‘Խմբագրական. Կոնգրեսական չեք՝ հասկացանք, մարդ է՞լ չեք’

2642

Արդեն երկու տարի շարունակ Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստ երիտասարդների դատավարություն-ֆարսին հետևողներից ոչ ոք վաղուց ի վեր չի կասկածում, որ Հայաստանի արդարադատություն կոչեցյալ անդեմ «դակիչը» շարունակելու է առաջնորդվել ըստ նախագահական նստավայրի հրահանգի: Իսկ թե ինչ կհրահանգեր սեփական ստվերից անգամ ջղաձիգ ցնցումների մեջ ընկնող Սերժիկ Սարգսյանը, նույնպես գաղտնիք չէ՝ ամեն գնով երկարաձգել ըմբոստ երիտասարդների դատավարությունը:

Ի՞նչ է տալիս այս վախեցած պարոնին Տիգրան Առաքելյանին երկու տարի շարունակ բանտված պահելը, իսկ նրա երեք ընկերներին՝ անորոշության պայմաններում: 2008 թվականից ի վեր իր ճահճային հանգստությունը խաթարող Կոնգրեսի նկատմամբ  գյադայական վրեժխնդրությո՞ւնն է առաջնորդում Սերժիկ Սարգսյանին, ում հանցագործ շրջապատից «որը պատահի» սկզբունքով ցանկացածին էլ եթե ձերբակալեն՝ հինգից մինչև անսահմանություն ձգտող հանցանքներ կբացահայտեն (վաղուց բացահայտվածների ու մինչ օրս անպատիժ մնացածների մասին էլ չասենք), թե՞ բոլոր ասպարեզներում խայտառակ պարտության մատնված այս պարոնի միակ ինքնահաստատվելու տարբերակը սա է մնացել: 

Ժամանակի անիմաստ կորուստ է Հայաստանի նախագահի աթոռը զավթողի կեղտոտ սնդուկը քրքրելը: Ինչ նպատակ էլ հետապնդի այս պարոնը՝ ճղճիմության հոտը երկինք է հասնում: Ինքը, իր գարշահոտը՝ թող «վայելի»:

Կարևորն այլ բան է. ու՞մ անմիջական կամ անուղղակի աջակցությամբ է հաջողվում Սերժիկ Սարգսյանին՝ անմեղ երիտասարդներին ազատությունից զրկել իր սրտի ուզածի չափ: Հասարակության զգալի մասն անտարբե՞ր է: Սա նորություն չէ: Այդ զգալի մասն անտարբեր է նույնիսկ իր սեփական ճակատագրի նկատմամբ: Սովետական ժամանակների հայտնի անեկդոտի նման՝ այդ մարդկանց եթե ասեն՝ վաղը բոլորիդ կախելու ենք, պատասխան հարցը սա է լինելու՝ պարանը մե՞նք բերենք, թե՞ դուք կտաք:

Սակայն, կային, չէ՞, մարդիկ, որոնք 2008-ին պայքարում էին Կոնգրեսի հետ ուս ուսի և Մարտի 1-ից հետո հայտնվեցին բանտերում: Հարյուրներ էին: Հենց այդ հարյուրների ազատության համար այս չորս երիտասարդներն օրեր, ամիսներ, տարիներ շարունակ պայքարել են փողոցում, պայքարել են ինքնամոռաց, պայքարել են անձնազոհաբար: Ո´չ ոստիկանական բիրտ ուժը, ո´չ ժամերով ու օրերով ոստիկանական բաժանմունքներում պահելը, ո´չ սպառնալիքները նրանց չեն ստիպել նույնիսկ երկմտել՝ շարունակե՞լ պայքարը, թե՞ նահանջել: Հարյուրավոր քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի ազատ արձակման պահին այս չորս երիտասարդները սպասել են բանտի դռան առաջ ու դիմավորել նրանց, ուրախացել նույնքան, որքան այդ նույն քաղբանտարկյալներն ու իրենց հարազատները:

Հիմա որտե՞ղ է սրանց մեծ մասը: Վայելո՞ւմ են իրենց ազատությունը: Բարեբախտաբար, այդ օրերին սրանց համար պայքարողների հիշողությունը չի խամրել.  բոլորն էլ հիշում են, թե բանտից դուրս գալուց հետո ինչ հուզաթաթախ ու արցունքախառն ելույթներ էին ունենում այս նույն մարդիկ՝ դրսում իրենց ազատության համար պայքարողների առաջ, երախտագիտության ինչ ճռճռան բաժակաճառեր էին երկնում ե´ւ իրենք, ե´ւ իրենց հարազատները, համաքաղաքացիները, համագյուղացիները:

Հիմա որտե՞ղ են սրանք: Այլևս կոնգրեսական չե՞ն: Գրողի ծոցը, թե ինչական են. մարդ է՞լ չեն: Թե՞ թունդ նեղացած են Կոնգրեսից և իրենց տներում նստած՝ չարախնդում են՝ տեղն է ձեզ, մեզ նման Կոնգրեսից «թռնեիք» ճիշտ ժամանակին, մենք էլ գայինք ու պայքարեինք ձեզ համար: Սատանան գիտե, թե ինչ են մտածում «ընդհատակ» անցած նախկին քաղբանտարկյալները և նրանց սիրասուն հարազատները, բայց այս դեպքում ինչո՞վ են տարբերվում Սերժիկ Սարգսյանից: Նրան նույնպես առաջ է մղում ողորմելի վրեժխնդրությունը:

Շա՞տ կոպիտ էր: Եթե հիշենք, որ Տիգրան Առաքելյանն արդեն երկու տարի բանտում է և, ի տարբերություն որոշ նախկին քաղբանտարկյալների, մեն-մենակ հազար անգամ ավելի արժանապատվորեն է կրում իր խաչը՝ վերոգրյալը նույնիսկ շատ մեղմ է:         

Նախորդ հոդվածը‘Ո՞ւր է կորել Ս. Սարգսյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանային ընդհարում հրահրելը ‘