‘Խմբագրական. Հայկական ռեկոնկիստա’

3278

8-րդ դարում, ընդամենը մի քանի տարվա ընթացքում (711-718 թթ.), արաբները նվաճեցին ամբողջ Պիրենեյան թերակղզին՝ այսօրվա Իսպանիան եւ Պորտուգալիան, որն այդ ժամանակ Վեսթգոթական թագավորության մաս էր (վեսթգոթերը գերմանական ցեղ էին, որ Արեւմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո նվաճեցին եւ տիրեցին այժմյան Իսպանիայի եւ հարավային Ֆրանսիայի տարածքները): Վեսթգոթական զինվորականության մի մասը, սակայն, կարողացավ ամրապնդվել երկրի լեռնային ծայր հյուսիս-արեւմտյան երկրամասում՝ Աստուրիայում, ուր Պելայո անվամբ զորավարի գլխավորությամբ պարտության մատնեց արաբներին 718-ին եւ այդպիսով սահման դրեց արաբական նվաճումներին: Աստուրիայի լեռներում, որ երկրի հազիվ մեկ 10-երորդն էր (եթե ոչ՝ ավելի քիչ), ստեղծվեց, այսպիսով, անկախ թագավորություն: Այդ փոքրիկ տարածքը հիմք դարձավ ապագա Իսպանիայի եւ Պորտուգալիայի թագավորությունների:

 

800 տարվա գործ

 

718-ի Կովադոնգի ճակատամարտով իսպանական ռեկոնկիստայի (վերանվաճման) սկիզբ դրվեց, որը տեւեց մինչեւ 1492 թ.՝ Գրանադայի՝ Իսպանիայում արաբական վերջին իշխանության անկումը, այսինքն՝ 774 տարի, կլոր հաշվով՝ 8 դար, եւ արդյունքում Իսպանիան եւ Պորտուգալիան ազատագրվեցին արաբներից: Այդքան ժամանակ, ուրեմն, պետք եկավ իսպանացիներին սեփական երկիրը վերանվաճելու համար: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ինչպե՞ս էր հնարավոր այդքան երկար պատմական կամք: Արդյո՞ք իսպանացիներն ամբողջ այդ ընթացքում հռչակագրեր էին ընդունում, միջազգային հանրությանը դիմում, անիծում ճակատագիրը, իրար հետ մրցում «արաբի մայրիկը» ամեն օր հիշատակելու, արաբի բարբարոս բնությունը մերկացնելու, ամեն օտարերկրացու բերանից իսպանանպաստ խոսք կորզելու, Ֆրանսիա եւ Իտալիա արտագաղթելու եւ այնտեղից հույժ հայրենասիրական կոչեր տարածելու գործում: Ամենեւին էլ՝ ոչ: Իհարկե, արաբական հարգարժան մայրիկը որոշ՝ պատեհ առիթներով հիշվում էր, իհարկե, այլ քրիստոնյա երկրներից իսպանացիները ժամանակ առ ժամանակ սահմանափակ օգնություն ստանում էին (այդ օգնությունը հիմնականում գալիս էր Ֆրանսիայից, բայց ինչպես լինում է նման դեպքերում՝ ոչ միայն նպաստում էր արաբներից երկիրն ազատագրելուն, այլեւ ֆրանսիացիների կողմից երկրի որոշ մասերն իրենց իշխանությանը կամ էլ ազդեցությանը ենթարկելուն. կատալոնական անջատողականությունն, իմիջիայլոց, ծագում է հենց այդ ֆրանսիական ազդեցության շրջանից): Բայց բնական է, որ 800 տարի նման միջոցներով ձգել, ոչ էլ, առավել եւս՝ դրական արդյունքի հասնել հնարավոր չէր:

Հնարավոր չէ նաեւ 800 տարի անընդմեջ պատերազմ մղել նույնիսկ սկզբունքային թշնամու դեմ: Բնական է, որ 800 տարվա մեջ գերակշռողը խաղաղությունն էր, այլ ոչ թե պատերազմը (համենայն դեպս, եթե նկատի ունենաք իրապես լուրջ, լայնածավալ ռազմական գործողությունները, այլ ոչ թե մանր ընդհարումները, որոնք միջնադարում, այսպես թե այնպես, առօրյա էին եւ տեղի էին ունենում հենց նաեւ իրենց՝ իսպանացիների միջեւ): Խաղաղության այդ տեւական շրջանների ընթացքում թերակղզու քրիստոնեական եւ արաբական պետությունների միջեւ ոչ միայն շփում կար, այլեւ նորմալ տնտեսական, մշակութային եւ քաղաքական հարաբերություններ՝ ապրանքների, գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանակում, նույնիսկ՝ ժամանակավոր դաշինքներ այս կամ այն ընդհանուր թշնամու դեմ: Սա էլ բնական է, որովհետեւ միայն որոշ պրոֆեսիոնալ հայրենասերների պատկերացմամբ են մարդիկ հաղթանակների հասնում հակառակորդի նկատմամբ՝ ամեն առավոտ լուսաբացին նրան քրֆելով կամ էլ նույն այդ հակառակորդին ամեն օր պատմելով, թե վերջնական նպատակը նրան ջարդելն է եւ մեր հողերը հետ խլելը (ազատագրման այս մեթոդն ընդհանրապես համաշխարհային գյուտ կարելի է համարել, եթե մեր հայրենասերները դա պատենտավորեն՝ ահագին գումար կվաստակեն): Իսպանիայի ազատագրումն, ուրեմն, տեղի էր ունենում ոչ թե ամենօրյա ու անդադար կռիվների միջոցով, այլ տեւական խաղաղության շրջաններն ընդմիջող ռազմական «դադարների» ընթացքում: Իհարկե, ոչ ոք նախապես չէր ծրագրավորում խաղաղության եւ պատերազմների այդ հերթականությունը՝ դա կախված էր, ինչպես եւ ամենուր, փոփոխելի ուժային հավասարակշռությունից: Իսպանացիները վերանվաճում էին իրենց երկիրը կտոր առ կտոր, երբ նման հնարավորություն էին ունենում՝ շնորհիվ ուժային կշռույթի փոփոխության, անկայունացման: Վերանվաճման ընթացքում նրանք ունենում էին հաջողությունների եւ ձախողումների փուլեր, իսկ արանքներում նույնիսկ հասցնում էին միմյանց դեմ էլ կռվել, բայց ընդհանուր միտումը նույնն էր մնում՝ աստիճանաբար, ինչ- որ տեղ նույնիսկ աննկատ Իսպանիան ազատվում էր արաբներից: Աշխարհագրական տեսակետից՝ Իսպանիան բնական ամբողջություն, բնականից միասնական երկիր կարելի է համարել, ու, թերեւս, բնական էր նաեւ, որ այդ երկրի մեծ մասն ի վերջո միավորվի կա՛մ մեկ, կա՛մ մյուս ուժի գերակայությամբ՝ չհանդուրժելով չափից ավելի երկար երկիշխանություն: Այնպես որ՝ նաեւ հենց բուն ռեկոնկիստան ո՛չ իսպանացիները, ո՛չ էլ որեւէ այլ մեկը նախապես չի ծրագրավորել՝ դա տեղի է ունեցել «ինքն իրենով», պատմա-քաղաքական, թերեւս նաեւ՝ աշխարհագրական գործոնների օրինաչափ զարգացմամբ: Մի բան պարզ է՝ իսպանական ռեկոնկիստան «խելահեղ» ռոմանտիկների գործ չէր, թեեւ հետագայում դա, նմանատիպ մյուս պայքարների նման, ռոմանտիկ մեկնաբանություն ստացավ (ինչը նույնպես բնական է, քանի որ պատմական հաղթանակները գրեթե միշտ էլ ռոմանտիկացվում են եւ թվում են ավելի հեշտ ու հարթ, անշեղ ուղով ընթացած, քան իրականում եղել են): Եվ ընդհանրապես, կենսունակ եւ սեփական ուժերին վստահ հասարակությունները, ազգերը, ուժերը, որպես կանոն՝ չեն լինում չափից ավելի ռոմանտիկ:

Կարծում եմ՝ ինքնին պարզ է, թե պատմական այս օրինակը ինչ կարող է հուշել մեզ՝ հայերիս: Երկրները վերանվաճվում են ոչ թե հռչակագրերով, կենացներով, դատարկ պաթոսով, հայհոյանքներով, դիմումներով, այլ սերունդների հետեւողական, անշտապ, գործնական, ամեն պահի ուժերը ճիշտ հաշվարկած ջանքով եւ կամքով:

 

Բագրատունիների երկաթյա կամքը

 

Իսպանիայի արաբական նվաճումից մոտ կես դար ավելի շուտ սկսվեց Հայաստանի արաբական նվաճումը: Սկզբնական փուլում հայերը դիմադրեցին արաբական արշավանքներին՝ բյուզանդական ուժերի հետ միացած: Սակայն, ինչպես եւ Արեւելքի այլ քրիստոնյա ժողովուրդները (ասորիները, ղպտիները), հայերը նույնպես, հոգնած եւ հիասթափված բյուզանդական շարունակական դավերից (նույնիսկ այդ պահին բյուզանդացիները չէին դադարում մյուս քրիստոնյաներին դավանափոխություն պարտադրելու քաղաքականությունը), Թեոդորոս Ռշտունու առաջնորդությամբ գերադասեցին կամավորապես ընդունել արաբների գերակայությունը: Հայերիս հաջողվեց շատ արտոնյալ պայմաններով պայմանագիր կնքել արաբների հետ՝ արաբների գերիշխանությամբ հանդերձ՝ գրեթե ամբողջությամբ պահպանվում էր Հայաստանի ներքին ինքնուրույնությունը (հայերը միշտ էլ մնացին Արաբական Խալիֆայության մեջ սեփական զորք, սպարապետ եւ իշխան ունեցող, այսինքն՝ քաղաքական ինքնուրույն սուբյեկտ հանդիսացող միակ քրիստոնյա, եթե ոչ՝ ընդհանրապես միակ ազգը):

Հետագայում հայոց նախարարների մեջ երկու հիմնական ուղղություն հաստատվեց արաբական գերիշխանության նկատմամբ: Առաջին ուղղությունը, որի հիմնական ներկայացուցիչները Մամիկոնյաններն ու Կամսարականներն էին, հենվելով բյուզանդական գաղտնի կամ բաց աջակցության եւ միջամտության վրա, պարբերական՝ մեծ եւ փոքր ապստամբություններ էր կազմակերպում արաբների դեմ: Դրանցից ոչ մեկը հաջողության չհասավ, իսկ յուրաքանչյուր ապստաբության արդյունքը լինում էր արաբական լծի նոր խստացումը, ռազմունակ ուժի հերթական քանակի գաղթը երկրից, կոտորածները: Վառ օրինակ է 705 թվականին 800 հայ իշխանների այրումը արաբների կողմից Նախիջեւանում, որը հետեւանք էր բյուզանդական միջամտությամբ հերթական ապստամբական շարժման, ճիշտ է, ոչ թե Մամիկոնյան, այլ այս անգամ՝ Բագրատունի իշխանի կողմից:

Բագրատունիները, սակայն, մեծամասամբ, հենց երկրորդ՝ ապստամբականին հակադիր ուղղության հիմնական շարժիչ ուժն էին: Հաշտ դիրք բռնելով արաբների նկատմամբ եւ համագործակցության եզրեր գտնելով նրանց հետ՝ Բագրատունիները, շարունակելով Թեոդորս Ռշտունու գիծը, ամրապնդում էին ոչ միայն իրենք իրենց, այլեւ երկրի դիրքերը, ապահովում էին Հայաստանի ներքին ինքնավարությունը: Հերթական խոշոր՝ 775 թ. ապստամբության պարտությունից հետո, Մամիկոնյանները եւ Կամսարականները ստիպված եղան լքել երկիրը, իսկ նրանց հողերն անցան Բագրատունիներին: Հաջորդ՝ 9-րդ դարի ընթացքում, Բագրատունիները նույն քաղաքականության հետեւողական կիրառման, ինչպես նաեւ արաբական խալիֆայության աստիճանական թուլացման պայմաններում հասունացրին Հայաստանի անկախության վերականգնումը: Ընդ որում՝ պետք է նշել, որ Բագրատունիներն իրենց գերակայությունը տարածեցին ոչ միայն Հայաստանի, այլեւ Վիրքի եւ Աղվանքի զգալի մասերի վրա: Բացի այդ, նույն շրջանում հնարավոր դարձավ որոշ կապեր հաստատել նաեւ Բյուզանդիայի հետ: Բայց Բագրատունիները չդարձան բյուզանդական քաղաքականության գործակալներ տարածաշրջանում, այլ հարաբերություններ զարգացրին կայսրության հետ՝ ոչ միայն չխզելով, այլեւ որպես առաջնայնություն պահելով հարաբերությունները խալիֆայության հետ: Այս հավասարակշիռ եւ սթափ դիրքի շնորհիվ երկու մեծ տերությունները ոչ թե սովորականի պես հայերին իրար դեմ էին կռվացնում՝ հանուն օտար շահերի, այլ ինչ-որ պահից սկսած՝ նույնիսկ իրենք էին մրցում Բագրատունիների անկախությունն առաջինը ճանաչելու խնդրում: Արդյունքում՝ 885-ին վերանվաճվեց Հայաստանի անկախությունը՝ ճանաչվելով ե՛ւ խալիֆայության կողմից (առանց կռվի եւ ապստամբության), ե՛ւ բյուզանդացիների: Ճիշտ է, Բագրատունիների սկզբնական ձգտումը՝ հզոր եւ անկախ պետություն ստեղծել՝ միավորելով Հայաստանը, Վիրքն ու Աղվանքը, չիրականացավ՝ բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությամբ, բայց դա արդեն, ինչպես ասում են՝ այլ պատմություն է:

Մեզ համար կարեւոր է այս օրինակով տեսնել, որ ինչպես Իսպանիայի, այնպես էլ Հայաստանի անկախության վերանվաճումը տեղի ունեցավ ոչ թե «մեկ զարկով», ոչ թե դատարկ հռչակագրերով կամ էլ արտաքին միջամտությամբ, այլ հետեւողական բազմադարյա կամքով, իրատեսական, ամեն տվյալ պահի ուժերի հավասարակշռությունից բխող քաղաքականությամբ եւ առանց «ռոմանտիկ» ցնցումների: Ճիշտ է, զուգահեռն Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ ամբողջական չէ, եւ տարբերությունները շատ են, բայց դրանք արդեն պայմանավորված են երկու երկրների բնական, աշխարհագրական դիրքերի տարբերություններով՝ արաբական իշխանության բուն կենտրոններից հեռու գտնվող Իսպանիան կարողացավ վերջնականապես վերանվաճել իր անկախությունը, իսկ Մերձավոր Արեւելքում գտնվող Հայաստանը՝ միայն ժամանակավորապես եւ ոչ ամբողջապես, բայց այդ տարբերությունը չի արժեզրկում եզրակացությունը:

 

Եթե շարունակեինք նույն ոճով դիտարկել Հայաստանի հետագա պատմությունը, օրինակ, Ռուբինյանների պայքարը Կիլիկիայում անկախ պետություն ստեղծելու համար, կամ էլ հասցնեինք մեր դիտարկումը մինչեւ 20-րդ դար՝ 1918-21 եւ 1988-1994 թթ., ապա մեր եզրակացությունները միայն ամրապնդվելու էին: Բայց այդքանը, կարծում եմ, ընթերցողն արդեն ինքնուրույն էլ կարող է անել:

Եթե ուզում ենք Հայաստանը տեսնել հզորացած, Հայաստանի անկախությունը՝ կայուն հիմքերի վրա դրված, եթե չենք բացառում նաեւ մի օր, պատեհ առիթների դեպքում Հայաստանի սահմանների լայնացումը (պարզ է, որ դարերի կտրվածքով որեւէ պետական սահման անփոփոխ չի կարող մնալ, որքան էլ ամեն տվյալ պահին մեծ տերությունները պնդեն, թե սահմաններն ու տրված աշխարհակարգն անձեռնմխելի են. ամբողջ հարցը միայն այն է, թե ո՛ւմ օգտին են փոխվելու սահմանները), ապա պետք է հրաժարվենք քաղաքական մանկամտությունից. հռչակագրերով, դիմումներով, խաչակիր զորք բերելով, աշխարհին մեր դարդը պատմելով եւ նման միջոցներով պետությունները ո՛չ ստեղծվում են, ո՛չ զարգանում են, ո՛չ էլ լայնացնում են իրենց սահմանները: Որպես պարապ վախտի խաղալիք՝ պետք է մի կողմ նետենք նաեւ «սկզբունքային» վեճերը՝ պե՞տք է արդյոք հաշտվենք թուրքերի հետ, ներենք նրանց, թե՞ հակամարտենք ու միշտ հիշենք, սիրե՞նք, թե՞ ատենք թուրքին, ռուսին, ամերիկացուն եւ զանզիբարցուն, կամ արդյո՞ք պետք է զոհաբերենք մեզ ու մեր երկիրը՝ հանուն խաղաղության, համաշխարհային սիրո եւ հեղափոխության, թե՞ հանուն պատմական արդարության ու հիշողության, հանուն սոցիալիզմի, լիբերալիզմի, դեմոկրատիայի եւ նացիոնալիզմի, հանուն Ուկրաինայի եւ Դոնբասի, Արեւմուտքի եւ Արեւելքի, Եվրոպայի եւ Եվրասիայի, շիաների եւ սունիների, Ուրուգվայի եւ Պարագվայի, խինայանայի եւ մախայանայի, հանուն համաշխարհային Չարի ու Բարու: Այդ բոլոր լալահառաչ, հիստերիկ, սիրավեպային տվայտանքները պետք է դառնան լուսանցքային, պարապ անհատների եւ խմբերի զբաղմունք: Ո՛չ թուրքին, ո՛չ մյուսներին պետք չէ ո՛չ սիրել, ո՛չ ատել, ո՛չ ներել, ո՛չ չներել, այլ պետք է կառուցել ու հզորացնել Հայաստանը՝ նպատակ ունենալով, որ այն միշտ մնա հայաբնակ եւ հնարավորինս անկախ, սթափ հաշվարկել ամեն պահի սեփական ուժերը եւ մտքում պահել բոլոր այն հարցերը, որոնք այս պահին լուծելի չեն՝ առանց ավելորդ հուզականության: Միայն այսպես հնարավոր կդառնա հայկական ռեկոնկիստան:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Ողբերգություն ծովում. մուսուլմաններին մեղադրում են քրիստոնյաների սպանության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները Հովիկ Աբրահամյանի մոտ են’