‘Խմբագրական. Հայաստանն առանց քաղբանտարկյալների’

1422

Սերժ Սարգսյանի օրոք միայն մի կարճ ժամանակահատված՝ 2011-ի ամռանը, Հայաստանում չկային քաղբանտարկյալներ: Իհարկե, Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են եւ Սերժից առաջ: Բավական է հիշել թեկուզ 2003-2004 թվականները, երբ մի շարք խայտառակ քաղաքական դատավարություններ եղան: Դրանցից էր, օրինակ, Էդգար Առաքելյանի գործը, որը մեղադրվում էր 2004-ի ապրիլի հայտնի դեպքերի ընթացքում ոստիկանին դատարկ պլաստիկե շշով հարվածելու համար եւ դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման: Էդգարի եւ այդ շրջանի մյուս դատերն արդեն շատ բան կանխորոշում էին, ձեւավորում էին այն կաղապարը, սցենարային հիմնական մտահղացումները, որոնցով 2008-ից այս կողմ ընթացան քաղաքական դատավարությունները Հայաստանում: Իհարկե, սրանք էլ ոչ անքան նորույթ էին, որքան սովետական քաղաքական դատավարությունների հարուստ փորձից փոխառած եւ փոխլրացված մի քանի մեթոդների կիրառում եւ զարգացում: Բայց կան եւ տարբերություններ: Կարեւոր է, օրինակ, արձանագրել, որ գրեթե մշտական քաղբանտարկյալի առկայության իրավիճակը՝ որպես Սերժ Սարգսյանի կառավարումը բնորոշող ատրիբուտ, նույնիսկ անկախ Հայաստանի պատմության համար փաստացի աննախադեպ է: Այս առումով բռնապետությունը Հայաստանում ոչ միայն վերարտադրվում է, այլեւ էվոլյուցիա ապրելով՝ կարծրանում, «կատարելագործվում», այլ ոչ թե մեղմանում, ինչպես շատերը փորձում են կամա թե ակամա ներկայացնել: Մյուս կողմից՝ մշտական քաղբանտարկյալ ունենալու փաստը յուրահատուկ ցուցիչ է երկրում առկա մշտական քաղաքական ճգնաժամի. ոչ մի իշխանություն, այդ թվում՝ բռնապետական, այսօրվա պայմաններում, որքան էլ նա էությամբ «չար» կամ «վատը» լինի, չէր ուզենա քաղբանտարկյալի մշտական հարց ունենալ, որն,ամեն դեպքում, խնդիր է թե՛ միջազգային, թե՛ ներքաղաքական դիրքերի տեսակետից: Հետեւաբար, եթե այդ հարցը մշտապես առկա է,  ուրեմն վարչակարգն այլ ելք չի տեսնում իր իշխանության պահպանման տեսակետից, քան անընդհատ ուժային ճնշումն իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:

Կա եւ այլ տարբերություն՝ դեպի դրականը: 2008-ից այս կողմ քաղբանտարկյալների խնդիրը, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ, հնարավոր է դարձել ներգրավել երկրի հասարակական օրակարգի կենտրոնական մասերում: 2004-2005-ին շատ ավելի քիչ մարդ էր տեղյակ եւ ներգրավված հանուն քաղհալածյալների ազատման պայքարի մեջ. հիմնականում՝ դա քաղաքացիական տեսակետից ակտիվ մի փոքր խմբի տեսադաշտում գտնվող հարց էր: Բացի այդ, վերջին տարիների քաղաքական փորձի շնորհիվ՝ փոխվել է նաեւ իրենց՝ քաղբանտարկյալների եւ նրանց հարազատների կեցվածքը: Այսօր նույն Տիգրան Առաքելյանը, որի գործը որոշ նմանություններ ունի Էդգար Առաքելյանի գործի հետ, նաեւ նույն գործով անցնող մյուս տղաները, իրենց ակտիվության շնորհիվ՝ այլեւս չեն դիտվում որպես վարչակարգի կրավորական զոհեր: Չնայած երիտասարդ տարիքին՝ նրանք ընկալվում են որպես հավասարազոր քաղաքական ընդդիմախոսներ, ինքնուրույն կողմ: Ոչ միայն քաղաքական հարթության մեջ, այլեւ իրավական դաշտում այսօրվա քաղհալածյալներն իրենք են իրավիճակ թելադրում՝ դատավորներից, էլ չասած՝ ոստիկաններից մի գլուխ բարձր են իրենց իրավական գիտակցությամբ եւ նույնիսկ գիտելիքներով: Ստացվում է, որ հատկապես ի դեմս երիտասարդ քաղհալածյալների՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը ակամայից պատրաստում է, փորձում է, դաստիարակում է հմուտ, հետեւողական եւ կոփված քաղաքական ընդդիմախոսների: Սա մի ճանապարհ է, որը շատ բռնապետություններ են անցել՝ ստիպված լինելով, հանուն իշխանության պահպանման՝ դիմել քաղաքական հալածանքների՝ նրանք հենց այդ հալածանքների միջոցով էլ նախապատրաստել են հասարակական դիմադրության է՛լ ավելի ուժգին թափ իրենց դեմ: Սա փակ շղթա է, որը մի օր հանգեցնելու է բռնապետության կործանման:

 

Նախորդ հոդվածը‘Երևանն ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կստորագրվի բանաձև’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԱՆ-ն լրտեսներ է փնտրում ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուների մեջ’