‘Խմբագրական. «Կողմնորոշային» քաղաքականության սպառնալիքը’

2059

Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական եւ մտավորական վերնախավի մի մասի կողմից արհեստականորեն հասունացվեց մի խոսակցություն, համաձայն որի՝ քաղաքական դաշտը պետք է բաժանվի ըստ արտաքին կողմնորոշումների, այսինքն՝ պետք է պայքարեն միմյանց դեմ կամ մրցեն իրար հետ, օրինակ, եվրոպական եւ եվրասիական ինտեգրման կողմնակիցները: Ըստ այդմ՝ արտաքին կողմնորոշման թեման պետք է լինի ոչ թե տարբեր ուժերի միջեւ քննարկվողներից սոսկ մեկը, այլ դառնա հիմնական բաժանարար գիծը, որը  պետք է սահմանազատի տարբեր քաղաքական բեւեռները: Իհարկե, սա առաջարկ է, որը, կարծում ենք, երբեք իրականություն չի դառնա՝ այնքանով, որքանով ամենեւին էլ չի բխում հայաստանցիների մեծ մասի պատկերացումներից, ձգտումներից եւ պահանջարկից: Բայց, մյուս կողմից, կարելի է նշմարել մի թաքնված միտում, որով այս մոտեցումը մի օր կարող է դառնալ գերակայող՝ վերնախավային մտածելակերպում, քանի որ՝ 1. այն բնականորեն աջակցություն ունի դրսից, 2. հայկական վերնախավերն ավանդապես հակված են «կողմնորոշային» կաղապարին:

Արտաքուստ, այսպես ասած՝ անմեղ եւ նույնսիկ «գաղափարական» կամ «սկզբունքային» եւ «արժեքային» թվացող բաժանման այս առաջարկն իրականում բազմաթիվ տեսակետներից վտանգավոր է: Պարզաբանեմ ասածս: Խոսքն այն մասին չէ, բնականաբար, որ հասարակական ուժերը չեն կարող ունենալ որեւէ արտաքին համակրանք կամ թեկուզ կողմնորոշում, խոսքը միայն այն դեպքի մասին է, երբ առաջարկվում է բաժանում մտցնել հասարակության մեջ՝ ըստ արտաքին կողմնորոշման գծի: Այս առաջարկն այդքան էլ անմեղ չէ. իրականում՝ դա նշանակում է երկիրը արտաքին ուժերի բախման դաշտի վերածելու ծրագիր, թեեւ դրա մասին, բնականաբար, ոչ ոք ուղիղ չի ասում, ու թերեւս շատ անգամ չի էլ գիտակցվում, որ դա այդպես է: Այսպիսի քաղաքական մտածողությունն անծանոթ չէ հայոց պատմությանը՝ թե՛ միջնադարյան, թե՛ նոր շրջանի: Թվում է, թե մեր պատմագիտության եւ հրապարակախոսության կողմից «կողմնորոշային» կաղապարը՝ որպես երկիրը եւ ժողովրդին մեծ վնասներ բերած՝ քննադատվել է այն աստիճան, որ ինչ-որ տեղ այդ քննադատությունը վերածվել է ծեծված, թեեւ, դրանով ոչ պակաս ակնառու ճշմարտության: Բայց արի ու տես, որ մեր վերնախավի մի մասին դա այսօր էլ հասու չէ:

