‘Խմբագրական. Կեղծ օրակարգերի մայրամուտը’

3112

Հասարակական ու լրատվական շրջանակներն այս օրերին ապրում են Վիլնյուսյան ձախողված գագաթնաժողովով: Իշխանություններն, իհարկե, բորբոքում են կրքերը՝ չնայած այն հանգամանքին, որ այս իրադարձությունը գալիս է ապացուցելու Սերժ Սարգսյանի քաղաքականության կատարյալ ֆիասկոն: Ինչու ֆիասկո՝ հավելյալ պարզաբանելու կարիք, թերևս, չկա. դրա հիմնավորումները տրվել են բազմիցս:

Առավել կարևոր է, որ Վիլնյուսից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգից կչքանա մի մեծ, արհեստականորեն փչված փուչիկ, որ իշխանությունների, նրանց սպասարկող լրատվամիջոցների, պալատական ընդդիմության և, որ պակաս կարևոր չէ՝ եվրոչինովնիկների աջակցությամբ, փչվում էր արդեն քանի տարի, և որի հիմնական իմաստը հետևյալն էր. ոչի՛նչ, որ Սերժ Սարգսյանն իշխանությունն ուզուրպացրել է կեղծված ընտրությունների,  մարտիմեկյան սպանդի և հարյուրավոր քաղաքական հակառակորդների բանտեր նետելու միջոցով, ոչի՛նչ, որ Հայաստանում բռնապետական համակարգ է՝ իրեն բնորոշ բոլոր վայրագություններով, ոչի՛նչ, որ բիզնեսն ու տնտեսությունը կենտրոնացվում են Սերժ-Տիգրան-Սաշիկ տրիումվիրատի ձեռքում, ա՛յ, կստորագրի Սերժ Սարգսյանն Ասոցացման պայմանագիրը, և մենք բոլորս, այդ թվում՝ իշխանությունը, կապրենք եվրոպական ստանդարտներով:

Այս փուչիկը պայթեց՝ Հայաստանին բերելով միմիայն փորձանք ու նվաստացում: Իսկ որոշ ժամանակ անց հասարակությունը կհիշի միայն այն, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուս մեկնեց Հայրիկյանի նստացույցից ահաբեկված:

Արդեն ենթադրելի է, որ հաջորդ փչվող փուչիկն առնչվելու է Պուտինի՝ Հայաստան այցին և ընդհանրապես՝ հայ-ռուսական վատթարացած հարաբերություններին: Վարչախմբի նույն զինանոցը օր ու գիշեր լրատվամիջոցներում ու ֆեյսբուքյան պատերի տակ  հայ-ռուսական հարաբերությունների ձախողման համար սյունին է գամելու Ռուսաստանին ու փորձելու է հասարակության ուշադրությունը շեղել բուն թիրախից՝ Սերժ Սարգսյանից ու նրա հանցախմբից: Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն, իհարկե, այս ընթացքում չքմեղացած խոսելու են հայ-ռուսական դարավոր բարեկամությունից, Գյուլիստանի պայմանագրից, Մաքսային միություն մտնելու ճիշտ որոշումից: Արժե նշել, սակայն, որ այս փուչիկն անհամեմատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար, որովհետև բացասական ազդեցություն է թողնելու այնպիսի կենսական խնդրի վրա, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Սակայն այս իշխանությունների համար սա էլ արգելք չէ՝ միայն թե մեկ օր ավելի երկար կարողանան պահել իրենց իշխանությունը:

Սակայն, բարեբախտաբար, այս փուչիկն էլ երկար կյանք չի ունենա: Մեկ-երկու ամսից ջրերը կպարզվեն, ու հայաստանյան հասարակությունն իրեն կգտնի ներքին (ու կարևորությամբ առաջնային) խնդիրներով լի կոտրած տաշտակի առաջ: Ու նրա առաջ կբացվի մի «գունեղ» տեսարան. հանցագործ ու ոտից գլուխ կոռումպացված իշխանություն, ամենօրյա ապօրինություններ, անբարո իշխանավորներ, բյուջետային թալան, կենսաթոշակային ռեկետ, տրանսպորտային ու պարենային թանկացումներ, արտագաղթ և Ղարաբաղ: Ու այդ պահին քաղաքական մթնոլորտում շնչելու համար կմնա մեկ բան՝ իշխանափոխություն:

Արհեստական օրակարգերը արհեստական են հենց նրանով, որ ժամանակավոր են: Սերժ Սարգսյանը, սկսած 2008 թվականից, հասարակությանն առաջարկեց բացառապես արհեստական օրակարգեր (արհեստական՝ ո՛չ իրենց բովանդակությամբ, այլ նրանով, որ դրանք նպատակ չէին, այլ միջոցներ՝ իշխանություն պահելու): Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն, ասոցացում-մաքսային, ատկատների դեմ պայքար և այլն, և այլն: Սակայն բոլոր արկածախնդրությունները կարճ կյանք ունեն (այլ բան է, որ դրանք այսօրվա Հայաստանի վրա շատ թանկ են նստում): Սերժ Սարգսյանն, ըստ էության, սպառել է հասարակության ջրերը պղտորող օրակարգերի ռեսուրսը ևս (միակը, թերևս, մնում է վարչապետին հեռացնելը՝ ժամանակ շահելու համար): Մոտենում է ջրերը պարզվելու ժամանակը: Սերժի իշխանությանն ընդդիմացող քաղաքական ուժերն ու ակտիվ հասարակական զանգվածները պետք է պատրաստ լինեն՝ չկորցնել պահը:

 

Նախորդ հոդվածը‘Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Ս.Սարգսյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Մաքսիմ Վենգերովի համերգը Երեւանում նախատեսվածից մեկ ժամ երկար տեւեց ‘