‘Խմբագրական. Հայաստանակենտրոնությունը, աշխարհը եւ դավաճան վերնախավը’

2773

Երբ ասում ենք՝ հայաստանակենտրոնություն, շատերը՝ ե՛ւ նրանք, ովքեր մերժողական վերաբերմունք ունեն այդ եզրի նկատմամբ, ե՛ւ նրանք, ովքեր ընդունում են եւ իրենցն են համարում դա, հասկանում են ինչ-որ ձեւական, դոգմատիկ դիրք, օրինակ՝ անկախ իրավիճակից՝ դեմ լինել որեւէ արտաքին ուժի, ազդեցության, առհասարակ՝ ինքնամեկուսացում՝ «բոլորին դեմ լինելու», «մենք ենք, մեր սարերը» սկզբունքով:

Սուղ միջոցներ եւ մեծ թռիչքներ

Իրականում խոսքն ամենեւին էլ նման անկենսունակ, վերացական մոտեցման մասին չէ: Ճիշտ հակառակը՝ հայաստանակենտրոն քաղաքականությունը դոգմա չէ, իդեոլոգիա չէ, վերացական սկզբունք չէ, այլ որեւէ իդեոլոգիայից դուրս եւ իդեոլոգիական հակադրություններից վեր գտնվող կենդանի, ճկուն դիրքորոշում՝ ամեն կոնկրետ իրավիճակում սպասարկել հայ ժողովրդի շահերը՝ ելնելով, ընդհա՛նրապես, Հայաստանի ներուժից ու «չափից», եւ մասնավորապե՛ս՝ տվյալ պահի ուժային հարաբերակցությունից: Իհարկե, երբ ասում ենք՝ «ելնելով Հայաստանի ներուժից եւ չափից», շատերը միացնում են մի անճաշակ հին երգ այն մասին, թե, ահա, մեզ ուզում են զրկել թռիչքի, զարգացման, դիմադրության հնարավորությունից՝ պարտադրելով «չափ», սահմանափակելով մեր մղումներն ու ձգտումները: Այս երգը երգում են այնպես, կարծես ինչ-որ բարդույթ ունեն՝ իրենց ազգության հետ կապված, եւ ուզում են իրենց զգալ ոչ թե «փոքր»՝ հայ, այլ «մեծ» մի ազգի ներկայացուցիչ: Իրականում՝ ոչ ոք ոչ մեկին ոչ մի բանից չի ուզում զրկել՝ որեւէ, թեկուզ ոչ այնքան հզոր ազգ ի զորու է բացահայտել բավականաչափ ներուժ եւ հասնել բավականին մեծ եւ նույնիսկ իր գլխից վեր թվացող նպատակների, միայն այն պայմանով, որ ի սկզբանե ճիշտ չափերի մեջ գնահատի իր ներուժը եւ ճիշտ օգտագործի այն: Մեծ նպատակներին հասնելու նախապայմանը հենց չափն ու համարժեքությունն են, այլ ոչ թե մանկական պոռոտախոսությունը: Կենցաղում էլ հաճախ ավելի սուղ միջոցներ ունեցող մարդիկ ավելի ապահով են ապրում եւ ավելի արագ հասնում իրենց նպատակներին, եթե ճիշտ չափի մեջ են հաշվարկում իրենց գործողություններն ու միջոցները, քան ավելի մեծ կարողություն ունեցողները, որոնք սխալ հաշվելով եւ վատնելով ունեցած-չունեցածը՝ ձախողվում են:

Հայրենասիրություն եւ իրապաշտություն

Հայաստանակենտրոն քաղաքականության գերագույն նպատակը պարզ եւ մատչելի է՝ հայ ժողովուրդը պետք է ապրի իր հայրենիքում՝ ապահո՛վ, անվտա՛նգ եւ ինքնիշխա՛ն, եւ ոչ միայն այսօր, այլեւ վաղն ու մյուս օրը: Իհարկե, այստեղ էլ քննադատները կասեն, թե սա նպատակ չէ, այլ ինքնին պարզ բաներ են, իսկ նպատակները պետք է լինեն «վեհ», «համատիեզերական» եւ «գլոբալ»: Մի կողմ թողնենք այն, որ ինքնին պարզը դեռ չի նշանակում սխալ, ավելին՝ չի նշանակում իրապես վերապրած, հասկացված եւ կիրառվող: Առավել կարեւոր է, որ առանց այս «ինքնին պարզ» հիմքի՝ հնարավոր չէ սահմանել եւ իրականացնել մնացածը՝ «վեհն» ու «տիեզերականը»: Օրինակ, եթե ենթադրենք, որ հայերը մի օր պետք է թռչեն տիեզերք եւ բնակեցնեն Մարս մոլորակի Հրատ դաշտավայրը (ինչն, ի դեպ, շատ էլ գեղեցիկ, ու, թերեւս՝ մի օր հասանելի նպատակ է), հայերը պետք է, նախ, ընդհանրապես՝ լինեն, եւ երկրորդ՝ բավականաչափ ապահով եւ անվտանգ լինեն՝ մտածելու համար Մարս թռչելու մասին: Թռիչքը դեպի Մարս, ուրեմն, ոչ թե բուն նպատակն է, այլ նպատակի իրականացումից բխած հնարավոր հետեւանքներից մեկը՝ եթե ուզում ենք երազները մի օր իրականություն դառնան, ապա պետք է ամուր կանգած լինենք հողի վրա:

Հայաստանակենտրոն քաղաքականությունն ավելին չէ, քան ճիշտ հասկացված հայրենասիրության, եթե կուզեք՝ նաեւ ճիշտ հասկացված ազգայնականության եւ իրապաշտ քաղաքականության այլ՝ մի քիչ ավելի հնչեղ ու թարմ անվանումը: Ցավոք, մեզանում հայրենասիրությունը, ազգայինը համարվում են իրապաշտությանը հակադիր, մինչդեռ դրանք բնական դաշինքի եւ միության մեջ պետք է լինեին իդեոլոգիական դոգմատիզմի, ինչպես նաեւ անոգեշունչ ավազակապետության դեմ: Իրական հայրենասիրությունը չի կարող իրապաշտական չլինել, քանի որ այն, ըստ սահմանման, պետք է գերադասի սեփական երկրի եւ ժողովրդի շահը և զգուշությամբ ու փայփայանքով վերաբերվի հայրենիքին ու նրանում ապրող ժողովրդին՝ նրա ապահովությանն ու անվտանգությանը: Նաեւ այն դեպքերում, երբ դրվում են մեծ եւ ոգևորող նպատակներ, դրանց հասնելու միակ հայտնի միջոցն իրապաշտությունն է: Բացի այդ, եթե ենթադրենք, որ հայրենասիրությունը ենթադրում է պահպանողականության որոշակի չափ, ապա չկա պահպանողական աշխարհայացքից բխող ավելի բնականոն մարտավարություն, քան իրապաշտական քաղաքականությունն է (խոսքը ոչ թե «ադաթային», այլ ավելի սոլիդ՝ փիլիսոփայորեն հիմնավորված եւ մտածված պահպանողականության մասին է):

Մեկուսացում եւ ունիվերսալիզմ

Արտաքին աշխարհի հետ հարաբերվելու շրջարկում հայաստանակենտրոնությունը նշանակում է հրաժարում միջազգային քաղաքականության, մեծ տերությունների մրցակցության եւ առճակատումների գաղափարականացումից, բարոյականացումից: Այսինքն՝ քաղաքական աշխարհում չեն բախվում բարոյական չարն ու բարին, ոչ էլ իդեոլոգիապես առաջադեմը հետադեմի հետ (բացառությամբ որոշ՝ ծայրահեղ դեպքերի), եւ մենք էլ պարտավոր չենք կողմնորոշվել այդ պայքարում ըստ այդ՝ արտաքաղաքական բաժանումների: Որեւէ մեկի դավանած գաղափարախոսությունը եւ արժեքները չեն պարտավորեցնում նրան լինել համաշխարհային մեծ ուժերի բախման կողմերից մեկի կամ մյուսի կողքին, որքան էլ մեծ տերությունների քարոզչությունը ներկայացնի աշխարհաքաղաքական բախումները՝ որպես բարոյական կամ գաղափարախոսական պայքար: Աշխարհաքաղաքական մեծ բախումները կարող են նպաստել կամ վնասել մեր ազգային զարգացմանն ու ինքնիշխանությանը, եւ մեր միակ խնդիրն այստեղ ճիշտ կողմնորոշվելն է՝ ըստ եղած մարտահրավերների եւ հնարավորությունների, այլ ոչ թե սեփական երկիրը կողմ դարձնելը որեւէ խոշոր բախման մեջ, բացառությամբ խիստ հիմնավորված, մեր կենսական շահերից բխող անհրաժեշտություններից: Մեր միակ կողմն ու դեմը Հայաստանն է՝ անկախ յուրաքանչյուրի իդեոլոգիական դիրքերից կամ էլ անձնական նախասիրություններից:

Հայաստանակենտրոնությունը ոչ թե մեկուսացման, այլ, ճիշտ հակառակը՝ ունիվերսալիստական ներքին դիրքորոշումից բխած մտածողություն ու քաղաքականություն է: Ազգի՝ փոքր կամ մեծերին հավասար լինելը բխում է ոչ այնքան նրա թվաքանակից, որքան ինքնաընկալումից: Փոքր ազգի հոգեբանությունը իր դիրքորոշումների եւ գործողությունների օրինակարգ լինելու հիմնավորումը դրսում է փնտրում եւ գտնում: Իրապես ինքնիշխան ազգը միշտ էլ ինքնակենտրոն է, այնքանով, որքանով նա վստահ է, որ ինքը զուրկ չէ «մեծ» ճիշտ ու սխալն ինքնուրույնաբար դատելու իրավունքից, իշխանությունից, տիրապետում է դատողության կարողությանն ու իրավունքի ոչ պակաս չափով, քան «մեծերը», եւ ի զորու է սեփական որոշումներ կայացնել եւ գործողություններ իրականացնել՝ բխած այդ ճշմարտությունից: Գավառացի՛ն է մտածում, որ ապրում է, գործում է «աշխարհի» ուշադիր հայացքի ներքո եւ գնահատվում է «աշխարհի» իսկ կողմից. իրական քաղաքացին ինքն է իրեն ե՛ւ աշխարհ զգում, ե՛ւ գնահատականի աղբյուր: Եթե Հայաստանում կան իրապես համամարդկային, նաեւ՝ եվրոպական դասական արժեքների ու մտածողության կրող մարդիկ, ապա նրանք անխուսափելիորեն, բնականից հայաստանակենտրոն են, իսկ այլեւայլ «-մետությունները» բնական են տիպիկ «ասիացի» գավառացիների համար, քաղաքականության միջի ռաբիսն են: Որպեսզի «միտված» լինես ինչ-որ բանի, պետք է, նախ՝ ներքուստ քեզ կտրված զգաս միտման թիրախից:

Ժողովուրդ եւ մտավորականություն

Հայաստանակենտրոն քաղաքականության բնական դաշնակիցը այն խավն է, որը սովորաբար կոչում ենք «ժողովուրդ»՝ ի հակադրություն վերնախավի, հատկապես՝ ինքն իրեն կիրթ պատկերացնող, որպես մտավորական ներկայացնող, բայց իրականում խորապես քաղքենի, դեկորատիվ շերտի: Հայ մտավորականությունը (ոչ թե առանձին անհատները, այլ մտավորականությունը՝ որպես խումբ), իր բոլոր ներքին ենթաշերտերով հանդերձ՝ «պալատական», «սովետական», «հակասովետական», «հայրենասիրական», «կոսմոպոլիտ», «առաջադեմ», «պահպանողական», «արեւմտամետ», «ռուսամետ»՝ գրեթե սպառել է իրեն: Վերջին մոտ 150 տարվա մեջ հենց այդ խավն է եղել մեր ժողովրդի քաղաքական եւ մշակութային առաջնորդը՝ աշխարհայացք, ճաշակ, ուղղություն ձեւավորողն ու տվողը: Վատ թե լավ, բայց մտավորականության մի քանի սերունդ կատարել է իր այդ գործառույթը: Այսօր նա, որպես ամբողջություն, այլեւս չկա, եւ իր մեծամասնությամբ ի զորու է, լավագույն դեպքում, միայն ծաղրել, մռթմռթալ, նեղանալ, իրեն պատեպատ տալ տարբեր ծայրահեղ, հատկապես՝ արտաքին կողմնորոշումային դիրքերի միջեւ, լաչառանալ, թութակել, դատարկ պոզաներ ընդունել, բայց ոչ երբեք առաջնորդել, քննադատել, լուսավորել եւ պայքարել ՝ բանականության եւ բարոյականության դիրքերից, ինչպես նախկինում էր: Նա այլեւս օտարացած է իր հողից եւ իր ժողովրդից՝ աստիճանաբար ինտեգրվելով ոչ հայկական մեծ համակարգերի մեջ եւ սպասարկելով դրանց շահերը:

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը բնականից, տարերայնորեն հայաստանակենտրոն է՝ ե՛ւ հայրենասիրության, ե՛ւ իրապաշտական աշխարհայացքի իմաստով: Բայց այդ տարերային զգացումը չունի «գրական» ձեւակերպում, չունի լեզու, բավականաչափ չի գիտակցում ինքն իրեն, եւ ստիպված ընդօրինակում է վերնախավային այս կամ այն խմբակի խոսքը, կամ էլ վերագրում է իր պատերացրածը նրանց, ովքեր իրականում ոչինչ են եւ միայն շահագործում են մարդկանց ձգտումներն ու ցանկությունները: Առայժմ միայն առանձին անհատներն ու խմբերը, հիմնվելով իրենց համառության եւ հավատարմության վրա, կարող են այլընտրանք լինել այս իրավիճակին, մինչեւ չձեւավորվի նոր մտավորական խավը, որը հայ ժողովրդի բնական եւ տարերային միտումներին ու ձգտումներին կտա համարժեք «գրական» եւ «գիտակցված» ձեւակերպում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը կհետազոտվի ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բազկամարտ. Հայազգի մարզիկը դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն ու կմասնակցի ԱԱ-ին’