‘Խմբագրական. Հայկական նեոբուդդիզմը. ինքնիշխանության ձևն ու բովանդակությունը’

2591

Առանց չափազանցության` աշխարհումս հանդիպած ամենազարմանալի պնդումներից մեկն այն է, երբ ասում են` բա եթե Մաքսային միություն ենք մտել, էլ ի՞նչ տարբերություն` Սերժը կլինի, թե՞ ով, էլ ի՞նչ իմաստ ունի իշխանափոխությունը և այլն: Այն, որ մարդիկ կարող են դեմ կամ կողմ լինել Մաքսային միությանը, կարող են դեմ կամ կողմ լինել Սերժ Սարգսյանի կառավարմանը, կարող են ընդունել կամ չընդունել քառյակի քաղաքականությունը, կարող են ընդհանրապես թքած ունենալ բոլորի վրա էլ, այդ ամենը հասկանում եմ, որովհետև այդ ամենի մեջ կարելի է տեսնել ինչ-որ ներքին տրամաբանություն, դիտանկյունների տարբերություն: Բայց երբ ասում են հիշյալ «ի՞նչ տարբերությունը», տրամաբանությունն, ըստ իս, դադարում է գործել: Այսինքն, ո՞նց թե` ինչ տարբերություն:

Այս պնդումը տիպիկ, այսպես ասած, մակաբույծ պնդումներից է: Կան, օրինակ, մակաբույծ բառեր` «խոսքի», «բանը…», որոնք, թեև ասվում են խոսքի մեջ, բայց իմաստից զուրկ են, ոչինչ չեն նշանակում: Նմանապես կան և այդպիսի պնդումներ՝ արտաքուստ ինչ-որ բան նշանակող, բայց ներքուստ` որևէ իմաստից զուրկ, որոնք մեկն ասում է, մյուսներն առանց մտածելու կրկնում են: Ընդ որում, խնդիրն այն է, որ չնայած մակաբույծ պնդումներն առավել հաճախ ձևակերպված են լինում որպես կարճ նախադասություն, դրանց հերքելու համար անհրաժեշտ է լինում մի քանի էջ տեքստ, քանի որ` այնքան խտացված է լինում այդ մի քանի բառում ամփոփված անտրամաբանությունը:

Կյանքը և քաղաքականությունը

Ստուգելու համար որևէ վերամբարձ քաղաքական պնդման իսկական արժեքը, պետք է պարզել` արդյո՞ք այդ նույն պնդմամբ է մարդն առաջնորդվում իր առօրյա կյանքում: Կատակ չեմ անում, սա իրոք լավ աշխատող չափանիշ է: Տվյալ դեպքում` արդյո՞ք մարդը, որը պնդում է, որ ՄՄ մտնելուց հետո այլևս ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես կզարգանա Հայաստանում քաղաքական կյանքը, որովհետև ՄՄ մտնելը մոտավորապես աշխարհի վերջն է, արդյո՞ք ինքը համարում է, որ իր անձնական կյանքում էլ այլևս ոչ մի բանի միջև տարբերություն չկա: Օրինակ՝ ամուսնանա՞, թե բաժանվի, երեխա ունենա՞, թե չունենա, ընկերների հետ տեղ գնա՞, թե չգնա, աշխատի՞, թե չաշխատի, փող ունենա՞, թե չունենա և այլն: Կարող է թվալ, որ սա չափազանցված հարցադրում է, բայց շատ կներեք, եթե մարդը պատրաստ է մի ամբողջ հասարակության հանրային կյանքն ավարտված ու անիմաստ համարել, ուրեմն` մենք էլ իրավունք ունենք այդ նույն «բուդդիստական» առաջարկը վերահասցեավորել իրեն: Որովհետև չկա երկու տրամաբանություն՝ մեկն առօրյայի, իսկ մյուսը` քաղաքականության համար:

Հատկապես հայերիս մեջ շատ տարածված է առօրյայում լրիվ այլ օրենքներով ապրել, իսկ քաղաքական կյանքից լրիվ այլ բան պահանջել: Ասենք, «դրանց սաղին պետք ա վառել» ասողների քանի՞ տոկոսն է իր առօրյա կյանքում նույն սկզբունքով հարցեր լուծում: Կամ` պրագմատիզմի ու ռեալիզմի դեմ քաղաքականության մեջ խոսողների քանի՞ տոկոսն է իր տունը վերանորոգելիս կամ մեքենա առնելիս ղեկավարվում ոչ պրագմատիկ սկզբունքներով: Բայց ինչո՞ւ ենք մենք կարծում, որ մեր անձնականը կարող ենք կարգավորել իրապաշտական սկզբունքներով (նկատի չունեմ` ցինիկ, անգաղափար հարմարվողականությամբ, այլ նպատակին հասնելու գործնական լուծման ճանապարհով), իսկ հանրային կյանքում, որը հարյուրապատիկ ավելի բարդ է, պետք է առաջարկենք «գժականը»: Եթե կարծում եք, որ Հայաստանի` ՄՄ մտնելուց հետո որևէ տարբերություն չկա, թե երկրում ինչպիսի իշխանություն կլինի, ժողովուրդը ոնց կապրի (իսկ այդ հարցը` պարզ է, որ կապված է իշխանության հարցի հետ), ապա, կներեք` նախ ձեր անձնական օրինակով ցույց տվեք, որ իրոք այդպես եք համարում:

