‘Խմբագրական. Հաճախորդացման մեխանիկա ‘

3410

2008-ի նախագահական ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտի ամենակարևոր փոփոխություններից մեկը դարձավ նաև այն, որ երկար տարիների խառնաշփոթից հետո դաշտը բաժանվեց սևի ու սպիտակի: Մի կողմում ընդդիմությունն էր, մյուս կողմում` իշխանությունը: Ավգյան ախոռները, որոնց մաքրելու մասին խոսել էր նախագահ Տեր-Պետրոսյանը` նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարելուց հետո, շատ հստակ մաքրվեցին` քաղաքական դաշտի խաղացողների պարագայում: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ախոռները լավագույնս մաքրվել էին, ընդդիմադիր ինքնահռչակված ականները` պայթել ու հայտնվել լուսանցքում, կամ նույնիսկ` քաղաքական աղբանոցում:

Ռուսական ԿԳԲ-ի կողմից մեդալ ստացած, Բաքվի կոմերիտդպրոցի և ամերիկյան դեսպանատան սան Սերժ Սարգսյանը 2008-ից հետո քաղաքական դաշտում ինքնադրսևորվեց հենց այդ նույն կգբ-ական մեթոդներով:

Քայլ առաջին— (պրիմիտվ, բայց աշխատող խայծ) իրենով անել կամ գնել քաղաքական դաշտում ցանկացած շարժվող բան: Անգամ`վաղուց ժամկետանց: ՕԳԳ-ն կարևոր չէր: Կարևորը` մեծացնել հաճախորդների բանակը: Հենց այդ էր պատճառը, որ 2008-ից հետո դաշտում ակտիվացան այնպիսի գործիչներ, որոնց գոյության մասին վաղուց բոլորը մոռացել էին:

Քայլ երկրորդ — (սադոմազոխիստական խայծ` սկզբում շահում կամ` «հաճույք էր ստանում» գնվողը, որովհետև քյաշ փող էր կպնում, հետո` գնողը, որովհետև ամբողջությամբ ստանում էր «ապրանքի» 100 տոկոս բաժնետոմսերը) գնել բոլոր հնարավոր վաճառվողներին: Սարգսյանը չխորշեց գնել ցանկացած բան: Ում հնարավոր էր գնել` ուղղակի գնեց: Գումարը` կարևոր չէր:

Քայլ երրորդ` գնել խաթրով, կամ` խոդ կանյոմ: Ընդդիմադիր դաշտում հայտնված գործիչների և ակտիվիստների շրջանում հանկարծ հայտնվեցին նրանց նախկին ծանոթները և ընկերները, խաթրը կիրառվեց նույն մեթոդով` ում հնարավոր էր խաթրով հանել խաղից, հանեցին և հաճախորդացրին: Հենց այդ պատճառով էլ որոշ նախկին ընդդիմադիրներ սկսեցին հանկարծ հիշել իշխանության մեջ եղած իրենց նախկին ընկերների մասին:

Քայլ չորրորդ` կոմպրոմատներ: Նրանք, ովքեր չգնվեցին և խաթրով «չտրվեցին» հաճախորդանալու գայթակղությանը, ուղղակի առերեսվեցին կոմպրոմատներին: Որդիների, եղբայրների, քույրերի և այլոց կողմից երբևէ կատարված որևէ զանցանքն անգամ դարձավ ներքաղաքական հարցեր լուծելու համար լավագույն կոմպրոմատ: Ու ամենևին էլ զարմանալի չէ, որ ընդդիմության դեմ փաստացի պատերազմում սկսեցին օգտագործել այնպիսի մարդկանց, որոնց «ծախվելը» շատերի համար անսպասելի էր թվում:

Եւ վերջապես քայլ հինգերորդ` անհատական վերահսկողություն կամ կուրացիա արդեն նախկին, բայց դեռ կիսաբացահայտված կամ ամբողջովին չբացահայտված ընդդիմադիրների հանդեպ: Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատուները իրենց կուրացիայի տակ առան այնպիսի մարդկանց, ովքեր հանդես գալով անգամ Սերժ Սարգսյանի դեմ (հանուն գործի կարելի է քննադատել նաև «զոն նայողին»), սկսեցին վերահսկելի լինել իշխանական տարբեր առանցքների, գործիչների կողմից: Սամվել Լֆիկ Ալեքսանյան, Վովա զորավար կամ ֆիքս Գասպարյան, Գագիկ Չոռնի Բեգլարյան, Տիգրան մեռելոցապաշտ Սարգսյան, Միքայել Միշիկ Մինասյան, Բարսեղ Ֆլեշ Բեգլարյան, Մհեր Թոխմախ Սեդրակյան, Ռուբեն Նեմեց Հայրապետյան և այլն: Այս մարդիկ իրենց անձնական կուրացիայի տակ առան առանձին մարդկանց և խմբերի. խնդիրը պարզ էր և է. «կուրացվող» մարդկանց միջոցով նախ` կատարել սեփական PR-ը, և միաժամանակ նաև, անհրաժեշտության դեպքում՝ խաթեր համար որոշ գործողություններ կատարել տալ, այսինքն` «կուրացվող» օբյեկտները դարձնել մշտական վերահսկողության թիրախ:

Ի դեպ, այս մեխանիզմը բարեբաստիկ կերպով մետաստազներ տվեց նաև ԶԼՄ-ներում: Լակմուսի թուղթն էլ պարզից էլ պարզ էր: Օրինակ` քննադատություն Սեյրան Օհանյանի կամ ոստիկանության առանձին չինովնիկների դե՞մ, բայց մեծարանք առ «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյա՞նը»: Ուրեմն՝ հեղինակը հաստատ Վովա Գասպարյանի կուրացիայի տակ է: Եւ` հակառակը: Քննադատություն առաձին անդեմ օլիգարխների հասցեին և լոյալություն կամ մեծարանք Տիգրան Սարգսյանի հասցեի՞ն, ուրեմն՝ հեղինակը կամ վերջինիս, կամ էլ` նրա մտերիմ Բարսեղ Բեգլարյանի կուրացիայի տակ է:

Քննադատություն անգամ Սերժ Սարգսյանի, բայց լոյալություն, իսկ երբեմն նաև՝ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք Միքայել Մինասյանի հանդե՞պ` այն փաթեթավորված եռակի կամ քառակի քննադատությամբ միայն ու բացառապես Կոնգրեսի, բացառապես կոնկրետ օլիգարխների և պաշտոնյաների դե՞մ, ուրեմն, կասկած չկա` հեղինակը Միքայել Մինասյանի ֆան ակումբից է:

Շարքն, իհարկե, կարելի է շարունակել, բայց մոտավոր պատկերն այսօր դաշտում այսպիսին է: Հաճախորդացման մեխանիկան այսօր այս պատկերն ունի, և լրահոսի վարար հորձանուտում ցանկացած լուր, նյութ, հարցազրույց կամ մեկնաբանություն կարդալուց ու լսելուց առաջ, ամենևին չէր խանգարի հիշել, որ Սերժ Սարգսյանի հաճախորդացման մեխանիկան թեև մի քիչ խճճված է, սակայն, իրականում բավականին պրիմիտիվ է: 

Եւ ամենակարևորը` կիսածախվածներ և կիսահաճախորդներ չեն լինում: Թեկուզ մեկ պաշտոնյայի կողմից «կուրացվողը»` «կուրացվում» է անձամբ Սերժ Սարգսյանի թանկագին խաթեր համար: Իսկ այժմ, ունենալով հաճախորդացման մեխանիկայի հստակ սխեման ձեր ձեռքի տակ` ուշադրությամբ վերընթերցեք քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների` ձեզ մատուցած լրահոսը: 

Նախորդ հոդվածը‘Ինչի վրա է ՊԵԿ-ը ծախսում պետական միջոցները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’