Իրոք, եթե շատ համառոտ, միայն թռուցիկ հայացք նետենք մեր պատմությանը, կվերհիշենք, որ հայ վերնախավի բաժանումն ըստ արտաքին կոմնորոշումների եւ դրա բերած մեծ վնասը երկրին նորույթ չէ: Եվ պետք է շեշտել, որ այդ բաժանումը ենթադրել է ոչ միայն ներքին պառակտվածություն եւ բախումներ, այլեւ հայ վերնախավը որոշ դեպքերում գրեթե գիտակցված կերպով երկիրը վերածել է արտաքին ուժերի բախման դաշտի, հաճախ առիթներ է ստեղծել մեծ տերությունների միջեւ պատերազմների, որոնք ներառել են Հայաստանի տարածքը, ինչից, բնականաբար, տուժել է ե՛ւ երկիրը, ե՛ւ, ի վերջո՝ հայ վերնախավն ինքը: Օրինակ՝ 4-5 դդ.-ում Արշակունիների հայոց պետության անկմանը մեծապես նպաստեց հենց հայ ազնվականության բաժանումն ըստ արտաքին նախասիրությունների: Հայաստանն այն ժամանակ իր հզորությամբ, իհարկե, չէր համեմատվի Հռոմեական եւ Պարսկական կայսրությունների հետ, բայց, մյուս կողմից՝ իր տարածքով, զինված ուժի քանակով եւ որակով, պետական ավանդույթով բավականաչափ ուժեղ պետություն էր, որը դարերի ընթացքում կարողացել էր իր անկախությունը պահպանել երկու մեծ տերությունների միջակայքում, եւ գուցե ավելի երկար էլ կարողանար պահպանել, եթե չլիներ հայ ազնվականության աճող պառակտվածությունը, եթե հայ վերնախավի ներկայացուցիչներն իրենք օտար բանակներ չբերեին Հայաստան եւ չկռվեին միմյանց դեմ այդ օտար բանակների շարքերում: Թագավորության ակումից հետո էլ Հայաստանը, որպես թեկուզ կախյալ եւ թուլացած, տարածաքային զգալի կորուստներ ունեցած, բայց իր ներքին ինքնուրույնությունը եւ սեփական զինուժը պահած երկիր, շարունակեց թուլանալ նույն միտման «շնորհիվ»: Մամիկոնյանների եւ Կամսարականների պես հզոր տոհմերն ի վերջո վերացան ասպարեզից՝ «կողմնորոշային» գծին հետեւելու իրենց համառության պատճառով: Իսկ, ահա, հավասարակշիռ եւ պրագմատիկ քաղաքականության կրող Բագրատունիները ոչ միայն ուժեղացան, այլեւ այդ նույն քաղաքականության շնորհիվ կարողացան վերանվաճել Հայաստանի անկախությունը: Ճիշտ նույն կերպ Ռուբինյանները ստեղծեցին հայոց պետությունը Կիլիկիայում՝ հաջողությամբ խաղալով խաչակիրների, բյուզանդացիների եւ մահմեդականների հակասությունների վրա, բայց երբեք չընդունելով միանշանակ եւ անփոփոխ կողմնորոշում: Իսկ ահա ավելի ուշ՝ 14-րդ դարում, Կիլիկիայում նոր վերածնունդ ապրեց կողմնորոշային կաղապարը, որն էլ դարձավ թեեւ ոչ միակ, բայց կարեւոր պատճառ՝ պետության վերջնական անկման: Կիլիկիայի անկումից հետո հայ քաղաքական մտածողությունը շարունակեց մնալ «կողմնորոշային», եւ նույնիսկ նոր դարի քաղաքական վերածնունդը չխուսափեց այդ՝ ավանդական դարձած կաղապարից: Եթե միջինացնենք եւ պարզեցնենք 19-րդ դարի վերջի — 20 դարի սկզբի հայկական քաղաքական ձգտումները, ապա դրանք կարող ենք արտահայտել հետեւյալ կերպ՝ օգտակար համարել մեծ տերությունների շահերի բախումը Հայաստանի տարածքում, նույնիսկ նպաստել նման բախման առաջացմանը, եւ հնարավոր պատերազմը Հայաստանի տարածքում հարմար առիթ համարել՝ հայկական ծրագրերի իրականացման: Փաստացի՝ այս քաղաքական մտածողությունն ապրում էր պատերազմի սպասմամբ սեփական երկրի տարածքում, պատերազմն ինչ-որ տեղ բարիք էր համարում: Կարեւոր չէ, թե որքանով հստակ էր արտահայտված այս ձգտումը, եւ ոչ էլ կարեւոր է, թե որ հասարակական հատվածի մեջ այն որքան ուժեղ կամ թույլ էր ներկայացված. կրկնեմ, որ սա, մի տեսակ՝ միջինացված ձգտում էր, որը բնորոշ էր ոչ թե մեկ հոսանքի, այլ այս կամ այն չափով արտահայտում էր վերնախավային մտածողությունն ամբողջության մեջ:

