվել մարտահրավերների առջեւ, եւ ծանր պահերին ոտքի կանգնել, այնպես, ինչպես երբեք, սովորել ենք հակառակորդի խորամանկությունից եւ կամ ստորությունից ոչ թե հուսահատվել, այլ իմաստնանալ եւ փորձ կուտակել, սովորել ենք խոսել, երբ բոլորը լուռ են, եւ շատերին կարող էր թվալ, թե էլ ասելու ոչինչ չի մնացել, սովորել ենք տեսնել այնտեղ, որտեղ շատերը չէին տեսնի այլեւս ոչ մի ելք ու հեռանկար, որովհետեւ փորձ ունենք արդեն եւ գիտենք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ մենք այդ ժամանակի մեջ՝ մեր անելիքը, որը դեռ չի ավարտվել, որովհետեւ գիտենք, որ մերն է երկիրն այս, եւ այն մեր երազանքների երկիրը դարձնելու համար դեռ գործ ունենք անելու, որովհետեւ գիտենք, որ կա ցանելու եւ կա հնձելու ժամանակը, կա «սպանելու» եւ կա բուժելու ժամանակը, կա «քանդելու» եւ կա կառուցելու ժամանակը, կա արտասվելու եւ կա ծիծաղելու ժամանակը, կա քարերը թափելու եւ կա քարերը հավաքելու ժամանակը, կա գրկելու եւ կա գրկախառնությունից խուսափելու ժամանակը, կա փնտրելու եւ կա կորցնելու ժամանակը, կա փայփայելու եւ կա թողնելու ժամանակը, կա պատռելու եւ կա կարելու ժամանակը, կա լռելու եւ կա խոսելու ժամանակը, կա սիրելու եւ կա ատելու ժամանակը, կա պատերազմի եւ կա խաղաղության ժամանակը, կա պայքարելու եւ կա հաղթելու ժամանակը: Եւ մենք արդեն գիտենք՝ ինչ անել ու երբ, գիտենք՝ ինչպես իր ժամանակին լռել, ու ինչպես իր ժամանակին խոսել, ինչպես իր ժամանակին հարվածել, ու իր ժամանակին լուռ տանել հարվածները, գիտենք՝ ինչպես իր ժամանակին գնալ, եւ գիտենք իր ժամանակին կանգ առնել, գիտենք՝ ուր ենք գնում եւ գիտենք՝ ինչի համար ենք գնում, եւ ամենակարեւորը՝ գիտենք ճանապարհի կեսին կանգ չառնել, եթե դրա ժամանակը չէ, գիտենք չվհատվել, եթե վաղը դեռ վաղն է եւ դեռ այսօր չէ, ավելի արագ, քան ցանկանում էինք: Գիտենք հանգիստ լինել ու խաղաղ, հավասարակշռված լինել ու դատել սառը՝ այնտեղ, որտեղ կրակներ են թափվում: Գիտենք չտաքանալ այնտեղ, որտեղ, թվում է՝ արեւն անապատացրել է ամենը, գիտենք չկոտրվել այնտեղ, որտեղ գետերը վարարած են ու անանցանելի են թվում, գիտենք ներողամիտ լինել այնտեղ, որտեղ մեր բոլորիս ապագան է դրված նժարին, եւ գիտենք հետ չնայել այնտեղ, որտեղ այրված են բոլոր կամուրջները, գիտենք մոտալուտ հաղթանակից գլխապտույտ չապրել այնտեղ, որտեղ շատերի համար մոտալուտ հաղթանակն արդեն արբելու ու ձեռքերը ծալելու առիթ է:

Որովհետեւ գիտենք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ որ պայքարի ժամանակը դեռ չի ավարտվել: 

Մարտի 1-ին: Ազատության հրապարակում: Մենք դեռ գործ ունենք անելու:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Ազգային Ժողովի նիստը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժեց «Շրջանառության հարկի մասին» ընդդիմության օրինագիծը’