‘Խմբագրական. Կրկին քաղաքացիական հեղափոխության մասին’

1956

Առանձին վերցված որեւէ քաղաքական ուժ, հասարակական խումբ կամ նույնիսկ հասարակական շերտ Հայաստանում այսօր չի կարող միայն ինքն իր ուժերով դնել համակարգային փոփոխությունների նպատակ ու, առավել եւս, հասնել դրա իրագործմանը: Դա հնարավոր է միայն լայն համախմբման արդյունքում: Եվ խնդիրը միայն այն չէ, որ համակարգային փոփոխոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել իշխող համակարգի դիմադրությունը՝ այն պայմաններում, երբ իշխող համակարգի ռեսուրսային առավելությունը ցանկացած հասարակական խմբի եւ նույնիսկ՝ դրանց համագումարի նկատմամբ, ահռելի է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներն են համահասարակական: Մասնավոր խնդիրներ, անշուշտ, շատ կան, եւ դրանց հետապնդումն ու լուծումը որոշ դեպքերում հնարավոր է եւ խրախուսելի: Սակայն հիմնական խնդիրը մնում է նույնը՝ սահմանադրական հիմնական դրույթների չգործելը: Խախտված է ոչ միայն սահմանադրութամբ ամրագրված՝ ընտրության միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքը, այլեւ, ինչ-որ չափով՝ նաեւ սեփականության իրավունքը՝ շնորհիվ իշխանության եւ խոշոր գործարարության սերտաճման: Այս ամենը մեր երկրի քաղաքական ռեժիմը դարձնում է ոչ օրինակարգ եւ բռնակալական:

            Լենին պապին

Երբ ասում ենք՝ բռնակալական, շատերը տարակուսում են, քանի որ բռնակալությունը հասկանում են ոչ թե դրա բուն քաղաքական-իրավական, այլ գեղարվեստա-բանասիրական անորոշ իմաստով՝ կարծելով, թե բռնապետությունը անընդհատ բռնության դիմող դաժան մի դեւ է, իսկ եթե բռնության դրսեւորումներն ամենօրյա չեն, ուրեմն եղածը բռնապետություն չէ: Բայց խնդիրը բռնության չափը չէ, կամ նույնիսկ ընդհանրապես բուն բռնությունը չէ, քանի որ բռնության, այն էլ՝ մեծ չափի բռնության, կարող են դիմեն նաեւ օրինակարգ ռեժիմները, որոնք վայելում են բնակչության մեծամասնության աջակցությունն ու վստահությունը եւ գործում են օրենքի շրջանակներում: Բռնապետության հիմնական խնդիրը նրա ոչ օրինակարգ լինելն է, ինչը նշանակում է, որ տվյալ իշխանությունը ձեւավորված է օրենքին հակառակ եւ չի վայելում մեծամասնության վստահությունը: Այստեղ է բռնապետության բռնությունը՝ օրենքի խախտումը նրա հիմքում է, իսկ թե բռնությամբ իշխանություն զավթելուց հետո ամեն տվյալ ռեժիմ օրը քանի անգամ կդիմի ուժային գործողությունների, կամ էլ նույնիսկ այլեւս երբեք չի դիմի՝ հարցի էության հետ կապ չունի:

Բռնապետություններն էլ, սակայն, կարող են ունենալ թեկուզ նեղ, բայց ամուր հասարակական հենարան: Պատմականորեն հայտնի են բռնապետություններ, որոնք, օրինակ, հենվել են ստորին կամ միջին խավի մի մասի վրա՝ ընդդեմ ունևորների կամ ազնվականների: Ավելի հաճախ են պատահում, սակայն, այն բռնապետությունները, որոնք ներկայացնում են նեղ վերնախավային խմբի շահերը՝ ի հաշիվ հասարակության մնացած՝ միջին եւ ցածր շերտերի: Եթե վերնախավի համախմբվածությունն ամուր է, իսկ կառավարումը, այդ թվում՝ տնտեսական համակարագի կառավարումը՝ կենտրոնացած, ապա հասարակության մնացած հատվածները, որքան էլ դժգոհ լինեն իրավիճակից, շատ քիչ հնարավորություն ունեն իրավիճակ փոխելու՝ նույնիսկ լայն համախմբման դեպքում, որովհետեւ հարցն ամեն անգամ գալիս բախվում է ռեսուրսային անհավասարության: Վերջին տարիներին տարբեր երկրներում հենց մեր աչքի առջեւ տեղի ունեցած բոլոր հեղափոխական իրավիճակները հուշում են, որ անհրաժեշտ է, մի կողմից՝ հասարակական համախմբում, մյուս կողմից՝ դրա ճնշմամբ վերնախավի միասնական ճակատի պառակտում: Այսինքն՝ Լենինի հայտի ձեւակերպման համաձայն՝ քիչ է, որ հասարակությունը չուզի, հարկավոր  է նաեւ, որ վերնախավը չկարողանա:

            Բաժանիր, որ տիրես

Բայց հետաքրքիրն այն է, որ երբ հասարակական համախմբվածություն չկա, եւ ճնշումն էլ, համապատասխանաբար, թուլանում է, բռնապետական համակարգը հաճախ ինքն է իր ներսում ստեղծում հակասություններ: Մեխանիզմը բավականին պարզ է՝ ոչ միայն պայքարը հանուն ներքին գերակայության, այլեւ համակարգային, անվերահսկելի ձգտումը դեպի է՛լ ավելի կենտրոնացում, է՛լ ավելի նեղ խմբայնացում, ավելի ու ավելի նեղացնում է բռնապետական բարիքից օգտվողների շերտը: Եվ եթե հասարակությունը կարողանա ոչ միայն համախմբվել, այլեւ օգտագործել ներքին հակասությունները, ապահովել վերնախավի մի մասի չեզոքությունը, իսկ ոմանց էլ նույնիսկ իր կողմը գրավել, ապա փոփոխության հնարավորություններն ավելի առարկայական են դառնում: Այլընտրանքն ավելի ուժեղ եւ կենտրանացված բռնապետությունն է:

Այսօր կարող ենք ասել, որ 2000-ականների ընթացքում մեզանում ձեւավորված համակարգը, որն ընդունված է կոչել «օլիգարխիկ» (այս անունը պայմանական է եւ ճշգրիտ չի արտացոլում իրավիճակը, բայց քանի որ ընդունված է, ապա օգտագործում ենք չակերտներով) սպառում է իրեն: Հասարակությունը վաղուց է դժգոհ դրանից եւ ընդվզման բազմաթիվ փորձեր է արել, որոնք տապալվել են այն պատճառով, որ վերնախավի մեջ չի հաջողվել լուրջ, արմատական պառակտումներ առաջացնել, եւ հակառակը՝ իշխանությունը հաջողել է հասարակության պայքարող, ակտիվ հատվածի մի մասին կա՛մ իր կողմը գրավել, կա՛մ պառակտել: Բայց ոչ միայն հասարակությունը, այլեւ իշխանության մեջ դիրքերով ուժեղ մի հատված նույնպես ցանկանում է կազմաքանդել «օլիգարխիան»: Թվում է, թե հասարակության եւ իշխանության այդ հատվածի նպատակներն ու շահերը համընկնում են: Ոմանք, այդպես կարծելով, ակտիվորեն համագործակցում են իշխանության այդ հատվածի հետ՝ գաղափարի կամ փողի դիմաց: Իրականում շահերի համընկնումը պատրանքային է, եւ առանձին անձանց կամքն այստեղ որեւէ նշանակություն չունի: Առաջնային են համակարգային տրամաբանությունը եւ օրինաչափությունները: Հասարակության գերակշիռ մասը ձգտումն է ազատվել «օլիգարխիայից»՝ հանուն քաղաքականապես եւ տնտեսապես ավելի ազատ համակարգի: Իսկ իշխանական «երիտթեւի» «հեղափոխություն վերեւից» նախագիծն անխուսափելիորեն տանելու է դեպի է՛լ ավելի կենտրոնացած, է՛լ ավելի անազատ քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ սեփականության վերաբաշխում՝ հանուն ավելի նեղ խմբի, ընդհուպ մինչեւ ընտանեկան կամ ազգակցական մակարդակ: Զարմանալու բան չկա՝ նման «հակաօլիգարխիկ» «հեղափոխություն վերեւից» ժամանակին իրականացրել է Վ. Պուտինը Ռուսաստանում ՝ հասարակության մի մասի աջակցությամբ, որին թվաց, թե իր եւ իշխանության նպատակները համընկնում են: Բայց արդյունքները տեսանք: Ռուսաստանում է՛լ ավելի անազատ համակարգ է ստեղծված, որը նաեւ ներքուստ շատ անկայուն է, քանի որ հիմնված է մեկ մարդու անձնական հեղինակության եւ հումքային պաշարների առուծախի եկամտի վրա. նման համակարգը փլուզվելիս կարող է փլուզվել մեկ օրում՝ անկանխատեսելի հետեւանքներով: Նույնն է հարեւան Ադրբեջանում, ուր նույնպես «օլիգարխիան» հաղթահարված է՝ հանուն նեղ կլանային, ընտանեկան համակարգի:

