‘Խմբագրական. Կհանդիպենք գարնանը’

2483

Ուզեն թե չուզեն՝ իշխանությունները գնալու են։ 2014-ի մարտը վերջին ժամկետն է։ Սա «թեժ գարուն»-ների տեսությունից չէ. գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Նախ՝ որովհետեւ տեխնոլոգների եւ ներկայում իշխողների գույնն է համընկնում։ Երկրորդ՝ որովհետեւ իրական ընդդիմությունը գունավոր ջրեր ընկնելու հակում չի դրսեւորել ու չի դրսեւորում։

Իրական ընդդիմությունը միշտ առաջնորդել է ժողովրդին, ոչ թե կազմակերպել նրա բողոքը։ Եւ չնայած 2008-ի օպերների ու ԿԳԲ-եշնիկների, քննիչների ու դատախազների անդուլ ջանքին՝ գտնել զանգվածային բողոք կազմակերպելու՝ գունավորին մոտ ինչ-որ մեխանիզմ, երկու կապ ցախից ու ձկնորսության կամ ջահելների արշավի նպատակով ժամանակին ձեռք բերված մի քանի վրանից բացի՝ բան չճարվեց։ Ինքնաթուխ կարկանդակներն ու տնական բրդուճները՝ չհաշված։

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է եղել զարմանքը, երբ պարզել են, որ մարտի 1-ին զոհված ութ լուսավոր տղերքից ոչ մեկը ժողովրդին առաջնորդող տասից ավելի կուսակցություններից ու կազմակերպություններից որեւէ մեկի անդամ չէր։

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է եղել զարմանքը, երբ նկատել են, որ ըմբոստության կազմակերպիչն ու հմուտ տեխնոլոգը հենց իրենք են՝ իշխանավորի իրենց ագահությամբ եւ ամբարտավանությամբ, կառավարչի իրենց անկարությամբ, վերակացուի սաստկությամբ ու բռի վարքով։

Նկատել են, բայց չեն հասկացել, որ ըմբոստությունը վերացնել հնարավոր չէ, եթե դրա պատճառներն ամենուր են։ Նկատել են, բայց հույսը դրել են քաղքենի-սպառող այն զանգվածի վրա, որը, կարծես, կողմ չէ իրենց, բայց դեմ է որեւէ փոփոխության։

Եւ այդ զանգվածի մեջ են տեսել երկարակեցության երաշխիքը, որը սիրում են ներկայացնել իբրեւ կայունություն։ Կայունություն ապահովելու համար ինչ-որ ներդրում էր պետք՝ թեկուզ նախաձեռնության կամ առնվազն մտադրության տեսքով, մինչդեռ երկարակեցությունը, ժամանակավոր ընդարմացման միջոցներից բացի՝ այլ բան չի պահանջում։

Երկարակեցությունն անհեռանկար է։ Ավելորդ է հիշեցնել, որ անգամ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված հատուկենտ երկարակյացներն են մահանում։

Քաղքենի սպառողի վերջին հույսը անցած գարնան «բարի» հեղափոխությունն էր, որն ավարտվեց կղերաոստիկանական հանդեսով, եւ նրանց, ում թվում էր, թե կարելի է տանկից կամա՜ց կրակել, ակամա դարձան անարյուն այդ հեղափոխության զոհերը։  

Հիմա եկել է քաղքենի-սպառողի մտածելու ժամանակը։ Եւ նա արդեն մտմտում է իշխանություններին տված իր վարկը հետ վերցնելու մասին, քանզի տեսել է, որ կայունության համար նախատեսվածը մսխվել է երկարակեցության ապարդյուն նպատակով։  

Ժողովրդական ըմբոստ զանգվածի ընդլայնումն արդեն նշմարվում է։ Արդեն երեւում է, որ քաղքենի-սպառողը պատրաստ չէ իրեն նեղություն տալու հանուն որեւէ անփոփոխության, բայց դրա համար պետք է անցնել այս ամառվա, գալիք աշնան ու ձմեռվա փորձություններով՝ չմոռանալով ժամանակին վճարել գազի եւ լույսի վարձը։ 

Նախորդ հոդվածը‘Երեկ պայթեց Սերժ Սարգսյանի հերթական PR փուչիկը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 5-ին սպասվող իրադարձությունները’