Սովետական Հայաստանը և ձեն բուդդիզմը

 Անցնենք առաջ: Ենթադրենք մի պահ, որ ՄՄ մտնելն իրոք անդառնալի հարված է մեր ինքնիշխանությանը: Եթե այդպես է, ուրեմն` պետք է ենթադրենք նաև, որ սա անկախության այն չափի կորուստ է, որն առնվազն հավասարազոր է սովետական Հայաստանի կարգավիճակի լիարժեք վերականգման (իհարկե` ակնհայտ է, որ այդպես չէ, բայց, մենք առայժմ շարժվենք «տարբերություն չկա»-ի տրամաբանությամբ` հնարավորինս հետևողականորեն): Ուրեմն, ենթադրենք, որ այսօրվանից նորից Սովետական Հայաստանում ենք, որը ձևականորեն ինքնիշխան պետություն էր, բայց փաստացի` մի ինքնավար մարզի չափ ինքնուրույնություն ուներ: Եվ ի՞նչ, որևէ մեկը կա՞ այս աշխարհում, ով լուրջ դեմքով կարող է պնդել, որ թեկուզ Սովետական Հայաստանում ապրող մարդու տեսակետից` տարբերություն չկար, թե ո՛վ է կառավարում Հայաստանը, ինչպե՛ս է կառավարում՝ նույնիսկ այն սահմանափակ հնարավորությունների պայմաններում, որում գտնվում էր ՀՍՍՀ ղեկավարը: Սովետական Հայաստանում լավ ու վատ կառավարման, լավ ու վատ քաղաքականության տարբերություն չկա՞ր և չէ՞ր կարող լինել: Սա ի՞նչ բացարձակ ձևական, կյանքից կտրված մոտեցում է: Մենակ թե չասեն, թե Սովետական Հայաստանն եմ գովերգում, որի հարազատ ծնունդն են, ի դեպ, այս տիպի ձևական մտածողության կրողները (որովհետև միայն կայսրության հովանու ներքո անպատասխանատու կյանք վարող վերնախավը կարող էր ինքն իրեն թույլ տալ կյանքից այդ աստիճան կտրված ստորոգումներով մտածելու շռայլությունը): Նպատակս ընդամենը ծայրահեղացման միջոցով ցույց տալն է նման պնդումների անհեթեթությունը:

Իրականում սա վերացական հայրենասիրության դրսևորումներից մեկն է, որն անտեսում է բարձր իդեալների հիմքում ընկած կենդանի, նյութական իրականությունը: Երկիրը, բացի իրավական կարգավիճակից, նախևառաջ մարդիկ են, նրանց ապրած կյանքն է, տնտեսությունն է, նյութական և հոգևոր արժեքներն են և այլն: Մի երկիր կարող է կորցնել իր անկախությունը տևական ժամանակով, բայց բարենպաստ հանգամանքներում անկախությունը վերականգնելի է, եթե այդ երկիրը կարողացել է պահպանել իր նկարագիրը, հնարավորության դեպքում` նաև առաջընթաց ապրել, զարգացել: Եթե անկախություն կորցրած որևէ երկրի վերնախավն ասի` դե՛ վերջ, անկախությունը կորցրինք, ուրեմն` ձեռներս ծալած նստում ենք Բուդդայի պոզայով, ապա, իհարկե, այդ երկիրն ապագա չի ունենա:

Հայաստանը մի քանի անգամ կորցրել է իր անկախությունը և մի քանի անգամ վերականգնել այն, որովհետև հայ վերնախավերը մեծամասամբ շարունակել են գործել նույնիսկ ամենադժվար պայմաններում: Եղել են և բացառություններ: Արևմտյան Հայաստանը, դարեր շարունակ հայաբնակ լինելով, այսօր չկա ու այլևս երբեք չի լինի (եթե բացառենք ինչ-որ` գրեթե հրաշքի հավասար զարգացումները), քանի որ այնտեղ այլևս հայեր չեն ապրում, որովհետև մի պահ մեր գործիչներն ասացին, թե ավելի լավ է` հայն իսպառ վերանա, քան ճնշված ապրի (սա չափազանցություն չէ, նման ձևակերպումներ` գուցե ոչ տառացի, հնչել են 19-րդ դարի վերջում): Եթե արևմտահայերն ապրեին իրենց հայրենիքում, թեկուզ թրքական լծի տակ, մի օր անկախ Հայաստանի մաս դառնալու հույսը չէր կորչի:

Հայաստանը մարդիկ են, և քանի դեռ կան մարդիկ, Հայաստանը կարող է 10 անգամ էլ կորցնել անկախությունը, բայց 11 անգամ էլ նորից ձեռք բերել:

Բովանդակային և ձևական անկախականությունը

Լավ, իսկ արդյո՞ք Մաքսային միություն մտնելը հավասարազոր է ԽՍՀՄ մտնելուն, արդյո՞ք դա իրապես անկախության և ինքնիշխանության նույնաստիճան կորուստ է, որ կարող ենք խոսել Սովետական Հայաստանի կարգավիճակի վերադարձի մասին: Նույնիսկ չեմ ուզում պատասխանել այս հարցին: Ավելի շուտ ուզում եմ հասկանալ` կա՞ արդյոք գեթ մեկը, որ ամենայն լրջությամբ և բառացի այդպես է կարծում:

Փորձենք վերջապես հասկանալ, թե ի՛նչ ենք հասկանում ինքնիշխանություն ասելով: Ինքնիշխանությունը չի կարող սահմանափակվել միայն հարցի ձևական կողմով, ինչպես, օրինակ, հասարակարգը չի կարող սահմանափակվել միայն իրավական, թղթային մասով՝ սահմանադրությամբ ամրագրված դրույթներով, այլ երկուսն էլ, կախված քաղաքական կամքից, կարող են տարբեր բովանդակությամբ լցվել, ընդ որում` ձևի և բովանդակության ամենատարբեր հարաբերություններ կարող են հաստատվել՝ նույնականացումից մինչև ծայրահեղ հակադրություն:

Օրինակ, ասում ենք, որ ՄՄ-ի մեջ մտնելով` այլևս երբեք չենք կարողանա Հայաստանում սահմանադրությանը համապատասխանող դեմոկրատական համակարգ հաստատել: Ենթադրենք, թե այդպիսի միտում իրոք կա և կարող է լինել, բայց նույնիսկ այս դեպքում` խոսքն ընդամենը միտման, բայց ո՛չ երբեք` բացարձակ և կանխորոշված իրողության մասին կարող է լինել: Մի պահ հակառակից գանք. եվրոպական կառույցների առջև այսքան ստանձնած պարտավորություններից քանի՞սն են թղթի վրա մնացել, և քանի՞սն են գործում, և կարևորը` ինչու՞: Եվրոպացինե՞րն են մեղավոր, գուցե ռուսնե՞րը:

Մեր թղթային իրականությունն այսօր չի համապատասխանում փաստացի իրականությանը ոչ թե եվրոպացիների կամ ռուսների պատճառով, այլ այն պատճառով, որ մեր հասարակությունը ցայսօր բավականաչափ ուժ չունեցավ պարտադրելու այլ իրականություն: Ուրիշ ոչ մի էական պատճառ այստեղ չկա: Իրավունքն առանց քաղաքական պարտադրանքի չի գործում: Եվ հենց այստեղ է ինքիշխանության հարցի մեխը, այլ ոչ թե ձևական կարգավիճակում, որը որքան էլ կարևոր է, բայց ինչպես ցանկացած իրավունք` պետք է ամրապնդվի ուժով:

Հենց հասարակության այդ կամքն է ինքնիշխանության` եթե ոչ բովանդակությունը, ապա դրա կարևորագույն գործիքը: Որոշակի սահմաններում և իր ներուժի չափով Հայաստանի հասարակությունը կարող է պարտադրել ցանկացած ներքին իրավիճակ, որը բխում է իր շահերից և պատկերացումներից: Օրինակարգ իշխանությունը կամ եթե ուզում եք` առաջընթաց ապահովող իշխանության ձևավորումն այդ սահմանների և այդ ներուժի չափի մեջ դեռևս մտնում է: Այդ իմաստով հաստատ Սովետական Հայաստանում չենք դեռևս, և հիշենք, որ նույնիսկ Սովետական Միությունը, երբ արդեն մի փոքր թուլացած վիճակում էր, չկարողացավ իր ուզած իրավիճակը պարտադրել Հայաստանի հասարակությանը, թեև այն ժամանակ Հայաստանն իրավաբանորեն դեռ անկախ էլ չէր: Եվ տարօրինակ է, որ մարդիկ, որոնք երդվում են ինքնիշխանության անվամբ, փաստորեն` նախապես զրկում են մեզ այդ հնարավորությունից, նախապես հանձնված վիճակ են հայտարարում և քարոզում փաստացի անտարբերություն (որովհետև «տարբերություն չկա»-ն՝ հենց անտարբերություն է, մանավանդ, եթե որևէ փաստացի, ուժեղ այլընտրանք ինքդ չես կարողանում ոչ ձևակերպել, ոչ էլ ձևավորել):

Հայաստանի ինքնիշխանության հարցը շարունակում է գտնվել Հայաստանում և Հայաստանի ներսում, և իրական անկախական դիրքորոշումը հենց սա է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի առաջարկով Ֆիզկուլտուրայի ինստիտուտում կմշակվեն կրթական ծրագրեր հաշմանդամություն ունեցողների համար’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’