            Բոլորն ընդդեմ մեկի

Այս պայմաններում հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ թե իշխանության ներսում ծվարած «առաջադեմ հեղափոխականներին», այլ այն խավին, որը սեփականության կորստի վտանգ ունի: Իրականում այս խավի համար էլ «օլիգարխիան» պետք է սպառված ձեւաչափ լինի: Նրան ավելի ձեռ է տալիս օրինական դաշտոմ աշխատելը, քան ստվերային բիզնես արտոնություններ ունենալով՝ անընդհատ գտնվել սեփականության կորստի, սեփական եկամուտն անընդհատ կիսելու շանտաժի տակ: Զավեշտալի է, բայց այդ մարդկանց մեծ մասը նույնքան խեղճացած եւ ստրկացված հոգեբանություն է ի ցույց դնում, որքան ցածր խավերի այն ներկայացուցիչները, որոնք, դժգոհ լինելով իրավիճակից, այդուհանդերձ՝ խելոք վերցնում են իրենց 5000 դրամը եւ քվեարկում իշխանական թեկնածուների օգտին:

Խնդիրն, ուրեմն, պետք է ձեւակերպվի լայն եւ վերաբերի հասարակության մեծ մասին: Այսօր բոլորը՝ աղքատից մինչեւ հարուստ, ազատականից մինչեւ ազգայնական, գյուղացուց մինչեւ գործարար, մտավորականից մինչեւ «քյարթ»՝ պետք է գիտակցեն, որ սահմանադրական խաղի կանոնները՝ ազատությունը, հավասարությունը, ձեռնտու են բոլորին՝ բացի օր օրի ավելի նեղացող խմբից: Ցայօսր այդ խմբին հաջողվում է բոլորին բոլորի դեմ հանել, պառակտել, մանիպուլացնել, հակադրել: Հասարակական շահը թելադրում է հակառակը՝ իշխող խմբի նեղացում եւ մեկուսացում եւ հասարակական լայն շերտերի, խմբերի, ուժերի համագործակցություն, ուր ամեն խումբ եւ շերտ, պահպանելով իր ինքնավարությունը (եթե դրա անհրաժեշտությունը կա), միաժամանակ՝ գիտակցում է ընդհանուր շահը եւ ընդհանուր թիրախը: Առարակայական որոշ նախադրյալներ կան՝ նման իրավիճակ հասունացնելու համար, մնում է նաեւ, որպեսզի ենթակայական՝ սուբյեկտիվ մակարդակում գործընթացն արագանա եւ հասունանա: Հենց սա է քաղաքացիական կամ, հետսովետական տարածքի համար ավելի ավանդական եզրով՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը: Բոլորն ընդդեմ բռնակալի:

Նախորդ հոդվածը‘Այս պահին քաղաքապետարանի մոտ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘«Երաժշտության հնչյունները» ֆիլմի հագուստները վաճառվել են 1,3 միլիոն դոլարով’