‘Խմբագրական. Հայաստանը մնացել է առանց իշխանության’

3018

Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում վերջին շրջանում, հատկապես` վերջին երկու-երեք ամիսների ընթացքում, կարելի է բնութագրել անգամ մեկ բառով. անիշխանություն: Հայաստանը չունի իշխանություն: Ընդ որում, խոսքը ոչ թե լեգիտիմ իշխանության մասին է, քանի որ այդպիսին Հայաստանը չի տեսել 15 տարի, այլ հենց իշխանությունը ապօրինի և ընտրակեղծիքներով զավթած գործիչների մասին: Իշխանությունը ուզուրպացրածներն արդեն չեն վերահսկում իրավիճակը: Իրավիճակը զգալի թափով դուրս է եկել իրենց վերահսկողությունից, և հատկապես հունվար ամսից, երբ իշխանությունների թեթև ձեռքով կուտակված խնդիրները սկսել են ուղղակիորեն զուգակցվել, անիշխանությունն իրեն զգալ է տվել ամբողջ թափով:

Մի կողմից՝ ունենք տարիների ընթացքում կուտակված խնդիրների զուգակցված արտահայտում, հասարակության շրջանում ահագնացող լարում, ոչ իշխանական ուժերի համատեղ գործողությունների օրինակներ, որոնք կարող են նախադեպային լինել նաև հետագա գործողությունների համար, մյուս կողմից` ներիշխանական ճաքեր` հրապարակային «ռազբորկաների» տեսքով (այո, հենց «ռազբորկաների», քանի որ դրանք բանավեճ անվանելը կոմպլիմենտ կլիներ), և իշխանության զրո ներկայություն: Իսկ ավելի կոնկրետ` կատարյալ չներկայություն:

Ու խնդիրն ամենևին էլ Սերժ Սարգսյանի երկու շաբաթ տևած, բայց մինչ այդ կարճատև հռչակված արձակուրդը չէր: Արձակուրդն այդ ընդամենը վերահսկման անունակությունը ինչ-որ բանով փաթեթավորելու անհույս փորձ էր: Եթե գտնվում ես երկրում, և չես վերահսկում իրավիճակը, ապա ավելի լավ է գնալ «կարճատև» արձակուրդի, պարբերաբար երկարացնել այն (ձեռքի հետ դեռևս քո վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով լուրեր տարածել, թե այնտեղ`արձակուրդում, ցողունային բջիջների իմպլանտացիայի օգնությամբ երիտասարդանում ես), քան մնալ երկրում և լինել լուսանցքում:

Արդյունքում՝ հենց դա էլ ունեցանք: Իշխանությունները Ամանորից հետո նախընտրեցին փախչել երկրից, և այստեղ տեղի ունեցող իրադարձություններին հետևել դրսից` այսպես ասած, կողքի աչքով նայել: Այժմ, եթե հավատանք պաշտոնական լրահոսին, Սերժ Սարգսյանը վերադարձել է: Բայց ինչպես տեսնում ենք, մեծ հաշվով, որևէ բան` տեղի ունեցող իրադարձություններում այդ հանգամանքը չի փոխել: Սերժ Սարգսյանն այլևս դերակատար չէ, Սերժ Սարգսյան անուն ազգանունով գործոն գոյություն չունի, Սերժ Սարգսյանն այժմ դարձել է ընդամենը հանդիսատես, և ինքն էլ դա բոլորից լավ է հասկանում: Նա անգամ չի կարողանում վերահսկել սեփական թիմում խորացող խմորումներն ու ճաքերը, թիմը պառակտված է, բոլորը պատերազմում են բոլորի դեմ, և այդպիսի թիմով ուզուրպացված իշխանություն պահելը, հանրության և քաղաքական ուժերի արդարացի ճնշումներին դիմակայելը գնալով ավելի ու ավելի անհնար է դառնում: Ի դեպ, մի կողմից՝ թիմի թուլացումը պատճառ է դառնում, որ Սերժ Սարգսյանն ավելի կորցնի վերահսկողությունը, մյուս կողմից` վերահսկողության կորուստը ավելի է խորացնում թիմում առկա հակասությունները:

Հունվարը խիստ ծանր է սկսվել Հայաստանի համար: Խնդիրները շատացել են ավելի, իսկ դրանք որքան շատանում են, այնքան խորացնում են հասարակության շրջանում առկա այն գիտակցումը, որ բոլոր խնդիրների պատճառը թաղված է մեկ տեղում: Սերժ Սարգսյանը քաղաքական մեկուսացման մեջ է հայտնվել, և նա, ըստ էության, ապրում է լիովին այլ Հայաստանում: Հասարակական ճնշումը ավելի է ուժգնանում` ահագնացնելով նաև Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության գիտակցումը:

Հանգուցալուծումը կարծես` արդեն զգալ է տալիս իրեն:  

Նախորդ հոդվածը‘Օրվա հումոր. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի քաղաքացիական հասարակության ձևավորմանը. Վարչապետ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ սուտ է տարածում’