‘Խմբագրական. Հայաստանակենտրոն հայացքը եւ «գլոբալիզմը»’

28010

Առաջին անգամ պետք է սթափվեինք եւ ավելի ուշադիր ու զգուշավոր դառնայինք, երբ երկու տարի առաջ Սիրիայի եւ Իրաքի ընդարձակ տարածքներում հաստատվեց ինքնահռչակ Խալիֆաթը: Բայց նորություն չէ, որ չնայած աշխարհագրորեն Մերձավոր Արեւելքը մեր քթի տակ է, բայց մեր հանրային գիտակցությունը մեր երկիրը տեղադրում է ավելի շուտ Նոր Զելանդիայի կամ լավագույն դեպքում՝ Մոսկվայի ու Վաշինգթոնի կողմերը: Հետեւաբար, այդ խալիֆաթ-մալիֆաթը, իսլամիստ-միսլամիստները մեզ չեն վերաբերվում՝ մեզնից աննկարագրելի հեռու լինելու պատճառով:

Երկրորդ անգամ արժեր սթափվել եւ լրջանալ, երբ Սիրիական պատերազմի մեջ ներգրավվեց Ռուսաստանը: Բայց դե՝ դա է՞լ մեզ հետ ինչ կապ ունի: Այսինքն՝ կապ ունի, բայց միայն ու միայն այնքանով, որքանով բոլորս քաջ եւ անվեհեր մարտիկներն ենք Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության՝ կռվելով ա՛յս կամ ա՛յն կողմից: Ուրեմն, Ռուսաստանի ներգրավումն էլ մեզ միայն այդ կողմից էր հետաքրքիր՝ ճիշտ այնպես եւ այնքան, որքան, ասենք, Վարշավայի կամ Օսլոյի՝ պարապությունից միջազգային լրահոսով հետաքրքրվող մի բնակչի: Ուրիշ ոչ մի կապ Հայաստանի հետ չուներ սա եւ չէր կարող ունենալ: Եւ, իրենց լեզվով ասած՝ «գլոբալ» ճակատամարտի խրոխտ զինվորները դիրքավորվեցին յուրաքանչյուրն ըստ իրենց նախասիրության՝ հանուն մեծ Ռուսաստանի կամ ընդդեմ չարիքի կայսրություն «Ռուսնյայի»:

Երրորդ անգամն արդեն թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն էր (չգիտեմ ինչո՛ւ հիմա չի կարելի ասել՝ խփել, այլ պետք է ասել՝ խոցել. բառերից վախեցող ու ամեն խնդիր «բառագիտորեն» լուծող ժամանակակից աշխարհի միտման հերթական դրսեւորումն է երեւի, որը հիմա էլ հասել է Հայաստան): Սրանից, կարծես, մի քիչ լրջացանք եւ ավելի ուշադիր եղանք: Բայց չէի ասի, թե այդ ուշադրությունը սթափվելու նշան էր: Չհաշված մի քանի ուշագրավ բացառություններ, հիմնական խոսակցության «քարտեզը» նույնն է մնում: Ամենականխատեսելին, իհարկե, ռուսական ուժով Կարսն ու Վանն ազատագրելու մշտադալար ծրագրի թեկուզ կարճատեւ, բայց աչքի զարնող վերածնունդն է: Բայց ես սա որպես առավել մտահոգիչ չէի շեշտի, որովհետեւ որքան էլ քանակով տարածված մտայնություն է արտահայտում, բայց կարելի է ասել, որ, այսպես ասած, «էլիտար» խոսքի մակարդակում՝ բուն Հայաստանում արդեն բավականին լուսանցքային է: Ավելի մտահոգիչ է քանակով լուսանցքային, բայց «էլիտար» այն տեսակետը, թե՝ բա, տեսա՞ք, ոնց տեղը դրին էդ չարիք ռուսներին: Երկու մոտեցումն էլ վերը նկարագրված «գլոբալիզմի» շարունակությունն են եւ հերթական ցուցիչը՝ հայաստանակենտրոն հայացքի պակասի:

Ի դեպ, հենց այս օրինակի վրա առավել հասկանալի պետք է լինի, թե ի՛նչ է հայաստանակենտրոն հայացքը: Դա ինչ-որ վերացականություն չէ՝ «ո՛չ սրանց, ո՛չ նրանց» ոճի մեջ, այլ կոնկրետ, կենդանի, հետեւաբար՝ ամեն տվյալ իրավիճակին համապատասխանեցվող, ճշտվող դիրքորոշում, որի հիմքում հենց Հայաստա՛նը որպես կենտրոն ունեցող հայացքն է: Օրինակ, երբ մեկն ուրախանում է ռուս-թուրքական հնարավոր պատերազմի հեռանկարից, նա իրերը դիտում է ոչ թե Հայաստանից, այլ ինչ-որ այլ տեղից. Հայաստանում եւ Հայաստանով ապրողը, այստեղից իրերը դիտողն՝ առանց հավելյալ բացատրությունների պետք է հասկանա, թե ի՛նչ կարող է նշանակել Հայաստանի համար ռուս-թուրքական պատերազմը, առավել եւս՝ Հայաստանի ներգրավումը դրա մեջ: Մյուս կողմից էլ՝ նույն հայաստանակենտրոն հայացքը չի կարող ոչ մի ուրախալի կամ նույնիսկ զուտ չեզոք, իրեն չվերաբերող բան տեսնել այն փաստի մեջ, որ թուրքերը խփում են ռուսական ինքնաթիռը՝ փաստացի կռվի մեջ մտնելով ծայրահեղ իսլամիստների կողմից: Եթե այդ կռվում ռուսները ձախողվեն կամ լուրջ խոչընդոտների հանդիպեն, ապա միայն ինքն իրեն Հայաստանից դուրս զգացողը կարող է դրանից ուրախանալ կամ թեկուզ անտարբեր մնալ՝ ինքնին պարզ պատճառներով:

Բայց երբ ասում ենք, թե հայաստանակենտրոն հայացքը կենդանի եւ կոնկրետ դիրք է, այլ ոչ՝ վերացական, սա, օրինակ, նշանակում է, որ պետք չէ մտածել, թե ցանկացած ռուս-թուրքական բախումից Հայաստանը պետք է եւ կարող է տուժել. հարցը հո ինքնին բախումը չէ՝ ավելի փոքր ազգերը կարող են նաեւ իրենց օգուտները քաղել մեծերի հակամարտությունից, եւ մեր պատմությանն էլ անհայտ չեն նման իրավիճակները: Հարցը մեր դիրքն է տվյալ բախման նկատմամբ՝ անմնացորդ նվիրվածությամբ տրվել մեծերից ինչ-որ մեկին, թե ի սկզբանե մտածել սեփական շահի մասին որպես ինքնուրո՛ւյն կողմ, այլ ոչ թե մեկի կամ մյուսի կողմնակից: Մեկ այլ օրինակ. կարող է պարզվել, որ մեզ այս պահին ձեռնտու չէ նաեւ Թուրքիայի չափից ավելի թուլացումը կամ առավել եւս փլուզումը։ Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի այսօրվա քաոսը՝ դա կարող է հանգեցնել ընդամենը նրան, որ անկայունությունը մոտենա մեր սահմանին՝ անկախ նրանից, թե քաոսի ակտիվ ռեժիսորներից ու հրամանատարներից է նաեւ հենց ինքը՝ Թուրքիան: Ընդհանրապես «գլոբալիստ» կարող ենք համարել բոլոր նրանց, ովքեր երազում են այս կամ այն համաշխարհային կամ տարածաշրջանային տերության փլուզումը, քանի որ՝ դեռ մի կողմ թողած Թուրքիան, ասենք՝ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի կամ ԵՄ-ի արմատական ճգնաժամը կարող է այնպիսի հետեւանքներ ունենալ փոքր Հայաստանի վրա, որի տակից դուրս գալը գրեթե անհնար լինի, այն էլ՝ մեր այսօրվա խնդիրները հաշվի առնելով: Մենք չենք կարող ինչ-որ մեկին դեմ լինել, եթե ի զորու չենք այս պահին սեփական ուժերով հարց լուծել այդ «դեմ»-ի հետ (սեփական ուժերով հարց լուծելը չի բացառում դաշնակիցներ ունենալն, իհարկե, բայց ենթադրում է սեփական ուժերի վրա հիմնված լուրջ ներդրում ընդհանուր գործի մեջ, այլ ոչ թե, կներեք, ուրիշի հետույքով հոխորտալից «գլոբալ» խաղեր տալը):

