‘Խմբագրական. Հայկական հակաուտոպիա. ի՞նչ կլինի Սերժի հաղթանակի դեպքում’

2693

Ուշագրավ է, որ քարոզելով սահմանադրական բարեփոխումների փաթեթը՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դրանց իրականացումը բերելու է իշխանության և քաղաքական համակարգի ապակենտրոնացման, մինչդեռ իրականում այս պահին այդ բարեփոխումների անցկացման միակ քաղաքական իմաստը հենց իշխանության վերջնական կենտրոնացումն է մեկ անձի և մեկ նեղ խմբի ձեռքում (թե ինչո՛ւ է դա այդպես՝ շատ է գրվել և հիմնավորվել, այնպես որ՝ այս անգամ այդ ապացուցողական մասը բաց ենք թողնում): Թերևս, ավելի հետաքրքրիր է այն, որ մինչ իշխանության ներկայացուցիչները խոսո՛ւմ են ապակենտրոնացումից, հենց նույն այդ ժամանակ, շնորհիվ ընդդիմադիր դաշտում ընթացող կոնսոլիդացիոն գործընթացի, երկրում փաստացի ձևավորվո՛ւմ է իրապես ապակենտրոնացած, բազմակենտրոն քաղաքական համակարգ: Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում Քառյակի ձևաչափին՝ ընդհանրապես, և նրա մեջ մտնող առանձին ուժերին՝ մասնավորապես, փաստն այն է, որ այս ձևաչափը առնվազն վերջին մոտ 15 տարվա մեջ ամենաուժեղ հակակշիռն է Հայաստանում գործող որևէ իշխանության:  

Մեր հասարակությունը պետք է առողջ պրագմատիզմ ձեռք բերի և փորձի օգտվել այս իրավիճակից: Ի՞նչ կապ ունի այստեղ պրագմատիզմը: Պետք է հասկանալ, որ որքան էլ կարևոր լինեն քաղաքական գործընթացներում անձերն ու անձնական որակները, ավելի կարևոր են գործընթացներն ու հասարակական հաստատությունները: Նույնիսկ լավագույն կամ այդպիսին թվացող անձը կամ անձերի խումբը, իշխանություն ստանձնելով, կարող է շատ արագ վերածվել բռնապետների խմբի, եթե իշխանությունը չունենա հակակշիռ: Պատմական անթիվ-անհամար օրինակները դա են վկայում: Ի վերջո, իշխանության բնույթն է այդպիսին՝ այլ հավասար պայմաններում ձգտել բացարձակացման: Հակառակը՝ ոչ այնքան բարձր որակներով աչքի ընկնող անձերն ու խմբերը կարող են ստիպված լինել ընդառաջել հասարակությանը, հաշվի առնել տարբեր շերտերի շահերը, եթե տվյալ քաղաքական համակարգում գործում են իշխանությունից անկախ բևեռներ և հասարակական հաստատություններ: Ձևավորված հասարակական հաստատություններ մենք այս պահին չունենք. եկեղեցի, ՀԿ դաշտ, համալսարաններ, արհմիություններ և այլն՝ բոլորն էլ այնքան թույլ են, որ ի վիճակի չեն հակակշռի դերում հանդես գալ իշխանության հանդեպ: Այնպես է ստացվել, որ այս պահին միայն քաղաքական և տնտեսական մի քանի սուբյեկտներ կարող են ինքնուրույն և, միաժամանակ, ազդեցիկ այլընտրանքային դեր ստանձնել իշխանության նկատմամբ: Հենց այստեղ է, որ հասարակությունը պետք է փնտրի և գտնի իր շահը: Ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը պետք չէ ո՛չ սիրել, ո՛չ ատել. ի վերջո՝ սա ընտանիք չէ, ոչ էլ ընկերական շրջապատ: Հասարակական ուժերն ու գործընթացները գոյություն ունեն ոչ թե սիրել-չսիրելու համար, այլ որպես գործիքներ, որոնց միջոցով յուրաքանչյուր հասարակական խումբ պետք է փորձի հասնել շահի: Կարելի է սիրել կամ չսիրել այս կամ այն գործչին՝ դա յուրաքանչյուրի անձնական գործն է, բայց հընթացս պետք է հասկանալ, թե որտեղ են և որոնք են շահերը՝ յուրաքանչյուրիս՝ առանձին վերցված, և պետության ու երկրի՝ ընդհանրապես:

Գուցե ասելիքս վերացական հնչի. այդ դեպքում փորձենք պատկերացնել, թե ինչ կարող է լինել Հայաստանի ապագան, եթե այսօրվա իրավիճակը լուծվի հօգուտ Սերժ Սարգսյանի, այսինքն՝ Քառյակը դադարի գոյություն ունենալուց, Սերժը կարողանա անցկացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը և այլն:

Այսօրվա իրավիճակի առանցքն այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ միավորված են իշխանությունից դուրս գտնվող և ռեսուրսային տեսակետից ինքնուրույն՝ խոշորագույն քաղաքական և տնտեսական ֆիգուրները: Հենց այդ միությունն է, որ թույլ չի տալիս Սերժին առաջ տանել իր այս պահի թիվ մեկ քաղաքական ծրագիրը՝ սահմանադրական փոփոխությունների անցկացման միջոցով սեփական իշխանության հավերժացումը: Սերժ Սարգսյանը հետաձգեց այդ ծրագրի սկիզբը, որը նախատեսված էր հուլիսին: Մինչ Սերժի քարոզիչները ընկած են սար ու ձոր՝ սահմանադրական փոփոխությունները քարոզելու խնդրով, ինքը Սերժը պետք է լուծի ավելի էական հարց՝ փորձի կորզել սահմանադրականի համաձայնությունը՝ Քառյակի պառակտման միջոցով: Հենց դա է հետաձգման իմաստը, այլ ոչ թե մարզերում բարեփոխում քարոզելը:

Եթե Սերժը հաղթում է այս խաղում և պառակտելով Քառյակը՝ հասնում է իր նպատակին (ինչն, ի դեպ, այս պահին հավանական չի թվում), ապա Հայաստանում վերջնականապես հաստատվում է անայլընտրանք իշխանության կենտրոնացում մեկ քաղաքական և տնտեսական խմբի ձեռքում, ընդ որում՝ անորոշ ժամկետով: Նախ՝ կարևոր է հասկանալ, որ դա լինելու է մինչ այժմ Հայաստանում եղած ցանկացած քաղաքական իրավիճակից արմատապես տարբեր դրություն: Որքան էլ բացասական գույներով ներկայացնենք այսօրվա իրավիճակը՝ ավելի անհեռանկար օրեր մեզ սպասվում են ապագայում, եթե իրականություն դառնա իշխանության կենտրոնացման Սերժի ծրագիրը:

Փորձենք ավելի շոշափելի պատկերացնել, թե ինչ է դա նշանակում:

Նախ՝ քաղաքական մասով: Սերժի ծրագրի իրականացման դեպքում Հայաստանում դեռ երկար կարող է հնարավոր չլինի իրապես ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական նախագիծ իրականացնել: Պետք է լուրջ մոտենալ հարցին և հասկանալ, որ քաղաքական գործունեությունը լուրջ ռեսուրսների խնդիր է: Ռեսուրսը ոչ միայն փողն ու նյութականն է, թեև, անշուշտ, նաև դա է, այլև քաղաքական ծանրակշիռ հեղինակությունը, կազմակերպված և համահայաստանյան կառույցները, մարդկային հավատարմությունն ու վստահությունը և այլն, և այլն: Ներկայիս ընդդիմադիր դաշտի միավորների պարտությունից հետո որևէ մեկն ի զորու չի լինի շոշափելի հեռանկարում իրապես ազդեցիկ քաղաքական բևեռ ձևավորել: Դրա պատճառները շատ տարբեր են, և այստեղ չեմ կարող մանրամասն ներկայացնել: Իհարկե, տեսականորեն ամեն բան էլ հնարավոր է, և 100 տոկոսանոց կանխատեսում ոչ ոք չի կարող անել, բայց խոսում ենք առավել հավանական տարբերակների մասին: 2018-ի հարցն այդ դեպքում դառնում է զուտ տեխնիկական խնդիր, մանավանդ որ՝ սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնը դադարում է վճռորոշ լինելուց: Ի դեպ, նշենք, որ, մեղմ ասած՝ զարմանալի է, երբ քաղաքական սուբյեկտները, որոնք իբր հավակնություններ ունեն 2018 թվի հետ կապված, այսօր ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացման պայքարի առաջին գծում չեն: Չէ՞ որ նրանց կարծեցյալ քաղաքական հաշվարկը, որը հրամցնում են իրենց կողմնակիցներին, այն է, որ «հեսա սրանք իրար ուտեն, վերջանան, 18-ին մենք գանք, կռիվ տանք»: Ինչի՞ համար կռիվ տաք, եթե այլևս կռիվ տալու բան չի մնալու: Դա նշանակում է, որ այդպիսի նպատակ էլ իրականում չկա, և նշված սուբյեկտները շատ լավ հասկանում են, որ այդ ամենը կեղծիք է:

Հայաստանում հնարավոր կդառնա միայն դեկորատիվ, թատերական ընդդիմություն, որը ռեսուրսային առումով ամբողջովին կախված կլինի իշխանությունից կամ էլ զուտ լուսանցքային, կրկեսային-կառնավալային դեր կստաձնի: Մյուս այլընտրանքն էլ այն է, որ ձևավորվեն քաղաքական ուժեր, որոնք ռեսուրսապես կախված կլինեն դրսից՝ Արևմուտքից կամ Ռուսաստանից, և կստաձնեն այդ ուժերի շահերը սպասարկողի դերը՝ սցենար, որի ուրվագծերն այսօր էլ հստակ նշմարվում են: Այս ամենը ոչ թե բայղուշություն է, ոչ թե ինչ-որ մեկի չար կամքով է այդպես լինելու, այլ առարկայորեն է այդպես ձևավորվելու՝ զուտ ռեսուրսային, ուժային հաշվեկշռի փոփոխման արդյունքում:

Բացի ընդդիմության հարցերից՝ Սերժը վերջապես ի զորու է լինելու լուծել նաև իշխանական թիմի հարցերը: Իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, կա՛մ վերացվելու է՝ որպես քավության նոխազ, կա՛մ էլ ենթարկվելու է արմատական զտման: Քաղաքական դերակատարության ակնարկներն իսկ պետք է վերացվեն այդ կառույցից, որովհետև այդպես է թելադրում երկրում միահեծան կենտրոնացված իշխանության հաստատման տրամաբանությունը: Նրանք, ովքեր այսօր ուրախանում են Սերժի հաղթանակներից, վաղը փոշմանելու են, բայց ուշ է լինելու: Հանրապետական կուսակցության զտման և ջախջախման ծրագիրը գաղտնի չէ՝ այն բաց տեքստով բազմիցս հրապարակվել է Սերժին ենթակա «առաջադիմական» կայքերում:

Երկրորդ՝ տնտեսական հատվածը: Այստեղ նույնպես պետք է հաստատվի բացարձակ մենաշնորհ և կենտրոնացում՝ այնպես, որ այսօ՛րը կարող է հիշվել որպես տնտեսական ազատության ծաղկման շրջան: Բոլոր նրանք, ովքեր դեռ ունեն համեմատաբար ինքնավար տնտեսական դեր, պետք է պատրաստ լինեն կուլակաթափման՝ Սերժի հաղթանակի դեպքում: Երկրում այլևս չպետք է լինի թեկուզ համեմատաբար անկախ փող, նաև այն պատճառով, որ անկախ փողը ցանկացած պահի կարող է դառնալ անկախ քաղաքականության հիմք: Երկրի ներսում լինելու է խոշոր փողի միայն մեկ աղբյուր, իսկ դա նշանակում է նաև մեծ քաղաքականության մեկ աղբյուր: Այնպես որ՝ այս մռայլ սցենարի իրականացման դեպքում ցանկացած ոք, ով կփորձի իշխանությունից անկախ՝ լուրջ քաղաքական նախագիծ իրականացնել, պետք է կատարի կա՛մ իշխանության, կա՛մ էլ արտերկրի պատվերը:

Լրատվության և խոսքի ազատության դաշտում: Նույն մենաշնորհը սպասվում է այստեղ՝ այն պարագայում, եթե այսօրվա իրավիճակը լուծվում է հօգուտ Սերժի: Արդեն այսօր այս դաշտում Սերժի մենաշնորհը հասնում է մոտ 90 տոկոսի: Բայց եթե ուզում եք ապրել լիարժեք Ադրբեջանում, ուր բոլոր մենաշնորհները 100 տոկոսանոց են, ապա «դուխով» կերեք սերժական քարոզչության այսօրվա բոլոր «կտերը»՝ «ոչ նրանք են մի բան, ոչ սրանք»-ի մասին, ու վաղը հույսներդ կմնա միայն ֆեյսբուքյան գրառումների վրա, եթե, իհարկե, այդ շնորհը ձեզ տրվի:

Ավելորդ է շարունակել այս ցուցակը: Հիմնական միտքը պարզ է՝ Սերժի հաղթանակը նշանակում է ամբողջական մենաշնորհ բոլոր ոլորտներում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի անձամբ մնալու է Սերժ Սարգսյանի հետ մեն-մենակի կարգավիճակում, առանց որևէ միջնորդող կամ հարվածն իր վրա վերցնող ուժի: Այդ ժամանակ գուցե իմանանք, թե ինչ է իրական հիասթափությունը: Չհիասթափվողներն, իհարկե, կգտնեն իրենց տարբերակները, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն այլախոհության, բայց ոչ քաղաքական ընդդիմության դաշտում, բայց հիասթափվողների հետ ինչ է լինելու՝ չգիտեմ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. ճարտարապետը Արթուր Մեսչյանն է’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’