‘Խմբագրական. Կուչ եկած Կուրղինյանը՝ ծաղկավոր խալաթով’

3273

Սկզբում տարածենք ավտոբուսի հատակներին կուչ եկած, թախծոտ աչքերով արտագաղթող ժողովրդի մասին ողբասացությունը՝ արտագաղթի եւ առհասարակ ժողովրդագրության լուրջ թեման վերածելով անճաշակ, ռաբիս քնարական զեղման (ու սա մարդիկ են, որոնք ռաբիս երաժշտություն լսելուց հաստատ ասում են՝ յա՜խք), եւ պատահական էլ չէ, որ նման զեղումները հանգիստ կարող են տպել իշխանության հետ առանձնապես որեւէ խնդիր չունեցող ԶԼՄ-ները, որովհետեւ հասարակական խնդիրների նմանաոճ լուսաբանումից իշխանությանը հաստատ ոչ մի վնաս չկա՝ որքան ազգս լացի, ողբա, անիծի իր դառը ճակատագիրը, աշխարհի վերջը գուժի, փոխանակ կոնկրետ իրավիճակներ վերլուծելու եւ ելքեր հաշվարկելու, այնքան ավելի ապահով են բռնապետության դիրքերը Հայաստանում: Նման չափազանցված արեւելյան զեղումները որեւէ խնդիր ոչ ձեւակերպում են, ոչ էլ լուծում, այլ ընդամենն իրավիճակն ամրապնդելու, պահպանելու յուրահատուկ ձեւերից են: Հետո ստանում ենք մեր իսկ կապած անհամարժեք ողբի արձագանք-պատասխանը դրսերից: Հայտնվում է մի Կուրղինյան՝ մտավոր դաշտի մի խուժան եւ «տրոլ», եւ կրկնում մեր ողբասացների բառերով. «Ժողովուրդը փախչում է Հայաստանից այնպես, ինչպես առնետները՝ խորտակվող նավից: Հայաստանը մոտենում է աղետի»: Այս խոսքերը օտարից («յան»-ով վերջացող ազգանունից հո չենք խաբվում՝ օտարն օտար է, եթե մեկին զգում եւ ընկալում ես որպես օտար) լսելով, բնականից ցանկություն է առաջանում ոչ թե հետը բանավիճել, այլ մի ծանր առարկայով գլխին տալ: Որովհետեւ քեզ ստորացնում են, արժանապատվությանդ հետ խաղում են. հետո՞ ինչ, որ դու բոլորից լավ գիտես քո առջեւ ծառացած բարդ խնդիրները: Բայց ենթադրենք՝ բռնես այդ մարդուն ու, իրոք, գլխին քյարփինջով տաս, ինքն էլ ասի՝ լավ, եղբայր, գոնե ասա՝ ինչի՞ ես խփում, դո՞ւք չեք ամբողջ օրը նույնը գրում, ասում, քննարկում, հեծեծում եւ հառաչում, ձեր ձեւակերպումներն եմ կրկնում: Ու ի՞նչ պիտի պատասխանի խփողը, եթե մարդը մեծ հաշվով ճիշտ է ասում: Հետո գալիս է ավելի սարսափելի մի պահ: Կասկածյալի կարգավիճակում գտնվող մեր հայրենակցին ստորացնում են դատարանի դահլիճում՝ կնոջ խալաթ են հագցնում, ստորացնում են ռուսաստանյան (իմա՝ կուրղինյանական) ԶԼՄ-ներում, անունը դնում են՝ բառաչող… Այս ի՞նչ պատկեր էր: Մեր ստեղծածը չէ՞ր, ավտոբուսի հատակին կուչ եկածը չէ՞ր, որ վերադարձավ մեզ: Կասեք՝ բայց դա առարկայական է, ի՞նչ մեղավոր են մարդիկ, որոնք ընդամենը նկարագրում են: Առարկայական է արտագաղթը որպես լրջագույն խնդիր, առարկայական է մեր հասարակության մի հատվածի ծանր նյութական վիճակը, առարկայական է, որ Հայաստանը բարդ, շատ բարդ խնդիրների առջեւ է կանգնած, առարկայական է ռուսական շովինիզմը, բայց առարկայական է նաեւ, որ սեփական արժանապատվությունը, նախ, մենք ենք ստորացնում՝ գռեհիկ հառաչանքով (դրա համար էլ անուններս դրեցին՝ բառաչող), փոխանակ արժանապատիվ մարդու պես խնդիրներն ընդունենք որպես մարտահրավերներ, որոնք լուծում են պահանջում՝ պայքար, աշխատանք, ընդվզում, սառնասրտություն, պատասխանատվություն: Անհավասարակշիռ կնոջ պես ողբում ենք մեր ճակատագիրը (դրա համար էլ կնոջ ծաղկավոր խալաթ են հագցնում մեզ): Ստացվում է՝ տեսնում ենք մեր իսկ ստեղծած պատկերը՝ ինքնապատկերը, ու վրդովվում: Բա շուտ վրդովվեինք, գուցե առարկայական պատկերն էլ այլ լիներ: Թե չէ՝ որ ռուսները այն են, ինչ կան, նոր չպետք է իմանանք: Բայց մե՞նք ինչով ենք զբաղված: Մի մասը ռուսամոլությունից հազիվ պրծած՝ նույն մոլի հիստերիկությամբ քարոզում է մեկ այլ արտաքին քաղաքական ծայրահեղության գիրկն ընկնելը՝ մոռանալով երրորդի բացառման օրենքը: Մյուսներն ամեն օր Հայաստանը թաղում են, գուժում են աղետներ, ոմանք նույնիսկ ռազմական պարտություն են կանխատեսում սեփական երկրին, բանակին, ու դա համարվում է քննադատություն, ընդդիմություն, այն էլ՝ արմատակա՜ն: Որքան էլ փորձենք, միեւնույնն է՝ այդ ոճի մեջ գեղամյանններից ավելի արմատական չենք լինի, ներկա իրավիճակը ցեղասպանության հետ համեմատող քաղաքական խուժաններից ավելի «կոշտ» չենք լինի:

Իրական արմատականություն է պետք մեր հասարակությանը՝ հավասարակշիռ եւ սառնասիրտ: Խնդիրները շատ բարդ են, բայց մինչեւ չհասկանանք, որ միջինում ամեն տվյալ հասարակության առջեւ, ամեն տվյալ պահին ծառացած խնդիրները շատ բարդ են՝ իրապես կամ թվացյալ ամեն տվյալ սերնդի համար, ու դրանից հետեւություն չանենք, որ ելքը ոչ թե ծաղկավոր խալաթ հագած, կուչ եկած ողբն է, այլ խնդիրների լուծումների ձեւակերպումն ու գործադրումը սառը հաշվարկի հիման վրա, կմնանք տհաս ու լալկան մանուկների հասարակություն, որն, իրոք, անկախության արժանի չէ եւ փնտրում է միայն ծիծիկ տվող մամայի, որի անունը ռուս կլինի, թե ամերիկացի՝ էական չէ: 

Նախորդ հոդվածը‘Գժի թղթով ՀՀԿ-ականի «արկածների» նոր մանրամասներ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Երևանի քաղաքապետարանը 2 տարի է չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը ‘