Հայաստանակենտրոն հայացք ունենալու համար շատ բան պետք չէ: Պարզ՝ պետք է մարդ լինել եւ հայ լինել: Այս ձեւակերպումը կարող է տարօրինակ թվալ: Ի՞նչ կապ ունի հատկապես մարդ լինելը: Տվյալ դեպքում նկատի ունենք՝ իրապես սեփական տեսակետ ձեւակերպելու կարողությունը, ընդ որում՝ հենց համամարդկային տեսանկյունից եւ համամարդկային խնդիրների վերաբերյալ՝ անկախ այս կամ համաշխարհային ուժի քարոզչամեքենայի տվյալ պահի թեզերից: Սա թվում է շատ հեշտ բան, բայց իրականում Հայաստանում չափազանց քիչ է ներկայացված իրապես անկախ, այսպես ասած՝ ինքնակենտրոն տեսակետը: Բոլոր «բարձր թեմաների» մասին պատկերացումները փոխառվում են դրսից՝ ըստ օրվա կուրսի: Օրինակ, եթե այսօր, չնայած ճարտասանական վարժանքներին, նույն ԻՍԻՊ-ն արեւմտյան քարոզչության կողմից փաստացի ընդունվում է որպես համեմատաբար փոքր չարիք կամ ո՛չ թիվ մեկ վտանգ քաղաքակրթությանը, ի տարբերություն «մեծագույն չարիք» հռչակված ռուսների, մեր «աբորիգենները» նույն գծի մեջ են մնալու: Առանձնապես չի խոսվում ԻՍԻՊ-ի եւ ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիայի կապերի մասին, հետեւաբար եւ՝ մերոնք չնկատելու են տալիս այդ փաստը: Իսկ ահա, եթե մի օր «կուրսը» փոխվի, չզարմանանք, որ նույն չնկատողները հանկարծ հայտնաբերեն, որ ոչ թե ռուսները, այլ իսլամիստներն ու թուրքերն են մարդկության վաղեմի, սկզբնական եւ թիվ մեկ թշնամին: Նույնը եւ՝ հակառակ կողմից: Շատերը հանկարծ հայտնաբերեցին իրենց հետաքրքրվածությունը ԻՍԻՊ-ով այն պահից, երբ Ռուսաստանը բացահայտ միջամտեց խնդրին, կարծես՝ մինչ այդ դա Հայաստանին չառնչվող հարց էր: Բայց եթե նույն ԻՍԻՊ-ի դեմ, ասենք, ամերիկացիք պայքարեին, նույն այդ մարդիկ կարող է լրիվ այլ երգեր երգեին:

Բայց նորմալ մարդու համար բացարձակ չարիքը մնում է չարիք՝ անկախ «գեոպոլիԾիկայից»: Եթե իրապես համամարդկային արժեքների կրող ես, եթե թեկուզ արեւմտյան քաղաքակրթության մաս լինելը ոչ թե դատարկ խոսք է, ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ չասեմ՝ նույնիսկ մշակույթ, այլ ապրելակերպ է, միս ու արյուն է, ապա անկախ արեւմտյան տերությունների տվյալ պահի աշխարհաքաղաքական դիրքից, չես կարող չտեսնել եւ չհասկանալ, որ այսօր արեւմտյան արժեքներին չկա ավելի մեծ մարտահրավեր, քան Մերձավոր Արեւելքում ահագնացող չարիքը, եւ որ դրա համեմատ՝ նույն ռուս-արեւմտյան հակամարտությունը պարզապես մանկապարտեզ է՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում դրա մասին աշխարհի մեծերը, որոնք, ի դեպ, առաջին անգամ չէ պատմության մեջ, որ տառապում են էշությամբ:

Մյուս կողմից, եթե հայ ես, ապա չես կարող չտեսնել, չզգալ այն աշխարհագրական, նաեւ՝ պատմական կարճ հեռավորությունը, որը բաժանում է մեզ դեպքերի կիզակետից, եւ չես կարող չանհանգստանալ, որ այդ ամենի ֆոնին աշխարհի մեծերը հանգիստ հանդուրժում են կազմակերպված բարբարոսության հովանավորումը քո հարեւան եւ ամենեւին էլ ոչ բարեկամ, բայց իրենց պաշտոնական դաշնակից պետության կողմից: Ես նույնիսկ չեմ անդրադառնում տեղի ունեցողի կոնկրետ քաղաքական վերլուծությանը, որն ավելի շատ մասնագետների գործն է, բայց նույնիսկ ոչ մասնագետի համար բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Բայց՝ չէ՛, ի՞նչ եմ խոսում, եկեք շարունակենք խաղալ մեր սիրած խաղերը: Չէ՞ որ հայաստանցիներիս համար առավել կարեւորն այն է, թե ո՛վ կհաղթի «գլոբալ» պայքարում՝ ռուսնե՞րը, թե՞ ամերիկացիները: Թե ինչ կլինի Հայաստանի հետ՝ մանր հարց է համաշխարհային հեղափոխության տեսանկյունից:

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Լոպե դե Վեգան՝ ուրախ-տխուր «բնության հրաշքը»’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Աջափնյակում’