Եվ, ի վերջո, պատերազմի «երազանքն» իրականացավ՝ Հայաստանը վերածվեց մեծ տերությունների ռազմական բախման թատերաբեմի՝ 1914-18 թթ.: Հայ հասարակությունը մեծ ոգեւորություն ապրեց պատերազմի սկզբին՝ դարավոր երազանքն իրականանում էր՝ խաչակիր զորքը պետք է ազատագրեր Հայաստանը: Թե ինչով ավարտվեց այս ամենը, ու ինչպիսի հիասթափության վերածվեց ոգեւորությունը՝ բոլորս գիտենք: Թվում էր, թե այսպիսի ողբերգական արդյունքը՝ երկրի եւ ժողովրդի զգալի մասի կորուստը, պետք է այն աստիճան սթափեցներ հայ վերնախավին, որ Հայաստանում այլեւս երբեք չվերածնվեր «կողմնորոշային» քաղաքականությունը: Եվ իրոք, 1991-ին ստանալով անկախություն՝ Հայաստանը, շնորհիվ հավասարակշիռ, արտաքին ուժերի հետ հարաբերվելու պրագմատիկ քաղաքականության՝ կարողացավ, ի տարբերություն հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի՝ անկորուստ դուրս գալ 90-ականների սկզբի ճգնաժամային վիճակից, հաղթել պատերազմում, նորմալ հարաբերություններ ձեւավորել բոլոր մեծ տերությունների հետ եւ այլն:

Այս իմաստով կողմնորոշային քաղաքականության վերածնության առաջարկն է՛լ ավելի զարմանալի, եթե չասենք՝ անհեթեթ է հնչում: Ստացվում է, որ մարդիկ չեն ուզում դասեր քաղել ոչ միայն պատմությունից, ոչ միայն սեփական փորձով վերապրածից, այլեւ նույնիսկ հենց այս պահին, իրենց իսկ աչքի առաջ ընթացող գործընթացներից՝ ուկրաինական ճգնաժամից: Ուկրաինական ճգնաժամը վառ օրինակն է այն բանի, թե պետության համար ինչ հետեւանքների կարող է բերել կողմնորոշային քաղաքականությունը, սեփական երկիրը մեծ տերությունների բախման դաշտի վերածելը, ներքին բաժանումը՝ ըստ արտաքին  կողմնորոշման: Ուկրաինան ինչ-որ տեղ այսօր հիշեցնում է միջնադարյան Հայաստանը: Կարող ենք համակրել ուկրաինական հասարակության պայքարին, բայց չենք կարող չնկատելու տալ, որ պրագմատիզմի որոշակի չափի բացակայությունը հանգեցրել է պետության համար ծանրագույն իրավիճակի: Ինչպիսի ելք էլ ստանա ճգնաժամը ապագայում, այն անհետեւանք չի մնա ուկրաինական պետության համար: Բայց սա դեռ Ուկրաինան է, որը, միջնադարյան Հայաստանի նման, ունի համեմատաբար մեծ ռեսուրսներ, եւ ի զորու է վերականգնվել: Այսօրվա Հայաստանը, որից մնացել է մի բուռ հող՝ շնորհիվ նախորդ սերունդների կողմնորոշային քաղաքականության, ընդհանրապես չի կարող իրեն թույլ տալ նման քաղաքականություն, որովհետեւ դա ոչ թե ճգնաժամ, այլ կործանում եւ երկրի անկախության վերջնական կորուստ կարող է նշանակել: Այն, որ արտաքին ուժերին, որոնք ամեն գնով փորձում են աջակցել Հայաստանում «կողմնորոշային» քաղաքական համակարգի ձեւավորմանը, այդ վտանգավոր հեռանկարը չի հետաքրքրում՝ հասկանալի է, բայց այն, որ հայ վերնախավի մի հատվածը բռնում է արտաքին այլազան ուժերի բացահայտ սպասարկիչի վերածվելու ճանապարհը եւ չի ուզում ըմբռնել այդ ուղու վտանգավորությունը՝ ե՛ւ զարմանալի է, ե՛ւ ցավալի:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Կանայք նույնպես կարողանում են գեղեցիկ գոլեր խփել (տեսանյութ)’