‘Խմբագրական. Հայրենիք եւ ժողովուրդ ‘

2289

Մեծ Եղեռնի շուրջ կենցաղային բնույթի քննարկումներում հաճախ կարելի է լսել, որ եթե հայերը 1915-16 թթ. դիմեին համատարած ինքնապաշտպանության, դիմադրեին, ապա հնարավոր կլիներ փրկել արեւմտահայությանը: Սակայն գրեթե բոլոր տեղերում, ուր դիմադրելու քիչ թե շատ հնարավորություն կար, հայերը դիմել են ինքնապաշտպանության, եւ իրական հարցն այն է, թե ինչո՛ւ այդ կռիվների մեծ մասն ավարտվեց հայերի պարտությամբ, եւ ինչո՛ւ այլ կերպ հնարավոր էլ չէր: Այս հարցերի պատասխանն անուղղակի, բայց կարեւոր առնչություն ունի նաեւ մեր օրերի հետ:

1915-16-ին դիմադրության անհաջողության պատճառները

1915-16 թթ. ինքնապաշտպանական կռիվներից հաջողությամբ պսակվեցին միայն Վանի եւ Մուսա լեռան դիմադրությունները: Մուսա լեռի հաղթանակի գաղտնիքը ծովափն էր, որտեղից հասավ փրկությունը, այլապես մեկուսացված այդ վայրը դատապարտված էր պարտության եւ կոտորածի: Վանում հնարավոր եղավ հաջողության հասնել շնորհիվ նահանգի հայաշատության, դեռեւս 1890-ականներից գոյություն ունեցող կազմակերպության եւ դիմադրության ավանդույթների, բայց ամենակարեւորը՝ սահմանին մոտիկության, հետեւաբար եւ՝ ռուսական զորքի կողմից Վանն առավել շուտ, քան Արեւմտյան Հայաստանի մյուս մասերը գրավելու շնորհիվ: Փրկության հնարավորություն ուներ նաեւ Սասունը (Տարոնի հայության մի մասի հետ միասին), որը նույնպես համեմատաբար հայաշատ էր, ուներ կազմակերպության եւ դիմադրության ավանդույթ, բայց որը սահմանից հեռու էր, հետեւաբար, չնայած աննախադեպ երկար՝ մոտ կես տարի տեւած դիմադրությանը, ռուսական զորքն այստեղ ուշացավ: Մյուս տեղերի՝ Ուռհայի, Շապին-Գարահիսարի եւ այլ վայրերի ինքնապաշտպանություններն ի սկզբանե դատապարտված էին ողբերգական պարտության՝ այլ հայկական կենտրոններից մեկուսացած եւ սահմանից հեռու գտնվելու պատճառով: Հայաշատ կենտրոններից չդիմադրեցին Լեռնային Կիլիկիան եւ Կարինը: Կարինում որեւէ քիչ թե շատ երկարատեւ (թեկուզ՝ մի քանի օրանոց) ինքնապաշտպանություն կազմակերպելու մասին մտածելն իսկ ավելորդ կարելի է համարել, որովհետեւ Կարինը Արեւմտյան Հայաստանում թուրքական տիրապետության ռազմավարական հենակետն էր, եւ հենց այդ պատճառով էլ, չնայած վաղ շրջանից կարնահայության մեջ ազգային գաղափարների տարածմանը, այստեղ երբեք հնարավոր չի եղել զինված որեւէ շարժում:

Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ բացի Սասուն-Տարոնից, Վանից եւ մասամբ՝ Լեռնային Կիլիկիայից, Արեւմտյան Հայաստանի որեւէ այլ մասում ազատագրական շարժման շրջանում չի եղել ուժեղ կազմակերպություն, հետեւաբար եւ՝ դիմադրության ավանդույթ, եթե հաշվի առնենք, որ 1915 թվականի դրությամբ հայ երիտասարդների զգալի մասն արդեն զորակոչված էր օսմանյան բանակ, ապա ունենք դիմադրության բավականին պատկառելի եւ լայն ցանկ: Բայց ինչո՞ւ էր այդ դիմադրությունն անհաջողակ: Կարելի է հազար ու փաստարկ բերել, բայց դրանք, մեծ հաշվով, երրորդական-չորրորդական են՝ համեմատությամբ առաջնային, հիմնարար պատճառի, որն է Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Այդ նույն հիմնարար գործոնն է նաեւ ընդհանրապես մեր ազատագրական պայքարի անհաջողության հիմքում: Մյուս՝ ռազմական, քաղաքական եւ այլ պատճառները կարող են կարեւոր լինել եւ ե՛ն՝ միայն այս սկզբնակետը հաշվի առնելով:

Հայ ժողովուրդը չուներ պետություն, կանոնավոր բանակ, եւ հայկական վերնախավը փորձում էր օսմանյան լծից ազատագրվել օտար ուժերի միջամտությամբ: Օտար միջամտությունը կարող էր որոշակի արդյունքի բերել միայն այն պայմանով, եթե հայերն իրենց իսկ երկրում, կամ երկրի համեմատաբար խոշոր եւ հարմար տեղադրված (սահմանին կից) հատվածում ունենային հոծ, անվիճելի մեծամասնություն: Այդ դեպքում էր միայն հնարավոր պետությունների կանոնավոր բանակների պատերազմին այլընտրանք՝ ժողովրդական համընդհանուր դիմադրություն-պատերազմը, իհարկե, միայն ժողովրդի կանոնավոր կազմակերպման, հմուտ ղեկավարման եւ անհրաժեշտ ռեսուրսների՝ զենքի, հաղորդակցության ուղիների, փողի, դաշնակիցների առկայության պարագայում (ժողովուրդները երբեք, իրենք իրենցով, չեն կռվել եւ չեն կռվում, ոչ էլ ապստամբում են, համենայն դեպս՝ եթե խոսքը հաջողված փորձերի մասին է): Ուրեմն, թե՛ ֆիդայական պայքարի, թե՛ 1915-16-ի ինքնապաշտպանությունների շրջանում հայերի հաջող դիմադրությունը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Արեւմտյան Հայաստանի գոնե կարեւոր եւ իրար, ինչպես նաեւ ռուսական սահմանին կից շրջաններում գոյություն ունենար հայերի անվիճելի հոծ մեծամասնություն: Այդ դեպքում հնարավոր կլիներ դիմադրել, թեկուզ կորուստներով եւ նահանջներով, բայց հաջողության զգալի հույսով՝ այն երկու տարին, որն անհրաժեշտ եղավ ռուսական զորքին՝ Արեւմտյան Հայաստանը գրավելու համար: Այդ դեպքում նաեւ հնարավոր կլիներ ակնկալել նույն ռուսներից ավելի իրական զիջումներ Հայաստանի ինքնավարության հարցում, իսկ հետագայում նաեւ անկախանալու հույս ունենալ: Նման ճանապարհով ազատագրվել են օսմանյան լծից հույները, բուլղարները, սերբերը եւ մյուսները: Այդ բոլոր ազգերն իրենց երկրներում ունեցել են ստվար մեծամասնություն, որի վրա են հենված եղել ապստամբական երկարատեւ, եւ ոչ թե զուտ ֆիդայական, այլ համաժողովրդական շարժումները, եւ դիմադրության տեւականությունն ու ամուր ժողովրդագրական հիմքը թույլ են տվել ոչ միայն օգտվել արտաքին միջամտությունից, այլեւ հետագայում անկախության հասնել հենց այդ նույն արտաքին միջամտությունների հանդեպ: Հայերն ի սկզբանե չեն ունեցել այդ դիրքը, եւ մեր դեպքում արտաքին միջամտության հույսը, անխուսափելիորեն գերակայող դառնալով ներքին ուժի նկատմամբ, հանգեցրեց միայն մեր հայրենիքի մեծ մասի վերջնական կորստյան ու ժողովրդի ոչնչացման կամ սփռման:

1918-ի հայկական նահանջը

Այնուամենայնիվ, 1916-ի ընթացքում ռուսական զորքերը գրավեցին Արեւմտյան Հայաստանի մեծ մասը եւ պահեցին այն մինչեւ 1917-ի վերջ, երբ տեղի ունեցավ ռուսական զորքի անկազմակերպ, ինքնաբուխ նահանջը՝ հսկայական ճակատի պաշտպանությունը թողնելով հայերի հույսին: Ինչպես հայտնի է, դրանից հետո՝ 1918-ի ձմռան եւ գարնան ընթացքում, թուրքական հարձակման արդյունքում հերթով զիջեցինք Արեւմտյան Հայաստանի կենտրոնները՝ Երզնկայից մինչեւ Վան, նաեւ՝ Արեւելյան Հայաստանի մի մասը՝ Կարսի բերդով: Գուցե ա՞յդ ժամանակ՝ 1918-ի՞ն էր հնարավոր այլ ելք: Բայց այստեղ էլ նույն պատմությունն է՝ հայաբնական տարածքների ժողովրդագրությունը զրոյացնում է բոլոր այլընտրանքային հնարավորությունները: Իհարկե, այս դեպքում էլ, եթե ունենայինք վաղուց ի վեր կազմակերպված պետություն եւ կանոնավոր բանակ, կարող էինք պահել կամ չպահել Արեւմտյան Հայաստանը: Բայց չունեինք, եւ ուրեմն, նորից պետք է ապավինեինք ժողովրդական պատերազմին: Իսկ այդ դեպքում ժողովրդագրությունը վճռորոշ գործոն է: Արեւմտյան Հայաստանը 1918-ին պահել հնարավոր չէր ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական կամ, առավել եւս՝ ռազմական պատճառներով, այլ՝ ժողովրդագրության: Եթե Կարինը պաշտպանող Անդրանիկի եւ Կարսը պաշտպանող Նազարբեկովի փոխարեն լինեին Ալեքսանդր Մակեդոնացին եւ Նապոլեոն Բոնապարտը, նրանք նույնպես, ամենայն հավանականությամբ, ստիպված էին լինելու նահանջել (գոնե Կարինից):

Արեւմտյան Հայաստանում 1918-ի դրությամբ ապրում էին չնչին թվով հայեր՝ արեւմտահայության մեծ մասը կամ կոտորված էր, կամ փախստական դարձած, եւ միայն փոքր մասն էր կարողացել վերադառնալ հայրենիք, այն էլ՝ մինչեւ 1917-ի ռուսական հեղափոխություն, ռուսական՝ ցարական իշխանությունը խոչընդոտում էր փախստականների վերադարձը, քանի որ իր ծրագրերն ուներ՝ Արեւմտյան Հայաստանի հետ կապված (կազակներով բնակեցնելու հայտնի ծրագիրը): Ի հակադրություն սրա՝ մահմեդական՝ թուրք եւ քուրդ բնակչության ահագին մասը մնացել էր իր տեղում եւ խաղաղ ապրում էր ռուսական գրավման պայմաններում, իսկ ռուսների նահանջից հետո դարձավ առաջխաղացող թուրքական զորքի թիկունքային դաշնակիցը: Առանց այդ էլ չնչին եւ զգալի չափով բարոյալքված, վատ կազմակերպված ռազմական ուժերով կռվելու ստիպված հայկական զորքը, փաստորեն, չուներ ամուր հենարան երկրի ներսում, իսկ թիկունքից էլ անընդհատ հարվածներ էր ստանում քրդերից եւ թուրքերից: Միայն այսքանն ավելորդ է դարձնում հաջող կռվելու մասին որեւէ խոսակցություն:

Բայց կար եւ ավելին: Ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանում հայերը ունեին ժողովրդագրական լուրջ խնդիր: Կարսի շրջանում, օրինակ, հայերը միայն քաղաքում էին մեծամասնություն, իսկ գյուղերում ավելի շատ էին այլազգիները՝ թուրքերը, ռուսները եւ այլք: Թերեւս, Կարսում, շնորհիվ քաղաքում հայերի ամուր դիրքի, հնարավոր լիներ ավելի երկար դիմադրություն կազմակերպել՝ գոնե կոտրելու համար թուրքական հարձակման թափը: Մասամբ այդպես էլ եղավ, համենայն դեպս՝ Կարսի ճակատում պարտությունն ու նահանջն այդքան անհույս եւ մռայլ գույն չունեցան, ինչպես Երզնկայում եւ Կարինում, բայց այսքանն էլ բավարար չէր:

Նույնիսկ այն շրջաններում, ուր հայերն ամուր մեծամասնություն կամ կազմակերպվածություն ունեին, ինչպես Շիրակում, Ջավախքում, մասամբ՝ Երեւանում, կարեւոր մի քանի ռազմավարական դիրքեր թուրքերի բնակության սահմաններում էին, ինչպես, օրինակ, Աղբաբան (ներկայիս Ամասիան) Շիրակում, եւ այլն, որի շնորհիվ հայկական ճակատի թիկունքն անընդհատ վտանգի մեջ էր: Դրա պատճառով, նախ, հնարավոր չէր անհրաժեշտ քանակով մարդ հասցնել ճակատ, քանի որ հայաշատ տեղերի բնակիչներն ավելի մտահոգված էին սեփական տների պաշտպանությամբ տեղի թուրքերից, եւ երկրորդ՝ թուրքերը խոչընդոտում էին բոլոր հնարավոր հաղորդակցության ուղիները՝ երկաթգիծը, հեռագիրը եւ այլն, որով անասելի դժվարանում էր ճակատի հետ կապը: Այս պայմաններում թուրքական առաջխաղացումը շարունակվեց նաեւ դեպի Արեւելյան Հայաստան: Պատահական չէ, որ այն կանգ առավ Երեւանի մոտ՝ Սարդարապատում:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ անընդհատ նահանջող, բարոյալքված հայկական զորքը հանկարծ հաղթանակ տարավ անպարտելի թվացող թշնամու նկատմամբ Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում: Պաթետիկ դատրակաբանությանը սովոր մեր հանրային խոսքում, սովորաբար, դա բացատրում են ինչ-որ գերբնական հրաշքով: Լռելյայն ընդունվում է, կարծես, որ հասարակության պատմաքաղաքական դաստիարակության լավագույն ձեւը նրան սովորեցնելն է հրաշքների նկատմամբ հավատքի: Պարզ չէ միայն, եթե ժողովրդի ոգին եւ այլ անարյուն ուրվականները ի զորու են վճառական պահերին հրաշքներ գործել, ապա ինչո՞ւ բոլոր անհրաժեշտ պահերին նրանք այդ հրաշքը չեն գործել, եւ ինչո՞ւ է հայ ժողովուրդն այդքան տառապանքներ եւ կորուստներ ունեցել: Իրականում հրաշքներն ու ոգիներն այստեղ, իհարկե, որեւէ կապ չունեն: Պատճառները շատ ավելի մարդկային են, շոշափելի, եւ դրանից ոչ պակաս՝ կարեւոր, ուսանելի եւ ոգեւորիչ:

Պարզապես՝ թուրքական զորքերը հասան այն շրջաններին, ուր՝ ա. հայերի ժողովրդագրական դիրքերն ամուր էին, եւ բ. ամիսների ընթացքում իրականացված էր հետեւողական եւ արդյունավետ կազմակերպչական աշխատանք Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որով ստեղծվել էին հայկական պետության, անկախության սաղմերը: Այդ երկու գործոնը միասին կերտեցին Սարդարապատի եւ Ապարանի հաղթանակները եւ անկախ Հայաստանի հիմք դարձան՝ մինչեւ մեր օրերը: Եվ հատկանշական է, որ վերջին պահին, երբ թվում էր, թե հայ ժողովրդի բախտը վերջնակապես լուծվել է, վճռորոշ դեր կատարեց ոչ թե գաղութի, այլ բուն երկրի՝ համեստ գավառական կենտրոն Երեւանի հայությունը՝ երկրի իսկ ներսում փորձ ձեռք բերած եւ պոռոտախոս գաղութահայության քաղաքական ծրագրերին, այդ թվում՝ կամավորական շարժմանն ի սկզբանե դեմ եղած Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Հետեւաբար, 1918-ին էլ, երբ, մի կողմից՝ վերջնականապես կորցրինք Արեւմտյան Հայաստանը, իսկ մյուս կողմից՝ ձեռք բերեցինք անկախություն, վճռական դեր կատարեց ժողովրդագրական գործոնը: Իհարկե, հասկանում եմ, որ մեր՝ բացատրությունների փոխարեն բացականչությունների սովոր ականջների համար մի տեսակ անհամ է հնչում, անհետաքրքիր, անոգեշունչ, բայց ինչ արած, որ այս աշխարհում ոգիներն էլ ստիպված ապրում են մարմիններում, իսկ հոգեւոր գործոնները խարսխված են նյութականի վրա:

Կյանք եւ ազատություն

Գանք մեր օրերին: Այսօր մենք չունենք այն նույն ժողովրդագրական խնդիրը, ինչ կար 20-րդ դարի սկզբին՝ Հայաստանը դեռ ՍՍՀՄ կազմում ազգային տեսակետից ամենամիատարր հանրապետությունն էր: Եթե մեր ազատագրական պայքարը 19-20-րդ դդ. ի վերջո ինչ-որ արդյունք տվեց, ապա դա այն էր, որ տեղի ունեցավ յուրահատուկ տարածքային փոխանակում մեր եւ թուրքերի (հաշվի մեջ առնելով նաեւ ադրբեջանցի թուրքերին) միջեւ: Եթե 19-րդ դարի վերջին կար մի ընդարձակ տարածք, ուր հայերը, թուրքերը, քրդերը եւ այլ ազգերը ապրում էին միասին, ապա 20-րդ դարի ընթացքում այդ միասնական տարածքը բաժանվեց մի քանի համեմատաբար միատարր մասերի: Այլ կերպ ասած, եթե դեռ 100 տարի առաջ Հայաստանը՝ որպես գերազանցապես հայերի բնակության երկիր, մեծ հաշվով՝ վիրտուալ էր, ապա այսօր դա իրականություն է: Այլ բան է, որ երբեմնի ընդարձակ տարածքից մեզ հասավ միայն փոքր մասը, բայց դա էլ արտացոլումն էր մեր ունեցած ներուժի, նաեւ՝ մեր քաղաքական «ճիշտ ու սխալի»:

Բայց այսօր այլ տիպի ժողովրդագրական խնդիր է ծառացած մեր առաջ՝ Հայաստանի բնակչության աճի եւ նվազման խնդիրը: Դա տարբեր է նախորդ դարի խնդրից, բայց քաղաքական հետեւանքները նույնն են երկուսի դեպքում: Թվում է, թե դրա վտանգների մասով ամեն բան ինքնին պարզ է: Կարիք չկա բացատրելու, որ Հայաստանի ներքին հզորացման հնարավորությունները եւ արտաքին աշխարհի նկատմամբ դիրքի առավել կամ պակաս ուժեղ լինելը տարբեր են 4, 3, 2 կամ 1 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի դեպքում (ԼՂՀ-ն ներառյալ): Պարզ է, որ այդ խնդիրն անմիջականորեն կապված է բանակի, տնտեսության, ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ դեմոկրատիայի եւ այլ կարեւոր խնդիրների հետ: Բայց ես չէի ասի, որ տեսականորեն բոլորի կողմից հասկացվող այդ հարցադրումն, իրապես, խորքով վերապրվում է մեր վերնախավերի կողմից (նկատի ունեմ՝ ոչ միայն իշխող խավը, այլեւ՝ մտավորականությունը, ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները եւ այլն): Արտագաղթի թեմայի հաշվին էժան միավորներ հավաքելը լրատվամիջոցներում կամ քաղաքական ելույթներում՝ մի բան է, իսկ խնդրի էությունը վերապրելն՝ այլ:

Ի՞նչ նկատի ունեմ: Խնդիրն այն գիտակցումն է, որ առանց իր բնիկ տարածքում ապրող ժողովրդի, զուտ տարածքով՝ չկա՛ հայրենիք, չկա՛ պետություն, չկա՛ անկախություն եւ այլն: Օրինակ, եթե այսօր ունենայինք Արեւմտյան Հայաստանում հայկական բնակչություն, կունենայինք նաեւ Արեւմտյան Հայաստանի հարց (կարեւոր չէ, թե ինչ տեսքով), եւ հարմար պատմական պահին Հայաստանի վերամիավորման հույս (կարեւոր չէ, թե ե՛րբ եւ ի՛նչ ձեւով): Բայց քանի որ այսօր չկա հայ ժողովուրդ Արեւմտյան Հայաստանում, այն վերածվել է ընդամենը պատմական, այլ ոչ թե իրական հայրենիքի, եւ եթե նույնիսկ մի օր Թուրքիան այնքան թուլանա, որ կազմալուծվի, ապա այնտեղ, ամենայն հավանականությամբ, կստեղծվի քրդական, այլ ոչ թե հայկական պետություն:

Սեփական հայրենիքում բնակվող ժողովուրդն ամեն ինչի հիմքն է եւ առաջնային գործոն է բոլոր բարձր ձգտումների եւ արժեքների՝ անկախության, ժողովրդավարության, ազատագրական պայքարի նկատմամբ, որովհետեւ առանց ժողովրդական նյութական հիմքի՝ հնարավոր չեն այդ բոլոր իդեալիստական ձգտումներն ու արժեքները: Իհարկե, այս պնդման հետ ոչ ոք չի վիճի: Բայց վիճելը միայն խոսքերով չէ: Իրականում այսօր էլ, ինչպես եւ 100 տարի առաջ, մենք՝ կարծիք ձեւավորողներս, նաեւ գործիչները, պատրաստ են առանց երկար ու բարակ մտածելու ժողովրդի զոհողության կոչեր անել՝ հանուն այլեւայլ իդեալների: Ընդ որում՝ իդեալների մի մասը, ինչպես անկախությունը, ազատությունը եւ այլն, իրապես արժանի են զոհողությունների, իսկ մյուս մասի արժանի լինելը, օրինակ՝ հանուն համաշխարհային դեմոկրատիայի, հեղափոխության, օտար բռնակալությունների տապալման, արտերկրյա բարձր շահերի՝ խիստ կասկածելի է: Այսպես, ունենք հատուկ նեոբոլշեւիկայն խավ, որը համարում է, որ հայ ժողովուրդը պետք է անպատճառ դնի իր կյանքը Արեւմուտքի եւ Ռուսաստանի պայքարի զոհասեղանին՝ հանուն համաշխարհային հեղափոության կամ էլ, թեկուզ, հակառակը՝ հակահեղափոխության:

Բայց նույնիսկ եթե խոսքը զոհաբերության արժանի իդեալների մասին է, ապա այդ դեպքում էլ պետք է պարզ լինի, որ կա որոշակի չափ, որից այն կողմ՝ զոհաբերության պահանջը վերածվում է վտանգավոր ապաբանականության (իռացիոնալիզմի): Քաղաքականությունը կրոն չէ, այլ աշխարհիկ համակարգ, եւ այստեղ զոհաբերության իմաստը չափվում է դրանից ակնկալվող եւ ստացվելիք դրական, շոշափելի արդյունքով, մանավանդ՝ եթե խոսքը ազգին, այլ ոչ թե անհատին կամ խմբին վերաբերող պահանջի մասին է: Անհատը կարող է ինքը որոշել իր զոհաբերության չափը՝ ընդհուպ մինչեւ մարտիրոսություն՝ հանուն այս կամ այն արժեքի, առանց շոշափելի արդյունքի ակնկալման, բայց ազգից նա իրավունք չունի պահանջել նույնը: Հենց սա է իրական հայրենասիրական դիրքը, այլ ոչ թե հայրենասիրական ռոմանտիկ պոռոտախոսությունը: Ազգից կարելի է զոհաբերություն պահանջել, միայն՝ եթե պարզ է դրա դիմաց ստանալիքը:

Որեւէ հայաստանակենտրոն ուժ պետք է հիմնի իր քաղաքականությունն այն հեռանկարի վրա, որ առաջնայինը Հայաստանում հայերի ապրելն ու զարգանալն է (այդ թվում՝ բնակչության թվի աճը), որ բոլոր բարձր նպատակները կարող են իրականություն դառնալ միայն այդ հիմքով, որ քանի դեռ Հայաստանում ապրում են հայեր, ու քանի դեռ նրանց թիվը Հայաստանում ոչ թե նվազում, այլ ավելանում է, կլինի Հայաստան եւ հայ ազգ, իսկ Հայաստանից դուրս՝ չկա հայություն (հեռնակարի, այլ ոչ թե այս րոպեի առումով): Որ չի կարելի ռիսկի ենթարկել հայերի գոյությունը Հայաստանում՝ նույնիսկ հանուն ամենաբարձր եւ «ամենաազգային» կամ էլ «ամենամիջազգային» իդեալի: Որ սիրել Հայրենիքը՝ նշանակում է զգուշորեն եւ փայփայանքով վերաբերվել այս փոքր տարածքին եւ այդտեղ ապրող ժողովրդին, այլ ոչ թե հոխորտալ նրա հասցեին եւ պահանջել նրանից անհնարինը՝ իբր հանուն նույն հայրենիքի, իսկ իրականում՝ հանուն վերացականությունների եւ անհատական հավակնությունների:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Սերբիական Հանրապետության նախագահը այսօր կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հիշողությունը բարոյական պարտավորություն է’