‘Խմբագրական. Հայաստանյան ընդդիմադիր «սանատորիան»’

1888

Ամեն անգամ, երբ խոսվում է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, ակամայից մի հարց ես ուզում տալ, որը թեեւ տարօրինակ է թվում, բայց՝ միայն առաջին հայացքից.  իբր հին ուժերը կամ եղածը «դորդուբեշ» արեցինք, հիմա էլ մնում է նորը ստեղծենք: Նոր ուժ ստեղծելու մեջ ինքնին, իհարկե, ոչ մի վատ բան չկա, եւ Աստված բոլորին հաջողություն տա, եթե իրոք նոր բան ունեն ասելու կամ անելու,  չնայած՝ հաջողությունը տվյալ դեպքում կախված է լինելու ոչ թե ինչ-որ մեկի, նույնիսկ՝ Աստծո ցանկությունից, այլ նրանից, թե որքանով նորն իրոք կարտացոլի հասարակության մեջ եղած առարկայական պահանջարկը: Բայց մենք դառնանք մեր հարցին:

Իրոք, բոլորը, ովքեր երկար տարիներ հետեւում են հայաստանյան քաղաքական դաշտի զարգացումներին, գիտեն, որ նոր ուժ ստեղծելու մասին խոսակցությունները չեն դադարում գրեթե ոչ մի տարի, նույնիսկ՝ տարվա ոչ մի եղանակի: Փոխվում են քաղաքական իրավիճակը, դերակատարները, դիրքորոշումները, նույնիսկ՝ կլիմայական պայմանները եւ հայկական բանջարեղենի եւ այլ մթերքների համը (լոլիկը՝ վառ օրինակ, բայց մի բան այն չէ նաեւ վարունգի, ձմերուկի եւ, ինչո՞ւ ոչ՝ լավաշի հետ), բայց նորի մասին խոսակցությունը Նոր Տարու մշտադալար եղեւնու պես միշտ մեզ հետ է, միշտ լուսավորում է մեր մշուշոտ եւ մառախլապատ ապագան՝ իր կապուտաչյա հուսո իշմարով: Կատակը մի կողմ. որտեղի՞ց մեր երկրում նորի այս մոլուցքը, որը, պետք է ասել, տարածված է ոչ միայն քաղաքական կյանքում: Այդ իմաստով մոտավորապես նմանվում ենք մի մարդու, որն անընդհատ հայտարարում է նոր տուն սարքելու կամ ձեռք բերելու մասին՝ հինն այդպես էլ մինչեւ վերջ չկառուցած կամ ամեն անգամ կիսատ թողած: Ինչպե՞ս թե, կասեք, չէ՞ որ հինը չստացվեց, դրա համար էլ նորն է ուզում: Դե, եթե տուն կառուցելու ընթացքում խոչընդոտների հանդիպելով՝ մարդն ամեն անգամ մտածի, որ պետք է ոչ թե խոչընդոտները հաղթահարելու ձեւերը գտնի, այլ արդեն սկսած գործը թողնելով՝ նորը ձեռնարկի, ապա, իհարկե, անընդհատ կհայտնվի նույն այդ իրավիճակի առջեւ:

Փորձենք իրոք հանգիստ, հերթով ու առանց պատեպատ տալու հասկանալ այս հարցը, որն ինչ-որ տեղ ավելի կարեւոր է, քան այս պահի ցանկացած ակտուալ իրադարձություն, քանզի վերաբերում է մեր գործունեության կաղապարին, որը  կրկնվում է ցանկացած ակտուալ եւ ոչ ակտուալ կոնկրետ իրավիճակում: Նախ՝ հասկանանք հայաստանյան «փորձեցինք-չստացվեց»-ը: Ե՛ւ անցյալում, ե՛ւ ներկայում աշխարհիս երեսին տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր հասարակություններ պայքարել են ու պայքարում են տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր բռնապետությունների դեմ: Այդ կարգի պայքարը կարող է լինել կարճատեւ կամ չափից ավելի երկարատեւ (ընդհուպ մինչեւ տասնյակ տարիներ), կարող է ունենալ վերելքներ եւ անկումներ, կարող է ընդունել տարբեր ձեւեր՝ խաղաղ ցույցերից մինչեւ պարտիզանական գործողություններ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմներ: Այդ տասնյակ եւ հարյուրավոր հասարակությունների մեջ հայաստանյանն աչքի է ընկնում նրանով, որ սովորաբար նման պայքարների միջուկը հանդիսացող միջին խավը մեզանում, դիմադրելով, եկեք խոստովանենք՝ աշխարհի ոչ ամենաբիրտ (թեեւ՝ բավականին բթամիտ) բռնակալությանը (ունենք ընդդիմադիր մամուլ, թեեւ հեռուստատեսությունը լիովին վերահսկելի է, պատերի տակ մեզ չեն գնդակահարում, թեեւ կուզենային, կալանավորում են միայն որոշ դեպքերում եւ սահմանափակ թվով անձանց, Սիբիր չեն աքսորում եւ այլն), համարում է, որ իր մի քանի տարվա, իսկ երբեմն էլ՝ մի քանի ամսվա պայքարը (նայած՝ ով ինչքան է մասնակցում), ընդ որում, սա էլ անկեղծ ասենք՝ «ձեռի հետ» պայքարը (որն իրականացվում է աշխատանքից եւ ժամանցից ազատ մնացած ժամանակահատվածում՝ շաբաթ-կիրակի օրերին) բավական է, որպեսզի ապացուցված համարի, որ բոլոր փորձած ձեւերն անարդյունավետ են, հիասթափեցնող, աշխարհի վերջը մոտեցել է, կամ աշխարհի վերջը տեղի է ունենալու «մեկ՝ առանձին վերցված երկրում», եւ ժամանակն է կա՛մ արտագաղթել, կա՛մ հաշտվել իրավիճակի հետ եւ այլն: Եթե հիշենք, որ նման այլ դեպքերում մարդիկ իրենց կյանքի լավագույն տարիներն են մաշել ընդհատակում կամ բանտերում, կամ լեռներում, առանց ֆեյսբուքի, թերթերի, աշխատանքի ու սրճարանների եւ առանց հույսի՛ իսկ, որ իրենք, այլ ոչ թե հաջորդ սերունդները կտեսնեն գործադրած ջանքերի եւ զոհողությունների արդյունքները, մեզանում տիրող իրավիճակը կարելի է կոչել սանատորիա, եթե չասենք՝ մանկապարտեզ: Ամեն դեպքում, չասենք նույնիսկ պայքարի դուրս ելած, այլ պարզապես կյանքում որեւէ լուրջ նպատակ դրած մարդը, կարծում ենք, մի բան պիտի հստակ գիտակցի՝ պայքարն ավարտված կամ պարտություն կրած կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ վերջնականապես ջարդված է դիմադրողների կամքը, եւ ջախջախված է նրանց կազմակերպվածությունը: Այդպես է նաեւ պատերազմում՝ քանի դեռ ջախջախված չէ թշնամու բանակը, կամ կոտրված չեն դիմադրելու նրա քաղաքական կամքն ու ռազմական կարողությունը, վերջնական արդյունքի մասին խոսել վաղ է:

Պետք է ավելացնել նաեւ, որ պայքարի ձեւերը, որոնք հայտնի են աշխարհում, այնքան էլ շատ չեն՝ դրանք կարելի է մատների վրա հաշվել: Պատճառն էլ այն չէ, որ մարդիկ հիմար են եւ չեն կարողանում նոր՝ «կրեածիվ» բաներ հորինել, այլ զուտ առարկայական է՝ իրար նման իրավիճակներում, անկախ մեր կամքից, կան եւ կարող են լինել միայն սահմանափակ թվով լուծումներ, ընդ որում՝ տեսականորեն հնարավոր լուծումներից էլ ամեն տվյալ իրավիճակում հասանելի են եւ իրապաշտական են է՛լ ավելի սահմանափակ թվով լուծումներ: Օրինակ, եթե մեկն այսօր Հայաստանում որոշի պարտիզանական պայքար ծավալել (ասենք՝ Ֆիդել Կաստրոյի կամ մեր ֆիդայիների նման), ապա դա կավարտվի սկսվելուց երկու րոպե անց, ոչ թե՝ որովհետեւ դա պայքարի ճիշտ կամ սխալ, ընդունելի կամ անընդունելի ձեւ է, այլ որովհետեւ չկա մեր պայմաններում դրա իրական ռեսուրսը: Խոսել այդ թեմայով, իհարկե, արգելված չէ, բայց հենց այն փաստը, որ այդ թեմայով խոսում են, այլ ոչ թե գործում, արդեն ինքնին ամեն բան ասում է: Ծիծաղելի է նաեւ կարծել, թե աշխարհիս երեսին պայքարի որեւէ ձեւ երաշխավորում է հաջողությունը: Հասարակական խնդիրների լուծման այդպիսի հրաշագործ համադարման փնտրելը կամ նպատակ ձեւակերպելը նույնպես սանատորիայի կամ մսուր-մանկապարտեզի մտաշաղության վառ արգասիք է: Այս բնութագրումները թշնամանքով չենք գրում, քանզի դժվար է թշնամանք տածել մանուկների հանդեպ, ավելի ճիշտ է նրանց համբերատար հորդորել:

Հիմա գանք հին ու նոր ուժերի խնդրին: Արդյո՞ք մեր հասարակությունն իրոք «դորդուբեշ է» արել բոլոր հին կառույցները, որ մի հատ էլ նորի մասին է պարտավոր խոսել: Կարծում ենք՝ ոչ միայն «դորդուբեշ» չի արել, այլեւ նորմալ չի էլ փորձել: Ո՛չ հասարակական դիմադրությունը, ո՛չ էլ հեղափոխությունը տոն չեն, այլ երկարատեւ, սեւագործ աշխատանքի արդյունք: Տոնն ընդամենը այդ տեւական աշխատանքի մեկ օրն է՝ վերջնական նպատակին հասնելու ակնթարթը: Բայց մարդիկ անընդհատ Նոր Տարի են ուզում՝ առանց մտածելու, որ մեկ-երկու օր Նոր Տարի նշելու համար պետք է մի ողջ տարի աշխատել, որպեսզի տոնական սեղանն առատ լինի:

Ոչ մի քաղաքական կամ հասարակական կառույց չի կարող մի քանի գլուխ ավելի բարձր լինել, քան այն հասարակությունը կամ այն հասարակական շերտը, որի միջավայրում ձեւավորվել է այդ կառույցը: Եթե ցայսօր մեր քաղաքական կառույցները շատ անգամ դեկորատիվ կամ կիսադեկորատիվ բնույթ են կրել, ապա պատճառը մեր հասարակության կամ առանձին շերտերի «դեկորատիվ» մտածողությունն է ու բնույթը: Երկրում ավելի ազատ կարգեր հաստատելու հասարակական շարժիչը սովորաբար լինում է միջին խավը՝ մտավորականները, ձեռներեցները եւ այլն: Այդ խավը պետք է ինքնակազմակերպվի, ձեւավորի իր կառույցները, որպեսզի կարելի լինի խոսել որեւէ իրապաշտական նպատակի մասին: Ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է առաջ գա ոչ թե ինչ-որ մեկի անձնական ցանկությամբ, այլ որպես տվյալ հասարակական խավի շահերը եւ պահանջմունքն արտահայտող միավորում, հանուն որի կայացման պետք է գործադրվեն առավելագույն ջանքեր: Դուք տեսե՞լ եք ցայսօր նման բան Հայաստանում: Կարծես թե՝ ոչ: Եթե այն ջանքն ու եռանդը, որը ծախսվում է շատերի կողմից  նորի փնտրտուքի կամ էլ ամեն ստորակետի շուրջ տարակարծությունը էպիկական մասշտաբի բանավեճի վերածելու վրա, օգտագործվեր գեթ մեկ նորմալ, գործող կառույց ձեւավորելու ուղղությամբ՝ եղած կամ «նոր», ապա կարելի կլիներ խոսել նրա մասին, որ մենք մանկապարտեզից տեղափոխվում ենք եթե ոչ՝ հասուն կյանք, ապա գոնե՝ դպրոց: 

Նախորդ հոդվածը‘Կանխատեսում. ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանշային աղյուսակում Հայաստանը կբարձրանա մինչև 34-րդ տեղը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը’